• Ծայրագույն Վարդապետի աստիճան` Հ. Ներսես Վրդ. Գալստյանին

    <<Իմ լուծը քաղցր է և իմ բեռը՝ թեթև>>


    2026թ. փետրվարի 12-ին` Վարդանանց տոնին, Գյումրիի Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի ունեցավ Գերպ. Հ. Ներսես Վրդ Գալստյանին Ծայրագույն Վարդապետի աստիճանի շնորհման արարողությունը` ձեռամբ Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանի։ Խարտավիլակի կամ երաշխավորի պարտականությունը ստանձնեց Գերհ. Հ. Եղիա Ծ. Վրդ. Քիլաղպյանը։ Համապատարագեցին Հայաստանում եւ Վրաստանում ծառայող քահանաները։ Ներկա էին նաև Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանի ծնողները, հարազատները, Անարատ Հղության հայ քույրերը, Տաշիրի համայնքների պաշտոնատար անձինք, բազմաթիվ հավատացյալներ, որոնք տարիներ ի վեր շատ մտերիմ են եղել Հայր Ներսեսի հետ` գնահատելով նրա հովվական երկարամյա ծառայությունը:
    Արարողությունից առաջ ընթերցվեց Առաջնորդ Հոր կոնդակը` Հայր Ներսեսին Ծայրագույն Վարդապետի աստիճանի շնորհման վերաբերյալ, որում գրված է.

     

    ԿՈՆԴԱԿ
    ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՆՈՐՀՄԱՆ

     

    Հիմք ընդունելով Արևելյան Եկեղեցիների կանոնագրքով ինձ վերապահված իրավունքը և
    հայրական պարտականությունը՝ խրախուսելու և գնահատելու հոգևոր դասի ծառայությունը՝ ի
    նպաստ մեր հայ կաթողիկէ ժողովրդին,
    Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց, Տաշիրի տարածաշրջանի հայ
    կաթողիկէների ժողովրդապետ, Գերապատիվ Հայր Ներսես Վարդապետ Գալստյանին
    շնորհում եմ
    ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ պատվո աստիճանը:
    Այս շնորհումը կատարելիս՝ ի նկատի եմ ունեցել Առաջնորդության և, հատկապես, Տաշիրի
    տարածաշրջանի համայնքներում մեր սիրելի հոգևոր եղբոր հովվական երկարամյա պտղաբեր
    ծառայության փորձառությունը և գիտելիքները։
    Սրտագին աղոթքներս եմ վերառաքում Վարդանանց և Ղևոնդյանց սրբերին և հայցում նրանց
    բարեխոսությունը մեր սիրելի եղբոր համար, որպեսզի նախանձախնդիր հայ սրբոց
    ջերմեռանդությամբ շարունակի ծառայել մեր սիրելի հայ կաթողիկէ ժողովրդին՝ ի փառս Աստծո։

     

    Ապա ընթերցվեց Հայր Ներսեսի կենսագրությունը, որից հետո Հ. Ներսես Գալստյանը Առաջնորդ Հոր առջեւ կատարեց իր հավատքի հավանությունը.

     

    «Ես` Հ. Ներսես Վարդապետ Գալստյանս, հաստատ հավատքով ընդունում և դավանում եմ բոլոր ճշմարտությունները և դրանցից յուրաքանչյուրը, որ բովանդակված են «Հավատոյ հանգանակ»-ի մեջ …
    Հաստատակամությամբ հավատում եմ նաև բոլոր ճշմարտություններին, որոնք բովանդակված են Աստծո Խոսքում, գրված կամ փոխանցված են Ավանդությամբ և առաջադրված են Եկեղեցու կողմից՝ իբրև աստվածային հայտնության հավատալիքներ՝ թե՛ հանդիսավոր վճռի ուժով, թե՛ կանոնական և ընդհանրական Վարդապետական Ուսուցման իշխանությամբ: Հաստատորեն ընդունում եմ և պահում նաև բոլոր ճշմարտությունները, որոնք Եկեղեցին վերջնական ձևով առաջադրում է հավատքի և բարոյականության վարդապետության վերաբերյալ:
    Առավելապես, կամքի և մտքի կրոնական հնազանդությամբ ընդունում եմ այն ուսուցումները, որոնք արտահայտված են Սրբազան Քահանայապետի կամ Եպիսկոպոսների ժողովի կողմից, երբ նրանք կիրառում են վավերական Ուսուցման Իշխանությունը»:
    Ապա Առաջնորդ Հայրը Գերհարգելի Հորը շնորհեց երկնային փեսայությունը խորհրդանշող Մատանի, Քրիստոսի խաչակրությանը միանալու նշան Լանջախաչը եւ վարդապետական իշխանության խորհրդանիշ Գավազանը։
    Սուրբ Գրային ընթերցումներից հետո Առաջնորդ Հայրը քարոզ տվեց ներկաներին, որտեղ ասում էր հետեւյալը.

     

    «Մեծ ուրախությամբ և հուզմունքով ենք պատարագում այսօր: Այսօր կատարեցինք տվչությունը Ծայրագույն Վարդապետի աստիճանի արժանավոր մի եկեղեցականի: Ինչպես նշվեց իր կենսագրականում, առաջին կուսակրոն վարդապետն է մեր Առաջնորդության և Գյումրի քաղաքի: Նախ ուզում եմ երախտագիտության խոսք ուղղել Հայր Ներսեսի ծնողներին` հորը և մորը: Եթե այսօր մենք պատվի ենք արժանացնում իրենց զավակին, ապա դա պատահական չէ, աստվածային շնորհ է, բայց դա նաև արժանիքն է բարեպաշտ և հավատացյալ հոր և մոր, ովքեր դժվար օրերին իրենց զավակի սրտի, մտքի և հոգու մեջ ցանեցին սերը Աստծո հանդեպ, հարգանքը և պարտավորությունը Աստծո պատվիրանները պահելու: Մատղաշ տարիքում երբ նա ցանկացավ լինել հոգևորական, ծնողները նրանից առաջ իրենց այո՜-ն ասացին` Աստծո օրհնությունը հայցելով իրենց զավակի համար: Երկրորդ այո-ն Հայր Ներսեսինն էր: Երկար տարիների պատրաստություն է անցել` հոգևոր, հոգեբանական, գիտական: Հայոց Եկեղեցու Ավանդության համաձայն, գերհարգելիության աստիճանը տրվում է վարդապետին, երբ ուսումն ավարտում է ինչ-որ թեմայի ավարտաճառով: Հայր Ներսեսը վաղուց իր կանոնագիտության ավարտաճառը ներկայացրել է, և հարց է մնում, թե ինչու այդ շնորհումը մինչև հիմա չի եղել: Ծայրագույն Վարդապետի աստիճանը տրվում է նաև այն եկեղեցականին, ով հատուկ ավանդ է ունեցել եկեղեցաշինության կամ նորոգության մեջ: Հայր Ներսեսի մեջքին կա Տաշիրի երկու եկեղեցիների վերանորոգման կամ կառուցման աշխատանքը: Հարց է առաջանում, թե ինչու՞ ես պետք է դա կատարեի, և ոչ թե նախկինում արդեն կատարված լիներ: Ես անդրադարձա, որ խնդիրը Հայր Ներսեսի համեստության մեջ է: Նաև իշխանության կենտրոնից, լուսարձակներից հեռու մնալու մեջ է, թեև չեմ կարծում, որ իմ նախորդներս կարող էին ընկնել այս վրիպումի մեջ, երբ ուրիշներին, որ իրենց աչքի տակ էին, չուշացան տալ այդ աստիճանը: Հայր Ներսե՜ս, շնորհավորում եմ, քեզ եկեղեցական պատիվ շնորհվեց, բայց դրանում կա նաև զրկանք, մի բան տրվեց, բայց ուրիշ բան վերցվելու է քեզանից: Տրվում է պատիվը ծայրագույն վարդապետության, բայց առընթեր նաև Ավագերեցն ես Հայաստանի եկեղեցականների, որը մեծ պատասխանատվություն է: Ես ուզեցի իմ պատասխանատվությունը կիսել քեզ հետ: Այլևս պետք է ինձ հետ միասին կրես իմ ցավերը, դժվարությունները, անհասկացողությունները, նաև եկեղեցական ամբողջ պատասխանատվությունը: Պաշտոնդ քեզանից խնդրում է, որ քիչ խոսես, շատ լսես, ու հասկացող մոտեցում ունենաս: Դու շատ լավ գիտես մեր եկեղեցականների դժվարությունները, որոնք մինչև այսօր կիսում էիր, իսկ այս աստիճանով դառնում ես լսող, հասկացող: Բոլորի աչքերը դեպի քեզ են ուղղված: Քեզանից սպասում ենք լսող ականջ, հասկացող միտք և լայն սիրտ` լսելու դժվարը, հեռու մնալու անհարմար ճառախոսություններից: Բարի ե՜րթ այս ծանր առաքելությանդ մեջ: Շնորհապարտ եմ, որ ընդունեցիր կիսել Առաջնորդիս պատասխանատվությունը: Ուրախ պիտի լինեմ միշտ` իմանալով, որ միշտ իմ և բոլոր եկեղացականների կողքին ես և մխիթարական խոսքով հարմար խոսքեր ես գտնում ասելու իրենց, խրախուսելու իրենց և Տերը կլրացնի մնացած ամեն ինչ»:

     

    Սուրբ Պատարագի ավարտին Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանն իր շնորհակալության խոսքն ուղղեց Սրբազան Հորը և ներկաներին.

     

    Գերաշնորհ Սրբազան Հա՜յր, ևս մեկ անգամ հայտնում եմ Ձեզ իմ որդիական սերը, խոնարհությունը, հնազանդությունը և բարձր գնահատանքը: Հատկապես, այսօր հպարտություն եմ ապրում, որ անձամբ Ձեր ձեռամբ ընդունեցի այս Վարդապետության աստիճանը, ինչպես տարիներ առաջ ձեռնադրությանս առիթով ընդունեցի Տեր Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյան առաջնորդի անունը, նույնչափ հպարտությամբ ընդունեցի Նշան Արքեպս. Կարաքեհեյանի կողմից իմ ձեռնադրությությունը: Ես շատ բարձր եմ գնահատում Ձեր վստահությունը: Սրբազան Հայր, Ձեր խոսքի մեջ շատ տեղին փոխանցեցիք ինձ հանձնարարված առաջադրանքները և պարտավորությունները: Շատ բարձր եմ գնահատում այն պատասխանատվությունը, որ Դուք ինձ պարգևեցիք: Բնավորությանս համաձայն, երբեք հեշտ ճանապարհներ չեմ ընտրել, միշտ ընտրել եմ դժվարագույնը, սիրով և բարձր գիտակցությամբ ծառայեցրել եմ անձս հանուն Եկեղեցու և հանուն հայրենիքիս: Այսօր՝ Վարդանանց տոնի հիշատակին, ևս մեկ անգամ ծնրադիր և բարձր գիտակցությամբ փաստեցի, որ ես ևս ծառայում եմ այն պատգամի համաձայն, որը փոխանցեցին Վարդանանց և Ղևոնդյաց սրբերը՝ վասն հայրենիքի և վասն հավատքի: Ամբողջ իմ ծառայության ընթացքը այս մեծ ուխտի հանդեպ իմ հնազանդության արտահայտությունը պետք է լինի:
    Խորին շնորհակալությունս եմ հայտնում իմ սիրելի հոգևոր եղբայրներին: Այսօր շատ մեծ ուրախություն է ինձ համար, որ դուք ձեր ընտանիքներով այստեղ եք, և ձեր աղոթքները նույնպես ձուլվեցին Սրբազան Հոր և ներկաների աղոթքների հետ՝ ի զորակցություն ինձ այս նոր պարտականությունների և հանձնարարականների մեջ: Պիտի խնդրեմ, որ աղոթքի միությամբ մնաք, որովհետև մեր նպատակը մեկն է և ծառայությունը՝ նույնպես: Խորին շնորհակալությունս եմ հայտնում իմ սիրելի ընտանիքին: Սրբազան Հայրը շատ տեղին նշեց, որ այն բոլոր բարոյական արժեքները, չափանիշները և քրիստոնեական արժեքները, որ ես կրում եմ, ընդունել եմ օրորոցից սկսյալ: Եվ հետաքրքիր զուգադիպություն է, որ իմ հայրն իր 80-ամյակը նշում է այսօր: Շնորհավորում եմ հորս և աղոթում իր համար:

     

    Խորին շնորհակալությունս եմ հայտնում իմ շատ սիրելի հյուրերին, որոնք ժամանեցին տարբեր տեղերից: Շատ բարձր եմ գնահատում ձեր ներկայությունը, որովհետև ձեզանից շատերի հետ բավականին երկար ճանապարհ եմ անցել, և այդ անցած տարիների ընթացքում և՜ սատար եք կանգնել, և՜ օգնել եք այն առաքելության մեջ, որի անունն է՝ ծառայել Եկեղեցուն և հայրենիքին:
    Այսօր դուք աղոթեցիք մեկի համար, ով Խորանում ծառայելու է ձեզ և աղոթելու է յուրաքանչյուրիդ համար: Ցավով պետք է նշեմ, որ շատ-շատ ընկերներ, հոգեզավակներ ունեմ, որոնք կուզենային այսօր մեզ հետ լինել, բայց հանգչում են Աստծո մոտ: Հայտնում եմ շնորհակալությունս իմ շատ սիրելի Հայր Եղիային, ով այսօր ընդունեց այս հրավերը և առաջնորդեց ինձ դեպի Ծայրագույն Վարդապետության տվչությունը: Շնորհակալությու՜ն բոլորիդ, պետք է խնդրեմ ձեր աղոթքներն ինձ համար: Եվս մեկ անգամ փաստում եմ. սերս միշտ առ Աստված է եղել, սերս միշտ առ հայրենիք է եղել, և իմ խոնարհ ծառայությունը և կյանքը նվիրել և նվիրելու եմ իմ սուրբ Եկեղեցուն»:

     

    Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանի կենսագրականը

     

    Ծնվել է 1980թ. մարտի 31-ին, Գյումրիում:

    Սովորել է Գյումրիի թիվ 4 միջնակարգ դպրոցում, համատեղ՝ թիվ 5 երժշտական դպրոցում:

    Այնուհետև ուսումը շարունակել է Գյումրիի Գեղարվեստի ուսումնարանում, որն ավարտելուց հետո զորակոչվել է զինվորական ծառայության:

    2000թ. ընդունվել է Գյումրիի Ներսիսյան դպրեվանք:

    2002թ. բարձրագույն հոգևոր կրթություն ստանալու նպատակով մեկնել է Ուկրաինա, սովորել Լվովի Կաթողիկէ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ավարտել 2005թ.:

    2005թ. տեղափոխվել է Լեհաստանի Լյուբլին քաղաք, որտեղ  սովորել է Հովհաննես Պողոս II Կաթողիկէ համալսարանում: 2009թ. գերազանց գնահատականով պաշտպանել է վարդապետական թեզը՝ 1911թ. Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց Սինոդոսի վերաբերյալ, և ստացել է մագիստրոսի աստիճան՝ աստվածաբանության և եկեղեցական կանոնագետի որակավորմամբ:

    2008թ. Լյուբլինում ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Արհ. Տ. Նշան Արքեպս. Կարաքեհեյանի:

    2009թ. Արևիկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն վարդապետ՝ ձեռամբ Արհ. Տ. Նշան Արքեպս. Կարաքեհեյանի: Հետխորհրդային տարիներից հետո Հայաստանում  առաջին ձեռնադրված կուսակրոն հոգևորականն է:

    2009-2010թթ. պաշտոնավարել է որպես Գյումրիի հայ կաթողիկեների ժողովրադապետ, համատեղությամբ հովվական ծառայություն է կատարել նաև հարակից գյուղերում:

    2010թ. տեղափոխվել է  Թբիլիսի և մեկ տարի ծառայել է որպես տեղի համայնքի փոխժողովրդապետ:

    2011թ. նշանակվել է Երևանի Ներսիսյան դպրավանքի հոգևոր տեսուչ և պաշտոնավարել մեկ տարի:

    2012թ. նշանակվել է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի հայ կաթողիկէ համայնքների հոգևոր հովիվ և այդպաշտոնում ծառայում է մինչ օրս:

    2014թ. ձեռնարկել և  ավարտել է Մեծավան գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցու վերանորոգումը և վերակառուցումը, ինչպես նաև՝  նախաձեռնել է Նորաշեն գյուղի  Սբ. Խաչ եկեղեցու շինարարությունը:

    Տաշիրում մնայուն կեցության շնորհիվ վերականգնել է հոգևոր կյանքը Տաշիրի տարածաշրջանում:

    2020-2022թթ. Երևանի Դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում հեռակա կրթությամբ ստացել է իրավաբան մագիստրոսի աստիճան՝ իրավագիտություն և դատական փորձագիտություն մասնագիտություններով:

    2024թ. դեկտեմբերի 19-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի 154/Ա վճռով անվանվել է Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց (Դեկան):

     

     

Օրացույց

Օրացույց