Հռոմի Սրբազան Քահանայապետը միակն էր, որ գործուն քայլերով բողոքեց հայերի զանգվածային բնաջնջման դեմ
Ինչպես տեղեկացնում է tert.am լրատվական կայքը, 2017թ. մայիսի 31-ին Պապական արևելագիտության ինստիտուտի եկեղեցական կանոնագիտության ամբիոնի դեկան Հայր Ժորժ Անրի Ռոյսենը և Մխիթարյան Միաբան Գերհ. Հ. Վահան ծ.վրդ. Օհանյանը Երևանի Մատենադարանում հայ ուսումնասիրողներին և լայն հանրությանն են ներկայացրել Հայոց ցեղասպանությանը վերաբերող վատիկանյան փաստաթղթերի յոթ հատորյակը: Շնորհանդեսին իր մանսակցությունը բերեց նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը՝ ուղեկցությամբ Տ. Մաշտոց քհն. Ղազարյանի, ով թարգմանում էր Հ. Ռոյսենի խոսքը:
Հաստափոր 7 հատորներում հավաքված են Վատիկանի ու Սրբազան Քահանայապետի դիվանագիտական ջանքերի բոլոր ապացույցները: Անգլերեն, իտալերեն ու նաև հայերեն փաստաթղթերը 1915 թվականի դեպքերի պաշտոնական վկայություններն են:
Հ. Ժորժ Անրի Ռոյսենի հեղինակած յոթ հատորյակի վատիկանյան շնորհանդեսը տեղի է ունեցել երկու տարի առաջ՝ 2015 թ., Վատիկանում: Երկու հատորում հավաքված են 1894-96 թվականների դեպքերի վկայությունները, մյուս հինգ հատորները 1908-30-ական թվականների փաստաթղթերն են և հատկապես` 1915-18 թվականների: Այդ տարիներին Բենեդիկտոս 15-րդ Պապն ակտիվ նամակագրության մեջ էր բոլոր կողմերի հետ:
«Այս փաստաթղթերը շատ կարևոր են հատկապես այն պատճառով, որ Ցեղասպանության ժամանակ Պապը միակն էր, որ հակազդեց, միջամտեց: Ներգրավված տերությունները, անշուշտ, բոլորն էլ տեղյակ էին` Գերմանիայի, Հունգարիայի կայսրերը, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահները, բայց ոչ ոք չհակադարձեց», – ասել է Հ. Ժորժ Անրի Ռոյսենը:
Նա ընդգծել է՝ այս հատորները ցույց են տալիս մի ամբողջ ժողովրդի մտադրված լիակատար բնաջնջումը, որն անում էին թուրքերը։ Հատորները վկայում են, որ առնվազն մեկ պետություն` Սուրբ Աթոռը, իր ձայնն է բարձրացրել համատարած «սառցե անտարբերության» մեջ ու փորձել օգնել:
Հեղինակն իր աշխատությունն անվանում է մեծ «փազլի» ևս մեկ կտոր. ներառված են ամբողջական հատվածներ այն նամակներից, որոնք գրում ու ստանում էր Բենեդիկտոս 15-րդ Պապը:
Նա մեջբերել է հատված մոնսինյոր Դոլչեի՝ Պապին ուղղված նամակից, որում նա մանրամասն նկարագրում է 1915 թվականի իրադարձությունները. «Բնաջնջում է, որոշները կոտորվել են, որոշները մահացել են սովից, ճանապարհին: Շատ հայ մայրեր վաճառել են իրենց երեխաներին` նրանց մահից փրկելու համար»։
«Սրանք փաստաթղթեր են, որոնք պետք է գործածել հենց բնագրով` հավաստիությունը պահելու համար: Կարելի է թարգմանել որոշ կտորներ, բայց ամբողջական թարգմանությունը իմաստ չունի, քանի որ կարող են ասել` այս նամակը սխալ եք թարգմանել», – ասել է աշխատության հեղինակը, որ նամակ առ նամակ է հիշում է՝ ով, ում գրեց, ինչպես արտահայտվեց 1915 թվականի դեպքերի մասին: Նա, սակայն, բացառիկ ու հույժ կարևոր համարում է հատկապես Պապի երկու նամակները Սուլթանին:
«Հայոց ցեղասպանության դեմ բողոքը, մարդասիրական օգնությունը, ջանքերը ապարդյուն են, ամբողջովին անօգուտ, եթե միջազգային հանրությունը չճանաչի Հայաստանի անկախությունը», – Բենեդիկտոս 15-րդ Պապի խոսքերն է մեջբերել Հ. Ժորժ Անրի Ռոյսենը:
Պապական արևելագիտության ինստիտուտի դեկանը շեշտել է՝ այս յոթ հատորներով չեն սպառվում վկայություններն ու կարևոր փաստաթղթերը և հորդորել է հայ պատմաբաններին ու ցեղասպանագետներին գնալ և ուսումնասիրել Վատիկանի արխիվները, որոնք բաց են հայ գիտնականների համար, հատկապես, որ քիչ չեն նաև հայերեն արխիվային վկայությունները:
Նույն օրը Էջմիծանում, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսների և ուսանողության հետ է հանդիպել Սուրբ Աթոռի գլխավոր արխիվի և գրադարանի տնօրենը՝ Արհ. Եպս. Ժան-Լուի Բրյուգեն: Նա բացառիկ դասախոսություն է կարդացել հիշողության ու գրքերի մասին։ Վատիկանի գլխավոր գրադարանավարն ու արխիվավարը հայտարարել է՝ Վատիկանի հայկական արխիվները բաց են հայ գիտնականների համար:
Հարցին, թե քանի գիրք ու փաստաթուղթ է տնօրինում, Արհ. Եպս. Ժան-Լուի Բրյուգեն դժվարացել է պատասխանել՝ ասելով, որ ավելի հեշտ է հաշվել, թե քանի կիլոմետր են ձգվում դրանցով լի գրադարակները։ Ճիշտ 87 կմ, որի միայն մի հատվածն է ուսումնասիրված ու դասակարգված:
«Մի մեծ պալատ գրքեր ու փաստաթղթեր են: Վերջին հարկում մեծ սրահներ ունենք, որտեղ սեղանների վրա դրված են դեռևս 18-րդ դարում մեր գրադարանին նվիրաբերված գրքերը: Դրանք դեռ ոչ ոք չի բացել, առավել ևս՝ դասակարգել»,-ասել է Բրյուգեն:
Ամեն տարի 15 հազար գիտնական է այցելում Հռոմի Սուրբ Աթոռի գրադարան ու արխիվներ՝ վայր, որտեղ պահպանվում է աշխարհի ամենահին ձեռագիր ավետարանը՝ գրված պապիրուսի վրա, վայր, որտեղ պահպանվում է մարդկության հիշողությունը:
«Մարդկությանը ոչնչացնելու համար նրա մարմինն են սպանում: Բայց երբ ուզում են ոչնչացնել նրա հոգին, արխիվներն ու գրադարաններն են վառում: Իմ եզրակացությունը հետևյալն է՝ այն անձը, որ կորցրել է իր հիշողությունը, չի կարող նույնականացնել իրեն և քայլել դեպի ապագա: Դա ճիշտ է նաև ժողովուրդների համար, դա ճիշտ է նաև պետությունների համար: Ով մոռանում է անցյալը, դատապարտված է այն կրկնելուն», -ճեմարանականներին ասել է Արհ. Եպս. Ժան-Լուի Բրյուգեն:
Հայաստան գալուց առաջ Սուրբ Աթոռի արխիվավարը խնդրել էր առանձնացնել հայերին վերաբերող փաստաթղթերը: Նա չափազանց կարևորներից առանձնացնում է 15-ը. ամենահին փաստաթուղթը թվագրվում է 11-րդ դարով՝ 1080 թվականով: Այդ փաստաթղթերի մեջ են նաև Ցեղասպանության ժամանակ Հռոմի Պապի նամակները` ուղղված Թուրքիայի իշխանությանն ու հայերին: Արխիվի հայկական հատվածը քիչ է ուսումնասիրված:
«Ես նաև այստեղ եմ, որպեսզի բոլորի համար բացահայտեմ, որ Վատիկանի գրադարանն ու արխիվները, որ այդքան հարուստ են նյութերով, բաց են բոլորի առաջ: Եթե կան երիտասարդ գիտնականներ, որոնք կցանկանային աշխատել մեզ մոտ, ես նրանց գրկաբաց կընդունեմ: Եվ եթե գտնվի այդ խիզախը, որը կգա ու կաշխատի մեզ մոտ, ես նրան ցույց կտամ հատկապես ձեռագրերի ֆոնդում առանձնացված երկու բաժինները՝ Բորջիանի Արմենի և Վատիկանի Արմենի: Այնտեղ դեռ ամեն ինչ չէ, որ դասակարգված է և ուսումնասիրված», – նշել է Արհ. եպիսկոպոս Ժան-Լուի Բրյուգեն:
Արմենիա TV Ժամը լրատվականի անդրադարձը.