Մահ՝ հանուն Քրիստոսի և ազգային ինքնության
Հայ կաթողիկէ Արփենի գյուղը մեկն է Հայաստանի այն բնակավայրերից, որտեղ թուրքական կառավարության զորքերը իրականացրել են խաղաղ բնակչության զանգվածային ջարդեր՝ շարունակելով նույն ցեղասպանության ծրագիրը, որն իրագործեցին Արևմտյան Հայաստանում՝ 1915-1918թթ.: Եթե Արևմտյան Հայաստանում ծրագրի ղեկավարները երիտթուրքերն էին, ապա Հայաստանում հայերի կոտորածները տեղի ունեցավ 1920թ. աշնան թուրք-հայկական պատերազմի օրերին՝ Քեմալ Աթաթուրքի կառավարության ղեկավարությամբ, որ դաշնակցում էր բոլշևիկյան Ռուսաստանի հետ և նպաստում Հայաստանի խորհրդայնացման բոլշևիկյան ծրագրին:
Արփենիում այսօր էլ տարեց և ավագ սերնդի մոտ թարմ են հիշողությունները 1920-ի աշնան սարսափելի օրերի մասին, որոնք լսել են իրենց ծնողներից ու պապերից.թուրքերի վայրագությունների պատմությունները, թե ինչպես էին գյուղացիները թուրքերից փախչում գետակով և լեռներով, ձմռան ցրտին, սոված և ուժասպառ: Խոնարհված եկեղեցու պատերին մինչ օրս կարելի է տեսնել թուրքերի փամփուշտների հետքերը:
Գյուղի բնակիչներից Հովսեփ Ենգոյանը, ով հատուկ գորովանքով և սրտի կսկիծով գրի առել ու պահել է իր հոր հիշողությունները, մի քանի տարի առաջ գյուղի գերեզմանատանը կանգնեցրեց մի խաչքար, որն օծվեց ձեռամբ Արհ. Տ. Նշան արքեպս. Կարաքէհեյանի: Ամեն տարի գյուղացիները, նույնիսկ նրանք, ովքեր արդեն վաղուց Գյումրիում են ապրում, միասին այցելում են գերեզմանատուն և աղոթում խաչքարի մոտ:
Այս տարի գյուղի ժողովուրդը գերեզմանատուն բարձրացավ Տ. Հովսեփ քհն. Հովսեփյանի հետ միասին, ով խաչքարի մոտ մատուցեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ 1920թ. եղեռնագործության և Հայոց Ցեղասպանության զոհերի համար, որի ավարտին կատարվեց նաև «Վասն նահատակաց» բարեխոսական աղոթքը:
Տ. Հովսեփ քհն. Գալստյանի քարոզը.
Սիրելի՛ հավատացյալներ,
Դուք մի համայնք եք, մի ժողովուրդ, որ, լինելով հայ ժողովրդի հավատարիմ զավակներ, մեկ դար առաջ կիսել եք ձեր այն եղբայրների և քույրերի տառապանքները, ովքեր զոհ գնացին օսմանյան, ապա և քեմալական Թուրքիայի իրականացրած սարսափելի ցեղասպանությանը: Դուք քրիստոնեական հավատքի և ազգային ինքնության համար նահատակված, արյուն թափած նախնիների զավակներ եք:
Ձեր նախնիները, ովքեր գաղթեցին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Իրիցու գյուղից և հիմնեցին այս գյուղը, կառուցեցին այս շրջանի մեծագույն եկեղեցիներից մեկը, որի վրա հիմա էլ կարելի է տեսնել թուրքական դահիճների փամփուշտների ծակերը: Այս եկեղեցին վկայությունն է այն անհերքելի փաստի, որ ձեր պապերի համար շատ թանկ էր իրենց հոգևոր ու ազգային ինքնությունը, որ եղել է և է հայ կաթողիկէ, հայ՝ ամենալայն ու ընդգրկուն իմաստով՝ հավատարիմ իր ազգային մշակույթին, ինքնությանը, արժեքներին, և, երկրորդ, կաթողիկէ, որ հայն է՝ ամբողջովին միացած Տեր Հիսուս Քրիստոսի Ընդհանրական կամ Կաթողիկէ, Մեկ, Սուրբ Եկեղեցուն: Կաթողիկէ ինքնությունը մի առանձնահատուկ զարդ է եղել և է ձեր հայկական ինքնության համար, որ կրել և կրում եք մեծ սիրով ու նվիրումով՝ որպես աստվածապարգև մի նվեր, մի շնորհ, նշան Տեր Հիսուս Քրիստոսին անվերապահ հավատարմության, որ եղավ աղբյուր ձեր հոգևոր ծաղկման ու հոգեկան, մտավոր գեղեցիկ կերտվածքի:
Այսօր էլ ձեր մեծերից կարելի է լսել 1920թ. աշնանն այս գյուղում տեղի ունեցած զարհուրելի ջարդերի պատմությունները, լսել և սարսափել, բայց և միաժամանակ հպարտություն ապրել, որ դուք, մենք բոլորս ունեցել ենք հայրեր ու մայրեր, ովքեր իրենց հավատքի ու ազգային ինքնության համար կարողացել են դիմանալ այդպիսի ցավի և հետո նորից վերապրել:
Բայց Տեր Հիսուս երբեք չի թողնում իր հավատարիմ նվիրյալներին: Կարելի է հուզվել, երբ լսում ես, թե ինչպես ջարդից փրկված գյուղացիների մի փոքրիկ խումբ, որ ուներ ընդամենը մի հորթ, մի մոզի, ինչպես դուք եք ասում, իր մեջ ուժ է գտել շարունակելու աշխատել և աղոթել, տուն ու տեղ կառուցել: Աստվա՛ծ է ուժ տվել ապրելու:
Տեսնու՞մ եք, որ Աստված երբեք չի թողել և չի թողնում հայ ժողովրդի զավակներին, նույնիսկ երբ մենք հավատարիմ չենք Իրեն, Աստված մշտապես հավատարիմ է մնում իր հայրական սիրուն և մշտապես իր առատ շնորհներն է տալիս իր մոտ վերադարձող, իրեն դարձող զավակներին:
Ձեր նախնիների նահատակությունն այսօր հիշելով՝ մենք կարիքն ունենք այսօր վերաիմաստավորելու նրանց ջերմեռանդությունը, հավատքի արժևորման մոտեցումը, նվիրումը Եկեղեցուն, սովորությունը մշտապես հաճախելու Սուրբ Պատարագին և միանալու
Տիրոջ հետ՝ ճաշակելով Նրա Մարմինն ու Արյունը:
Եթե դուք ձեզ համարում եք ձեր նախիների արժանի հետնորդները, եթե հասկանում եք, թե ինչի համար նրանք նահատակվեցին և ինչ են ավանդել ձեզ այսօր, դուք պարտավո՛ր եք շարունակել նրանց ճանապարհը՝ հավատքի ու արարման ճանապարհը:
Հնարավոր չէ մնայուն բարիք ստեղծել, լավ ընտանիք կազմել, եթե անտարբեր ենք մեր հոգևոր պարտականությունների, Քրիստոսի սիրոյն փոխադարձ սիրով պատասխանելու մեր կոչման հանդեպ: Եթե իսկապես սիրում ու հարգում եք ձեր նահատակված հայրերին ու մայրերին, ուրեմն Աստծո և նրանց առաջ պարտավորությու՛ն ունեք առաջ գնալու Տիրոջ հանդեպ ձեր հավատարմության մեջ, պարտավո՛ր եք չբավարարվել ներկայիս հոգևոր մակարդակով, այլ ձգտել ավելիի՛ն, ձգտել միշտ առա՛ջ գնալ, որովհետև հավատքը չի սիրում սառնություն, գաղջություն, այլ Տիրոջ հանդեպ սերը պետք է բոցավառի ձեր հոգին և առաջ մղի ստեղծելու մի նոր կյանք, որտեղ կա Աստծո պատվիրաններին հավատարիմ մնալու մշտական ցանկություն, Տիրոջ ներկայությունը վայելելու անհամբեր փափագ, միմյանց համար աղոթելու սեր, որտե՛ղ միայն հնարավոր է գտնել երջանկություն և խաղաղություն, արդար մարդկային հարաբերություններ:
Առանց մեր նախնիների հավատքի, արարման փորձառության՝ մենք չենք կարող մնայուն արժեքներ ստեղծել, չենք կարող ծառն աճեցնել առանց արմատների, չենք կարող մեկ օրում որոշել ու հրաժարվել մեր հոգևոր ու ազգային ինքնությունից, մեր անցյալից, սա սխալ է, սա դավաճանություն է մեր նախնիների հանդեպ: Այն, որ այսօր այստեղ եք և ամեն տարի միասնաբար կատարում եք այս ուխտագնացությունը և հիշում եք ձեր անցյալն ու ժառանգությունը, արդեն իսկ վկայում է այն մասին, որ դուք ձեր հավատարմությամբ, ձեր գիտակցությամբ կարո՛ղ եք լինել օրինակելի, կարող եք հասնել ավելիին՝ ձեր հոգևոր ու ազգային ինքնագիտակցության մեջ՝ որպես գիտակից հայ կաթողիկէ:
Ուզում եմ ձեզ հիշեցնել Ֆրանցիսկոս Սրբազան Պապի խոսքից մի հատված, որը նա ասաց անցյալ տարի՝ հունիսի 25-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում.
«Այս հողի վրա ձեր սրբերը և վարդապետները ստեղծեցին այբուբենը, և ժողովուրդն Ավետարանի պատգամը քարոզեց՝ վկայելով միասնաբար, նույնիսկ արյան և ծանր փորձությունների գնով, որովհետև «Աստծո սերը կյանքից ավելին արժե» (հմմտ. Սղ. 63. 4): Քրիստոնեական հավատն այսպես դարձավ հայ ժողովրդի շունչը և նրա պատմության սիրտը: Այն ձեր ապագայի հույսն է»:
Քահանայապետը խոսեց որպես հայր, ով եկել էր իր սերը և գնահատանքը ցույց տալու իր հավատարիմ զավակներին:
Աղոթե՛նք և խնդրենք մեր նահատակների բարեխոսությունը ևս, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ սկսել եկեղեցու շինարարության աշխատանքները մեր համայնքում, եկեղեցի, որը կառուցված կլինի այս խոնարված եկեղեցու պատմական քարերով և կլինի ձեր հավատքի վերապրումի մի գեղեցիկ խորհրդանիշ:
Ամէն:
Ցայգ ՀՌԸ անդրադարձը.