• «Մեր անձերը մերը չեն, այլ գնված են Աստծո Միածին Որդու Ս․ Արյամբ».Հ.Նարեկ վրդ. Մնոյանի քարոզը

    Բոլոր բարիքներդ ու երախտիքներդ ես
    Իմ ունայն վարքով չարաչար վատնեցի։ (Մատյան Ողբերգության, Բան Ե)։


    Ահավասի՛կ, սիրելի՛ հավատացյալներ,

     

    Մեծի Պահոց շրջանը, առել է իր ընթացքը և արդեն 4 – րդ՝ Տնտեսի, կիրակին է, որ նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական առակից։ Անիրավ տնտեսի առակը ունի բազում մեկնաբանություներ՝ թեր, դեմ և կողմ, որ մինչև անգամ կասկածի տակ է դրվել, թե Տերն մեր Հիսուս Քրիստոս պատմած լինի այն։ Ժողովրդական լեզվով «շատ ջուր վերցնող» այս առակը, թվում է խրթին և ավելի կնճռոտ, քան՝ լուսաբանող։ Առակի ընդհանուր ոգին, եթե բառացի նշանակությամբ նայենք և նկատենք «հարուստ մարդուն», «պարտապաններին», «տնտեսին», իբրև անձնավորված սկզբունքներ մարդկային իրականության մեջ, կամ սոսկ պատմության ձևական մասը լրացնող դեմքեր, այս կերպ պիտի կանգնենք առեղծվածային դժվարության մեջ, իբրև թե Տերը գոված և հետևելի օրինակ ներկայացրած լինի անիրավ տնտեսի անհավատարիմ և խաբեական ընթացքը։ Մինչ տնտեսի նենգ և հոռի գործի մեջ ի ցույց են դրված փութկոտ և եռանդուն արթունմտություն  ու գործունեություն, որ հանձնարարվում է Աստուծո հավատարիմ տնտեսներին, իրենց բարի և ուղիղ գործերի մեջ։ Եվ այս առակով բյուրեղացվում է վարդապետությունը, թե «լույսի որդիները» պարտ ու պարտական են գերազանց իմաստություն և եռանդ դրսևորել իրենց սրբազան տնտեսության՝ հոգեկան պարտականությունների մեջ՝ ի խնդիր հավիտենական և անանց ապագայի, քան «աշխարհի որդիները», որոնք միջոցներն ու աշխարհիկ ուշիմությունը գործադրում են իրենց ներկայի և ժամանակավոր ապագայի համար։ Այս հայեցակետն է, որ մեզ թույլ կտա ներթափանցել և ուղիղ ըմբռնել առակի խորունկ միտքը, և այդ կերպ կկարողանանք քաղել հոգևոր առողջ ու պիտանի դասեր։

     

    Այս առակը նման չէ Քրիստոսի պատմած Բարի սամարացու կամ անառակի մասին առակներին, որոնք թելադրում են բարի ընթացք և բարի գործեր, այլոց նման չունի հրաշալի և հափշտակիչ հանգամանք, շողշողացող բարոյական շնորհներով առաքինի կերպարներ։ Սակայն այստեղ է հրաշալիքը Աստվածային մտածողության, այսինքն՝ պարզության մեջ վսեմություն, աննշան բացատրության մեջ անհուն խորհուրդ։ Առակը չունի վեպի փայլ և հետաքրքրաշարժ պարագաներ, սակայն իր մեջ եղած անգին և անսպառելի գանձերը վսեմ և անմահ հավիտենական կյանքի սկզբունք են տալիս՝ ամրագրելով այն մեկ վեհ ճշմարիտ նշանաբանը  յուրաքանչյուր քրիստոնեաի համար թե․

    «Դու Բարձրյալ Աստծո տնտեսն ես»։

     

    Ահա՛ առակի հոգին և քրստոնեաի բարոյական հիմունքը։ Դրե՛ք այն յուրաքանչյուրդ Ձեր կյանքի հիմքում, և կյանքը կլինի լուսավոր, գեղեցիկ, ճշմարիտ և աստվածահաճո։ Յուրաքանչյուրս, մեր հոգեկան, ֆիզիկական, նյութական կարողություններով Աստծուն ենք պարտ ու պարտական։ Սա քրիստոնեական կյանքի բարձրագույն ճշմարտությունն է, որի գիտակցումով և գերազանց այս սկզբունքով ապրողը կսավառնի բարոյական տիեզերքի վերին մթնոլորտում և ահեղ շառաչով կկործանի մարդկային մեծագույն սխալներից մեկը՝ անկյունաքար մեղսագործությունը «իմըՍ», իմ ունեցվածքը, իմ ստացվածքՍ, իմ անձՍ․․․այս մահաբեր սխալ ապրումը, որ մեզ հեռացնում է սրբազան «Աստվածորդի» կոչումից և մեր կյանքի բոլոր հայացքները, նկատառումները, մտածումները ու խիղճը ուղղելով և անչափ նեղացնելով ու սահմանափակելով՝ կենտրոն դարձնում «եսը»։ Ահա՛ մարդուս փոքրոգության տգեղ կյանքի պարզ ճշմարտությունը։ Հանենք այս «եսը», «իմը» մեր կյանքից, վանենք մեր սրտի քաղցկեղը։

    Քանզի մարդ չի կարող ասել «իմ ստացվածքը», «իմ հարստությունը», մինչև անգամ «իմ առողջությունը». անակնկալ մեկ օ՛ր՝ և կվերանա՛ առողջությունդ, կսպառվի՛ ունեցածքդ, կմարի՛ փառքդ, կխամրե՛ն հաջողություներդ… կարո՞ղ ես հետ բերել գեթ մե՛կը սրանցից։ Ո՛չ և կրկին ոչ՛, չարաչա՛ր ենք սխալվում։

    Եվ այս «ոչը» լռելյայն մեր խոստովանությունն է, թե մեր կամքից անկախ կա հզոր և բարձրագույն կամք, որ տիրում և իշխում է, որ տալիս և առնում է՝ ըստ Իր կամքի և ցանկության։ Միայն Աստվա՛ծ կարող է ասել «Ե՛Ս»,, միայն Նա է ասում․ «Ե՛Ս ԵՄ», «Ի՛Մս Է», իսկ մենք ոչի՛նչ ունենք, մերը չէ իրապես ոչինչ՝ ոչ տուն, ոչ դրամ, ոչ բարիք, որ առողջություն, ամենը Պարգևատու և Ամենազոր Աստծուց է, Նա է պարգևողը և Նա է առնողը։

     

    Դու՛, ո՛վ մարդ տնտեսն ես Աստուծո, վերակացուն ամեն պարգևների, որ ստացար ի վերուստ։ Հավատարմությամբ և բարի խղճմտանքով ծառայիր և գործածիր ամեն շնորհ ու պարգև։ Հիշելով, թե հաշիվ պիտի տաս Տիրոջը, Տիրոջը ամենքի և ամեն ինչի։

     

    Կործանարար է այս սխալը՝ «իմս», քանի դեռ չենք վանել մեր կյանքից չենք էլ կարող ապրել իմաստությամբ և ճշմարտությամբ։ Քրիստոնեական հավատքի բացարձակ ճշմարտություն է, թե մեր անձերը մերը չեն, այլ գնված են Աստուծո Միածին Որդու Ս․ Արյամբ։ Ահա՛ այն սկզբունքը, որ Փրկիչն մեր Քրիստոս այս առակում ցոլոցնում է յուրաքանչյուր քրիստոնեայիս համար՝ ուղիղ հարված հասցնելով չարիքի և բարոյական աղետների աղբյուր եսասիրությանը։

     

    Կանչված ենք տնտեսելու մեզ տրված նյութական և բարոյական շնորհները, ձիրքերը ու բարիքները, բանեցնելով ուղղամտությամբ և  ի օգուտ այլոց։

    Ի՞նչն էր պատճառը սրընթաց գլորման անառակ որդու, եթե ոչ՝ վատնումը այն ժառանգության, որ իր սեփականն էր կարծում։ Եվ այս առակում ինչի՞ մեջ է ամբաստանվում Տնտեսն անիրավ․ «Եվ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը»։  Ահա՛ անսկզբունք կյանքի գլորման պատճառը ՎԱՏՆՈՒՄ։ Նույնն է աղոթում և խոստովանում սրբալույս Տիեզերական վարդապետն հայոց Ս․ Գրիգոր Նարեկացին․

     

    Բարիքները բոլոր և ներողամիտ համբերությունդ

    Ընդունել եմ ես Քեզանից, Ո՛վ Բարերար, Օրհնյա՛լ և միշտ Երկայնամի՛տ,

    Եվ սակայն հանցապարտս՝ ես, փոխարինեցի դրանք

    Մարմնական և հոգեկան երկրաքարշ հուզումներով

    Եվ մտածումներով՝ ախտախորհուրդ ու բազմածուփ։

    Սրա՛նք են ահա, Աստված իմ  և Տեր,

    Որ վճարեցի ես Քո այնքան բարիքների փոխարեն․

    Ես ինքս հատուցեցի այս չարիքները Քեզ

    Ինչպես Մովսեսն իր հանդիմական առակովն է ասում,

    Իմաստությունը մոռացած՝ հիմարություն սիրողս,

    Բոլոր բարիքներդ ու երախտիքներդ ես

    Իմ ունայն վարքով չարաչար վատնեցի։ (Մատյան Ողբերգության, Բան Ե)։

     

    Ով անխնա մսխում, վատնում է իրեն տրված օրհնությունները, անառակի և անիրավ տնտեսի նման խաբեբա վարքով է ապրում, նյութական և բարոյական կարողությունները ծառայեցնում է միայն իր «եսին» և անհագ կրքերին ու հաճույքներին, զոհ է հենց իր եսասիրության և նույն վճիռը պիտի լսի Տիրոջից․ «Տու՛ր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»։ Եվ այս վճռի դատապարտողը ու մեղսագործին սարսափեցնողը․ «այլևս տնտես լինել չես կարող» բաժինն է։ Քանզի խոսում է և շեշտում այն ճշմարտությունը թե հոգին և կյանքը բովանդակ իր ամեն ինչով խղճուկ արարածը չէր դրել իր Արարիչ Աստուծո տրամադրության ու կամքի տակ։ Ուստի և մսխիչ, վատնող ու գող սպասավոր է այդ տնտեսը, որ երբևէ իրապես հասկանալով չի աղոթել՝ ասելով․ «Տե՛ր իմ»։ Քանզի չի ապրել իրականում քրիստոնեական հավատը և չի գիտակցել, թե ինչը հոգեպես չի բարձրացնում, իրականում վատնում ու սպառում է, ինչը սրտում չի գանձվում, գանձում չէ, այլ՝ վատնում ու ցրում։ Ինչ որ չես հավաքել հավիտենական շտեմարանում, չես էլ ժողովել իրապես, այլ ցրել ես, վատնել ու սպառել։

     

    Արդ, յուրաքնաչյուրս պարգևատու և ողորմած Աստուծո  առաջ անկեղծ զղջումի հոգով պիտի ընդունենք, որ տնտեսն ենք Նրա, և մեր աստվածատուր բոլոր հնարավորությունները՝ խիղճ, խելք թե ունեցվածք, պիտի  գործածենք հավիտենական հարկերի մեջ ընդունվելու համար․

    Ամեն։

     

    Հ. Նարեկ վրդ. Մնոյան

Օրացույց

Օրացույց