• Եպիսկոպոսների Սինոդի Արտահերթ համագումար՝ ընտանիքի առջև ծառացած ներկա մարտահրավերների թեմայով

    Եպիսկոպոսների Սինոդի Արտահերթ համագումար՝ ընտանիքի առջև ծառացած ներկա մարտահրավերների թեմայով


    Հռոմում այս օրերին 150-ից ավելի եպիսկոպոսներ, պատրիարքներ և մոտ չորս տասնյակ աշխարհական մասնագետներ ամբողջ Կաթողիկե Եկեղեցուց քննարկում են քրիստոնյա ընտանիքների առջև ներկայում ծառացած խնդիրները՝ ավելի արդյունավետ դեղահաբեր մշակելու դրանց լուծման համար: Տեղի է ունենում Եպիսկոպոսների Սինոդի 3-րդ արտահերթ գլխավոր համագումարը: Ուշադրության կենտրոնում հայտնված խնդիրների շրջանակը շատ լայն է՝ ընտանիքի հաստատության վիճակը ներկայում, ընտանիքի պլանավորում, ընտանիքն այն երկրներում, որտեղ տարբեր դավանանքների հետևորդների խառն ամուսնություններ կան, բաժանումներ և երկրորդ քաղաքացիական ամուսնությունները.ի՞նչպես պետք է վարվի Եկեղեցին այս և այլ հարցերի պարագայում: Բոլոր դեպքերում գերիշխում է այն տեսակետը, որ ընտանիքի հաստատությունը ներկայում խորացող ճգնաժամի մեջ է.ընտանիքի բարոյական դեմքը հաճախ աղճատված է, քրիստոնեությունից հեռացած, բնական ընտանիքի գոյությունը սպառնալիքի տակ է: Ժողովի մասնակիցները վստահ են, որ նոր լուծումներ մշակելիս հարկ է հավատարիմ մնալ ավետարանական գթասրտությանը և, միաժամանակ, վարդապետական անխախտ ճշմարտություններին: Ի թիվս այլ հարցերի, խոսվել է այն մասին, որ անփոխարինելի է երիտասարդ աշխարհականների, եկեղեցական շարժումների, համայնքների դերը ընտանիքներում Ավետարանի քարոզության և հոգևոր արժեքների պահպանության համար: Հարկ է վստահել երիտասարդների ուժերին, որովհետև նրանց հետ և նրանց մեջ Եկեղեցին կարող է գտնել շատ հարցերի պատասխաններ, վստահ են մասնակիցները: Նրանք համարում են, որ հարկ է ավելի լավ պատրաստել զույգերին ամուսնությունից առաջ՝ ուշադրություն դարձնելով հատկապես զգացական և սեռական կրթությանը: Այսպիսով, Եկեղեցին ջանքեր է գործադրում ընտանիքի վերաբերյալ իր մոտեցումները համապատասխանեցնել ժամանակի պահանջներին: Հենց այստեղ են ծագում բարդությունները. հոգևորականների և աշխարհականների մի խումբ համոզված է, որ Եկեղեցու մոտեցումները, օրինակ ընտանիքի պլանավորման, արհեստական բեղմնավորման և մի քանի այլ հարցերի շուրջ, շատ խիստ ու կատեգորիկ են, հաճախ դժվար իրագործելի ու անհասկանալի, ուստի պետք է քննարկումների տեղ թողնել, որպեսզի դրանք ավելի համաչափ ու ընդունելի լինեն մարդկանց համար: Իսկ մյուս խումբը գտնում է, որ չի կարելի ոչ մի զիջում անել Վատիկանի Բ ժողովի փաստաթղթերում և պապական շրջաբարեկաններում ամրագրված որոշումների և ձևակերպումների մասով.դրանք անքննարկելի են: Սինոդը կավարտվի հոկտեմբերի 19-ին, ի դեպ՝ մեկ այլ կարևոր իրադարձությամբ՝ Պողոս 6-րդ Քահանայապետի սրբադասմամբ: Պողոս 6-րդը 1963թ. հաջորդեց Հովհաննես 23-րդ Քահանայապետին և շարունակեց ու 1965թ.ավարտեց Վատիկանի Բ տիեզերաժողովը, որի որոշումները առանցքային նշանակություն ունեցան Կաթողիկե Եկեղեցու համար: Սինոդի 3-րդ արտահերթ համագումարի մասնակիցները կկազմեն վերջնական մի փաստաթուղթ, որի հիման վրա կհրավիրվի Սինոդի 14-րդ հերթական գլխավոր համագումարը՝ 2015թ. հոկտեմբերին: 2014-2015թթ. Ժողովները կոչված են բյուրեղացնելու և ավելի հասկանալի դարձնելու Եկեղեցու մոտեցումները: «Սինոդի համագումարները գեղեցիկ և խելացի գաղափարներ քննարկելու համար չեն, ոչ էլ՝ տեսնելու, թե ով է ավելի խելացի…դրանց նպատակը Տիրոջ պարտեզն ավելի լավ սնելն և խնամելն է…օգնելը, որ Տերն իրականացնի իր սիրո ծրագիրն իր ժողովրդի համար».ասել է Սրբազան Քահանայապետը համագումարի բացման խոսքում:

Օրացույց

Օրացույց