
Պատմական օրեր
Ն․ Ս․ Լևոն 14-րդ Քահանայապետը 2026թ․ սեպտեմբերի 25-ին սկսեց իր առաքելական ճամփորդությունը Ֆրանսիայում՝ մի երկիր, որտեղ քրիստոնեաների մեծամասնությունը Կաթողիկէ Եկեղեցու հետևորդ է, մի երկիր, որ ունի շատ հարուստ կաթողիկէ հոգևոր ժառանգություն։ 2019-ի հրդեհից հետո Փարիզի վերանորոգված և վերածնված Աստվածամոր տաճարում Լևոն 14-րդ Քահանայապետը նախագահեց հոգեպարար երեկոյան ժամերգությունը՝ Ֆրանսիայի եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների, ճեմարանականների և նվիրյալ վանական այրերի ու կանանց հետ: Նորին Սրբություն Պապն իր քարոզում ասաց, որ նորովի վերակառուցված եկեղեցու գեղեցկությունը «խոսում է մեր անհանգիստ սրտերի հետ և նրանց խաղաղության է կոչում»՝ ընդգծելով հանրային, մասնավոր և եկեղեցական ավանդը «մշակութային, գոյաբանական և հոգևոր այն ուղիների վերարթնացման գործում, որոնք վերածնված տաճարը բացում է մեր առջև»:
Պապը հատուկ կարևորություն տվեց ծիսական աղոթքի կատարմանը, կոչ արեց ծիսական արարողություններն անցկացնել արժանապատվությամբ և ակնածանքով, «նույնիսկ երբ հավաքվում են փոքր համայնքներ»: Նա հրավիրել է նրանց լինելու «Եկեղեցու Հայրերի և սրբերի գիտակից ժառանգորդները, որոնք դարերի ընթացքում մեզ են փոխանցել ծեսի խոր իմաստն ու գեղեցկությունը»:
Պապն ընդգծեց Վատիկանի Երկրորդ Ժողովի ծիսական բարեփոխումը և հորդորեց հոգևորականներին ու կրոնավորներին «ճշմարիտ սեր մշակել ծիսակատարության հանդեպ» և լինել «Աստծո ամբողջ Ժողովրդի մարգարեական, քահանայական և թագավորական կոչման վկաներն ու ծառաները»:
Նորին Սրբությունը նաև կոչ է արել նրանց «Պետրոսի Հաջորդի և Եկեղեցու հետ հաղորդությունը դասել անձնական նախասիրություններից վեր, որպեսզի նպաստեք Աստծո ժողովրդի միասնությանը»:
Ի վերջո, Լևոն Պապը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին Աստծո կանչին արձագանքելու և Տիրոջ հանդեպ իրենց հավատարմության համար, և քաջալերել է նրանց աղոթքով մոտ լինել Աստծուն:
Հիշեցնելով «բաց» տաճարի տեսլականը՝ նա ասաց, որ Աստվածամոր տաճարը «վերածնվել է, որպեսզի դուք նույնպես վերածնվեք նրա հետ միասին՝ նոր թափով դեպի սրբություն և ամենօրյա առաքելություն»:
«Ձեր ժողովրդի մեջ, – ասաց նա, – եղե՜ք Եկեղեցու աստվածային մայրության հստակ արտահայտությունը, որը, վկայելով Աստծո սերը, վերականգնում և բուժում է մարդկային ընտանիքը»:
Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Փարիզի մարզադաշտում հանդիպեց մոտ 80,000 երիտասարդների հետ, որոնք մեծ ոգևորությամբ և խանադավառությամբ դիմավորեցին նրան: Պապն իր մեքենայով շրջեց ստադիոնում և իր հայրական օրհնությունը բաշխեց բոլորին:
Երեկոն սկսվեց վկայությունների, երգերի և գեղարվեստական կատարումների տոնական ծրագրով:
Հռոմի Պապի առջև պատկերների շարքով ներկայացվեցին ֆրանսիացի բազմաթիվ սրբերի կյանքերը, այդ թվում՝ Թերեզ դե Լիզիոյի, Շառլ դը Ֆուկոյի, Լուի և Զելի Մարտենների, Ֆրեդերիկ Օզանամի, Լեոնի Ավիայի, Պիեռ-Ժյուլիեն Էյմարի, Ժան-Մարի Վիաննեյի, Կատարինե Լաբուրեի, Բեռնադետ Սուբիրուի, Ֆրանցիսկոս Սալեզացու, Վինսենթ դը Պոլի, Լուիզ դը Մարիյակի, Ժան Էօդի, Ժան-Բատիստ դը լա Սալի, Լուի-Մարի Գրինյոն դը Մոնֆորի, Բեռնարդ Կլերվոյացու և Ժերմեն դը Պիբրակի:
Ներկայացումն ավարտվեց մարզադաշտի տանիքին հրավառությամբ և երիտասարդների ուրախության բռնկումով, որոնք վանկարկում էին «Լեո՜ն, Լեո՜ն»: Հռոմի Պապը պատասխանեց ժպիտներով և ձեռքի շարժումներով:
Այնուհետև երկու երիտասարդներ կիսվեցին իրենց վկայություններով: Քլոեն՝ դեղագործության ուսանողուհի, ով ներգրավված է անապահով թաղամասերում իրականացվող աշխատանքներում, հարցրեց Պապին, թե ինչպես կարող է կիսել իր հավատքը այլ մարդկանց հետ:
«Մենք բոլորս այս հոգևոր դինամիկայի մասնիկն ենք», – պատասխանեց Լևոն Պապը: «Այն, որ այդքան շատ մարդիկ խորթացել են Աստծուց, իսկապես խնդիր է»: Նա ցավով նշեց, որ շատ մարդիկ չեն հետաքրքրվում իրենց նաև շրջապատող մարդկանցով, արհամարհում են աղքատներին և մերժում խոցելիներին ու հիվանդներին՝ «կարծելով, թե յուրաքանչյուր մարդ արժե միայն այնքան, որքան արտադրում է»:
Հռոմի Եպիսկոպոսը քաջալերեց Քլոեին հարատևել անապահով թաղամասերում իր աշխատանքում. «Հենց այնտեղ՝ առօրյա կյանքի իրականության մեջ, և երբեմն դժվարությունների հորձանուտում է, որ ձեր հավատքը դառնում է հույսի կենդանի վկայություն», – ասաց Պապը:
Երիտասարդներին ուղղված իր կոչը կառուցելով երեք պատվիրանների շուրջ՝ Լևոն 14-րդն ասաց. «խուսափել, ձգտել և պայքարել»:
Առաջին՝ «խուսափել» հպարտությունից, ունայնությունից, բռնությունից և ագահությունից, որովհետև դրանք զգացմունքներ են, «որոնք բռնում են մեզ և տիրում մեզ»:
Երկրորդ՝ «ձգտել» արդարության, բարեպաշտության, հավատքի, սիրո, համբերության և հեզության, որպեսզի շարժվենք «դեպի ավելի լավը», փնտրենք առաքինությունը՝ այն ուժը, որն անում է մեզ բարի և ճշմարիտ, և քայլենք դեպի սրբություն:
Երրորդը բխում է առաջին երկուսից: Խուսափելը և ձգտելը, պարզաբանեց Պապը, հավատքի պայքարն է, «այսինքն՝ Ավետարանի համաձայն ապրելու հանձնառությունը որպես Հիսուսի աշակերտներ»:
Սա ոչ մի դեպքում պայքար չէ ուրիշների դեմ, ընդգծեց Պապը: Նման պայքարը «չի օգտագործում բռնության, արհամարհանքի կամ ճնշման զենքեր: Մեր միակ զենքը անձնվեր սիրո զենքն է»:
Հաջորդ օրը` սեպտեմբերի 26-ին, Նորին Սրբությունը Փարիզի Կոնկորդիա հրապարակում մոտ 800,000 բազմության խանդավառ և բերկրալից ներկայությամբ մատուցեց Սուրբ Պատարագ: Շքեղ տեսարան, վսեմ շարականներ, աղոթական գեղեցիկ տրամադրություն և հոգևոր մեծ ապրումով արտասանված քարոզ: Ահա՜ մի հատված. «Տեսնելով ձեզ՝ իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ովքեր Ֆրանսիայի հավատքի երկար ու գեղեցիկ պատմության ժառանգորդներն եք, այստեղ հավաքված՝ ասում եմ ձեզ. ըմպե՛ք այն աղբյուրից, որն է Հիսուսի խոցված սիրտը: Այո՛, դուք ծարավի եք Աստծո, կյանքի, ճշմարտության, միասնության, խաղաղության, հաղորդության և երջանկության: Դուք փափագում եք վերագտնել լույսով լեցուն հորիզոնը և կառուցել վերանորոգված ազգ՝ հավատքով սնված արմատների վրա: Մի՛ պահեք Հիսուս Քրիստոսի հանդեպ այս հավատքը միայն ձեզ համար: Թույլ տվեք, որ այն հորդի, որպեսզի նրանք, ում հանդիպում եք, զովանան, և նրանց ծարավը հագենա: Դուք կոչված եք հույս բերելու ամենուր, որտեղ տիրում են հուսահատությունն ու հոգևոր ամայությունը»:
Նույն օրը երեկոյան Սրբազան Պապը մեկնեց Լուրդ` Աստվածամոր երևման նշանավոր ուխտավայրը, որտեղ վաղը կաղոթի Տիրամոր Վարդարանը հիվանդների հետ միասին:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
26 սեպտեմբերի, 2026թ.




