• Ինչպե՞ս ճիշտ կրթել մեր երեխաներին.Նորին Սրբության հրապարակային ունկնդրությունը

    «Մի աշխարհում, որտեղ գիտատեխնիկական առաջընթացն այսքան բարձր է, կան անգրագետ երեխաներ: Սա անարդարություն է»:


     

    Ստորև ներկայացնում ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի  2016թ նոյեմբերի 23-ի Հրապարակային ունկնդրության քարոզը:

     

    «Բարի՛ առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր: Հոբելյանական տարին ավարտվեց. այսօր մենք վերադառնում ենք մեր սովորական ընթացքին, սակայն ողորմության գործերի  մի քանի խորհրդածություններ դեռևս մնում են, և մենք պետք է շարունակենք խորհել այս ամենի մասին:

     

    Հոգևոր ողորմության գործերի մասին այսօրվա խորհրդածությունը վերաբերում է միմյանց հետ սերտ կապված երկու գործողությունների՝ խորհուրդ տալ տարակուսողներին և ուսուցանել տգետին, հատկապես, նրանց, ովքեր չգիտեն: «Տգետ» բառը շատ խիստ է ասված, սակայն սա վերաբերում է նրանց, ովքեր չգիտեն և որոնց պետք է սովորեցնել: Սրանք գործեր են, որոնք կարող են կատարվել պարզ, ընտանեկան հարթությունում, բոլորին հասանելի ձևով, և, հատկապես, երկրորդը` ուսուցում ինստիտուցիոնալ, կազմակերպված հարթությունում: Օրինակ, մենք մտածում ենք բոլոր այն երեխաների մասին, ովքեր դեռևս տառապում են անգրագիտությամբ:

     

    Սա դժվար է հասկանալ.մի աշխարհում, որտեղ գիտատեխնիկական առաջընթացն այսքան բարձր է, կան անգրագետ երեխաներ: Սա անարդարություն է: Ինչքան երեխաներ են տառապում կրթության բացակայության պատճառով.սա այնպիսի մի  անարդարություն է, որը վատ է անդրադառնում մարդու արժանապատվության վրա: Առանց կրթության՝ մարդը հեշտությամբ դառնում է շահագործման զոհ և հայտնվում սոցիալական տարբեր դժվարությունների մեջ:

     

    Դարերի ընթացքում Եկեղեցին պարտավորություն է զգացել մասնակցություն ունենալու կրթության ոլորտում, քանի որ Եկեղեցու ավետարանացման առաքելությունն է նաև աղքատների արժանապատվության վերականգնումը:

     

    Սկսած քրիստոնեական «Դպրոցի» առաջին օրինակից, որն, ըստ էության, հիմնվել է Հռոմում` Սբ. Հուստինոսի կողմից, 2-րդ դարում, որ քրիստոնյաները կարողանային ավելի լավ իմանալ Սուրբ Գիրքը, նաև Սբ. Հովսեփ Կալասանզիուսի կողմից Եվրոպայի հայտնի առաջին անվճար դպրոցների հիմնումից ի վեր, սրբերի և սրբուհիների մի երկար ցուցակ ունենք, ովքեր տարբեր ժամանակներում խթանել են գործազուրկների կրթությունը` իմանալով, որ այս կերպ նրանք կկարողանային հաղթահարել աղքատությունն ու խտրականությունները: Որքա՛ն շատ քրիստոնյաներ, աշխարհականներ, նվիրյալ եղբայրներ ու քույրեր և հոգևորականներ են իրենց կյանքը նվիրել կրթությանը, երեխաների ու երիտասարդների կրթությանը: Սա հիանալի է:

     

    Ես առաջարկում եմ ձեզ բարձր ծափահարություններով հարգանքի տուրք մատուցել նրանց: Կրթության այդ ռահվիրաները  խորապես ընկալեցին ողորմության գործը. այդպիսին էր նրանց կենսակերպը՝ վերափոխել հասարակությունը: Պարզ գործով և մի քանի կառուցվածքներով նրանք կարողացան վերականգնել շատ մարդկանց արժանապատվություն: Եվ նրանց ստացած կրթությունը հաճախ օգնում էր նաև աշխատել: Մտածում եմ Սբ. Հովհաննես Բոսկոյի մասին, ով փողոցում բնակվող երեխաներին աշխատանքի համար հմտություններ տվեց օրատորիայում, ապա` դպրոցում ու աշխատատեղ ստեղծելով: Սա` այն բանի շնորհիվ, որ բազմաթիվ և տարբեր մասնագիտացած դպրոցներ հայտնվեցին, որոնք սովորեցնում էին աշխատել` նրանց տալով մարդկային ու քրիստոնեական արժեքներ: Ուստի, կրթությունն իսկապես ավետարանացման հատուկ մի ձև է:

     

    Ինչքան շատ աճի կրթությունը, այնքան շատ անհատներ ձեռք կբերեն վստահություն և իրազեկություն, որի կարիքը մենք բոլորս ունենք այս կյանքում: Լավ կրթությունը մեզ սովորեցնում է քննադատական մեթոդը, որը պարունակում է նաև կասկածի որոշակի տեսակ, որն օգտակար է հարցեր տալու և ձեռք բերված արդյունքները ստուգելու համար՝ ավելի շատ գիտելիքներ ստանալու տեսանկյունից:

     

    Սակայն տարակուսողներին խորհուրդ տալը` որպես ողորմության գործ, չի վերաբերում այս տեսակ կասկածին: Տարակուսողներին ողորմություն ցույց տալ` նշանակում է հանգստացնել այն ցավն ու տառապանքը, որը վախի ու տագնապի հետևանք է, որոնք էլ իրենց հերթին տարակուսանքի հետևանք են:

     

    Հետևաբար, սա սիրո իրական մի դրսևորում է, որով մարդը մտադրվում է օգնել անորոշության հետևանքով տկարացած մարդուն:

     

    Կարծում եմ, ինչ-որ մեկը կարող էր հարցնել ինձ. «Հա՛յր, բայց ես հավատքի վերաբերյալ շատ կասկածներ ունեմ, ի՞նչ պետք է անեմ: Դուք երբևէ կասկածներ ունեցե՞լ եք: Շատ ունեմ…: Անշուշտ, բոլորն էլ ինչ-որ պահի կասկածներ ունենում են: Կասկածներ, որոնք վերաբերում են հավատքին՝ դրական իմաստով, այն նշաններն են, որ մենք ցանկանում ենք ավելի լավ և խորը ճանաչել Աստծուն, Հիսուսին, մեր հանդեպ Նրա սիրո խորհուրդը: «Բայց ես  ունեմ այս կասկածը: Ես ձգտում եմ, սովորում, տեսնում կամ խորհուրդ եմ հարցնում, թե ինչ անեմ»: Սրանք կասկածներ են, որոնք մարդուն օգնում են աճել: Հետևաբար, լավ է, որ մենք ինքներս մեզ հարց ենք տալիս հավատքի վերաբերյալ, քանի որ այս կերպ մենք խորանում ենք դրա մեջ: Ամեն դեպքում, կասկածները կարելի է հաղթահարել: Հետևաբար, անհրաժեշտ է լսել Աստծու Խոսքը և հասկանալ, թե ինչ է Նա սովորեցնում մեզ: Այս ամենի մեջ կարևոր մի ուղի, որն ավելի շատ է օգնում  մեզ,  քրիստոնեականի ուսուցումն է, որի միջոցով հավատքի վկայությունը հանդիպում է մեզ՝ մեր փաստացի անձնական և համայնքային կյանքում: Եվ, միևնույն ժամանակ, գոյություն ունի նաև հավասարապես կարևոր մեկ այլ ուղի՝ ապրել հավատքն առավելագույն ջերմեռանդությամբ: Մենք հավատքը չենք դարձնում վերացական տեսություն, որտեղ կասկածները կրկնապատկվում են: Ընդհակառակը, մենք հավատքը դարձնում ենք մեր կյանքը: Մենք փորձում ենք այն կիրառել՝ ծառայելու համար մեր եղբայրներին, հատկապես, ամենակարիքավորներին: Եվ, ապա, շատ ու շատ կասկածներ անհետանում են, քանի որ մենք զգում ենք Աստծո ներկայությունը և սիրո Ավետարանի ճշմարտությունը, որն, առանց մեր արժանիքների, հաստատվում է մեր մեջ և մենք կիսում ենք այն՝ մյուսների հետ:

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ինչպես նաև կարող եք տեսնել, որ ողորմության այս երկու գործերը հեռու չեն մեր կյանքից: Մեզանից յուրաքանչյուրը կարող է ապրել այդ գործերով, գործածել Տիրոջ այն խոսքը, թե Աստծո սիրո խորհուրդը չի հայտնվել իմաստուններին ու խելացիներին, այլ՝ աննշաններին: Հետևաբար, ամենախորը ուսուցումը, որը մենք կոչված ենք փոխանցելու և կասկածից ազատվելու ամենաապահով վստահությունը Աստծո սերն է, որով Նա մեզ սիրում է՝ մեծ սեր, անշահախնդիր և հավերժ տրված: Աստված երբեք հետ չի վերցնում Իր սերը: Նա միշտ առաջ է գնում և սպասում: Նա Իր սերն ամբողջ կյանքի համար է տալիս, որի համար մենք պետք է զգանք մեծ պատասխանատվություն, լինենք այդ սիրո վկաները՝ ողորմություն առաջարկելով մեր եղբայրներին:

    Շնորհակալությու՛ն:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց