• Արդյո՞ք կարողանում ենք ավելի՛ն տեսնել պարզության մեջ.ամենօրյա քարոզներ, Տ. Հովսեփ քհն. Գալստյան

    «Քո հավատը փրկեց քեզ…», Ղկ., 8:48:


    1 սեպտեմբերի, 2016թ.

    Օրվա Ավետարանական հատվածը. 2 սեպտեմբերի, 2016թ.

     

    «Եւ այնտեղից ելաւ եկաւ իր գաւառը. եւ իր աշակերտները գնում էին նրա յետեւից։ Երբ շաբաթ օր եղաւ, սկսեց ժողովարանում ուսուցանել. եւ շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա վարդապետութեան վրայ եւ ասում. «Այս բաները որտեղի՞ց են սրան, կամ ի՞նչ է այս իմաստութիւնը, որ տրուած է սրան, որ սրա ձեռքով այսպիսի զօրաւոր գործեր կատարուեն։ Սա հիւսնի տղան եւ Մարիամի որդին չէ՞ միթէ, Յակոբոսի եւ Յովսէի ու Յուդայի եւ Սիմոնի եղբայրը. եւ սրա քոյրերը այստեղ մեզ մօտ չե՞ն»։ Եւ նրանով գայթակղւում էին։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»։ Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր։ Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ»,

    Ավետարան ըստ Մարկոսի, 6:1-6

     

    Պատկերացնենք մտովի այս դրվագը.Հիսուս Կափառնայումում, Գերգեսսայում, Դեկապոլսում և այլուր քրաոզելով և բժշկություններ անելուց հետո վերադառնում է իր հայրենի քաղաքը՝ Նազարեթ, ըստ սովորության շաբաթ օրը գնում է ժողովարան, որտեղ մոտենում է ընթերցելու Սուրբ Գիրքը: Մարկոսը գրում է, որ սկսեց ուսուցանել, իսկ Ղուկասը ավելի մանրամասն է պատմում (Ղկ., 4, 16-19), թե նրան տվեցին Եսայի մարգարեի գիրքը և նա ընթերցեց հետևյալը.

     

    «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»։

     

    Ղուկասը շարունակում է, թե այս տողերը կարդալուց հետո Հիսուս ասաց. «Այսօր այս գրուածքները կատարվեցին, երբ լսում էին ձեր ականջներով»:

    Այս խոսքերն արդեն բոլորովին ուրիշ շեշտադրություն ունեին և այլ բան էին նշանակում: Եսայու տողերը, հավանաբար, շատերն էին կարդացել Հիսուսից առաջ, բայց դեռ ոչ ոք չէր համարձակվել հայտարարելու, որ այդ ամենը կատարվեցին: Դրանք մարգարեական խոսքեր էին, որոնց կատարումը հրեաները սպասում էին երանելի այն ժամանակներում, երբ Տիրոջ Օծյալը՝ Մեսիան, հայտնվեր: Հիսուսին լսողները ապշահար էին եղել, հավանաբար, փսփսում էին միմյանց ականջին՝ դժգոհ արտահայտություններով, որովհետև բոլորն էլ ճանաչում էին Հիսուսին՝ որպես հյուսն, ով 30 տարի իրենց կողքին է ապրել, իրենց աչքի առաջ մեծացել, փայտ է տաշել, լուծ, սեղան, աթոռ պատրաստել, հոր արհեստն է սովորել ու իր երեսի քրտինքով հաց է վաստակել, չի քարոզել, ոչ մի բանով աչքի չի ընկել ու հիմա եկել, հռչակում է, թե հրեաների երանելի ժամանակները եկել են, այլ խոսքով մեսիայի մասին է խոսում, ավելին՝ ինքն իրեն մարգարե է անվանում. «Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ՝ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»: Ւսկ Ղուկասը ավելացնում է մի շատ կարևոր համեմատություն, որը թույլ է տալիս ավելի լավ ըմբռնել Հիսուսի ուղերձը՝ յուրաքանչյուրիս.

    «Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի

    ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ։ Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն՝ մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում։ Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին», Ղկ., 4, 25-27:

     

    Այս բառերը վերջին ակկորդն էին, որ լցրեցին ներկաների համբերության բաժակը, նրանք դուրս տարան Հիսուսին՝ դեպի դարավանդը և ուզում էին գահավեժ անել, գրում է Ղուկասը: Ինչու՞: Որովհետև Հիսուս համարձակվել էր ինքն իրեն հռչակել բացառիկ, օժտված աստվածային շնորհներով, մարգարեական շնորհով, ընտրյալ, ոչ այնպիսին, ինչպիսին ժողովարանում հավաքվող այդ մարդիկ էին, ովքեր միայն կարդում էին Տիրոջ խոսքը, բայց չէին հասկանում, կամ այլ ակնկալիքներ ունեին, ավելի քաղաքական ու սոցիալական, իսկ Տերը միայն սեր ու ողորմության գործեր է ուզում տեսնել՝ «…ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու…»:

     

     Ինչպե՞ս կարող էր արտաքինից իրենց նման և նույնիսկ ավելի խոնարհ տեսքով այս հասարակ հյուսնը լինել ավելի հարուստ հոգևոր ներուժով, Աստծո ընտրյալ, ինչպե՞ս կարող էր նա՝ այդ ոչ տոհմիկը, իրենց նմանը, համարձակվել իրեն հռչակել ավելի մեծ ու կարևոր, քան՝ իրենք: Այս պատճառով է, որ Հիսուս ասում է, թե իր գավառում մարգարեն հարգված չէ: Որովհետև մարդիկ չեն ուզում ընդունել, որ իրենց համար սովորական, աննշան, պարզ բաների մեջ, պարզ ու անարգ արտաքինի ներքո, կարող է թաքնված լինել ավելի մեծ մի բան, քան այն ինչ երևում է: Եվ այդ մեծությունը ոչ թե Հիսուս ինքն իրեն էր վերագրում, այլ Հայր Աստծուց էր:

     

    Եսայի մարգարեն իր գրքի 53-րդ գլխում Օծյալի մասին գրում է. «Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան մարդկանց բոլոր որդիներինը», Ես., 53,3: Հիսուս սերում էր ամենամոռացված, պրովինցիալ, անհավատ քաղաքներից մեկում, ծնվեց ամենաանարգ ու թշվառ պայմաններում, մի պարզ դեռատի աղջկա արգանդում, մեծացավ ամենապարզ պայմաններում, իր հացը վաստակում էր ամենահամեստ միջոցներով, բայց այդ անարգ տեսքի մեջ բնակվում էր տիեզերքի Տիրակալը՝ Արարիչն ամենայնի:

     

    Հիսուս բացատրեց, որ հաճախ Աստված շնորհներ է պարգևում և իր տնօրինական գործերը կատարում մեզ համար չնչին թվացող մարդկանց միջոցով՝ սիդոնացու այրիի, Նեեման Ասորիի, թլվատ Մովսեսի, իրեն մանուկ համարող Եսայու և նման այլ անձանց միջոցով: Պողոսը գրում է, որ Աստված այս աշխարհի ոչինչներին ու տկարներին է ընտրում և իր գործերը կատարում նրանց միջոցով: Բայց մարդիկ, որ հակված են բարձրացնելու իրենց «ես»ը, վստահ են, որ իրենք միշտ ճիշտ են, և չի կարող լինել իրենց նման մեկը, որի նկատմամբ Աստված ավելի բարեհաճ լինի, քան՝ իրենց, որովհետև այդ մեկն ավելի խոնարհ է ու հեզ, քան՝ իրենք:

     

    Հիսուս ուզում է մեզ սովորեցնել՝ տեսնել էականը, մեծությունը՝ փոքր բաների մեջ, բարդը, խորությունը՝ պարզ և մակերեսային թվացող երևույթների մեջ: Չ՞է որ արարչագործությունն էլ ինքնին պարզ ու ընկալելի է թվում, բայց ամեն ինչի հիմքում Աստված ինքն է, որ անճառելի է:

     

    Մեր աչքը որքա՛ն սովոր է տեսնել պարզ, աղքատ, անապահով մարդկանց, հաշմանդամների, որոնք գամված են սայլակներին, գյուղացու, ով իր հողն է մշակում ու իր անասունն է պահում, բայց արդյո՞ք ունակ ենք տեսնելու ավելի հեռուն, ավելի խորը, ավելի մեծը, որ թաքնված է այդ հասարակ մարդկանց հոգիներում, թե ինչքա՛ն է նրանց հավատը, ինչի՛ են ընդունակ և թե ինչպիսի՛ շնորհն է Աստված նրանցից շատերին բաշխում՝ իրենց հոգու աղքատության, հեզության շնորհիվ:

    Այն հիվանդները, որ մոտենում էին Հիսուսին, ունեին այնքա՛ն հավատ, որ բուժվեցին, բայց արդյո՞ք մենք տեսնում ենք դա.

     

    «Քո հավատը փրկեց քեզ…», Ղկ., 8:48,

    «Վեր կաց, գնա՛, որովհետև քո հավատը քեզ փրկեց», Ղկ., 17, 19,

     «Ով կին, մեծ է քո հավատը, քո քեզ լինի, ինչպես որ կամենում ես», Մտթ., 15, 28:

     

     

    Հետաքրքիր է այս համատեքստում դիտել գյումրեցի կինոռեժիսոր Արմեն Գասպարյանի «Բաց դռներ» փաստագրական ֆիլմը՝ պարզ, ջերմեռանդ հավատքի մի յուրօրինակ փաստագրություն:

     

     

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

     

Օրացույց

Օրացույց