• Իմ այս ճամփորդությունը նշան է…Քահանայապետի այցը Ալբանիա

    Իմ այս ճամփորդությունը նշան է…Քահանայապետի այցը Ալբանիա


    Սեպտեմբերի 21-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն այցելել էր Ալբանիա: Այս երկիրը պատահական չէր ընտրված: Ինչպես Քահանայապետը բացատրեց սեպտեմբերի 24-ի գլխավոր ունկնդրության ժամանակ, ուզում էր իր այցելությամբ ոգևորել կոմունիստական ռեժիմի ճնշումներն հաղթահարած ու միմյանց հետ խաղաղ գոյակցող տարբեր կրոնների դավանորդ ալբանացիներին: Պապն ամբողջ աշխարհին մատնացույց արեց Ալբանիան՝ որպես օրինակելի մի երկիր, որտեղ բազմակրոն խաղաղ գոյակցությունը իրականություն է և ոչ ցնորք: Հենց դա ընդգծեց Քահանայապետ Ալբանիայի ղեկավարներին ուղղված իր ողջույնի խոսքում.կաթողիկեներ, ուղղափառներ, մահմեդականներ վստահում են միմյանց և խաղաղ ապրում միասին: Եվ դա՝ մի ժամանակաշրջանում, երբ կրոնական տարբերություններն այլ երկրներում դառնում են գործիք՝ հակամարտությունների համար, անդրադարձել է Պապը: «Ոչ ոք չպետք է Աստծուն վահան դարձնի՝ բռնություն և ճնշում գործադրելու համար: Կրոնը չպետք է դարձնել պատրվակ՝ մարդու արժանապատվության դեմ ուղղված գործողությունների համար…»: Աստծո անունով սպանելը սրբապղծություն է: Անհրաժեշտ է սերունդներին կրթել այնպես, որ յուրաքանչյուրը հարգի մյուսի տարբերությունները և, հնարավոր լինի փոխադարձ հարգանքի հիման վրա աշխատել հասարակաց բարիքի համար, ասել է Քահանայապետը և գոհությամբ փաստել, որ ինչպես ամբողջ երկիրը, Ալբանիայի կաթողիկե համայնքը ևս զարգանում է երկարատև պատերազմներից հետո: Եվ սա մի երկրում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդական է: Տիրանայի Մայր Թերեզայի անվան հրապարակում Սբ. Պարատագ մատուցելիս Քահանայապետը հիշել է ալբանացի նահատականերին՝ թե քրիստոնյա և թե մահմեդական, ովքեր զոհ են գնացել քաղաքական հալածանքներին, հատկապես կոմունիստական ռեժիմի պայմաններում: Իսկ Ալբանիայի կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Քահանայապետը հիշեցրել է 1993թ. Ալբանիա կատարած այցելության ժամանակ Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի խոսքը, թե «կրոնական ազատությունը…հիմնարար երաշխիք է ազատության ցանկացած այլ դրսևորման համար…այն ապահով երաշխիք է ընդդեմ ամբողջատիրության բոլոր ձևերի և հաստատորեն նպաստում է մարդկային եղբայրությանը»: Քահանայապետը կոչ է արել կրոնական բոլոր առաջնորդներին վստահել միմյանց և եռանդուն կերպով համագործակցել՝ հանուն խաղաղության: Սրբազան Քահանայապետի շեշտադրությունները հատուկ ուղերձ էին այն երկրների ղեկավարությանը, որտեղ կրոնական հակասությունների պատրվակով հալածանքներ են ծավալվում քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: «Իմ այս ճամփորդությունը նշան է, ես ուզում եմ նշան տալ».այսպես է իր ճամփորդությունը դեպի Ալբանիա բնորոշել Քահանայապետը վերադարձի ճանապարհին, լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:

    VATICAN-ALBANIA-POPE-TRIP dt.common.streams.StreamServer Pope Francis greets Muslim representative in Albania

Օրացույց

Օրացույց