Աստծուն հաճելի ջեմեռանդության գեղեցիկ մի օրինակ
9 հունիսի, 2016թ.
Նիկողայոս Կեղեստինը մի իրավագետի որդի էր: Հայրը, շատ լավ դաստիարակություն էր տալիս իր որդուն: Իր հերթին էլ որդին վարքի անմեղությամբ, բարքի մաքրությամբ և, ի մասնավորի, Ս. Կույսի և Ս. Ալոզիոսի հանդեպ ունեցած խորին ջերմեռանդությամբ միշտ հավատավոր էր մնում: Երբ ընդունվեց Հռոմեական վարժարանի Մարեմյան Ընկերակցութուն` դարձավ բոլորից եռանդուն անդամը:
Տասնութ տարեկան էր Նիկողայոս Կեղեստինը, երբ մտավ Հիսուսյան միաբանություն: Այստեղ ոչ ոք չզարմացավ նրա սրտաբուխ ջերմեռանդության վրա: Մի քանի ամիս իր կոչումի համաձայն, նորընծայական հրահանգներն ու առաքինությունները յուրացնելուց հետո, 1765թ-ի հունվարի 10-ին Նիկողայոս Կեղեստինը հիվանդացավ, ինչն էլ նրան գերեզմանին մոտեցրեց: Ցավերով լի` առեղծվածային հիվանդություն էր, որը ոչ մի բժիշկ ի զորու չէր լինում բուժել: Սաստիկ ջղակծկումները այնպես էին ազդում կոկորդի վրա, որ նա նույնիսկ չէր կարողանում մի կաթիլ ջուր խմել: Բժիշկները նրա մահը անխուսափելի էին համարում:
Խեղճ Նիկողայոս Կեղեստինը զարմանալի համբերատարությամբ և կատարյալ համակամությամբ պատրաստ էր ապրելու կամ մեռնելու: Սակայն միայն մի փափագ ուներ. ուզում էր Սուրբ Հաղորդությունը ստանալ՝ ի պատրաստություն առաջիկա հավիտենական ճամփորդության: Բայց ինչպե՞ս կարող էր ընդունել, երբ ոչ մեկը չէր կարող նրան կերակրել: Բայց նրա ցանկությունը անսասան էր: Նրա համար մեծ սնունդ էր` երբ իր կողքը հավաքվում էին եղբայրակիցները և խոսում Հիսուսի Սրտի մասին: Մեծ հրճվանք էր ապրում, երբ դիտում էր Սիրտ Հիսուսի այն պատկերը, որը շատ հաճախ իր աչքի առջև էին բերում: Չնայած, որ ջղաձգության պատճառով աչքերն այլևս չէին զանազանում առարկաները, բայց որոշակիորեն տեսնում էր Սիրտ Հիուսի թանկագին պատկերը: Այս շնորհքն իր մեջ արթնացրեց այն վստահությունը, որ պիտի կարողանա հասնել սուրբ խորհուրդով կազդուրվելու փափագին: Եվ քանի որ, հրաժարվել էր մարդկային օգնությունից, իր բուժումը` Աստծուց էր ապավինում: Նա իր եղբայրակիցներին խնդրեց, որպեսզի միասին հավաքվեն աղօթքի և իր համար էլ խնդրեց մի քիչ ջուր, որը Ս. Ալոզիոսի հրաշագործ ալյուրով էր խառնված: Եղբայրակիցները Նիկողայոսի ցանկության հետ համաձայնվեցին: Մինչ այս, ապարդյուն անցավ առաջին փորձը. Նիկողայոսը չկարողացավ խմել մի քանի կաթիլ ջուրը, սակայն իր քաջությունն ու խիզախությունը մնացին անդրդվելի: Նորից խնդրեց աղօթել ու կրկնեն ջրի փորձը: Անբացատրելի ուրախությամբ խմեց երկրորդ անգամ ու ներսում պահեց օրհնված ալյուրաջուրը, հետո մի քիչ ապուր և առանց դժվարության, ապա կարողացավ նշխարը կուլ տալ: Այլևս գիտեր, որ աղօթքն ընդունելի է եղել և փափագ հայտնեց Աստվածային Փրկչին ամենասուրբ խորհրդի մեջ նրան ևս ընդունելու: Առանց դժվարության հաղորդվեց և հագեցրեց ամենասիրելի Փրկիչն իր սիրտն ընդունելու ջերմ փափագը`Երկնքի ուրախության մեջ: Վերջին Ս. Թոշակն իրեն տալուց հետո, վիճակը զգալիորեն վատթարացավ, այնպես որ փետրվարի 10-ի երեկոյան այցելող բժիշկն հայտարարեց, որ Նիկողայոսը մի քանի ժամվա կյանք ունի:
Քահանան և երկու եղբայրներ հիվանդի կողքն էին և քաջալերում էին նրան: Իսկ ինքը` մահճի մեջ անշարժ, հիվանդությունից բոլորովին տկարացած, ձայնի և զգայարանների գործածություններից անմասն, վերջին վայրկյաններն էր ապրում: Եվ ահա, հանկարծակի սկսեց անթարթ աչքերով նայել Ս. Ալոզիոսի պատկերին, որն իր առջև կախված էր: Ապա երկնավոր հրճվանքով գոչեց.
«Ո ՛հ, որքա՛ն գեղեցիկ ես, իմ սուրբ Ալոզիոս, որքա՛ն սիրուն ես»:
Կարճ ժամանակ անց, Նիկողայոսը հայացքը նորից ուղղեց պատկերին ու վճռական ձայնով գոչեց.
«Եղիցի՛ն կամք քո»:
Եվ աչքերը պատկերին հառած՝ երեք-չորս վայրկյան անշարժ մնաց: Ներկաները, ապշած, անխոս և սուրբ սարսուռով համակված, բայց և գիտակցորեն հասկանում էին, որ այդ վայրկյանին հրաշք է տեղի ունենում:
Այդ ժամանակ հիվանդը բարձրացավ և ուրախությամբ աղաղակելով ասաց.
«Բժշկվա՛ծ եմ. Ս. Ալոզիոսը ինձ տվեց այս շնորհը: Ես ինքս տեսա ու նրա հետ խոսեցի. տվե՛ք զգեստներս, տվե՛ք ուտելիք: Ես բոլորովին առողջ եմ, այլևս որևէ հիվանդություն չունեմ»:
Ուրախությունից գինովցած` Նիկողայոս Կեղեստինի մոտ գտնվող քահանան անմիջապես վազեց նորընծաների վերակացուին` Լյուդովիկոս Բարավիչինին, ավետելու այդ հրաշքը:
Լյուդովիկոս Բարավիչինին հասնելով Նիկողայոս Կեղեստինի մոտ՝ ցանկանում էր իմանալ ամբողջ պատմությունը:
Նիկողայոսը պատմեց, թե ինչպես այդ առավոտյան իր մոտ սկսվում են ջղաձգությունները սաստկանալ և իր աչքի առջև երևում է Ս. Ալոզիոսը: Ի վերջո տեսնում է, թե ինչպես հզոր մի լույս է ճառագայթում և նրա միջից երևում է Ս. Ալոզիոսը, ոչ թե մի կողմի վրա թեքված կամ կիսամեջք, այլ դեպի իրեն դարձած:
Ձախ ձեռքին խաչ ուներ, իսկ աջը` ազատ էր: Սուրբը այնքան ուրախ, շնորհալի և լուսավոր էր երևում, որ Նիկողայոսին երանելի դյութանքով կախարդեց:
«Աջ ձեռքով նշան արեց ինձ, որպեսզի իրեն մոտենամ, հետևաբար նստեցի մահճակալիս վրա, լսելու համար նրան և անզուսպ հրճվանքով գոչեցի նրան.
«Որքան շնորհալի ես, ո՛վ իմ սիրելի Ս. Ալոզիոս»:
Ապա ես Սուրբից լսեցի հետևյալ խոսքերը.
«Ինչ կուզես, առողջությու՞ն թե մահ»: Իսկ ես նրան պատասխանեցի. «Եղիցի՛ն կամք քո»:
Սուրբը պատասխանեց.
«Որովհետև, դու քո հիվանդության ժամանակ ուրիշ բանի վրա հույսդ չդրեցիր և քո կյանքը Աստծու կամքին հանձեցիր: Հետևաբար Աստված կյանքդ քեզ կշնորհի, որպեսզի դու կատարելիության դիմես և քո ամբողջ կյանքը նվիրես Հիսուսի Սուրբ Սրտի ջերմեռանդությանը»:
Սուրբը դեռ ուրիշ բաներ էլ խոսեց՝ ի գիտություն և մխիթարություն հիվանդի և նրան ապահովեց, որ նա երբեք այս հիվանդությունը չպետք է ունենա և հանձնարարեց Նիկողայոս Կեղեստինին վեց կիրակի բարեպաշտ հրահանգներով ապրել` ի հիշատակ Հիսուսյան Ընկերության մեջ իր անցկացրած վեց տարիների համար:
Այս խոսքերն ասելուց հետո Ս. Ալոզիոսը օրհնեց հիվանդին և անհետացավ:
Նիկողայոսը ամբողջովին առողջացավ: Հաջորդ օրը` առավոտյան, Կեղեստինոսը քայլելով գնաց Հռոմեական վարժարան, որտեղ Ս. Ալոզիոսի խորանի առջև, որի ներքևում հանգչում է սրբի մարմինը, Սբ. Պատարագին սպասավոր է կանգնում, ապա` Ս. Հաղորդություն ստանում:
Այսպես, Կեղեստինոսը երեք տարի ապրեց` խանդավառ եռանդով միշտ դեպի կատարելությանը բաղձալով, ինչպես որ իր սուրբն է պատվիրել: Միշտ ջանում էր ամեն հնարավոր միջոցներով աստվածային Սրտի ջերմեռանդությունը տարածել: Ի վերջո պղինձի վրա քանդակել տվեց Ս. Ալոզիոսի պատկերն այն դիրքով և արտահայտությամբ, ինչպես որ իրեն երևացել էր:
Այս հրաշքը ամեն տեղ արձագանք գտավ. հազարավոր ցրված պատկերները ապացույցն էին աստվածային Սուրբ Սրտի ջերմեռանդության, սրբության ու վեհության, որը հրահրեց բազմաթիվ հավատացյալների հոգիները` պաշտել ու սիրել այս սուրբ սիրտը:
1765թ. արդեն բազմաթիվ եկեղեցիներ թույլտվություն խնդրեցին, որ աստվածային Սիրտը հատուկ պատարագով ու պաշտամունքով պատվելու: Միաժամանակ, Եվրոպայի զանազան մասերում ծնունդ առան բազմաթիվ ընկերակցություններ ու եղբայրություններ՝ պատվելու համար աստվածային Սիրտը, խոսքով ու բարեպաշտ գրություններով լուսաբանելու, և տարածելու համար «Երկնքին շատ հաճելի» ջերմեռանդությունը:
Բարի Կեղեստինոսը տեսնում է ու լսում է իր սիրելի ջեռմեռանդության տարածումը և սրանով էլ գոհացնում իր փափագը: Իրեն թվում է, որ բավականաչափ գլուխ է հանել աստվածային այն դիտողությունները, որոնք նա իրեն ներշնչել էր իր ապաքինման ժամանակ: Եվ հիմա, նրան մնում է միայն երկինք բարձրանալու անզուսպ տենչանքը:
Նորընծայարանն ավարտելուց հետո իր մեծերի կողմից ուղարկվեց Հռոմեական վարժարան` բարձրագույն ուսումը ստանալու համար: Սակայն շուտով հիվանդությունը նորից վրա հասավ: Նրան ուղարկեցին Ֆռասքաթի՝ այն հույսով, որ գյուղական մաքուր օդը բարերար ազդեցություն կթողնի Կեղեստինոս վրա: Բայց, Կեղեստինոսը արդեն հասուն էր Երկնքի համար: 1768թ-ի փետրվարի 2-ին, Մարիամ Աստվածածնի տոնին Կեղեստինոսի իր անմեղ հոգին ավանդեց առ Աստված՝ Հիսուսի սիրելի Սրտի մեջ լրիվ երանությունը գտնելու:
Նիկոմեդիայի արքեպիսկոսպոսը և Հռոմի աթոռակալ Դոմինիկոս Ճորտան կարդինալի հավանությամբ Կեղեստինոսի բժշկության իրավական դատաստանը սկսվեց: Լսեցին 13 վկաների, ովքեր երդումով հաստատեցին հրաշքի ճշմարտությունը: Իրենց մեջ կային երեք բժիշկներ, որոնցից երկուսը կանոնավոր խնամում էին հիվանդին, իսկ երրորդը` Կղեմես ԺԳ Քահանայապետի անձնական բժիշկը, ժամանակ առ ժամանակ այցելում էր հիվանդին: Երեք բժիշկներն էլ ոչ միայն հաստատեցին կատարված իրողությունը, այլև միաբերան խոտովանեցին ճշմարիտ և անուրանալի հրաշքը:
Կարդինալ աթոռակալը 1795թ. հունիսի 3-ին կոնդակով վավերացրեց այդ ամենը և թույլատրեց, որ դատաստանը սկսի ու հրատարակի նաև այն տեղեկատվությունը, որը կրում էր հետևյալ վերնագիրը. «Հրաշալի բժշկություն՝ բարեխոսությամբ Ս. Ալոզիոսի Կոնզակայի Հիսուսյան Ընկերությունից», որը տպագրվեց Հռոմում, 1765թ-ին:
«Սիրտ Յիսուսի պատմութիւններ» գրքից, Բեյրութ, 1962թ.