• Ի՞նչ է նշանակում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այցը Գյումրի՝ հայ կաթողիկէների համար

    Պատմական հույժ կարևոր մի հանգրվան, որը նոր լիցքեր կհաղորդի հոգևոր ինքնության ավելի խոր ընկալման համար:


    16 մայիսի, 2016թ.

     

     

    Հայ կաթողիկէներիս համար Սրբազան Քահանայապետի սպասվող այցելությունը Գյումրի՝ 2016թ. հունիսի 25-ին, պատմական ու հոգևոր ահռելի նշանակություն ունեցող իրադարձություն է:

     

    Հռոմի Սրբազան Քահանայապետը՝ Կաթողիկէ կամ Ընդհանրական Եկեղեցու գլուխը, պատմության մեջ առաջին անգամ կայցելի Գյումրի՝ այս փոքրիկ քաղաքը, որը եղել և մնում է Հայաստանի հայ կաթողիկէների կենտրոնը: Ավելին, այսօր Գյումրին նաև Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի բոլոր հայ կաթողիկէների կենտրոնն է, որտեղ գտնվում է այդ բոլոր համայնքների առաջնորդանիստ մայր տաճարը՝ Սրբոց Նահատակացը: Սրբազան Քահանայապետը կայցելի իր հայ կաթողիկէ հոտին, որը դարեր շարունակ, կիսելով ամբողջ հայ ժողովրդի պատմական ճակատագիրը, անցավ բազում փորձությունների, զրկանքների, հալածանքների միջով, բայց «պատերազմելով բարի պատերազմը՝ պահեց հավատը», հավատարիմ մնաց Ընդհանրական Եկեղեցուն:

     

    Պատմության ընթացքում Հայաստանում և Վրաստանում հայ կաթողիկէների հոգևոր զարթոնքի և վերելքի, համայնքների կայացման ամենագեղեցիկ շրջանը 19-րդ դարն էր և 20-րդ դարի առաջին երկու տասնամյակները՝ մինչև բոլշևիկյան ռեժիմի հաստատումը, որից հետո Հայ Կաթողիկէ և, ընդհանրապես, Կաթողիկէ Եկեղեցու գործունեությունը ամբողջ խորհրդային տարածքում արգելվեց խստիվ, տասնյակ հոգևորականներ սպանվեցին կամ աքսորվեցին, բոլոր եկեղեցիները փակվեցին և այդպես մնացին մինչև 1991թ., թեև որոշ համայնքներում բնակչությունը մինչև վերջ պայքարելով թույլ չտվեց, որ իրենց եկեղեցիները փակվեն և շարունակեցին իրենց աղոթքները ինքնուրույն, ինքնակազմակերպվելով եկեղեցիներում կամ տներում: Մինչ օրս շարունակում են պատմել այն օրերի աղոթական ոգու և ջերմեռանդության մասին, եթե կարելի է այսպես ասել, «ընդհատակյա Եկեղեցու» մասին (clandestine Church, подпольная Церковь), մի արտահայտություն, որը հաճախ օգտագործվում է սոցիալիստական ճամբարի երկրներում այդ տարիներին գաղտնի գործող Կաթողիկէ Եկեղեցու վերաբերյալ: Այդ 70 տարիները հայ կաթողիկէ համայնքների հալածանքների, բռնի հոգևոր այլասերման ծանր տարիներ էին, որոնց հետևանքները մինչ օրս զգալի են համայնքներում: Բայց Սուրբ Հոգու անդադար զորակցությամբ հայ կաթողիկէները գոյատևեցին որպես համայնք և հոգևոր վերելքի ուղին բռնեցին 1991թ., երբ Սբ. Հովհաննես Պողոս Բ Սրբազան Պապի անմիջական հովանու ներքո վերաձևավորվեց Հայաստանի հայ կաթողիկէ համայնքը, որին միացվեցին նաև Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի համայնքները և կազմավորվեց ընդհանուր առաջնորդություն՝ Սեբաստիո տիտղոսավոր արքեպիսկոպոսի առաջնորդությամբ: Սկսվեց հայ կաթողիկէ համայնքների հոգևոր զարթոնքի, սեփական ինքնության վերագիտակցման, վերարժևորման ճանապարհը: Հավատացյալները սկսեցին ինքնակազմակերպվել որպես համայնքներ՝ հայ կաթողիկէ հոգևորականների առաջնորդությամբ, հայ քույրերի օգնությամբ, Սուրբ Աթոռի հովանու ներքո, Կաթողիկէ Եկեղեցու տարբեր բարեգործական հաստատությունների օգնությամբ և, իհարկե, պետական ու տեղական իշխանության մարմինների աջակցությամբ:

     

    Համայնքների հոգևոր զարգացման համար հզոր մի լիցք էր 2001թ. Սբ. Հովհաննես Պողոս Բ Սրբազան Պապի հովվական այցը Հայաստան, որն առաջինն էր պատմության մեջ: Տիեզերական Եկեղեցու գլուխը եկավ իր եղբայրական սերն ու հարգանքը արտահայտելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդեպ, և իր հայրական սերն ու հոգատարությունը ցույց տալու իր կաթողիկէ համայնքի և ամբողջ հայ ժողովրդի հանդեպ՝ յուրահատուկ շքեղություն հաղորդելով Հայաստանում քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի խորհրդին: Այդ ժամանակ Քահանայապետը այցելեց միայն Սբ. Էջմիածին և Երևան (նաև Քանաքեռի Սբ. Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ համայնք)՝ ամբողջ տիեզերական Եկեղեցու ուշադրությունը բևեռելով հայ ժողովրդի հոգևոր կենտրոնի՝ Սբ. Էջմիածնի վրա, քրիստոնեության օրրաներից մեկի վրա:

     

    2010թ., ի վերջո, բազում դժվարություններից հետո սկսվեց Գյումրիի հայ կաթողիկէ առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց տաճարի կառուցումը, որը տևեց 5 տարի և հանդիսավորությամբ օծվեց 2015թ. սեպտեմբերի 24-ին՝ նախագահությամբ Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի (ով ներկայացնում էր Սրբազան Քահանայապետին) և Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի, ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և մասնակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների: Նորակառույց մայր տաճարի օծումը եղավ համայնքի հոգևոր զարթոնքի խորհրդանիշը, զարթոնք, որն այլևս անհերքելի փաստ է և օրըստօրե առաջանում է Սուրբ Հոգու շնորհներով: Սրբազան Քահանայապետը նորակառույց մայր տաճարին նվիրեց նաև Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի Ողորմության Սուրբ Դռնից վերցված մի քար՝ ի նշան միության՝ սիրո և ողորմության խորհրդի մեջ:

     

    Այդ հանգրվանների տրամաբանական շարունակությունը կլինի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այցը՝ հունիսի 25-ին: Եթե Սբ. Հովհաննես Պողոսի այցը Սբ. Էջմիածին ընդգծեց հայ կաթողիկէ համայնքի հոգևոր պատմական ակունքը, ապա Ֆրանցիսկոս Քահանայապետի այցը կընդգծի դարավոր հոգևոր մաքառումի հաղթանակը: Այս այցը նոր հոգևոր խթան կլինի ամբողջ համայնքի համար, Ընդհանրական Եկեղեցու Հովվապետի հայրական ուշադրության գեղեցիկ մի դրսևորում՝ իր տառապյալ, բայց հաղթանակած հոտի հանդեպ:

     

    Պատմական այս հանգրվանները հայ կաթողիկէ համայնքի հոգևոր վերելքի կարևորագույն կետերն են՝ գագաթներ, որոնք նոր լիցքեր են հաղորդում համայնքի հոգևոր կյանքին, հոգևոր ինքնության ավելի խոր ճանաչմանը:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց