Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…
27 ապրիլի, 2016թ.
Սույն գույժը մեզ փոխանցել է Զմմառի միաբանության անդամ Հոգշն. Հ. Մովսես վրդ. Տոնանյանը:
«Զմմառու Պատրիարքական Միաբանութիւնը ցաւօք սրտի կը գուժէ թէ, Զմմառու Միաբանութեան անդամ՝ Հ. Յովհաննէս Ծ.Վ. Սէֆէրեան, զօրացած եկեղեցւոյ սուրբ խորհուրդներով, հանգեաւ ի Տէր, Չորեքշաբթի 20 Ապրիլ 2016-ին, Ֆրանսայի Վալանս քաղաքին մէջ:
Հանգուցեալը ծնած էր Հալէպ 9 Մարտ 1919-ին: Ան իր նախնական ուսումը Զմմառու վանքին մէջ աւարտելէ ետք, մեկնած էր Հռոմի Լեւոնեան Քահանայապետական Վարժարան, ուր հետեւած էր իմաստասիրութեան և աստուածաբանութեան դասընթացքներուն: Քահանայ ձեռնադրուած էր Հռոմ 1 Ապրիլ 1945-ին: Հանգուցեալ վարդապետը, իր ամբողջ կղերական կեանքին ընթացքին, ազնիւ և բարի անձնաւորութիւն մը եղած էր, համեստ հոգեւորականի տիպար իր շրջանակէն ներս: Վաստակաշատ Սէֆէրեան վարդապետը համբերութեամբ կը պայքարէր կեանքի բոլոր դժուարութիւններուն դէմ, վայելելով Զմմառու Տիրամօր հովանաւորութիւնը: Աշխատեցաւ հոն ուր մեծաւորները ուղարկեցին զինք: Մկրտեց, պսակեց, ի հարկին թաղեց եւ անխոնջ մշակ մը եղաւ Քրիստոսի այգիին մէջ:
Ան երկար տարիներ պաշտօնավարած էր Լիբանանի զանազան Հայ Կաթողիկէ ժողովրդապետութիւններու մէջ, մեծ խանդավառութեամբ:
Անոր գլխաւոր առաքելավայրերը եղած են Զահլէ, Անճար, Զալքա: Այնուհետեւ պաշտօնավառած է Զմմառու վանքին մէջ՝ որպէս վարչական խորհուրդի անդամ, միաժամանակ ստանձնելով Ժունիի Պատրիարքական Միաբանութեան դպրեվանքի հոգեւոր հայրութիւնը: Հ. Յովհաննէս իր առաքելութիւնը շարունակած է նաեւ սփիւռքի զանազան գաղութներուն մէջ, ինչպէս՝ Յորդանան, Եգիպտոս, ապա Ֆրանսայի Վալանս քաղաքը, ուր հակառակ իր յառաջացած տարիքին՝ երկար տարիներ պաշտօնավարելէ ետք՝ ան իր մահկանացուն կնքեց կղերականներու յատուկ հանգստեան տան մը մէջ: Մեր խորին ցաւակցութիւնները կը յայտնենք Միաբանութեանս աւագ և կրտսեր բոլոր անդամներուն, ննջեցեալին համար Աստուծմէն հայցելով երկնային խաղաղութիւն և յաւիտենական կեանք:
Խնկանուէր աղօթք և յաւիտենական հանգիստ լուսահոգի վարդապետին անմահ յիշատակին»:
Զմմառի միաբանությունը տեղեկացնում է, որ 2016թ. ապրիլի 26-ին Գերհ. Հ. Հովհաննես ծ.վ. Սեֆերյանի մարմինը Ֆրանսիայից տեղափոխվեց Լիբանան և զետեղվեց Զմմառի վանքի Փոխման Սրբոյ Կուսի եկեղեցում, իսկ երեկոյան ժամը 19:00-ին նույն եկեղեցում կատարվեց Սբ. Վարդարանի աղոթք՝ վախճանյալ երիցագույն վարդապետի հոգու հանգստության համար: Ապրիլի 27-ին, ժամը 11:00-ին Զմմառի մայրավանքի եկեղեցում հանգուցյալի համար Սբ. Պատարագ մատուցեց Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը՝ մասնակցությամբ բոլոր միաբան հայրերի, հավատացյալ ժողովրդի: Ապա կատարվեց Գերհ. Հ. Հովհաննես ծ.վ. Սեֆերյանի թաղման կարգը: