«Սիրել Աստծուն՝ նշանակում է փոխհատուցել թե սեփական և թե ուրիշների մեղքերի համար»:
2 հունիսի, 2015թ.
Հունիս ամիսը Կաթողիկէ Եկեղեցում նվիրված է Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքին: Սա մի գեղեցիկ ջերմեռանդություն է, որը հիշեցնում է մարդկության հանդեպ Տիրոջ անհատնում սիրո և այդ սիրույն փոխադարձ սիրով պատասխանելու անհրաժեշտության մասին:
Հունիսի 1-ին Գյումրիի ժողովդրապետությունը սկսեց Հիսուս Սուրբ Սրտի ջերմեռանդությունը: Ամբողջ հունիս ամսին, ամեն օր, առավոտյան Սբ. Պատարագից հետո կկատատարվի Սուրբ Սրտի ջերմեռանդությունը՝ Լիթանիայի, այլ գեղեցիկ երգերի ու աղոթքների ուղեկցությամբ և, ամենակարևորը, Սբ. Հաղորդության առջև: Իսկ հինգշաբթի օրերը, ինչպես ամեն ամիս, կատարվում է Սբ. Հաղորդության երկրպագություն՝ մոտ մեկ ժամ լուռ աղոթքով և շարականներով:
Գյումրիի և Աշոցքի ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը, ով մշտապես անխախտ կատարել է Սուրբ Սրտին նվիրված ջերմեռանդական աղոթքներն ու Սբ. Հաղորդության երկրպագությունը, իր քարոզում ասաց.
«Հիսուսի սիրտը վառվում է մեր հանդեպ սիրով: Այս ամսվա ընթացքում Տիրոջ սրտին ջերմեռանդ լինելով՝ ջանա՛նք մեր անտարբերությունն ու մեղքերը փոխհատուցել մեր սիրով: Տիրոջը պետք է միայն սե՛ր և ոչ մի ուրիշ բան: Սե՛րն է փոխհատուցում բոլոր մեղքերի համար, որովհետև Աստված Ինքը սե՛ր է:
Ուրեմն, սիրել Աստծուն՝ նշանակում է փոխհատուցել թե սեփական և թե ուրիշների մեղքերի համար: Եթե քիչ ենք սիրել Տիրոջը, փորձե՛նք ավելի շատ սիրել: Ամենակարևոր բանը քրիստոնեական կյանքում սերն է»:
Հայր Պետրոսը պատմեց այս գեղեցիկ ջերմեռանդության մասին, որը միշտ շատ սիրված է եղել Հայ Կաթողիկէ Եկեղեցում, հավատացյալները մեծ սիրով կատարել են Արևմուտքում սկիզբ առած այս գեղեցիկ ջերմեռանդությունը, որը մեկն է այն անփոխարինելի հոգևոր գանձերից, որով ներքնապես հարստանում է յուրաքանչյուր քրիստոնյա՝ անկախ ազգությունից և մշակութային միջավայրից:
Սուրբ Սրտի ջերմեռանդությունը ձևավորվել է Արևմուտքում՝ 11-12-րդ դարերում հիմնականում, բենեդիկտյան և ֆրանցիսկյան միաբանների ջանքերով, Հիսուսի վերքերի հանդեպ ջերմեռանդական պաշտամունքից: Հիսուսի Սուրբ Սիրտը վիրավոր է՝ մարդկանց անտարբերության և ապերախտության պատճառով:
Հիսուսը բազմիցս երևացել է սրբակյաց միանձնուհիների և պատվիրել նրանց իր Սուրբ Սրտին, իր անսահման սիրույն նվիրված լինել և տարածել այդ ջեմեռանդությունը: Ամենամեծ ազդեցությունը Եկեղեցու կյանքում թողել է 17-րդ դարում ապրած ֆրանսիացի միանձնուհի Սբ. Մարգարետ Մարի Ալաքոքը (Margaret Mary Alacoque (1647–1690)), ում Հիսուս երևացել է 1673-74թթ. (ինչը ընդունվել է Եկեղեցու կողմից, որպես ճշմարտություն) և ասել, որ Իր սիրտը այնքա՛ն սիրում է մարդկությանը, բայց փոխադարձ ստանում է միայն անարգանք, անտարբերություն, մեղքեր: Հիսուսը պատվիրել է Մարգարետին և ամբողջ Եկեղեցուն յուրաքաչյուր ամսվա առաջին ուրբաթ օրերին խոստովանել, հաղորդվել Իր Սուրբ Մարմնին ու Արյանը, ապաշխարություն անել իրենց և ուրիշների մեղքերի համար: Եթե այդպես անեն Հիսուսը վերջին վայկրյանին պիտի գա և նրանց Երկինք պիտի տանի: Քահանաները, որոնք նվիրված են Հիսուսի Սրտին, պետք է կարողանան հոգիներ փրկել:
Հիսուսի բազում երևումների մասին փաստերը, աստվածաբանական քննությունները և ժողովրդի մեծ նվիրումը Սուրբ Սրտի ջերմեռանդությանը հանգեցրեցին նրան, որ 1856թ. Պիոս 9-րդ Պապը քաջալերեց Հիսուսի Սուրբ Սրտի ջերմեռանդությունը՝ ամբողջ Կաթողիկէ Եկեղեցում, իսկ Լևոն 13-րդ Պապը 1899թ. հունիսի 11-ին ամբողջ աշխարհը նվիրաբերեց Հիսուսի Սուրբ Սրտին, ինչպես նաև հաստատեց հունիսը՝ որպես Սուրբ Սրտի ջերմեռանդության ամիս:
Հունիսի 1-ը նաև մանուկների տոնն է.ջերմեռանդական աղոթքներից հետո Հ. Պետրոսը կատարեց նաև մանուկների օրհնություն և բոլոր ծնողներին պատվիրեց իրենց զավակներին միշտ Եկեղեցի բերել, սովորեցնել նրանց սիրել Տիրոջը ամեն ինչից առավել: