• Ի՞նչ է նշանակում քահանայության պարգևը ստանալ Սբ. Ռիտայի տոնին. Հ. Պետրոս վրդ. Եսայանի քահայության 10-ամյա հոբելյանը

    Ի՞նչ է նշանակում քահանայության պարգևը ստանալ Սբ. Ռիտայի տոնին. Հ. Պետրոս վրդ. Եսայանի քահայության 10-ամյա հոբելյանը


    23 մայիսի, 2015թ.

     

     

    2015.մայիսի 22-ին Գյումրիի ժողովրդապետությունը տոնեց Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի քահանայական ձեռնադրության 10-ամյա հոբելյանը: Իր ձեռամբ մատուցված Սբ. Պատարագի քարոզի ժամանակ Հայր Պետրոսն ասաց հետևյալը.

     

    «Այսօր ինձ համար…առիթ է՝ շնորհակալություն հայտնելու Տիրոջը, Ով ինձ կանչեց քահանայության…Որքա՛ն է Աստված սիրում նրան, ում ընտրում է, որ լինի իր երկրորդ «Ես»-ը: Դա այնպիսի մի պարգև է, որին երբևէ արժանի ենք, ոչ էլ կարող ենք հասնել այդ մակարդակի մեծությանը և սրբությանը: Եվ միշտ մեզ պետք է անարժան զգանք Տիրոջ խորանի առջև…

     

    Անցած տասը տարիների ընթացքում չեմ կարող հիշել մի պահ, որ զղջացած լինեմ քահանայության համար: Կարող եմ հիշել շատ պահեր, երբ զղջում էի քահանայությանս՝ Տիրոջ կամքին և սրբությանը, քահանայական կոչմանս մակարդակին չհասնելու համար, անհավատարմություններիս, սխալներիս համար…բայց երբեք չեմ զղջացել, որ…ես վարդապետ եղա: Ինձ համար սա մեծ երջանկություն և պատիվ է…

     

    Ներողամտություն եմ հայցում Տիրոջից և ձեզնից այն ամենի համար, ինչի մեջ թերացա, ինչը կարող էի շատ ավելի լավ անել…և իմ խնդրանքն է ձեզնից, որ աղոթեք, որպեսզի Աստծո սրտի համաձայն ապրեմ քահանայական կյանքը, կարողանամ լավ օրինակ տալ ձեզ՝ նվազ փչացնելով իր գործը ձեր մեջ, շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ Աստված տվեց ինձ…

     

    երիտասարդնե՛ր, մի՛ վախեցեք ասել «այո՛», երբ Տիրոջից կոչում զգաք: Տիրոջից ավելի հավատարիմ ընկեր, պաշտպան չկա: Ավելի մեծ երջանկություն չկա, երբ կարողանում ես ինչ-որ հոգևոր բարիք անել, երբ խոստովանանքի ժամանակ կարողանում ես մեկին մխիթարել, ճիշտ ուղղություն տալ…

    Այդ երջանկությունը ոչ ոք չի կարող խլել քեզանից, և արժի՛ դրա համար քահանա դառնալ»:

     

     

     

     

    Սբ. Պատարագին ներկա էր նաև Պարսկաստանի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ Բարձշն. Տ. Նշան արքեպս. Կարաքեհեյանը, ով 10 տարի առաջ, նույն օրը, ձեռնադրել է Հ. Պետրոս վրդ. Եսայանին:

     

    Սրբազան հայրը համապատարագեց Հ. Պետրոսի հետ միասին և, ապա, դիմելով ներկաներին, ասաց, որ Հ. Պետրոսն իր անդրանիկ հոգևոր զավակն է, առաջին վարդապետը, որին ձեռնադրել է: 10 տարի առաջ, երբ ինքը Սբ. Պատարագ մատուցեց, նոր ձեռնադրված վարդապետ Հ. Պետրոսը համապատարագեց իր հետ, իսկ այսօր ի՛նքն է համապատարագում իր զավակի հետ: Հ. Նշան Սրբազանը հպարտ է, որ ձեռնադրել է Հ. Պետրոսի նման վարդապետ, ով օրինակ է այսօրվա երիտասարդների համար, որպեսզի իրենք էլ նվիրվեն Տիրոջ ծառայությանը, որը լավագույնն է, ինչ կարող է անել քրիստոնյան՝ Տիրոջ համար:

     

     

    Գուցե պատահականություն չէ, որ Հ. Պետրոսը քահանա է ձեռնադրվել Սրբուհի Ռիտայի տոնին, որի մասին վարդապետը խոսեց իր ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագի քարոզի ժամանակ. ով որ նվիրվում է Աստծուն, Աստված նրա համար ամեն ինչ պատրաստ է անել, ինչպես Սբ. Ռիտային, ասաց Հ. Պետրոսը: Սբ. Ռիտայի բարեխոսությամբ շատ հավատացյալների խնդրանքներ են կատարվում: Իսկ քահանայությունը Տիրոջը նվիրվելու բարձրագույն մի ձև է:

     

     

    Սրբուհի Ռիտայի գեղեցիկ պատմությունը

     

    Սրբուհի Ռիտան ապրել է 1381-1457թթ. Իտալիայում, եղել օգոստինական միանձնուհի: Նախքան վանք մտնելը 18 տարի ամուսնացած է եղել, ունեցել երկու զավակ: Ամուսինը ներգրաված է եղել միջգերդաստանային ատելության  Vendetta-յի մեջ, ինչը տարածված է Իտալիայում:

     

    Ռիտան շատ աստվածավախ է եղել ու կարողացել է նույնիսկ փոքր-ինչ մեղմել ամուսնու տաքարյուն վարքը: Մի վեճի ժամանակ, սակայն, ամուսնուն սպանել են: Սպանվածի եղբայրը Ռիտայի տղաներին պատրաստել է հոր սպանության համար վրեժխնդրության, իսկ Ռիտան ամեն կերպ ջանացել է հեռու պահել տղաներին՝ սարսափելի մեղքից ու վրեժից, բայց ապարդյուն: Ռիտան խնդրել է Տիրոջը, որ ավելի լավ է՝ տղաներին վերցնի իրենից, բայց նրանք մարդ չսպանեն կամ զոհ չգնան Vendetta-յին: Տղաներն իր վերջո հիվանդանում են ստամոքոսի հիվանդությամբ և մահանում:

     

    Ամուսնու և որդիների մահից հետո Ռիտան անձնվիրաբար խնամել է ժանտախտով հիվանդներին և ինքը չի վարակվել:

     

    Ռիտան վաղուց ուզում էր նվիրվել Տիրոջն ու ապրել վանական միանձնական կյանքով, բայց նրան մերժել էր վանքի մեծավորը՝ պայման դնելով, որ Ռիտան հաշտեցին հակամարտող գերդաստաններին: Այս սրբակենցաղ այրին կարողացել է հաշտեցնել նրանց և նույնիսկ ներել ու խոստովանության բերել ամուսնուն սպանողներին:

     

    Եվ ահա, մի օր, ըստ ավանդության Ռիտան, արդեն ուժասպառված իր հիվանդախնամ աշխատանքի մեջ, հրաշքով հայտնվում է վանքի պատերից ներս: Ռիտայի երազանքը այդպես կատարվում է, 36 տարեկանում, և մինչև կյանքի վերջն այլևս ապրում է վանքում, սրբությամբ, աղոթքով, Տիրոջ չարչարանքների մասին խորհդածելով՝ այն աստիճան ներքուստ ապրելով և զգալով այն, չարչարանակից լինելով Հիսուսին, որ Հիսուսի փշե պսակի փուշը ծակում է Ռիտայի ճակատը և մշտական վերք թողնում այնտեղ՝ նշան, ստիգմատ:

     

    Ըստ մերօրյա վկայությունների, Սրբուհի Ռիտայի մինչ օրս պահպանված զմռսված մարմինը ինչ-որ արտասովոր յուղ արտադրում:

     

    Մեռնելուց առաջ սրբուհին ցանկացել է, որ իր տան պարտեզից մի վարդ բերեն իրեն: Հունվար ամիսն էր, բայց Ռիտայի զարմիկը, պարտեզ մտնելով, միակ մի ծաղկուն վարդ է գտնում և տանում մեռնող Ռիտային:

     

     

    Ըստ սովորության մինչ օրս Սբ. Ռիտայի տոնին քահանաները վարդեր են օրհնում: Այդպես արեց նաև Հայր Պետրոսը Սբ. Պատարագի ավարտին և օրհնված վարդերը բաժանեց ժողովրդին:

     

    100_5594 100_5598 100_5601 100_5606 100_5608 11062923_1600236413578321_676300670436874865_n 11377092_1600236550244974_2240410726767127546_n 11377147_1600236976911598_7638370675207653372_n DSC05659S.Rita_da_Cascia

Օրացույց

Օրացույց