• Ժլատությունը սրտի հիվանդություն է, այլ ոչ թե դրամապանակի

    «Ժլատ մարդը կարող է օրհնության աղբյուր լինել շատերի համար»:


    Հունվարի 24-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը «արատներ և առաքինություններ» թեմայի վերաբերյալ և ընդհանուր ունկնդրության ժամանակ խորհրդածեց ժլատության մասին, այսինքն՝ փողից կապվածության, որը խանգարում է մարդուն առատաձեռն լինել:

     

    Նորին Սրբությունը՝ դիմելով Պողոս VI սրահում հավաքված ուխտավորներին ընդգծեց, որ ժլատության արատը ոչ մի կապ չունի բանկային հաշվեհամարում առկա դրամի հետ, քանզի «այն սրտի հիվանդություն է, այլ ոչ թե դրամապանակի»: Ըստ ճգնավոր հայրերի՝ ժլատության արատի փորձառություն ունեն նաև վանականները, ովքեր հրաժարվելով աշխարհիկ ժառանգությունից, իրենց խցիկներում՝ մենության մեջ, կառչում էին ցածրարժեք իրերից. դրանք պարտքով չէին տալիս, չէին ցանկանում կիսել կամ բաժանել: «Առարկաները նրանց համար դառնում են թերափ, որից անհնար էր հրաժարվել», իսկ ճգնավորները նմանվում են ագահ երեխաների, ովքեր իրենց խաղալիքները ոչ մեկին չէին տալիս։ Այս «անառողջ վերաբերմունքն իրականության նկատմամբ կարող է հանգեցնել կոմպուլսիվ կամ պաթոլոգիական կուտակումների»։ Ագահության այս ախտից բժշկվելու համար՝ որպես դեղամիջոց, վանականներն առաջարկել են արմատական, բայց արդյունավետ մեթոդ. խորհել մահվան մասին, որովհետև որքան էլ ունեցվածք կուտակենք, միևնույն է այն չեն կարող տեղավորել դագաղի մեջ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Այս պարզ նկատառումներն օգնում են հասկանալու ագահության անմտությունը և բացահայտելու դրա ներքին պատճառները: Ժլատությունը մահվան վախը վտարելու փորձ է. այն ձգտում է անվտանգության և ապահովության, որոնք փլուզվում են հենց այն պահին, երբ թվում է, թե արդեն ձեռք են բերվել»:

     

    Ավետարանական առակը պատմում է մի անմիտ հարուստի մասին, ով պատրաստվում էր կրկնապատկել իր հարստությունը, սակայն «հաշվի չէր առել կյանքի ամենաճշգրիտ հանգամանքը՝ մահը (տես՝ Ղկ. 12,20): Մենք պանդուխտ ու նժդեհ ենք այս աշխարհում (տես՝ Ղևտական 25,23), դրա համար էլ Լեռան քարոզի ժամանակ Հիսուս պատգամում է. «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա <…>, այլ գանձեր դիզեցե՛ք ձեզ համար երկնքում» (տես՝ Մտթ. 6,19-20): Նորին Սրբությունը մեջբերում է ճգնավոր հայրերի պատմությունը մի գողի մասին, ով վանականին քնած է գտնում և խցից գողանում նրա խղճուկ կենցաղային իրերը։ Արթնանալով՝ վանականը գնում է գողի հետքերով և գտնելով նրան տալիս է մնացած իրերը՝ ասելով. «Դու սա մոռացել ես»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ մենք մեզ համարում ենք մեր ունեցվածքի տերը, սակայն իրականում հենց նա է մեզ տիրանում: Ավետարանը կուտակումը չարիք չի անվանում, սակայն սովորեցնում է, որ պետք մեծ պատասխանատվություն կրես այդ հարստության համար: «Աստված աղքատ չէ, որովհետև Նա է բոլոր բաների Տերը, սակայն, ինչպես գրում է սուրբ Պողոս առաքյալը, թեև «նա հարուստ էր, բայց աղքատացավ ձեզ համար, որպեսզի Նրա աղքատությամբ դուք հարստանաք» (Բ Կորնթ. 8,9)։ Հենց սա չի հասկանում ժլատ մարդը, որովհետև մխրճվել է դժբախտության փակուղու մեջ, չնայած կարող էր օրհնության աղբյուր լինել շատերի համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց