• Ո՞րն է պահքի աստվածաբանական իմաստը:

    «Պահքը մարդուն դարձնում է առավել ուշադիր, ընկալունակ՝ Աստծո Խոսքը լսելուն և բարեհաճ՝ եղբայրներին ծառայելուն»:


    Բենեդիկտոս XVI Պապն իր ուղերձներից մեկում այսպես է պարզաբանում պահքի ժուժկալության իմաստը. իսկական պահքի նպատակն է «ճշմարիտ կերակուրի ճաշակումը, ինչպիսին է Հոր կամքը»: Պահեցողությունը, որին կոչ է անում Եկեղեցին, չունի ֆիզիկական կամ գեղագիտական ​​դրդապատճառներ, այլ հիմնված է մարդու ներքին մաքրագործման կարիքի վրա, որը դուրս է բերում մեղքի և չարի թույնը, սովորեցնում է հրաժարման առողջ ձևերը՝ հավատացյալին ազատագրելով սեփական «ես»-ի ստրկությունից։ Պահքը մարդուն դարձնում է առավել ուշադիր, ընկալունակ՝ Աստծո Խոսքը լսելուն և բարեհաճ՝ եղբայրներին ծառայելուն: Աստծո հանդեպ ունեցած սիրուց բխող պահեցողությունը նշանակում է «ուրիշներին օգնելու համար ինչ-որ բանից հրաժարվելու ազատ որոշում»։ Պահքը նաև բուռն հոգևոր պայքարի ժամանակահատված է, որը դիմակայում է աշխարհում և մեզանից յուրաքանչյուրի մեջ գոյություն ունեցող չարությանը։ Պապը կոչ է անում հոգևոր պայքարը զորացնել աղոթքով՝ հիշեցնելով, որ «պահքն աղոթքի հոգին է» կամ, ինչպես ասել է Պետրոս Քրիսոլոգոսը, «աղոթողը պահք էլ կպահի»: Առանց աղոթքի մարդկային «ես»-ը պարփակվում է ինքն իր մեջ, իսկ ներքին զրույցը Աստծո հետ վերածվում է մենախոսության՝ հազարավոր ինքնաարդարացումների տեղիք տալով։ «Ես»-ը վտանգում է դառնալ աստվածություն, մինչդեռ պահքն օգնում է հավատացյալին խոնարհաբար ենթարկվել Աստծուն՝ ապավինելով Նրա գթածությանն ու ողորմածությանը: Ապաշխարություն և դարձի գալ նշանակում են, որ մարդը՝ գիտակցված ու սիրով, ընդունում է իր լիակատար հպատակության փաստը Աստծուն: Ապաշխարած մարդուն այլևս չեն հետաքրքրում իր սեփական անցողիկ հաջողությունները և նա ապավինում է միայն Աստծուն:

     

    Եկեղեցական կանոնների համաձայն, մարդ պիտի պարտադիր խոստովանություն անի առնվազն տարին մեկ անգամ, սովորաբար Զատկի շրջանում։ Խնդրում եմ պարզաբանեք, թե արդյո՞ք այս կանոնը վերաբերում է նրանց, ովքեր միայն ներելի մեղքեր են գործել։ Մի տարին չափազանց երկար ժամանակահատված չէ՞ բոլոր նրանց համար, ովքեր մահացու մեղքեր ունեն իրենց հոգիներում:

     

    Ամենամյա պարտադիր խոստովանության պահանջը վերաբերում է նրանց, ովքեր իրենց խղճին ծանր (մահացու) մեղք ունեն։ Ներելի մեղքերի թողության համար Ապաշխարության Խորհրդի խիստ անհրաժեշտություն չկա, քանի որ նման մեղքերից թողություն ստանալու այլ ճանապարհներ կան, դրանք են աղոթքը, պահքը, ողորմությունը:

     

    Սակայն պետք է ընդգծել, որ մարդիկ, ովքեր իրենց խղճին ունեն միայն ներելի մեղքեր, մի տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ են դիմում Ապաշխարության Խորհրդին, որովհետև հավատացյալը խոստովանության կարիք ունի: Նրանք, ովքեր ձգտում են մշտապես ապրել Աստծո շնորհի ու ողորմածության մեջ, գնում են խոստովանության՝ ամիսը կամ նույնիսկ շաբաթը մեկ անգամ:

     

    Տարին գոնե մեկ անգամ խոստովանելու եկեղեցական կանոնը բխում է մի այլ հրահանգից. տարին գոնե մեկ անգամ հաղորդվել Քրիստոսի հետ՝ Սուրբ Հաղորդության Խորհրդի միջոցով:  Հիսուս ասաց. «Ով չի ուտում Իմ մարմինը և չի խմում Իմ արյունը, չի կարող հավիտենական կյանք ունենալ»: Այս կանոնը Եկեղեցին սահմանել է, կարելի է ասել, «հատկապես ծույլերի», այսինքն՝ բոլոր նրանց համար, ովքեր հատուկ «խթանման» կարիք ունեն, հակառակ դեպքում նրանք կմնային առանց ողորմածության, որն անհրաժեշտ է փրկության համար: Բեղմնավոր հաղորդության համար շատ կարևոր է ծանր մեղքերից ազատ ու մաքուր հոգին: Հենց դրա համար էլ սահմանվել է տարին գոնե մեկ անգամ խոստովանելու պարտավորությունը։

     

    Հիշեցնենք, թե որ մեղքերն ենք մենք համարում «մահացու» կամ «ծանր»:

     

    Մահացու մեղքը փչացնում է սերը մարդու սրտի մեջ՝ Աստծո Օրենքի ծանր զանցառությամբ: Մարդուն հեռացնում է Աստծուց, նրա վերջնագույն վախճանից ու երջանկությունից՝ ստորադաս մի բարիք նախընտրելով Նրանից: Ներելի մեղքը թողնում է, որ սերը դեռ մնա, նույնիսկ եթե վշտացնում ու վիրավորում է Այն: Մահացու մեղք գործելուց հետո՝ մկրտվածը կարող է վերադարձնել Աստծո ողորմածությունը միայն Հաշտության Խորհրդի միջոցով: Հավատացյալը հաճախակի պետք է դիմի Հաշտության Խորհրդին, նույնիսկ եթե միայն ներելի մեղքեր է գործել, սակայն մահացու մեղքերի խոստովանությունը պարտադիր է՝ Ապաշխարության Խորհրդի միջոցով Աստծո հետ հաշտվելու և Սուրբ Հաղորդության հնարավորություն ստանալու համար:

     

    Որպեսզի մեղքը լինի մահացու, միաժամանակ երեք պայմաններ են պահանջվում. «մահացու է ամեն մեղք, որի առարկան մի ծանր նյութ է, որը գործված է ամբողջական գիտակցությամբ ու դիտումնավոր կերպով»:

    Այդ գիտակցությունն ու դիտումնավորությունը մեծապես կախված են ամեն մի անհատի վիճակից և վերաբերում են յուրաքանչյուր առանձին դեպքին: Հետևաբար, առաջին հերթին ուսումնասիրենք, թե ինչ է նշանակում «ծանր նյութը»:

     

    Եթե մենք ​​անդրադառնանք տասը պատվիրաններին, ապա մեղքերի շարքում, որոնք միշտ վերաբերում են ծանր նյութին, հետևյալներն են.

     

    Մեղքեր առաջին պատվիրանի դեմ. Աստծո մերժում, սատանայի պաշտամունք, դիմում կախարդներին, սնահավատության ծանր ձևեր, աստվածաբանական առաքինությունների դեմ մեղքեր. հերետիկոսություն, ուրացություն, հավատքի ճշմարտությունների մերժում, փրկության հուսահատություն և, ընդհակառակը, անձնապաստանություն փրկության հարցում, ատելություն Աստծո և մերձավորի նկատմամբ, կանխամտածված չարիք մերձավորի հանդեպ, ինչպես նաև համառ հրաժարում աղոթքից:

     

    Ծանր մեղքեր երկրորդ պատվիրանի դեմ. աստծուն անարգել՝ հայհոյել, երդմնազանցություն, ուխտադրժություն: Մեղքեր երրորդ պատվիրանի դեմ. չմասնակցություն կիրակնօրյա Սուրբ Պատարագներին և եկեղեցական տոներին (լատին ծեսի կաթողիկէների համար՝ եպիսկոպոսական կոնֆերանսի հատուկ հրամանների բացակայության դեպքում, դա Սուրբ Ծնունդն է, Սուրբ Կույս Մարիամի տոնը՝ հունվարի 1-ին, Աստվածահայտնությունը, Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, Ամենայն Սրբոց տոնը, Անարատ Հղության տոնը, Համբարձման տոնը, Corpus Domini, Սբ. Հովսեփի տոնը, Սբ. Պետրոս և Պողոս առաքյալների տոնը), ինչպես նաև հաղորդությունը, եթե մարդու խղճին կան չխոստովանված մահացու մեղքեր:

     

    Մեղքեր հինգերորդ պատվիրանի դեմ. սպանություն, ինքնասպանություն, հղիության արհեստական ընդհատում, էֆթանազիա, թմրամիջոցների օգտագործում, հարբեցողություն, ծեծկռտուք: Ծանր են վեցերորդ պատվիրանի դեմ մեղքերը. աուտոէրոտիզմ, անառակություն, նախամուսնական հարաբերություններ, համասեռամոլություն, բեղմնականխում, շնություն, սեռական բռնություն և այլն:

     

    Մենք հաճախ գործ ենք ունենում ծանր մեղքի հետ, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է այլ հանգամանքներում «թեթև» համարվող նյութին: Օրինակ, չորրորդ պատվիրանը մեզ ասում է հարգել և պատվել մայրիկներին ու հայրիկներին: Իհարկե, ընտանիքում կարող են լինել տարաձայնություններ, անհնազանդություն, սակայն դրանք ներելի մեղքեր են: Իսկ եթե տեղի է ունեցել ընդհարում և մերձավորների արժանապատվության լուրջ ոտնահարում, ուրեմն դա կհամարվի մահացու մեղք: Չորրորդ պատվիրանի խախտումների շարքին են դասվում խոսքով գործած մեղքերը, անեծքը, բամբասանքը, որոնք վիրավորում են մերձավորի արժանապատվությունը: Խոսքով գործած մեղքերի շարքում պետք է տարբերակել այնպիսիները, որոնք, ըստ էության, չեն ոտնահարում մերձավորի արժանապատվությունը և համարվում են ներելի մեղքեր, սակայն կան նաև այնպիսիք, որոնք լրջորեն վիրավորում են մերձավորի պատիվն ու բարի անունը և համարվում են մահացու մեղքեր:

     

    Կամ էլ, օրինակ, յոթերորդ պատվիրանը, որն ասում է «մի գողացիր»: Այս պարագայում ևս շատ կարևոր է, թե ինչ է գողացվել. կոնֆետների մի տուփ, թե որոշակի գումար:

     

    Ութերորդ պատվիրանն ասում է «մի ստիր»: Ակնհայտ է, երբ խոսքը վերաբերում է զրպարտանքին կամ կեղծ ցուցմունքին, որը տրվել է դատարանում, ապա մենք միշտ գործ կունենանք ծանր մեղքի հետ։ Իսկ եթե սուտն ասվել է ինքնապաշտպանության կամ ընտանիքում տիրող անդորրը չխաթարելու համար, ապա դա ներելի մեղք է: Ինչն, իհարկե, ամեն դեպքում մեղք է համարվում, և հոգևոր կատարելության ձգտող քրիստոնյան պետք է խոստովանի դրանք ու ապաշխարի։

     

    Մահացու մեղք իններորդ պատվիրանի դեմ. «Աչք մի՛ ունեցիր քո մերձավորի կնոջ վրա», բացի վերը թվարկվածներից, կարող են լինել այլ մեղքեր առաքինության և ողջախոհության դեմ: Երբ մենք մտադրվում ենք մեղավոր հարաբերություններ ունենալ (նույնիսկ եթե չենք էլ իրականացնում այդ մտադրությունը), մահացու մեղք ենք գործում: Չէ որ Հիսուսն ասել է. «Ամեն մարդ, ով տարփանքով է նայում, արդեն իսկ շնանում է»:

     

    Մահացու են նաև համացանցի միջոցով պոռնոգրաֆիակական նյութերի դիտումը և առաքինության դեմ տարատեսակ մեղքերը: Սակայն որոշ վատ մտքեր, որոնք ինչ-որ ժամանակահատված պտտվում են մեր գլխում և մեզ չի հաջողվում անմիջապես հաղթահարել դրանք, դառնում են սովորական մեղքեր: Որպես կանոն, նման դեպքերում խոսքը վերաբերում է «թեթև նյութին» և ներելի մեղքին, սակայն թեթև նյութը հեշտությամբ կարող է վերածվել ծանր նյութի։ Հետևաբար, խոստովանության ժամանակ շատ կարևոր է խոսել այդ բոլոր մեղքերի մասին, անկախ նրանից, թե որքան լուրջ ու ինչ ծանրության են դրանք, և խորհուրդ հարցնել քահանայից:

     

    Ծրագրելով յուրացնել ուրիշի ունեցվածքը՝ մենք խախտում ենք տասներորդ պատվիրանը, որն ասում է. «Աչք մի՛ ունեցիր քո մերձավորի ունեցվածքի վրա»: Մեղքի ծանրությունը, ինչպես արդեն նշել ենք վերևում, կախված է նրանից, թե կոնկրետ ինչ է նախատեսվում յուրացնել:

     

    Ամփոփենք. կան օբյեկտիվորեն ծանր մեղքեր, երբ խոսքը միշտ վերաբերում է ծանր նյութին, և կան մեղքեր, որոնց ծանրությունը կախված է նրանից, թե ինչ վնաս ենք հասցնում մերձավորի նյութական կամ հոգևոր բարեկեցությանը։

     

    Եզրափակելով՝ հիշեցնենք Օգոստինոս Երանելու խոսքերը. «Մարդը լինելով մարմնական, չի կարող խուսափել բոլոր մեղքերից, ծայրագույն դեպքում՝ գոնե թեթև մեղքերից: Եթե թեթև կոչվող մեղքերը դու համարում ես անմեղ ու անվնաս, ապա կշռադատելիս չմոռանաս սարսռալ, քանի որ մեծաթիվ թեթև իրերը միասին մեծ քաշ են կազմում, ջրի մեծաթիվ կաթիլները լցնում են գետը, մեծաթիվ հատիկները կույտ են կազմում: Ուրեմն ո՞րն է մեր հույսը: Ամենից առաջ՝ խոստովանությունը…»:

     

    Ինչ-որ դասագրքում ես կարդացի, որ Սրբազան Քահանայապետը չեղարկել է ուրբաթ օրերին մսեղեն ուտելու հրամանը: Արդյո՞ք դա ճիշտ է: Բացի այդ, հետաքրքիր է իմանալ, թե ի սկզբանե ինչպես է առաջացել միս ուտելու արգելքը։

     

    1966 թվականի փետրվարի 16-ին Պողոս VI Պապը բարեփոխեց եկեղեցական կարգապահությունը՝ առաքելական Paenitemini սահմանադրության միջոցով: Դա տեղի ունեցավ Վատիկանի Երկրորդ Ժողովի ավարտից երկու ամիս անց։ Այդ փաստաթղթում Պապը հիշեցնում է, որ «իրական ապաշխարությունը ոչ մի դարաշրջանում չի կարող չզուգակցվել ֆիզիկական ճգնավորության հետ, որովհետև մեր ողջ էությունը, հոգին ու մարմինը, պետք է ակտիվորեն մասնակցեն այս կրոնական գործողությանը, որով արարածը ճանաչում և ընդունում է Աստվածային սրբությունն ու վեհությունը»։

     

    «Մարմինը սպանելու անհրաժեշտությունը, – կարդում ենք առաքելական սահմանադրության տեքստում, – ակնհայտ է նաև մեր բնույթի փխրունության պատճառով, որում Ադամի մեղքից հետո ոգին և մարմինը հակառակ ցանկություններ ունեն: Նոր Կտակարանում և Եկեղեցու պատմության մեջ, չնայած այն հանգամանքին, որ ապաշխարության պարտականությունը ամենից առաջ հիմնավորված էր Քրիստոսի չարչարանքներին մասնակցելու անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, ճգնության պահանջմունքը, որը պատժում է մարմինը և նրան դարձնում ստրուկ, առանձնահատուկ համառությամբ հաստատվում է հենց Քրիստոսի օրինակով»:

     

    Այս սահմանադրությունը նաև ընդգծում է, որ «ժուժկալություն պետք է պահպանել տարվա բոլոր ուրբաթ օրերին, որոնք չեն համընկնում Եկեղեցու կողմից սահմանված տոն օրերի հետ»: Սակայն, հավելում է Պողոս VI Պապը, եպիսկոպոսներին իրավունք է տրված «ժուժկալությունը՝ ամբողջությամբ կամ մասամբ, փոխարինել ապաշխարության այլ ձևերով, հատկապես ողորմածության և բարեպաշտական գործերով»։

     

    Օրինակ տեղի կաթողիկէ առաջնորդարանը կարող է թույլ տալ չպահել պահքը և ուրբաթ օրերին մսեղեն ուտել նրանց, ովքեր սնվում են հասարակական սննդի համակարգում, և նաև բոլոր նրանց, ովքեր սնունդ ընտրելու հնարավորություն չունեն և պետք է ուտեն այն մթերքները, որոնք տվյալ պահին հասանելի են: Սակայն այս բացառությունը չի վերաբերվում Ավագ ուրբաթին և Մոխրոտ չորեքշաբթիին: Հավատացյալները, ովքեր օգտվում են այդ արտոնություններից, պետք է աղոթեն Հռոմի Պապի համար և քրիստոնեական ողորմածության գործեր անեն:

     

    Իտալական եպիսկոպոսության կանոնադրությունը ժուժկալության մասին արգելում է մսի, ինչպես նաև այնպիսի ուտելիքների և խմիչքների օգտագործումը, որոնք համարվում են թանկ ու նրբաճաշակ:

     

    Քանակական պահքը և ժուժկալությունը պահվում են Մոխրոտ չորեքշաբթի օրը, Ավագ ուրբաթ օրը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահվան օրը: Խորհուրդ է տրվում պահք պահել նաև Ավագ շաբաթ օրը՝ ընդհուպ մինչև զատկական գիշերային հսկումը:

     

    Մսամթերք ուտելուց պետք է հրաժարվել Մեծ Պահքի բոլոր ուրբաթ օրերին, բացառությամբ այն օրերի, որոնք համընկնում են եկեղեցական տոնակատարությունների հետ (օրինակ՝ մարտի 19-ին և 25-ին): Տարվա մյուս բոլոր ուրբաթ օրերին պետք է լինել ժուժկալ՝ վերը նշված իմաստով կամ կատարել ապաշխարության, ողորմածության գործեր:

     

    Մինչև 60 տարեկան բոլոր մեծահասակները պարտավոր են հետևել քանակական պահքին, իսկ 14 տարեկանից բարձր անձինք պետք է հետևեն մսամթերքից հրաժարվելու կանոնին։

     

    Ամփոփենք. այսպիսով, ուրբաթ օրը առաջվա պես ապաշխարության օր է։ Սակայն հնարավոր է մսից հրաժարվելու կանոնը փոխարինել ապաշխարության որևէ արարքով: Բացի այդ, տարվա ուրբաթ օրերին (բացառությամբ Ավագ ուրբաթից և Մոխրոտ չորեքշաբթիից) ժուժկալություն չպահպանելը լուրջ մեղք չի համարվում:

     

    Այսպիսով, չի կարելի պնդել, որ «չեղարկվել» է ուրբաթ օրերին մսեղեն ուտելու հրամանը:

     

    Պահքը և ժուժկալությունը Եկեղեցու հնագույն սովորություններից են եղել: Ի սկզբանե հրաժարվել են նաև յուղից և գինուց: Պետք է նշել, որ մսից հրաժարվել են նաև հեթանոսական կրոններում, թեև լրիվ այլ պատճառներով:

     

    Ըստ Սուրբ Պողոս առաքյալի, քրիստոնեությունում պահքին ի սկզբանե տրվել է քրիստոնեական բովանդակություն. «Լրացնում եմ իմ մամնի մեջ  Քրիստոսի նեղությունների պակասը Իր Մարմնի համար, որ է Եկեղցեին»:

     

    Մսից հրաժարվելու պահեցողության հարցը: Ես պրոֆեսիոնալ խոհարար չեմ, սակայն տանը հաճախ եմ պատրաստում։ Ըստ էության ինձ չի զայրացնում, որ տանը ես մենակ եմ պահք պահում: Ընտանիքիս համար ես հեշտությամբ կարող եմ պատրաստել ցանկացած կերակուր, այդ թվում նաև մսային, նույնիսկ այն ժամանակ, երբ ինքս բացի ջրից ոչինչ չեմ խմում և ուտում: Սակայն կերակուր պատրաստելիս անհրաժեշտ է փորձել ինչպես պահքային, այնպես էլ մսային ուտելիքները՝ չնչին չափաբաժնով, այլ ոչ թե հագենալու կամ հաճույք ստանալու համար: Ես ինքս ինձ համար որոշել եմ, որ, ի վերջո, պահքը կաշրութ չէ և կերակուր պատրաստելիս համտես անելով՝ ես չեմ խախտում պահքը: Արդյո՞ք ես ճիշտ եմ:

     

    Պահք պահելիս պետք է խուսափել փարիսեցիների բծախնդրությունից և մանրակրկիտությունից: Պահքի առաջնային նպատակը ճշմարիտ կերակուրի ճաշակումն է, որը Հոր կամքն է, և պահքի բոլոր քայլերն հենց դրան են ուղղված: Պահեցողությունը, ինչ-որ բանից հրաժարումը մեզ խրախուսում են գիտակցել մեր լիակատար կախվածությունը Աստծուց, Նրա կամքից, Նրա նախախնամությունից։ Ճշմարիտ կերակուրը ճաշակելու համար՝ մարդը պետք է անցնի ներքին մաքրագործման ճանապարհով, մաքրագործվի չարի ու մեղքի թույներից, որոնցից առաջինը եսասիրությունն է, սեփական «ես»-ի վրա կենտրոնացումը։ Պահքի գլխավոր «ձեռքբերումը» պետք է լինի սերն առ Աստված և մերձավորը, այլ ոչ թե չկերած մսի քանակը: Պահքին վերաբերող եկեղեցական կանոններն ունեն հոգևոր իմաստ և բովանդակություն, այսինքն՝ դրանք մեզ համար դառնում են «ցուցանակներ», հավատարիմ ուղեցույցներ, որոնք նախատեսված են օգնելու մեզ աճել սիրո մեջ: Ընտանիքի համար կերակուր պատրաստելը՝առանց պահքի սեփական կանոնները պարտադրելու և բարկանալու, կարևոր ծառայություն է, որը բխում է սիրուց և խոնարհությունից:

     

    Օրենքի համաձայն, լատին ծեսի կաթողիկէները մսից պետք ՝ հրաժարվեն (14 տարեկանից բարձր) միայն ուրբաթ օրերին, որին ավելանում է նաև Մոխրոտ չորեքշաբթի օրը։ Քանակական պահքը (Մոխրոտ չորեքշաբթի և Ավագ Ուրբաթ օրերին) պահում են մինչև 60 տարեկան մեծահասակ կաթողիկէները: Մնացած օրերին պահեցողություն մսից կամ որևէ այլ ուտելիքից սահմանված չէ: Այսինքն՝ պահքի մեջ գտնվող մարդու և ընտանիքի մյուս անդամների սովորությունները այնքան էլ չեն տարբերվում, որպեսզի տարաձայնությունների պատճառ դառնան: Շաբաթը մեկ անգամ մսային ուտեստների փոխարեն ձկից, ընդեղենից և բանջարեղենից կերակուրներ պատրաստելը ամենևին էլ դժվար չէ և նույնիսկ առողջարար է: Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով ստիպված եք շաբաթը յոթ օր մսային ուտեստներ պատրաստել, ապա չպետք է անհանգստանաք, որ համտես եք արել, քանզի դուք դա չեք անում հագենալու կամ ձեր հաճույքի համար, այլ որպեսզի գոհացնեք ձեր սիրելիներին և վնաս չպատճառեք նրանց առողջությանը՝ մատուցելով կիսահում կողիկներ կամ շատ աղի ապուր։

     

    Ինձ համար անհասկանալի են քրիստոնեական ապաշխարության գործնական քայլերը: Արսի սուրբ հովվի կենսագրությունը պատմում է, որ նա ինքն իրեն խարազանել է՝ մինչև արյունահոսություն և գիտակցության կորուստ: Արդյո՞ք Սուրբ Գիրքը արդարացնում է այդ տեսակ գործնական քայլերը:

     

    Աստվածաշնչում ապաշխարության հիմնավորումները՝ արտահայտված պահքով, ծոմապահությամբ և այլ ճգնավորական սովորություններով, ամենից առաջ գտնում ենք անապատում Հիսուս Քրիստոսի 40 օրյա փորձությունների նկարագրության մեջ: Իր քարոզի սկզբում Տերն Ինքն է ապաշխարության կոչ անում. «Ապաշխարեցե՛ք և հավատացե՛ք Ավետարանին» (Մկ 1,15):

     

    «Ամրացնում եմ իմ մարմինը և հնազանդեցնում այն, որպեսզի գուցե ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին» (Ա Կրնթ. 9,27). սուրբ Պողոս առաքյալի այս խոսքերը, անշուշտ, ոգեշնչել են շատ սրբերի: Թովմա Աքվինացին հետևյալ կերպ է բնորոշում ապաշխարական արարքների ու գործողությունների իմաստը. «Հատուկ ձևով ընդգծված ամեն մի առաքինություն արմատախիլ է անում իրեն հակառակ արատի սովորությունը, ինչպես որ սպիտակությունը մաքրում է նույն առարկայի սևությունը: Իսկ ապաշխարությունն արմատախիլ է անում մեղքը, քանզի մեղքը ներվում է Աստծո ողորմածությամբ, սակայն մարդու միջամտության միջոցով»:

     

    Բայց ինչու՞ սպանել մարմինը, եթե Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, Խաչի վրա Ինքն Իրեն զոհաբերեց՝ որպես վերջին և կատարյալ զոհ: Սուրբ Պողոս առաքյալը գրում է. «Այժմ ուրախ եմ ձեզ համար կրած իմ չարչարանքների համար և լրացնում եմ իմ մարմնի մեջ Քրիստոսի նեղությունների պակասը իմ մարմնի համար, որ է Եկեղեցին» (Կող. 1,24): Իր զոհաբերությամբ Քրիստոսն ամբողջությամբ կատարեց փրկագործումը: Սակայն Նրա զոհողությունը կատարվում է մեր մեջ, եթե մենք ընդունում ենք այն՝ ունենալով նույն զգացողություններն ու ապրումները, ինչ Քրիստոս: Այսինքն՝ «պակասության» մասին խոսելիս Պողոս առաքյալը մատնանշում է մեր անձնական մասնակցությունը այդ զոհաբերությանը, քանի որ մենք Քրիստոսի Մարմնի անդամներ ենք։

     

    Մեկնաբանելով անդամալույծի բժշկության մասին ավետարանական պատմությունը՝ սուրբ Թովմա Աքվինացին նշում է, որ «Քո մեղքերը քեզ ներված են» խոսքերի միջոցով Քրիստոս ամենից առաջ բժշկում է հոգին, իսկ հետո՝ մարմինը, քանի որ նախ անհրաժեշտ էր վերացնել այն խոչընդոտը, որը խանգարում էր ընդունել բժշկության ողորմածությունը: Ապաշխարական արարքների ու գործողությունների միջոցով և շնորհիվ մեր հոգին պատրաստ է լինում ընդունելու Աստծո ողորմածությունները, որոնք անհրաժեշտ են մեղքի պատճառները մաքրելու և արմատախիլ անելու համար, որպեսզի մեծացնեն սիրելու մեր կարողությունը և նախապատրաստեն Քրիստոսի խոստումների ընդունմանը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց