• «Ժամանա՛կն է գթասիրտ լինելու». Պապի նոր կոնդակը՝ «Misericordiae Vultus»

    «Մեր փրկութիւնը կախուած է դրանից: Գթասրտութիւնն այն բառն է, որը արտայայտում է Ամենասուրբ Երրորդութեան խորհուրդը: Գթասրտութիւնը Տիրոջ ծայրագոյն եւ գերագոյն գործողութիւնն է, որով Տէրը գալիս է մեզ ընդառաջ…Գթասրտութիւնը այն կամուրջն է, որը կապում է Աստծուն եւ մարդուն՝ բացելով մեր սրտերն այն յոյսի առջեւ, թէ սիրուած ենք ընդմիշտ՝ մեր մեղաւորութեամբ հանդերձ».գրում է Քահանայապետը:


     21 ապրիլի, 2015թ.

     

     

    Ապրիլի 12-ը, երբ Սրբազան Պապը Սբ. Պատարագ մատուցեց հայոց ցեղասպանութեան զոհերի համար, Կաթողիկէ Եկեղեցում Աստուածային ողորմութեան կամ գթասրտութեան տօնն է: Եվ, ինչպէս գրել էի, այդ օրը պատահական չէր ընտրուած: Այդ օրը ընտրելու եւ հայ կաթողիկէ նուիրապետութեան խնդրանքին ընդառաջ գնալու Քահանայապետի գլխաւոր նպատակը, անշու՛շտ, հայ ժողովրդի ցաւը խորապէս կիսելուց եւ նրանց համար աղօթելուց զատ, բոլորի՛ հանդէպ Տիրոջ եւ Եկեղեցու գթասրտութիւնը ցոյց տալն ու կարեւորելն էր՝ ամէն բանից առաւել, անկախ ազգութիւնից եւ, նոյնիսկ, հաւատքից: Տիրոջ ողորմութեա՛մբ են բուժւում են Քրիստոսի վկաների մարտիրոսութեան արիւնոտ վերքերը եւ ներւում է անհաւատի դաժանութիւնն իր սոսկալի հետեւանքներով: Սա ծանր է ընդունելը եւ դժուար՝ հասկանալը, մանաւա՛նդ Եկեղեցու խորհուրդներից հեռու ապրողների համար: Բայց տեսնենք, թէ ինչ է այդ տօնը Եկեղեցու համար եւ ինչ է ասում Սրբազան Պապը:

     Գթասրտութեան տօնը Կաթողիկէ Եկեղեցում հաստատուեց  դեռ 2000թ. ապրիլի 30-ին Յովհաննէս Պօղոս Բ Պապի կողմից, տօնի ջերմեռանդութեան նախաձեռնող լեհ Ֆաուստինա Կաւալսկային սրբադասելու առիթով: «Սա Սբ. Հարութեան պարգեւն է, որը Եկեղեցին ստանում է Հարուցեալ Քրիստոսից եւ նուիրում մարդկութեանը…Մարդկութիւնը երբեք խաղաղութիւն չի գտնի, մինչեւ չսկսի վստահել Աստուածային ողորմութեանը»: Ապրիլի 11-ի երեկոյան Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետը հրապարակեց Ողորմութեան արտահերթ յոբելեանական տարի հռչակելու մասին կոնդակը (bolla), որը կոչւում է «Misericordiae Vultus»՝ Գթասրտութեան դէմքը (pdf`papa-francesco_bolla_20150411_misericordiae-vultus):

     

    «Շատերը կհրացնեն. ինչու՞ Ողորմութեան Յոբելեան` այսօր,-ասել է Սրբազան Պապը եւ պատասխանել,-շատ պա՛րզ. պատմական մեծ փոփոխութեան այս ժամանակներում Եկեղեցին կոչուած է աւելի ակնյայտ նշաններ ցույց տալու՝ Տիրոջ ներկայութեան եւ մարդկանց մօտ լինելու մասին: Ցրուած լինելու ժամանակը չէ, պէտք է լինենք զգօն եւ մեր մէջ վերարթնացնենք կարողութիւնը տեսնելու, թէ որն է էակա՛նը: Սա Եկեղեցու համար մի ժամանակ է՝ նորից յայտնագործելու Հարութեան օրը Տիրոջ կողմից իրեն վստահուած առաքելութեան իմաստը՝ լինել Հօր գթասրտութեան նշանն ու գործիքը (հմմտ.՝Յվհ.20:21-23)»:

     

     Այս գթարստութեան տարին լինելու է հնարաւորութիւն` տեսնելու մարդկանց հանդէպ Տիրոջ քնքշութեան նշանները, մանաւանդ՝ նրանց հանդէպ, ովքեր տառապում են, միայնակ ու լքուած են եւ յոյս չունեն, որ կներուեն կամ սիրուած կլինեն Հօր կողմից: Մենք առիթն ունենք զգալու այն ուրախութիւնը, որ Յիսուս՝ Բարի Հովիւը, գտե՛լ է մեզ, որ կորած էինք, Յիսուս իր ուսերի վրայ մեզ տանում է Իր Հօր տունը: Պապն այս տարին առիթ է համարում՝ Յիսուսի սիրով վերափոխուելու եւ Աստուծոյ գթասրտութեան վկաները դառնալու: Սա ժամանակ է՝ ուրիշների վերքերին սպեղանի դնելու, ընդառաջ գնալու նրանց, ովքեր սպասում են, որ Տէրն ինչ-որ նշաններով ցոյց կտայ իրենց Իր սէրը, սա ժամանակ է բոլորին ներման եւ հաշտութեան ճանապարհն առաջարկելու:

     Ողորմութեան Յոբելեանական տարին կմեկնարկի 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ Անապական յղութեան տօնին եւ կաւարտուի 2016թ. նոյեմբերի 20-ին՝ Յիսուս Քրիստոս՝ Տիեզերքի Թագաւորի տօնին:

     

    Կոնդակի հիմնական ուղերձը

     

     

     «Յիսուս Քրիստոս դէ՛մքն է Հօր գթասրտութեան».այսպէս է սկսւում Քահանայապետի կոնդակը: Մենք պէտք է մշտապէս խորհրդածենք գթասրտութեան խորհրդի մասին:

     

     

     Աստուծոյ գթարստութիւնը, ողորմածութիւնը միշտ աւելի մե՛ծ կլինի, քան՝ ցանկացած մեղք. նա, ով պատրաստ է ներելու,  չի կարող սահմաններ դնել Աստուծոյ սիրոյն: Աստուած իր ողորմութիւնը մարդկութեանը ցոյց տուեց Մարիամի միջոցով Իր Որդուն աշխարհ ուղարկելով, ուստի Յոբելեանական տարին սկսւում է Անապական Յղութեան տօնին: Այդ օրը նաեւ Վատիկանի Բ ժողովի փակման օրն է, մի ժողովի, որը նոր դուռ բացեց Եկեղեցու եւ աշխարհի համար.Եկեղեցին, որ մինչ այդ ամրոցի նման էր, ժողովի որոշումներով աւելի հասանելի ու մատչելի դարձավ պարզ հաւատացեալների համար, Աւետարանը սկսեց քարոզուել նոր ձեւով: Այդպէս սկսուեց գթասրտութեան մի նոր փուլ: Եկեղեցին այդ ժողովով աւելի բաց դարձաւ աշխարհի արժեքների հանդէպ, մարդ անհատի հանդէպ: Մարդուն ծառայէլ ցանկացած պարագայում եւ ցանկացած կարիքի մէջ.սա էր ժողովի որդեգրած ուղղութիւնը:

     

     Քահանայապետի կողմից Գթասրտութեան տարի հռչակելը այդ Սուրբ Ժողովի առաքելութեան վերարծարծումն է: «Որքա՛ն եմ ուզում, որ գալիք տարին թաթախուած լինի գթարստուեան մէջ, որպէսզի իւրաքանչիւր տղամարդու եւ կնոջ բերենք Տիրոջ բարութիւնն ու քնքշութիւնը: Թո՛ղ, որ գթասրտութեան անուշահոտ իւղը հասնի իւրաքանչիւրին՝ թէ հաւատացեալներին եւ թէ հեռացածներին, որպէս նշան առ այն, որ Աստուծոյ թագաւորութիւնը ներկայ է մեր մէջ».գրում է Պապը: Աստուած իր ամենակարողութիւնը ցոյց է տալիս յատկապէս գթասրտութեա՛մբ, համոզուած է Սբ. Թովմա Աքուինացին:

     

    8-րդ կէտում Պապը գրում է, որ Յիսուսին նայելով՝ զգում ենք Ամենասուրբ Երրորդութեան սէրը: Հօրից ստացած Յիսուսի առաքելութիւնը աստուածային սէրն իր լրիւութեամբ մարդկանց յայտնելն էր: Աստուած սէ՛ր է.այս սէրը Յիսուսի ամբողջ երկրային կեանքով դարձաւ տեսանելի ու շօշափելի: Յիսուսի անձը ուրիշ բան չէ, այլ՝ միայն սէր, տրուած ձրիաբար: Մեղաւորների, հիւանդների, արհամարուածների, աղքատների, տառապեալների հանդէպ Նրա բոլոր գործերը սովորեցնում են գթասրտութիւն: Նրանում ամէն ինչ խօսում է գթասրտութեան մասին:

     Գթասրտութիւնը Աստուծոյ ճշմարիտ որդի լինելու չափանիշն է: Մենք պէ՛տք է լինենք ողորմած, որովհետեւ նախ մե՛ր հանդէպ են ողորմած եղել:

     Գթասրտութիւնը Եկեղեցու կեանքի հիմքն է: Եկեղեցւոյ ամբողջ հովուական գործունեութինը պէտք է երեւայ հաւատացեալների հանդէպ ջերմութեամբ.Եկեզղեցւոյ վկայութեան եւ քարոզութեան մէջ՝ ամէն ինչում, չպիտի պակասի գթասրտութիւնը: Եկեղեցւոյ վստահելիութիւնը երեւում է նրանից, թէ ինչպէ՛ս է գթասրտութիւն եւ կարեկից սէր ցուցաբերում մարդկանց հանդէպ (10):

     

    Միգուցէ, մենք երկար ժամանակ է՝ մոռացել ենք՝ ինչպէս ցոյց տալ եւ ապրել գթարստութեան ճանապարհով:

     

    Չպէտք է ամբողջ ուշադրութիւնը կենտրոնացնել միայն արդարադատութեան վրայ.դա միայն առաջին քայլն է: Առանց այն էլ աշխարհում կամաց-կամաց վերանում են գթասրտութեան գործերը, բայց առանց գթասրտութեան, կեանքն անպտուղ է դառնում անապատի նման:

    Ժամանա՛կն է՝ նորից արձագանքելու գթարստութեան ուրախալի կոչին, ժամանա՛կն է վերադառնալ հիմքերին եւ կրել մեր եղբայրների թուլութիւններն ու պայքարները:

     Գթարստութիւնը այն ուժն է, որն արթանցնում է մեզ նոր կեանքի համար եւ մեր մէջ արմատացնում քաջութիւնը՝ ապագային նայելու յոյսով լի՛:

     

     Ֆրանցիսկոս Սրբազան Պապը յիշեցնում է Սբ. Յովհաննէս Պօղոս Բ-ի մարգարէական եւ աւելի քան դիպուկ խօսքերը.

    «Մերօրեայ մտածողութիւնը, միգուցէ, աւելի՝ քան անցեալի մարդկանց, թւում է հակառակ Գթարիրտ Աստծուն, եւ փաստօրէն, հակուած է կեանքից եւ մարդկային սրտից բացառել ու արմատախիլ անել գթասրտութեան գացափարը: «Գթասրտութիւն» բառն ու հասկացութիւնը, թւում է, անհարմարութիւն են ստեղծում մարդու մէջ, ով, գիտութեան եւ տեխնոլոգիաների վիթխարի զարգացման շնորհիւ, ինչպէս երբեք պատմութեան ընթացքում, դարձել է երկրի տէրը եւ ենթարկել ու իշխում է դրան: Այս տիրապետումը, միակողմանիօրէն հասկացուած, կարծէս, տեղ չունի գթարստութեան համար…» (Dives in Misericordia): Յովհաննէս Պօղոս Բ-ն իր շրջաբերականում գրում է, որ քրիստոնեան պարտաւոր է վկայել ու քարոզել գթասրտութեան մասին՝ Քրիստոսի պատգամով եւ մարդասիրութիւնից դրդուած:

     Եկեղեցուն Տիրոջից յանձնարարուած է յայտարարել Տիրոջ ողորմածութեան մասին, որը Աւետարանի բաբախող սի՛րտն է եւ պէ՛տք է ներթափանցի իւրաքանչիւր մարդու մտքից ու սրտից ներս:

     Քրիստոսի սէրը Եեկեղեցւոյ առաջին պտուղն է: Եկեղեցին ինքն իրեն ծառայ է դարձնում այս սիրուն եւ միջնորդութեամբ բաշխում այն բոլոր մարդկանց.մի սէր, որը ներում է եւ ինքնարտայայտւում ինքնազոհութեամբ:

    Ամենուրէք, ուր ներկայ է Եկեղեցին, Հայր Աստուծոյ սէրը պէ՛տք է ակնյայտ լինի:

    «Եղէ՛ք ողորմած, ինչպէս ձեր Հայրն է  ողորմած» (Ղկ., 6:36).Յիսուսի այս պատգամը պէտք է դառնայ մեր կեանքի ծրագիրը: Ողորմած, գթասիրտ լինելու համար նախ պէտք է ինքներս մեզ բացենք՝ Տիրոջ խօսքը լսելու համար, ինչի համար հարկ է գնահատել լռութեան արժեքը եւ խորհրդածել Տիրոջ Խօսքի մասին:

     Երբ օգնութիւն ենք հայցում Տիրոջից եւ Նա գալիս է մեզ օգնութեան մեր թուլութեան մէջ՝ որպեսզի օգնի մեզ ընդունել իր ներկայութիւնը եւ մեզ մօտ լինելը, մենք էլ աստիճանաբար կարեկից ենք դառնում ուրիշների հանդէպ (14):

     

     

     Կոչ՝ վերջ դնելու անտարբերութեանը

     

    Սրբազան Պապը հրաւիրում է այս Գթարստութեան յոբելեանական տարուայ մէջ բացել մեր սրտերը նրանց հանդէպ, ովքեր ապրում են հասարակութեան հեռաւոր եզրերին, եզրեր, որոնք ներկայիս հասարակութիւնն ի՛նքն է ծնունդ տուել՝ նրանց, ում աղաղակը լռեցւում ու խեղդւում է հարուստների անտարբերութեամբ: Պապը կոչ է անում բուժել նրանց վերքերը, կապել դրանք գթասրտութեամբ, մխիթարել նրանց, կոչ է անում է չընկնել մոնոտոն առօերայի մէջ, որը խանգարում է մեզ յայտնագործել նորը: Պապը կոչ է անում բացել մեր աչքերը եւ տեսնել աշխարհի թշուառութիւնը, արժանապատւութիւնից զրկուած մեր եղբայրների եւ քոյրերի վերքերը եւ գիտակցել, որ ստիպուա՛ծ ենք լսելու նրանց օգնութեան աղաղակը: Թո՛ղ, որ նրանց աղաղակը դառնայ մեր սեփականը, եւ միասին կարողանանք կոտրել անտարբերութեան արգելապատնեշները, որոնք շատ հաճախ քողարկում են մեր կեղծաւորութիւնը եւ եսասիրութիւնը (15):

     

    Պապը կոչ է անում պտղաբեր լինել մարմնաւոր եւ հոգեւոր գթարստութեան գործերում.մարմնաւոր՝ կերակրելով սովեալներին, հագցնելով մերկերին…, ինչպէս պատուիրում է Յիսուս Մատթէոսի աւետարանի 25-րդ գլխում, հոգեւոր՝ խորհուրդ տալով տատանուողներին, զգուշացնելով մեղաւորներին, ներելով մեզ վիրաւորողներին եւ համբերել նրանց վատաբանութիւններին՝ աղօթելով բոլորի՛ համար եւ բոլորին վստահելով Տիրոջ խնամքին:

     

     Այս տարի Սրբազան Քահանայապետը առանձին լիազորուած հոգեւորականներ՝ «Գթասրտութեան միսիոներներ», է ուղարկելու բոլոր համայնքներ՝ ներում շնորհելու նոյնիսկ այն մեղքերին, որոնց ներման իրավունքը բացառապէս վերապահուած է Սուրբ Աթոռին, ըստ Եկեղեցւոյ կանոնադրութեան:

     

    Նորին Սրբութիւնը հրաւիրում է յատկապէս տարբեր հանցագործ խմբաւորումների մէջ ընդգրկուած անձանց դարձի գալ, փոխել իրենց կեանքը, խնդրում է Յիսուսի անունով, Ով մերժում էր մեղքը, բայց ոչ երբեք՝ մեղաւորին: «Մի՛ ընկէ՛ք թակարդը եւ մի՛ մտածէք, որ կեանքը կախուած է փողից…սա խաբկանք է…փողը երջանկութիւն չի բերում: Հարստութիւն դիզելու համար բռնութիւն գործադրելը ոչ մէկին չի դարձնում անմահ կամ զօրեղ: Ամէն ոք, վաղ թէ ուշ, ենթակայ կլինի Տիրոջ դատաստանին, որից ոչ ոք չի կարող խուսափել».գրում է Պապը:

    Նոյն կերպ Պապն իր խնդրանքն է ուղղում կոռուպցիայի մէջ թաթախուած մարդկանց, որպէսզի լսեն այն անմեղ մարդկանց աղաղակը, ովքեր զոհ են դառնում իրենց ագահութեանն ու կաշառակերութեանը, ովքեր կորցնում են իրենց արժանապատւութիւնն ու կեանքը:

     

     

    Լեւոն Գալստեան

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments