• Կրոնները կոչված են հույս սերմանելու

    «Եթե պետությունների ղեկավարներն ընտրեին ուրիշների հետ հանդիպման և երկխոսության ուղին, ապա նրանք վճռորոշ ներդրում կունենային հակամարտությունների դադարեցման գործում, որոնք պատուհասում են բազմաթիվ ազգերի ու ժողովուրդների»:


    Սեպտեմբերի 3-ին՝ Մոնղոլիա կատարած իր առաքելական 43-րդ ճամփորդության ժամանակ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Ուլան Բատորի HUN Theatre բեմից դիմեց էկումենիկ և միջկրոնական միջազգային հանդիպման մասնակիցներին։

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մոնղոլիայի զարմանահրաշ երկինքն ու հողը հիշեցնում են մեզ վերև նայելու համընդհանուր կոչման մասին՝ երկրի վրա մեր ճանապարհը գտնելու համար: Ըստ Սրբազան Քահանայապետի, հոգևոր առաջնորդների հետ հանդիպումը խոսում է այն մասին, որ կրոնական ավանդույթներն՝ իրենց ինքնատիպությամբ և բազմազանությամբ, հսկայական ներուժ են՝ հասարակությանը ծառայելիս բարիք գործելու համար.

     

    «Եթե պետությունների ղեկավարներն ընտրեին ուրիշների հետ հանդիպման և երկխոսության ուղին, ապա նրանք վճռորոշ ներդրում կունենային հակամարտությունների դադարեցման գործում, որոնք պատուհասում են բազմաթիվ ազգերի ու ժողովուրդների»:

     

    Մոնղոլիայի պատմությունը լի է ներդաշնակությամբ կրոնական ավանդույթների նկատմամբ, ընդգծեց Նորին Սրբությունը, սակայն «որքա՞ն ներդաշնակ ենք մենք աշխարհի այլ ուխտավորների հետ»: Ամեն մի մարդկային կյանք և հատկապես ցանկացած կրոն պարտավոր է «իրեն չափել» կոնկրետ այլասիրությամբ, որը դրսևորվում է մեկ ուրիշի փնտրտուքով և նրա հետ անձնվիրաբար համագործակցությամբ: Այլասիրությունը ներդաշնակություն է ստեղծում, իսկ որտեղ կա ներդաշնակություն, այնտեղ կա հասկացողություն, բարգավաճում և գեղեցկություն, և ընդհակառակը, պարփակվածությունը, պարտադրանքը, ֆունդամենտալիզմը և գաղափարական հարկադրումը կործանում են եղբայրությունը, մեծացնում լարվածությունը և խաթարում խաղաղությունը: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ կիսվելով իմաստության ժառանգությամբ՝ կրոնները կոչված են պաշտպանելու մարդուն շահի և բարօրության անհեռատես ձգտումից: Նրանք պիտի աշխարհին առաջարկեն այնպիսի ներդաշնակություն, որը երկրային հարթությանն ուղղված տեխնիկական առաջընթացը չի կարող միայնակ ապահովել: Միայն նյութական շահը ոչնչացնում է աշխարհը՝ առաջընթացը շփոթելով հետընթացի հետ, ինչի մասին են վկայում բազմաթիվ անարդարությունները, հալածանքները և հակամարտությունները, շրջակա միջավայրի և մարդկային կյանքերի ոչնչացումը: Կրոնները պետք է մարդուն հիշեցնեն դրախտի մասին, որի համար այն ստեղծվել է:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մոնղոլիան պահպանում է իմաստության մեծ ժառանգությունը և կարող է այն աշխարհին առաջարկել. հարգանք ավանդույթների, ավագների և նախնիների նկատմամբ, հոգատարություն մեր ընդհանուր տան հանդեպ և պահպանում, լռության և ներքին կյանքի արժեք, խնայողություն և հյուրասիրություն, համերաշխություն, պարզություն և «որոշակի գոյութենապաշտական պրագմատիզմ»՝ ուղղված անհատի և հասարակության բարօրությանը:

     

    Սրբազան Քահանայապետը պատմեց ավանդական մոնղոլական յուրդայով իր հմայվածության մասին. Մոնղոլիայում գէր կոչվող յուրդը՝ ընկերական հաղորդակցության, հանդիպման և երկխոսության վայր է, միշտ հյուրընկալ է, այդ թվում նաև կաթողիկէ միսիոներների համար: Գէրն իր կառուցվածքով խորհրդանշում է սրտաբացություն Աստվածայինի հանդեպ, որովհետև նրա մեջ ժամանակը չափվում է արևի ճառագայթով, որը ներս է թափանցում վերևում բացված անցքից: «Այսպիսով, մարդկային համակեցությունը, որը առկա է շրջանաձև տարածության մեջ, անընդհատ վերաբերում է ուղղահայաց, տրանսցենդենտալ (անդրանցական), հոգևոր կոչմանը»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց կրոնների պատասխանատվությունը, հատկապես այս պատմական ժամին, «քանի որ մեր վարքագիծը պետք է գործնականում հաստատի այն ուսմունքները, որոնք մենք դավանում ենք». այդ դեպքում չի լինի խառնաշփոթություն հավատքի և բռնության, սրբության և պարտադրանքի, հոգևորության և աղանդավորության միջև: Ամեն մի կրոնական հաստատություն պարտավոր է հարգել ուրիշների խիղճը և իր նպատակը համարի համընդհանուր բարօրությունը:

     

    Կաթողիկէ Եկեղեցին, վստահեցրեց Սրբազան Քահանայապետը, ցանկանում է քայլել մշակութային, էկումենիկ և միջկրոնական երկխոսության ճանապարհով։ Նրա հավատքի հիմքը Աստծո և մարդկության միջև հավերժական երկխոսությունն է, որը մարմնավորված է Հիսուս Քրիստոսով: Եկեղեցին՝ խոնարհությամբ և Ուսուցչի ծառայության ոգով, իր ժառանգությունն է առաջարկում ամեն մի մարդու և ցանկացած մշակույթի՝ ուշադիր լինելով այլ կրոնական ավանդույթների նկատմամբ: Երկխոսությունը չի հակադրվում ավետարանացմանը. այն չի հարթում տարաձայնությունները, սակայն օգնում է հասկանալ և պահպանել դրանց ինքնատիպությունը՝ թույլ տալով, որպեսզի դրանք դառնան փոխադարձ հարստություն, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Իր խոսքի ավարտին Սրբազան Քահանայապետնը կոչ արեց այլ կրոնների հավատացյալներին.

     

    «Թո՛ղ այն աղոթքները, որոնք մենք բարձրացնում ենք երկինք, և եղբայրությունը, որով ապրում ենք երկրի վրա, հու՜յս արթնացնեն: Թո՛ղ դրանք լինեն մեր հոգևորության պարզ ու վստահելի վկայությունը: Վկայությունն այն բանի, որ մենք վեր նայելով՝ միասին ենք քայլում, որ մենք երկրի վրա ներդաշնակության մեջ ենք ապրում, ինչպես ուխտավորները, ովքեր կանչված են պահպանել տան մթնոլորտը բոլորի համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց