• Ֆրանցիսկոս Քահանայապետի պատգամը՝ հայ ժողովրդին.ամէն օր յիշեցէ՛ք, որ հարութիւ՛ն էք առել Քրիստոսի մէջ

    Ֆրանցիսկոս Քահանայապետի պատգամը՝ հայ ժողովրդին.ամէն օր յիշեցէ՛ք, որ հարութիւ՛ն էք առել Քրիստոսի մէջ


    Ինչպէս յայտնել ենք մեր նախորդ հրապարակման մէջ, 2015թ. ապրիլի 9-ին Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդունել է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Սիւնոդոսի եպիսկոպոսներին՝ գլխաւորութեամբ Ամենապատիւ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի: Ներկայացնում ենք Քահանայապետի խօսքն ամբողջութեամբ:

    «Ողջունու՛մ եմ ձեզ եղբայրաբար եւ շնորհակալ եմ ձեզ այս հանդիպման համար՝ ընդառաջ գալիք կիրակնօրեայ տօնակատարութեան Վատիկանի բազիլիկ տաճարում: Մենք քրիստոնէական աղաչական աղօթք կբարձրացնենք ձեր սիրելի ժողովրդի որդիների եւ դուստրերի համար, ովքեր նահատակուեցին մօտ 100 տարի առաջ: Կաղաչենք Աստուածային Գթարստութեանը, որ բոլորիս օգնի ճշմարտութեան եւ արդարութեան հանդէպ սիրով բուժել բոլոր վերքերը եւ արագացնել հաշտութեան եւ խաղաղութեան որոշակի քայլերը՝ ազգերի միջեւ, որոնք մինչ օրս չեն կարողանում հասնել ողջամիտ համաձայնութեան՝ այս տխուր դեպքերի առնչութեամբ:

    Ձեր մէջ եւ ձեր միջոցով ես ողջունում եմ Հայ Կաթողիկէ Եկեղեցու քահանաներին, վանականներին եւ միանձնուհիներին, ճեմարանականներին եւ աշխարհականներին: Գիտեմ, որ այս օրերին շատերն են ուղեկցում ձեզ Հռոմում, եւ է՛լ աւելի շատերը հոգեպէս մեզ հետ կլինեն սփիւռքի երկրներից՝ Միացեալ Նահանգներից, Լատինական Ամերիկայից, Եւրոպայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ մայր հայրենիքից: Տխրութեամբ եմ մտածում յատկապէս այնպիսի վայրերի մասին, ինչպէս Հալէպն է՝ «մարտիրոս քաղաքը», ինչպէս եպիսկոպոսն ասաց, որը 100 տարի առաջ ապաստան դարձաւ փոքրաթիւ փրկուածների համար: Վերջերս այդ տարածաշրջաններում վտանգուած է քրիստոնեաների կեանքը, եւ ո՛չ միայն հայերի:

    Ձեր ժողովուրդը, որն ըստ աւանդութեան, առաջինն է դարձի եկել դէպի քրիստոնէութիւն 301թ., ունի 2000-ամեայ պատմութիւն եւ հիացմունքի արժանի հոգեւոր ու մշակութային ժառանգութիւն եւ կարողութիւն՝ նորից վեր հառնելու իր կրած բազում հալածանքներից ու փորձութիւններից յետոյ: Խնդրու՛մ եմ, միշտ խթանեցէ՛ք Տիրոջ հանդէպ երախտագիտութիւնը, որ կարողացել էք հաւատարիմ մնալ Նրան նոյնիսկ ամենադժուարին ժամանակներում: Աւելին, կարեւոր է խնդրել Աստծուն՝ սրտի իմաստութեան պարգեւը.հարիւր տարի առաջ նահատակուածների յիշատակութիւնը մեզ, փաստօրէն, կանգնեցնում է misterium iniquitatis-ի՝ չարիքի առեղծուածի խաւարի առջեւ: Դա չի կարելի ընբռնել առանց այսպիսի վերաբերմունքի:

    Ինչպէս Աւետարանն է ասում, խաւարագոյն ուժեր կարող են սանձազերծուել մարդու սրտի խորքերից՝ ունակ այնքան յառաջանալու, որ համակարգուած կերպով ծրագրեն եղբօր ոչնչացումը, նրան համարեն թշնամի, ախոյեան կամ նոյնիսկ արժանապատւութիւնից զուրկ անհատ: Բայց հաւատացեալների համար մարդու կողմից կատարուած չարիքի հարցը նաեւ ներկայացնում է Քրիստոսի փրկչական չարչարանքներին մասնակից լինելու խորհուրդը.ոչ քիչ թուով հայ ազգի որդիներ եւ դուստրեր կան, որ կարողացան Քրիստոսի անունն արտաբերել միա՛յն արիւնաքամ լինելով կամ մեռնելով սովից այն անվերջանալի հարկադիր ելքի (exodus) (այսինքն՝ տեղահանութիւնը-Կայքի խմբ.) ժամանակ:

    Ձեր պատմութեան տառապալից էջերը, ինչ-որ իմաստով, շարունակում են Յիսուսի չարչարանքները, բայց այդ իւրաքանչիւր էջի մէջ դրուած է Տիրոջ Հարութեան բողբոջը: Թող որ դուք՝ հոգեւորականներդ անսայթաք նուիրուէ՛ք կրթելու աշխարհական հաւատացեալներին, որպէսզի սովորեն իրականութիւնը կարդալ նոր աչքերով, ի վիճակի լինեն ամէն օր ասելու.«Իմ ժողովուրդը ոչ միայն տառապել է Քրիստոսի համար, այլ՝ յատկապէս հարութիւ՛ն է առել Նրա մէջ»: Ուրեմն, անցեալը յիշելը կարեւոր է, բայց հարկ է մի նոր աւիշ վերցնել անցեալից եւ սնել ներկան՝ Աւետարանի բերկրալից քարոզութեամբ եւ գթասրտութեան վկայութեամբ: Քաջալերում եմ ձեզ՝ շարունակեցէ՛ք մշտապէս կրթել քահանաներ եւ նուիրեալ կրոնաւորներ: Նրա՛նք են ձեր առաջին գործակիցները: Նրանց եւ ձեր միջեւ միութիւնը կամրանայ այն օրինակելի եղբայրութեան մէջ, որ նրանք կկարողանան տեսնել Սիւնհոդոսի սրտում, Պատրիարքի հետ միասին:

     Այս պահին երախտագիտութեամբ եմ յիշում բոլոր նրանց, ովքեր իրենց լաւագոյնն արեցին՝ ձեր նախնիների դրաման թեթեւացնելու համար: Յատկապէս միտքս է գալիս Բենեդիկտոս 15-րդ Պապը, ով միջնորդեց Սուլթան Մեհմեդ 5-րդի առաջ՝ վերջ դնելու հայերի սպանդին: Այդ Քահանայապետը քրիստոնեայ արեւելքի մեծ բարեկամ էր.նա հիմնեց Արեւելեան Եկեղեցիների հաստատութիւնը եւ Պապական արեւելեան ինստիտուտը, իսկ 1920թ. Սբ. Եփրեմ Ասորուն հռչակեց տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ: Ուրախ եմ, որ մեր հանդիպումը տեղի է ունենում նմանատիպ մի քայլի ընդառաջ, որ այս կիրակի անելու եմ Սբ. Գրիգոր Նարեկացու մեծ կերպարի հանդէպ:

     Նրա բերախօսութեանն եմ յատկապէս վստահում Հայ Կաթողիկէ եւ Առաքելական Եկեղեցիների միջեւ համամիութենական երկխօսութիւնը՝ գիտակցելով այն փաստը, որ հարիւր տարի առաջ, ինչպէս այսօր, մարտիրոսութիւնն ու հալածանքը արդե՛ն իրագործել են «արեան համամիութենականութիւնը»:

     Աստուծոյ օրհնութիւնն եմ խնդրում ձեզ եւ ձեր հաւատացեալների համար եւ խնդրում չմոռանալ աղօթել ինձ համար: Շնորհակալ եմ»:

    Թարգամութիւնը կատարուել է zenit.org լրատուական կայքի անգլերեն տեքստից:

     

     

     

    10582812_974128399265431_1138424205421438479_o

    11140155_974128359265435_3509850968025078033_o

    11147068_974128535932084_3398970748888532896_o

    11149758_974128472598757_7411094570419769208_o

    OSSROM26728_Articolo

    11140173_974128539265417_6789790554032135080_o

    1373768_939717579412957_372516553_o

    1474313_10153202449528744_1781074860_o

Օրացույց

Օրացույց