• Սրբազան Քահանայապետն ընդունել է Հայ կաթողիկէ նուիրապետութեանը

    Սրբազան Քահանայապետն ընդունել է Հայ կաթողիկէ նուիրապետութեանը


     

    Ինչպէս յայտնում է Ռադիո Վատիկանը, 2015թ. ապրիլ 9-ին, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդունել է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Սիւնհոդոսի եպիսկոպոսներին՝ գլխաւորութեամբ Ամենապատիւ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի:  Ամենապատիւ Հոգեւոր Տէրն  իր  երախտագիտութիւնն է յայտնել Սրբազան Քահանայապետին, որ նա ընդառաջել է իրենց խնդրանքին եւ որոշել Հայոց Ցեղասսպանութեան 100-րդ տարելիցի առթիւ Սբ. Պատարագ մատուցել 2015թ. ապրիլի 12-ին: Ամենապատիւ Հոգեւոր Տէրը նաեւ ընդգծել է, թէ Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունենալիք այդ պատմական արարողութիւնը ստացաւ համամիութենական (էկումենիկ) աննախընթաց բնոյթ, որովհետեւ, նրա խօսքերով, «մեր առաքելական եղբայրները, Գարեգին Բ Կաթողիկոսը Էջմիածնէն եւ Արամ Ա Անթիլիասէն, հրաւիրուած Սուրբ Աթոռի կողմէն, իրենց մասնակցութիւնը պիտի բերեն արարողութեան, իրենց ընկերացող պատուիրակութիւններով…»: Սրբազան Քահանայապետն ասել է, որ Հայ Կաթողիկէ եւ Հայ Առաքելական Եկեղեցիների միջեւ համամիութենական երկխօսութեան զարգացումը վստահում է Սբ. Գրիգոր Նարեկացու բարեխօսութեանը եւ վստահ է, որ ցեղասպանութեան տառապանքների ընդհանուր փորձառութիւնը դարձել է «արեան էկումենիզմ» հայ կաթողիկէների եւ առաքելականների համար: Ամենապատիւ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ-ը Նորին Սրբութեանն ասել է, որ Սբ. Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցւոյ Վարդապետ» հռչակելը, որը եւս նախատեսուած է ապրիլի 12-ին, Սբ. Պատարագի մատուցման հանդիսաւոր արարողութեանը «տուաւ կրօնական ազգային յատուկ արժէք մը, որուն համար ձեզի երախտապարտ ենք…», ապա յիշատակել է նախորդ Սրբազան Քահանայապետերի յիշարժան քայլերը Հայ Եկեղեցւոյ հանդէպ եւ ցեղասպանութեան կանխարգելման ու արժեւորման առնչութեամբ: Բենեդիկտոս ԺԵ Քահանայապետը եղաւ առաջինը, որ դատապարտեց Օսմանեան Կայսրութեան ցեղասպան արարքը, իսկ 1915թ. հոկտեմբերի 10-ի թուակիր նամակով դիմեց  Թուրքիոյ Սուլթան Մեհմեդ Ե-ին՝ դադարեցնելու հայերի դէմ զանգուածային հալածանքն ու ջարդերը։ Իսկ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը եղաւ առաջին Պապը,  որ այցելեց Հայաստան՝ մասնակցելու քրիստոնէութեան՝ որպէս պետական կրօն ընդունման, 1700-ամեակի տօնակատարութեանը։ Ապա նոյն Պապը 2001թ. հոկտեմբեր 7-ին «Երանելի» հռչակեց Մարտինի արքեպիսկոպոս` Իգնատիոս Մալոյեանին եւ 2005թ. յունուարի 19-ին, Սուրբ Պետրոսի տաճարում  բացումն ու օրհնութիւնը կատարեց Սուրբ Գրիգոր Լուսաւորչին նուիրուած արձանի։  Իսկ Բենետիկտոս ԺԶ քահանայապետը, օրհնեց եւ բացումը կատարեց «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» գաւթի, ուր զետեղուած է  այդ արձանը:

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ունկնդութեան ժամանակ աղօթել է, որ «Աստուածային Գթասրտութիւնը օգնի բոլորիս արդարութեան եւ ճշմարտութեան հանդէպ սիրով բուժել բոլոր վերքերը եւ շուտափոյթ քայլեր ձեռնարկել ազգերի միջեւ հաշտութեան եւ խաղաղութեան հաստատման ուղղութեամբ…»: Նա ողջունել է Հռոմ ժամանած բոլոր հայերին եւ հայկական ողջ սփիւռքին՝ յիշատակելով այն վայրերը, որոնք անվտանգ ապաստաններ դարձան Եղեռնի արհաւիրքներից փրկուած հայերի համար, բայց որտեղ այսօր քրիստոնէութիւնը վտանգուած է: Քահանայապետն անդրադարձել է Հայաստանում քրիստոնէութեան հաստատման պատմութեանը եւ եպիսկոպոսներին կոչ արել մշտապէս շնորհակալ լինել Տիրոջը, որ կարողացել են ամենադժուարին պահերին պահել Եկեղեցւոյ հաւատքը: Նա համոզուած է, որ եթէ հայ ժողովուրդը բաժնեկից է դարձել Տիրոջ չարչարանքներին, ապա իր տառապանքի մէջ ունի նաեւ սերմերը Տիրոջ Հարութեան:

     Յաւարտ ունկնդրութեան, հայ հոգեւորականները նուերներ յանձնեցին Սրբազան Քահանայապետին: Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը Նորին Սրբութեանը նուիրեց օբսիդիանից պատրաստուած մի սկիհ՝ զետեղուած կարդինալ Աղաջանեանի սկիհերի տուփերից մեկի մեջ:

     1474313_10153202449528744_1781074860_o

Օրացույց

Օրացույց