• «Հոգու մթագնումը» կարող է ամրապնդել հավատքը

    «Դեպի բարություն տանող ճանապարհը նեղ է ու քարքարոտ, այն պահանջում է պայքար և հաղթանակ սեփական անձի նկատմամբ»։


    Հոկտեմբերի 26-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը հոգևոր ճանաչողության վերաբերյալ:

     

    Ճանաչողությունն, ընդգծեց Նորին Սրբությունը, կապված է արարքների հետ, և դրանք ունեն «աֆեկտիվ նրբերանգ», որը պետք է կարողանալ ճիշտ ընկալել, որովհետև «Աստված խոսում է սրտի հետ»: Ճանաչողության առաջին առարկան «հոգևոր լքվածությունն» է, որը Սբ. Իգնատիոս դե Լոյոլան սահմանեց որպես «հոգու մթագնում, նրա հուզմունքը, երկրային հոգսերով տարվելը, անհանգստությունը տարբեր գայթակղությունների և դժբախտությունների պատճառով, որոնք հանգեցնում են անհավատության՝ թողնելով հուսահատ և առանց սիրո, երբ հոգին իրեն տեսնում է որպես բոլորովին ծույլացած, անտարբեր, տխուր և կարծես հեռացած իր Արարչից ու Տիրոջից» (Հոգևոր վարժություններ, 317): Ըստ Սրբազան Քահանայապետի, ամեն ոք այս կամ այն ​​չափով զգացել է լքվածություն, և պետք է կարողանալ այն կարդալ, սակայն եթե մենք շտապում ենք նրանից ազատվել, ապա մենք ռիսկի ենք դիմում կորցնել մի կարևոր բան. «այն, ինչ նա ուզում է մեզ ասել»:

     

    Ոչ ոք չի ցանկանում լինել լքված և տխուր, ընդգծեց Նորին Սրբությունը: Ընդհակառակը, մենք բոլորս ցանկանում ենք ուրախ, երջանիկ և լիարժեք կյանք, սակայն դա ոչ միայն անհնար է, այլև անօգուտ: Արատների մեջ ապրած կյանքի փոխփոխությունը կարող է սկսվել տխրությամբ, զղջումով, խղճի խայթով: Ալեսանդրո Մանձոնին «Նշանվածները» գրքում թողել է զղջման մի հրաշալի նկարագրություն՝ որպես կյանքը փոխելու հնարավորություն: Խոսքը հայտնի երկխոսության մասին է, որի ժամանակ կարդինալ Ֆեդերիկո Բորոմեոն Անանունին դիմում է հետևյալ զարմանալի խոսքերով. «“Դուք ինձ համար լավ լուր ունեք, և այսքան երկար ժամանակ ստիպել եք ինձ, որ տխրե՞մ”: – “Ես լավ լուր ունե՞մ։ Իմ հոգում դժոխք է: <…> “Ասեք ինձ, եթե գիտե՞ք, թե ինչ լավ նորություն է դա”: – “Այն, որ Աստված դիպչել է ձեր սրտին և ուզում է ձեզ դարձի բերել”, – հանգիստ պատասխանեց կարդինալը» (Գլուխ XXIII): Աստծո մարդը կարողանում է նկատել սրտի խորքային շարժումները, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Պետք է սովորել կարդալ տխրությունը: <…> Մեր ժամանակներում դրան հիմնականում բացասաբար են վերաբերվում, ինչպես չարիքի, որից ամեն գնով պետք է խուսափել, սակայն այն կարող է կյանքի զարթոնքի անփոխարինելի ահազանգ լինել՝ կոչ անելով ուսումնասիրել ավելի բերրի լանդշաֆտները, ինչը թույլ չեն տալիս անցողիկությունն ու խուսափողականությունը: Սբ. Թովմա Աքվինացին տխրությունը սահմանում է որպես հոգեկան ցավ. մարմնական նյարդերի նման այն արթնացնում է ուշադրությունը հնարավոր վտանգի կամ մոռացված բարօրության առջև: Դրա համար էլ այն անփոխարինելի է առողջության համար, այն պաշտպանում է մեզ, ոպեսզի մենք չվնասենք մեզ և ուրիշներին։ Շատ ավելի վտանգավոր կլիներ, եթե չլիներ այդ զգացումը, քանզի երբեմն տխրությունը գործում է որպես լուսացույց. ‘Կանգնի՛ր: Կարմիր լույսն է, կանգնի՛ր’»։

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ «բարյացակամ մարդկանց համար տխրությունը խոչընդոտ է, որով գայթակղեցնողը ցանկանում է տարհամոզել նրանց»։ Այդ դեպքում պետք է գործել ուղղակիորեն հակառակ գայթակղությանը. հաստատակամորեն շարունակելով անել այն, ինչ պլանավորել եք (տես՝ Հոգևոր վարժություններ, 318):  Բավական է միայն պատկերացնել աշխատանքը, ուսումը, աղոթքը, պարտավորությունները. «Մենք երբեք ոչինչ չէինք ավարտի, եթե ձանձրույթի կամ տխրության պահին այս ամենը չկատարեինք»: Այս փորձառությունը կիրառելի է նաև հոգևոր կյանքի համար, քանի որ ըստ Ավետարանի՝ դեպի բարություն տանող ճանապարհը նեղ է ու քարքարոտ, այն պահանջում է պայքար և հաղթանակ սեփական անձի նկատմամբ։

     

    «Հենց որ մենք սկսում ենք աղոթել կամ որևէ բարի գործ անել, տարօրինակ կերպով, հենց այդ ժամանակ մեր մտքին են գալիս բաներ, որոնք անհրաժեշտ է շտապ կատարել: <…> Նրանց համար, ովքեր ցանկանում են ծառայել Տիրոջը, շատ կարևոր է չմոլորվել հոգևոր լքվածության պատճառով: Ցավոք, որոշ մարդիկ հուսահատությունից դրդված որոշում են հրաժարվել աղոթական  կյանքից կամ իրենց կայացրած որոշումներից, ամուսնությունից կամ վանականությունից՝ առանց նախապես անդրադառնալու տվյալ իրավիճակի վերլուծությանը և որևէ մեկի օգնությանը դիմելու: Իմաստուն կանոնն ասում է. քանի դեռ հուսալքված ես, ոչ մի բան մի փոխիր: Հենց ապագան, այլ ոչ թե տվյալ պահի տրամադրությունը, ցույց կտա, թե որքան ճիշտ էր մեր ընտրությունը»։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Ավետարանում Տեր Հիսուսը հաստատակամորեն մերժում է գայթակղությունները (տես՝ Մտթ. 3,14-15; 4,1-11; 16,21-23): Փորձությունները Նրա վրա են հասնում տարբեր կողմերից, սակայն միշտ, գտնելով Նրա մեջ Հոր կամքը կատարելու վստահ պատրաստակամություն, դրանք պարտություն են կրում և այլևս խոչընդոտներ չեն առաջացնում: Հոգևոր կյանքում փորձությունը շատ կարևոր է, և Աստվածաշունչն ուղղակիորեն հիշեցնում է դրա մասին. «Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր» (Սիրաք 2,1):

     

    «Կարողանալով գիտակցված հաղթահարել միայնությունն ու լքվածությունը՝ մենք դուրս ենք գալիս այդ ամենից մարդկային և հոգևոր առումներով զորացած: Ոչ մի փորձություն մեր ուժերից վեր չէ: <…> Սուրբ Պողոսը հիշեցնում է մեզ, որ ոչ ոք չի գայթակղվում իր ուժերից վեր, քանի որ Տերը երբեք չի լքում մեզ, և Նրա հետ մենք կարող ենք հաղթահարել ցանկացած գայթակղություն (տես՝ Կորն. Ա 10,13): Եթե մենք այն այսօր չենք հաղթահարել, ապա վաղը ոտքի կկանգնենք, կգնանք և կհաղթենք»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց