Բաժիններ՝ Ընդհանրական
  • Հիսուսի «կրակը» սեր է, այլ ոչ թե վրեժ

    «Եթե մեր առջև դուռ են փակում, ապա մենք ուղղակի պետք է առանց կշտամբանքի հեռանանք այդ դռնից և մի ուրիշ տեղ բարություն անենք»:


    «Կրակը», որը Հիսուս եկավ երկրի վրա իջեցնելու համար, Հոր ողորմած սերն է, այլ ոչ թե վրեժ Իրեն չընդունելու համար, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հունիսի 26-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ:

     

    Օրվա ավետարանական ընթերցումը ներկայացնում է փրկության ամբողջ պատմության վճռական պահը. «Երբ աշխարհից Նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապես որոշեց գնալ Երուսաղեմ» (Ղկ. 9, 51): «Այսպես է սկսվում «մեծ ճանապարհորդությունը» դեպի սուրբ քաղաք, որը հատուկ որոշում էր պահանջում, քանի որ այն վերջինն էր», – ընդգծեց Նորին Սրբությունը. Հիսուս վճռական որոշում կայացրեց Ինքն Իրեն ամբողջությամբ նվիրել առաքելությանը և գնալ Երուսաղեմ՝ իմանալով, որ այնտեղ Նա կմերժվի և կմահանա: Այսպիսով Նա օրինակ է ծառայում առաքյալներին, որոնք դեռ մտածում էին հաղթականության մասին։ Նման որոշում, որն է հետևել Հիսուսին մինչև վերջ, պետք է կայացնենք նաև մենք, եթե իսկապես ուզում ենք լինել Նրա աշակերտները, հետևաբար պետք է լինենք լուրջ և վճռական, այլ ոչ թե թեթևամիտ ու ամպերի մեջ սավառնող, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Շարունակելով խորհրդածությունը՝ Նորին Սրբությունը հիշեցրեց, որ սամարացիների գյուղերից մեկը, որը ընկած էր Հիսուսի ճանապարհին, չընդունեց Նրան, միայն այն պատճառով, որ Նա «դեպի Երուսաղեմ գնացող ճանապարհորդի տեսք ուներ»: Հակոբոսն ու Հովհաննեսը զայրացած առաջարկում են Հիսուսին պատժել այս մարդկանց՝ երկնքից կրակ իջեցնելով։ Հիսուս ոչ միայն դա չի անում, այլ նաև հանդիմանում է երկու եղբայրներին, որ ցանկանում են Իրեն ներգրավել իրենց վրեժխնդրության մեջ: Հիսուս պարզաբանում է և ասում նրանց, որ Նա երկրի վրա իջեցնելու է Հայր Աստծո ողորմած սիրո «կրակը», և որպեսզի այդ կրակն ավելի ընդգրկուն դառնա անհրաժեշտ է համբերություն, հաստատակամություն և ապաշխարության ոգի:

     

    «Հակոբոսն ու Հովհաննեսը զայրացան: Նույնը տեղի է ունենում մեզ հետ, երբ բարություն ենք անում ու հանուն դրա նաև ինչ-որ բան զոհաբերում, և երախտագիտության փոխարեն բախվում ենք փակ դռանը։ Իհարկե դա մեզ բարկացնում է և մենք նույնիսկ փորձում ենք ներգրավել Աստծուն՝ սպառնալով երկնային պատիժներով: Սակայն Հիսուս չի ընտրում զայրույթի և դաժան դատապարտման ճանապարհը, այլ մնում է հանգիստ, համբերատար և շարունակում է բարի գործեր անել: Սա թուլություն չէ, քանզի նման կերպ վարվելու համար անհրաժեշտ է մեծ ներքին ուժ:

     

    Դժվար պահերին տրվելով զայրույթին՝ մենք հետևում ենք մեր բնազդներին, քանի որ շատ ավելի դժվար է տիրապետել ինքդ քեզ և վարվել Հիսուսի նման, Ով, ինչպես Ավետարանն է ասում, գնաց «ուրիշ գյուղ» (տես՝ Ղկ. 9, 56), պարազաբանեց Նորին Սրբությունը. «Սա նշանակում է, որ եթե մեր առջև դուռ են փակում, ապա մենք ուղղակի պետք է առանց կշտամբանքի հեռանանք այդ դռնից և մի ուրիշ տեղ բարություն անենք։ Ահա թե ինչ է սովորեցնում մեզ Հիսուս. լինել հանգիստ մարդ, գոհանալ ու բավարարվել արված բարի գործերով և չփնտրել մարդկանց հավանությունը»։

     

    Մենք կարծում ենք, որ բարիք գործելու մեր նախանձախնդրությունը բխում է արդարության զգացումից, սակայն իրականում դա հաճախ մեր հպարտությունն է՝ զուգակցված մեր թուլակամության, դյուրաբորբոքության և անհամբերության հետ, ասաց Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության ավարտին. «Ուրեմն եկե՛ք խնդրենք Հիսուսից մեզ իրեն նմանվելու ուժ տա, որպեսզի կարողանանք հաստատակամորեն հետևել Նրան ծառայության այդ ճանապարհին: Որպեսզի չլինենք վրեժխնդիր և անհանդուրժող դժվարությունների ժամանակ, երբ մենք ինչ-որ բան ենք զոհաբերում հանուն այդ բարիքի, իսկ մյուսները մեզ չեն հասկանում»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments