• Հավերժական երիտասարդությունը «վտանգավոր հալյուցինացիա է»

    Հիմա «ժողովրդագրական ձմեռ» է, իսկ նման անհավասարակշռությունը հանգեցնում է էական հետևանքների։ Գերիշխող մշակույթը մեծարում է երիտասարդությունը՝ այսինքն անհատին, ով մնում է հավերժ երիտասարդ: «Սակայն ճիշտ է արդյո՞ք, որ երիտասարդությունը իմաստով լի կյանքի ամբողջությունն է, իսկ ծերությունը միայն նրա ավերածությունն ու կորուստը»։


    Փետրվարի 23-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկսեց քրիստոնեական ուսուցումների նոր շարք, որի թեման է ծերությունը:

     

    Նորին Սրբությունն ասաց, որ մոտակա ընդհանուր ունկնդրությունների ժամանակ նա խոսելու է ծերության իմաստի ու արժեքների մասին՝ Աստծո Խոսքով ոգեշնչված, և պարզաբանեց թեմայի ընտրությունը. «Ահա արդեն մի քանի տասնամյակներ կյանքի այս տարիքն ունեցող «նոր ժողովրդի», այսինքն տարեցների թիվը մարդկության պատմության մեջ երբեք այսքան շատ չի եղել»,  նրանց երբեք չի սպառնացել մերժված և որպես «ծանր բեռ» անտեսված լինելու վտանգը: Սրբազան Քահանայապետը հիշեցրեց տարեցների իրավունքների կանոնադրության և նրանց հանդեպ հասարակության պարտավորությունների առկայության մասին. այդ փաստաթղթերը ընդունել են կառավարությունները, այլ ոչ թե Եկեղեցին և խորհուրդ տվեց դրանք կարդալ։

     

    «Միգրացիայի հետ մեկտեղ ծերությունն ամենահրատապ հարցերից է, որին այսօր կոչված է պատասխանելու մարդկային ընտանիքը», – շարունակեց Նորին Սրբությունը՝ պարզաբանելով, որ խոսքը ոչ միայն քանակի, այլ նաև «կյանքի փուլերի միասնության» մասին է: Մենք բոլորս պետք է մտածենք արդյո՞ք կա բարեկամություն, դաշինք տարբեր տարիքի մարդկանց միջև, թե՞ գերակայում են բաժանումներն ու մերժումը։

    Մենք բոլորս ապրում ենք մի աշխարհում, որտեղ կան երեխաներ, երիտասարդություն, մեծահասակներ, տարեցներ, սակայն այսօր համաչափությունը փոխվել է. երկարակեցությունը դարձել է զանգվածային, իսկ աշխարհի շատ շրջաններում «մանկությունը բաշխվում է փոքր չափաբաժիններով»։ Հիմա «ժողովրդագրական ձմեռ» է, իսկ նման անհավասարակշռությունը հանգեցնում է էական հետևանքների։ Գերիշխող մշակույթը մեծարում է երիտասարդությունը՝ այսինքն անհատին, ով մնում է հավերժ երիտասարդ: «Սակայն ճիշտ է արդյո՞ք, որ երիտասարդությունը իմաստով լի կյանքի ամբողջությունն է, իսկ ծերությունը միայն նրա ավերածությունն ու կորուստը»։

     

    «Երիտասարդության մեծարումը՝ որպես մարդկային իդեալը մարմնավորելու արժանի միակ տարիք, որը զուգորդվում է ծերության հանդեպ արհամարհանքով, ընկալվում է որպես թուլություն, դեգրադացիա կամ կարողության կորուստ, հենց սա էր քսաներորդ դարի տոտալիտարիզմի գերիշխող պատկերը»:

     

    Կյանքի տևողության աճը փոխում է անհատների, ընտանիքների և ողջ հասարակության պատմությունը, և մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե արդյո՞ք հասարակության մեջ ծերության ընկալումը համապատասխանում է այս փաստին.

     

    «Արդյո՞ք տարեցները պետք է մեղավոր զգան ուրիշների հաշվին գոյատևելու իրենց համառության համար, թե՞ նրանք արժանի են հարգանքի այն պարգևների համար, որոնք իմաստ են տալիս բոլորի կյանքին»:

     

    Այսպես կոչված «զարգացած» մշակույթներում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, կյանքի իմաստի մասին պատկերացումները ծերությունը գրեթե չեն ներառում: Այս տարիքը համարվում է զուրկ հատուկ բովանդակությունից։ Դրա համար էլ «մի տարիք, որն արդեն գերիշխում է հասարակության մեջ և ընդգրկում ամբողջ կյանքի մեկ երրորդը, երբեմն ունենում է միայն աջակցության ծրագրեր, սակայն կյանքի համար նախագծեր չկան»։

     

    «Երիտասարդությունը գեղեցիկ բան է, սակայն հավերժական երիտասարդությունը շատ վտանգավոր հալյուցինացիա է»,- ընդգծեց Նորին Սրբությունը։ Գեղեցիկ ու կարևոր է նաև ծեր լինելը, և մենք պետք է նորից գիտակցենք ու վերականգնենք սերունդների միության կորցրած շնորհը: Ծերությունը պարգև է բոլորի համար, հասունության և իմաստության պարգև։ Կարևոր է, որպեսզի տարեցները զբաղեցնեն այն տեղը, որը պետք է զբաղեցնի իմաստությունը, սակայն պակաս կարևոր չէ նաև երկխոսությունը, երիտասարդների հետ շփումը։ Միայն նման կամրջի միջոցով է հնարավոր իմաստությունը փոխանցել սերնդեսերունդ: Չպետք է մոռանալ, որ ծերերը կարծես ծառերի արմատներ լինեն, և առանց նրանց կենսատու հյութի ծառը երբեք չի ծաղկի։ Ամեն մի գեղեցիկ բան, որ կա հասարակության մեջ, կապված է այնպիսի արմատների հետ, ինչպիսիք են տարեցները: «Տարեց մարդը անպետք նյութ չէ, այլ օրհնություն է հասարակության համար», – խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց