• Ի՞նչ է Հռոմի Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության բնույթը

    Այս տարի նշելով Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Սուրբ Աթոռը ակնկալում է ապագայում կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք կշարունակեն բարիք բերել ամբողջ հայությանը


    Սուրբ Աթոռի

    համաշխարհային դիվանագիտական ​​հարաբերությունները

     

    Սուրբ Աթոռը պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ ունի 185 պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության [1]: Չնայած նրան որ Վատիկանը Սուրբ Աթոռի մաս է կազմում, սակայն Սուրբ Աթոռը նույնը չէ, ինչ Վատիկան քաղաք-պետությունը: Սուրբ Աթոռը Կաթողիկէ Եկեղեցու համընդհանուր առաջնորդությունն է, որը գտնվում է Վատիկան քաղաք-պետության մեջ, որն ընդգրկում է 0.44 քառակուսի կիլոմետր ինքնիշխան, անկախ տարածք: Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապը ղեկավարում է ինչպես Վատիկան քաղաք-պետությունը, այնպես էլ Սուրբ Աթոռը: Սուրբ Աթոռը խոսում և գործում է համայն Կաթողիկէ Եկեղեցու անունից։ Միջազգային իրավունքում Սուրբ Աթոռը ճանաչված է որպես ինքնիշխան իրավաբանական անձ: Սուրբ Աթոռը գոյություն ունի վաղ քրիստոնեկան ժամանակներից ի վեր։  Ամբողջ աշխարհից դեսպանները պաշտոնապես հավատարմագրված են Սուրբ Աթոռում, այլ ոչ թե Վատիկան քաղաք-պետությունում:

     

    Պապական ներկայացուցիչները կամ Առաքելական Նվիրակները (դեսպանները) պաշտոնապես հավատարմագրված են պետություններում և միջազգային կազմակերպություններում: Առաքելական Նվիրակները ճանաչվում են որպես Սուրբ Աթոռի ներկայացուցիչներ:

     

    Որպես ինքնիշխան մարմին՝ Սուրբ Աթոռը գործում է համաշխարհային հարթակում, և Հռոմի Ֆրանցիսկոս Պապը աշխարհի ամենանշանակալի բարոյական ձայներից է:

     

    Սուրբ Աթոռը ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսի Կաթողիկէ (Ընդհանրական) Եկեղեցին, որը համաշխարհային կրոնական հաստատություն է՝ 1,4 միլիարդից ավելի հավատացյալներով (աշխարհի բնակչության ավելի քան 17,5%-ը), որը իր 500,000 քահանաների, 800,000 քույրերի/միանձնուհիների և 219,655 ծուխերի միջոցով ծառայում է մոլորակի գրեթե ամեն մի անկյունում [2]: Սուրբ Աթոռը արտոնյալ զրուցակցի կարգավիճակ ունի մյուս երկու աբրահամյան կրոնների հետ՝ իսլամի և հուդայականության:

     

    Սրբազան Ֆրանցիսկոս Պապի ներդրումը միջազգային խնդիրների լուծման մեջ կարևոր է բոլոր ազգերի համար: Սուրբ Աթոռը աշխարհի ամենահին, ամենամեծ և իրապես համաշխարհային հաստատություններից մեկն է:

     

    Սուրբ Աթոռը հավատարմագրված դեսպանությունների համար միմյանց լսելու արժեքավոր վայր է: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հաճախ է անդրադառնում այն բազմաթիվ ոլորտներին, որոնց համար Սուրբ Աթոռը և պետությունների միջազգային հանրությունը միասին աշխատում են՝ խաղաղություն, մարդկային արժանապատվություն, սոցիալական արդարություն, ժողովրդավարություն, շրջակա միջավայր և այլն։

     

    Վերջին տարիների ընթացքում Սուրբ Աթոռը նպաստել է մի շարք միջազգային խնդիրների լուծման գործընթացներին։ Օրինակ՝ Բիգլի հակամարտության ժամանակ Չիլիի և Արգենտինայի միջև խաղաղության հաստատման գործընթացին, Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության հաստատելու գործընթացին, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում երկաթյա վարագույրի քանդվելուց հետո անցումային շրջանի գործնթացներին, և այլն:

     

    Ժամանակակից աշխարհի պետական բարձրաստիճան անձերից մեկը՝ Թագուհի Ելիզաբեթը ասել է. «Մենք խորապես գնահատում ենք Սուրբ Աթոռի ներգրավվածությունը… Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տոտալիտար ռեժիմների անկման գործընթացում, ինչը հարյուր միլիոնավոր մարդկանց ավելի ազատություն տվեց: Սուրբ Աթոռը շարունակում է կարևոր դեր խաղալ միջազգային այնպիսի հարցերում ինչպիսիք են՝ խաղաղության հաստատման և զարգացման գործընթացներին աջակցությունը, և աղքատությանն ու կլիմայի փոփոխությանը վերաբերվող  ընդհանուր խնդիրների լուծումը»[3]:

    Հռոմի Պապերը դարերի ընթացքում, ներառյալ Ֆրանցիսկոս Պապը, համաշխարհային առաջատար գործիչ են եղել` մարդկային արժանապատվությունը և համերաշխությունը պաշտպանելու գործում, հատկապես, երբ հարցը վերաբերվում է աղքատներին և հասարակությունից արտաքսվածներին: Նա կոչ է արել մարդու վիճակը բարելավելու համար «նոր մոտեցումներ» կիրառել այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են՝ կրոնի ազատությունը, կյանքի որակը, աշխատատեղերի ստեղծումը, կրթությունը, աջակցությունը ընտանիքներին, փախստականներին ու միգրանտներին, և հատկապես հալածյալներին: Նա նաև կոչ է արել բարելավել հիմնական առողջապահությունը, նպաստել աղքատության հաղթահարմանը, հոգ տանել շրջակա միջավայրի մասին և զինաթափվել [4]:

    Սուրբ Աթոռի դիվանագիտությունը ձայն է տալիս նրանց, ովքեր ձայնազուրկ են, և ավելի ծանրակշիռ է դարձնում բարոյական արժեքները Ազգերի միջազգային օրակարգերում:

    Նշումներ.

     

    [1] Annuario Pontificio 2020, Վատիկան 2020, էջ 1266-1319

    [2] Statistiche Santa Sede, 2020, Վատիկան

    [3] Նորին Մեծություն Թագուհու խոսքը ուղղված Հռոմի Պապին, Էդինբուրգ, 16 սեպտեմբերի 2010թ.

    [4] Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Շրջաբերականը «Fratelli tutti», Վատիկան, 2020 թվականի հոկտեմբեր:

     

     

    Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության մշտական ներկայացուցչությունը Հայաստանում

     

     

    Աշխարհի շատ երկրների համար ամենաերկար դիվանագիտական հարաբերությունը Պապական պետության հետ է եղել, որն ինքնին աշխարհի ամենահին դիվանագիտական մարմիններից է:

     

    Կաթողիկէ Եկեղեցու եւ Հայաստանի միջև հարաբերությունները թվագրվում են վաղ քրիստոնեությունից, երբ 2000 տարի առաջ քրիստոնեությունը Երուսաղեմից տարածվեց «հայտնի աշխարհով» մեկ՝ որտեղ հանդիպումները և փոխանակումները փոխակերպվեցին ամենօրյա կյանքին վերաբերող հարցերի քննարկման հարթակի։

     

    Դարերի ընթացքում, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև այս տևական և հարուստ հարաբերությունները շարունակել են ավելի ու ավելի ամրանալ։ Համապատասխանաբար, 2021 թվականին, Հայաստանում՝ Երևանում, Հյուսիսային պողոտայի վրա բացվեց Առաքելական Նվիրակությունը (Սուրբ Աթոռի Դեսպանություն)։

     

    Սուրբ Աթոռի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ժամանակակից պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները սկիզբ են առել 1992 թվականի մայիսի 23-ից, երբ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց անկախություն եւ երկու կողմերն էլ պաշտոնապես հաստատեցին հարաբերությունները:

     

    Սուրբ Աթոռը իր կողմից որպէս առաջին Առաքելական Նվիրակ (Դեսպան) Հայաստանի Հանրապետությունում նշանակեց Նորին Գերազանցություն Ժան-Պոլ Արքեպիսկոպոս Էմէ Գոբելին (1993-1997):

     

    Նրան հաջորդել են Առաքելական նվիրակներ՝  Նորին Գերազանցություն Արքեպիսկոպոս Պետեր Շտեֆան Ցուրբրիգենը (1998-2001), Նորին Գերազանցություն Արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոթին (2001-2011), Նորին Գերազանցություն Արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին (2001-2017) եւ Նորին Գերազանցություն Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բեթթենկուրը (2018թ․-ից մինչև այժմ):

     

    Հայաստանի Հանրապետության հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր, Սուրբ Աթոռը մշտապես ունեցել է դիվանագիտական գործակալներ` Հայաստանի հետ հարաբերությունները խթանելու համար, ինչպես նաև տարբեր հաստատությունների միջև զանազան մակարդակներում այլ նախաձեռնություններ կազմակերպելու համար:

     

    Տարիների ընթացքում Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև շարունակական հարաբերությունների արդյունքում Հայաստանում ձևավորվեցին և սկսեցին աշխատել Մխիթարյան Միաբանությունը, Անարատ Հղության Հայ Քույրերի Միաբանությունը, Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևորականները, Մայր Թերեզայի Գթության քույրերը Սպիտակում և Երևանում, Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը, որը կառուցվել է 1988թ․-ի երկրաշարժից հետո, և Հայկական Կարիտասը։  Այս բոլոր կառույցները հիմնադրվել են համաշխարհային Կաթողիկէ Եկեղեցու ռեսուրսներով և աջակցությամբ:

     

    Այս կաթողիկէ հաստատությունները Հայաստանում արժեքավոր աջակցություն են ցուցաբերել նաև երկրում Սուրբ Աթոռի դիվանագիտական ​​առաքելությանը: Առաջին տարիներին, Առաքելական Նվիրակը կարող էր նաև հենվել Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի գործող Արքեպիսկոպոսի կողմից տրամադրված գրասենյակի վրա:

     

    2019թ․-ին, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը, իր Հայաստան կատարած այցի ընթացքում նշեց, որ «Հայաստանում ներկա բոլոր կաթողիկէ համայնքների (հայ կաթողիկէների, լատինական և այլ ծեսի կաթողիկէների) համատեղ նպատակը միշտ հայ հասարակության բարեկեցության համար աշխատելն է եղել: Մեր համայնքները հիմա էլ շարունակում են աշխատել այս ուղղությամբ՝ հոգևոր, մշակութային, կրթական, բարեգործական և հումանիտար ոլորտներում տարբեր գործունեությունների իրականացման միջոցով» (մամուլի հաղորդագրություն, 9 նոյեմբերի, 2019թ. ՀՀ Արտաքին Գործերի Նախարարություն, Երևան):

     

    Երևանի Հյուսիսային պողոտայում Առաքելական Նվիրակության նստավայրը ժամանակավոր է, քանի որ նպատակ կա կառուցել ավելի հիմնական դիվանագիտական ​առաքելություն, որը բավարար տարածք կունենա՝ Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի առաքելության տարատեսակ գործունեությունների համար: Այս տարի՝ նշելով Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության միջև պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը, Սուրբ Աթոռը ակնկալում է ապագայում կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք կշարունակեն բարիք բերել ամբողջ հայությանը:

     

    Սուրբ Աթոռը և Հայաստանի Հանրապետությունը

     

    Երևանում Առաքելական Նվիրակությունը (Սուրբ Աթոռի Դեսպանություն) Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համերաշխության նշանն է Հայ Ազգի հետ: Նույնիսկ նախքան 1991 թվականին Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետություն միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատվելը, 20-րդ դարի համաշխարհային իրադարձությունները ավելի մտերմացրեցին Սուրբ Աթոռն ու Հայաստանը։

     

    Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդը (1854-1922) այն մարդկանցից է, ով Հայաստանի կողմից մեծ պատվի է արժանացել՝ հանուն հայերի կատարած իր դիվանագիտական գործունեության և կոչերի համար: 1946թ․-ին Պիոս XII Պապը Հավատքի Տարածման Միաբանության Կարդինալի և Պրեֆեկտի տիտղոս շնորհեց Աստծո Ծառա Գրիգոր Պետրոս ԺԵ. Աղաջանյանին (1895-1971): Պիոս XII-ը նրան վստահեց «հովվական» գործառույթ՝ ներկայացնել Սուրբ Աթոռը միջազգային լայն հարթակներում։

     

    1992 թվականի հոկտեմբերին, խորհրդային ճնշող ռեժիմի անկումից հետո, Արևելյան Եկեղեցիների Միաբանության պրեֆեկտը՝ Կարդինալ Աքիլե Սիլվեստրինին, կարողացավ այցելել Հայաստան և անմիջական կապեր հաստատել: Իսկ 20 տարի առաջ, 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապն ինքը այցելեց Հայաստան: Ավելի ուշ՝ 2015թ․-ի ապրիլին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Սուրբ Պետրոսի տաճարում, Սուրբ Պատարագ մատուցեց հայ հավատացյալների համար, որին մասնակցում էին քաղաքացիական և կրոնական բարձրագույն պաշտոնյաներ: 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայ  վանական և բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական Եկեղեցու վարդապետ»: 2016 թվականի հունիսի 24 -ին Հայաստանն ընդունեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, ով այցելեց Երևան, Էջմիածին և Գյումրի: Տարիների ընթացքում Հռոմի Կաթողիկէ Եկեղեցուց Հայաստան են այցելել տարբեր բարձրաստիճան հոգևորականներ:

     

    Հայկական կողմից, երկրի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները՝ ներառյալ նախագահները և արտաքին գործերի նախարարները, տարբեր առիթներով այցելել են Վատիկան։ Հայաստանի հոգևոր առաջնորդները նույնպես կարևոր այցեր են կատարել Վատիկան։ Հատկանշական են տարիների ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․-ի՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այցելությունները Հռոմի Պապեր Հովհաննես Պողոս Բ-ին, Բենեդիկտոս ԺԶ-ին և Ֆրանցիսկոսին։

    Սուրբ Աթոռը Հարավային Կովկասում երկխոսության և խաղաղության հաստատման անդադար կոչ է անում։  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջինն էր համաշխարհային առաջնորդներից, ով 2020թ․-ի հուլիսին կոչ արեց Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատել և մինչ օրս էլ շարունակում է այս հստակ կոչը՝ օգտագործելով Սուրբ Աթոռի դիվանագիտական կապերը տարածաշրջանում երկխոսությանը և երկարատև փոխըմբռնմանը ի նպաստ։

    Երևանում նորաբաց Առաքելական Նվիրակությունը կարևոր ազդակ է Հայաստանի և միջազգային հանրության համար։ Երևանում Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության բացումը ինքնին արդեն խոսք է օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, մարդասիրական գործակալություններին և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են տարածաշրջանում երկխոսության և խաղաղության հաստատման գործում։

     

    Հոդվածները սիրով տրամադրեց՝

    Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակ Ժոզե Արքեպս. Բեթթենկուրը

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930