• Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոսը հյուրընկալվեց «Սանտ Էջիդիո» հասարակության կողմից

    «Խաչն ու Հարուցյալը միշտ եղել են հայ ժողովրդի նպատակակետը»


    «Հասարակության պատմության ճանապարհը որոշ չափով միահյուսված է հայ ազգի պատմության ճանապարհի հետ։ Ազգ, որին Տերն ընտրեց, որպեսզի դարերի ընթացքում վկայի համայն մարդկության Փրկչի գալուստը», ասաց Ամենապատիվ Հոգևոր Տերը, և մեկնելուց առաջ հիշեց, որ Հռոմի Սուրբ Բարդուղիմեոս Եկեղեցին, որն այժմ հանձնված է Սանտ Էջիդիո հասարակության խնամքին, և որտեղ գտնվում է Երանելի Ինգնատիոս Եպիսկոպոս Մալոյանի մի մասունքը, եղել է երջանկահիշատակ Կարդինալ Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյան Կաթողիկոսի Կարդինալական աթոռը։

     

    Սեպտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին, Հռոմի Տրաստևերե թաղամասի Տիրամորը նվիրված «Սանթա Մարիա Ին Տրաստևերե» բազիլիկայում տեղի ունեցավ աղոթական հանդիպում, որը կազմակերպել էր Սանտ Էջիդիո հասարակությունը, որի պատվո հյուրն էր Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը և Հայ Կաթողիկէ եպիսկոպոսները։

     

    Աղոթքի ընթացքում Պատրիարքը ներկաներին նախ շնորհակալություն հայտնեց հրավերի և բարեկամության համար, ապա նաև՝ «աղոթքի համար, որը մեր քրիստոնեական կյանքի շարժիչ ուժն է», ասաց Նա՝ մատնանշելով Սանտ Էջիդիո հասարակության հայ ազգի հետ ունեցած հատուկ բարեկամությունը:

    Մեջբերելով Հիսուսի «Ես եմ Բարի Հովիվը։ Բարի Հովիվը իր կյանքը տալիս է ոչխարների համար: Իսկ վարձկանը, որը հովիվ չէ, տեսնելով այդ քայլը լքում է ոչխարներին և փախչում» խոսքերը՝ Ամենապատիվ Հոգևոր Տերը նշեց, որ «Հիսուսի այս խոսքերը ներշնչում են անդորրություն, անուշություն, դրանք խորիմաստ բառեր են, որոնք մեզ պարգևում են ներքին խաղաղություն»։

     

    «Ձեր առաքելությունը նման է Միակ Բարի Հովվի ներկայացուցիչների առաքելությանը։ Դուք ջանում եք միշտ մոտ լինել ոչխարներին, որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն: Մենք երախտապարտ ենք ձեզ դրա համար, նաև երախտապարտ ենք ձեր տքնաջան հանձնառումի համար՝ ի սպաս խաղաղության և կրոնների ու ժողովուրդների միջև բարեկամության», ասաց Պատրիարքը, հավելելով. «Դուք էլ Բարի Հովվի նման գնում եք փնտրելու կորած ոչխարներին՝ լքված և մեկուսացած անձանց, ովքեր խավարի մեջ են և խնամքի ու ապաստարանի կարիք ունեն»:

     

    «Հասարակության պատմության ճանապարհը, լինի անձնական, թե հասարակական, որոշ չափով միահյուսված է հայ ազգի պատմության ճանապարհի հետ։ Ազգ, որին Տերն ընտրեց, որպեսզի դարերի ընթացքում վկայի համայն մարդկության Փրկչի գալուստը», ասաց Ամենապատիվ Հոգևոր Տերը, և մեկնելուց առաջ հիշեց, որ Հռոմի Սուրբ Բարդուղիմեոս Եկեղեցին, որն այժմ հանձնված է Սանդ Էճիտիոյ հասարակության խնամքին, և որտեղ գտնվում է Երանելի Ինգնատիոս Եպիսկոպոս Մալոյանի մեկ մասունքը, եղել է երջանկահիշատակ Կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանի Կարդինալական աթոռը։

     

    Հոգևոր Տերն անդրադարձավ նաև Սանտ Էջիդիո հասարակության նախագահ պարոն Մարկո Իմպալիացցոյի «Մի պատուհան՝ ջարդի վրա» հատորին, «որի շնորհիվ Իտալիայի հանրությունը ճանաչեց հայոց ցեղասպանության սև էջը», ինչպես նաև խոսեց 2015թ-ին, Հայոց ցեղասպանության հարյուր ամյակի առթիվ լույս տեսած հասարակության հիմնադիր պարոն Անդրեա Ռիքքարտիի «Քրիստոնյաների ջարդը։ Մարտը, հայերը և աշխարհը» խորագրով գրքի մասին, որը «մեծարանք է մեր ազգի հավատքին», ով «արյան և կյանքի գնով չուրացավ քրիստոնեությունը, որի մասին վկայում են մեր անցյալի և ներկայիս նահատակները», ընդգծեց Ամենապատիվ Հոգևոր Տերը։

     

    Խոսելով հայ ժողովրդի ներկայումս ապրած դժվարին ժամանակների մասին թե հայրենիքում, թե սփյուռքում, թե Միջին Արևելքում՝ Նա հաստատեց, որ «Խաչն ու Հարուցյալը միշտ եղել են հայ ժողովրդի նպատակակետը, որ հակառակ դարերի ընթացքում դիմագրաված բոլոր դժվարություններին և աղետներին, ապագային նայել է հույսի աչքերով, այն հույսի ու լույսի, որոնք գալիս են Հարության զորությունից»:

     

    Այս առնչությամբ Հոգևոր Տերը հիշեց մեկ տարի առաջ սկիզբ առած 44-օրյա պատերազմն ու այդ պատերազմի ընթացքում զոհված հազարավոր հայորդիներին, անդրադարձավ Սիրիայում հայության ապրած դժվարություններին, ինչպես նաև Լիբանանի ծանր իրավիճակին: Խոսքի ավարտին ցանկացավ, որ այս աղոթական հանդիպումը լինի վերանորոգված բարեկամության և միասնական համագործակցության կնիքը, որպեսզի «խաղաղության մշակույթը տարածվի համայն աշխարհում և իսկապես հնարավոր լինի ապրել որպես եղբայրներ։ Բոլորս եղբայրներ ենք այն ճանապարհին, որը մեզ ցույց է տալիս Հիսուսը՝ Իսկական և Գլխավոր Բարի հովիվը»։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments