• Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի Խաչվերացի տոնին մատուցած Սբ. Պատարագի քարոզը

    «Խաչը դրոշ չէ, որը մենք բարձրացնում ենք, այլ՝ նոր կենսակերպի մաքուր աղբյուր»


    «Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին […] Աստծո զորությունը և Աստծո իմաստությունը». Սբ. Պողոս առաքյալի Կորնթացիներին (Ա Թուղթ) ուղղված այս խոսքերով Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկսեց քարոզը Սուրբ Պատարագի ժամանակ, որը նա նախագահում էր սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տոնին: Բյուզանդական ծեսով Սուրբ Պատարագը մատուցվեց Պրեշով քաղաքի մարզահամալիրում Նորին Սրբության Սլովակիա առաքելական ուղևորության ընթացքում:

     

    Այսպիսով, տոնական օրվա ավետարանական ընթերցման ժամանակ Քահանայապետը շեշտեց երկու  միտք. Խաչն Աստծո իմաստությունը և զորությունն է, սակայն միաժամանակ դա գայթակղություն և խելագարություն է մարդկային իմաստության տեսանկյունից: Խաչը մահվան գործիք էր, բայց հենց դրանից է բխում կյանքը: Սբ. Հովհաննեսի Ավետարանը օգնում է մեզ հասկանալ այս խորհուրդը: Մտահայելով խաչված Հիսուսին, ավետարանիչը գրում է. «Տեսնողը վկայեց» (տես՝ Հվհ. 19, 35):

     

    Այսպիսով, Սբ. Հովհաննես առաքյալը տեսնում և վկայում է: Ի՞նչ է նա տեսնում Քրիստոսի Խաչի տակ: Իհարկե, պարզաբանում է Նորին Սրբությունը, նա տեսնում է այն, ինչ տեսել են բոլորը՝ անմեղ և բարի Հիսուսին, Ով տառապանքով մահանում է երկու չարագործների միջև:

    «Խոսքը վերաբերում է անարդարության բազմաթիվ դրսևորումներից մեկին, մեկը բազմաթիվ արյունոտ զոհաբերություններից, որոնք չեն փոխում պատմությունը: Սա հերթական ապացույցն է այն բանի, որ աշխարհում իրադարձությունների ընթացքն անփոփոխ է. լավերին հեռացնում են, իսկ վատերը հաղթում և բարգավաճում են»:

     

    Իսկապես, աշխարհի աչքերում Խաչը պարտություն է, և մեզ բոլորիս սպառնում է այդ մակերեսային հայացքի վրա կանգ առնելու վտանգը: Խոսքը մեծ գայթակղության մասին է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. ձգտել «հաղթողների քրիստոնեությանը, որն ունի իմաստ և նշանակություն, ստանում է փառք ու պատիվ: Սակայն քրիստոնությունն առանց խաչի ամբողջովին աշխարհիկ և անպտուղ է»:

     

    Սբ. Հովհաննեսը Տիրոջ Խաչի մեջ տեսավ Աստծո արարքը, որ Տերը պարտություն չի կրել. Աստված ինքնակամ զոհաբերեց Իրեն՝ յուրաքանչյուր անձի համար: Աստված կարող էր հեռու մնալ մեր թշվառ ու անողոք պատմությունից, սակայն Նա ցանկացավ ընկղմվել դրա մեջ, ընդ որում ամենադժվար ձևով՝ Խաչի վրա: Ինչու՞ Նա դա արեց: Քանզի ցանկացավ, որ աշխարհում որևէ մեկը, ինչպիսի անհույս իրավիճակում էլ լիներ, Նրան տեսնելու հնարավորությունից չզրկվեր. հենց այնտեղ՝ իր հուսահատության, խավարի, միայնության, սեփական թշվառության և սխալների մեջ:

     

    Որոշ սրբեր, շարունակեց Նորին Սրբությունը, ասում էին, որ խաչը գիրք է, որը պետք է բացել և կարդալ: Միայն գեղեցկության համար գիրքը ձեռք բերել պետք չէ, նույնը վերաբերում է խաչին: Մենք մեր շուրջը շատ խաչեր ենք տեսնում՝ մարդկանց կրծքերին, տներում, ավտոմեքենաներում: Սակայն նրանք կորցնում են իրենց իմաստը, եթե մենք կանգ չենք առնում և չենք նայում Խաչյալին, մեր սրտերը բաց չենք անում Նրա առջև, անտարբեր ենք մնում Նրա վերքերի նկատմամբ: Այդ ժամանակ Խաչը մեզ համար մնում է փակ և չկարդացված մի գիրք, որի անունը և հեղինակին գիտենք, սակայն այն որևէ կերպ չի ազդում մեր կյանքի վրա:

     

    «Եկե՛ք Խաչը չվերածենք պարզապես երկրպագության առարկայի՝ առանց Քրիստոսի, առավել ևս՝ քաղաքական խորհրդանիշի, կրոնական և հասարակական նշանակության նշանի»:

     

    Խաչյալին մտահայելուց հետո բխում է հաջորդ քայլը՝ վկայությունը: Երբ մենք հայացքով ընկմվում ենք Հիսուսի մեջ, Նրա դեմքը արտացոլվում է մեր դեմքին, Նրա դիմագծերը դառնում են մեր դիմագծերը: Սրբազան Քահանայապետը հիշատակեց մեծաթիվ սլովակ նահատակների, ովքեր եղել են Քրիստոսի վկաները և մահացել Նրա անվան համար: Սակայն այսօր ևս քրիստոնեական վկայությունների հնարավորության պակաս չկա:

     

    «Փա՜ռք Աստծո, այստեղ ոչ ոք չի հալածում քրիստոնյաներին, ինչպես դա տեղի է ունենում աշխարհի բազմաթիվ երկրներում: Սակայն վկայությունը կարող է թուլացած լինել աշխարհիկությամբ և միջակությամբ: Խաչը պահանջում է հստակ վկայություն, քանի որ Խաչը դրոշ չէ, որը մենք բարձրացնում ենք, այլ՝ նոր կենսակերպի մաքուր աղբյուր»:

     

    Քարոզի ավարտին Նորին Սրբությունը հորդորեց չմոռանալ մեզ հավատքով սնուցող և դաստիարակող մարդկանց մասին. «հենց նրանք են մեր հերոսները, մեր առօրյա կյանքի հերոսները»: Հենց այդ մարդիկ են փոխում պատմության ընթացքը. Հավատքը տարածվում է ոչ թե նշանների, այլ՝ վկայությունների շնորհիվ:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց աղոթել Սուրբ Կույս Մարիամին, որ Նա մեզ «մեր սրտերը Խաչյալին ուղղելու շնորհ տա, քանզի այդ ժամանակ մեր հավատքը կծաղկի և կհասունան մեր վկայության պտուղները»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930