• Սրտի խլությունը. Քահանայապետի կիրակնօրյա քարոզը

    «Եղբայրնե՜ր և քույրե՜ր, գոյություն ունի ներքին խլության տեսակ, որից բուժվելու համար պետք է խնդրենք Հիսուսին, որ դիպչի մեզ և ապաքինի»


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը` «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, նախազգուշացրեց սրտի խլության մասին, որը դրսևորվում է շրջապատի մարդկանց նկատմամբ անտարբերությամբ և նրանց ցավն ու անհանգստությունը ընկալելու անկարողությամբ:

     

    Օրվա ավետարանական ընթերցման հատվածում Հիսուս բժշկում է խուլուհամր մարդուն: «Հետաքրքիր է, թե ինչպես է Տերը կատարում այդ հրաշքը», – ընդգծեց Նորին Սրբությունը: «Հիսուս նրան ամբոխից մի կողմ է տանում, Իր մատները դնում նրա ականջների մեջ և թքում, ապա բռնում է նրա լեզվից, դեպի երկինք նայում, հոգոց հանում և ասում. «Եփփաթա», որ նշանակում է բացվիր» (Մկ. 7,33-34):

     

    «Նմանատիպ հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են անդամալուծությունը կամ բորոտությունը, Հիսուսն այդքան ժեստեր չի անում: Ինչու՞ է Նա դա անում, չէ որ Նրան խնդրեցին միայն Իր ձեռքը դնել հիվանդի վրա (տես՝ Մկ 7,32): Ինչու՞ է Նա այդ ժեստերն անում: Գուցե այն պատճառով, որ այդ մարդու վիճակը հատուկ խորհրդանշական նշանակություն ունի: Խլությունը և համրությունը հիվանդություններ են, սակայն նաև խորհրդանիշ են, և մենք բոլորս այդ խորհրդանիշին ասելիք ունենք: Ինչի՞ մասին է խոսքը: Խլության: <…> Մենք բոլորս ականջներ ունենք, սակայն հաճախ չենք լսում: Ինչու՞: Եղբայրնե՜ր և քույրե՜ր, գոյություն ունի ներքին խլության տեսակ, որից բուժվելու համար պետք է խնդրենք Հիսուսին, որ դիպչի մեզ և ապաքինի: Այդ ներքին խլությունը ավելի վատ է, քան ֆիզիկականը, քանի որ դա սրտի խլություն է»:

     

    Շտապելիս, երբ պետք ասել և հազար ու մի գործ անել, մենք ժամանակ չենք գտնում, որպեսզի կանգնենք և լսենք նրանց, ովքեր մեզ հետ խոսում են, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Մենք ռիսկի ենք դիմում դառնալ անընկալունակ այն ամենի նկատմամբ, ինչը շրջապատում է մեզ, և չնկատել նրանց, ովքեր ոչ այնքան մեր խոսքերի և քարոզների կարիքն ունեն, որքան լսելի լինելու ցանկություն: Այդ մարդիկ են երեխաները, երիտասարդությունը, տարեցները: Թող յուրաքանչյուրը հարցնի ինքն իրեն, կոչ արեց Նորին Սրբությունը, թե ինչպե՞ս է լսում: Արդյո՞ք մեզ անհանգստացնում է այլ մարդկանց կյանքը, արդյո՞ք մենք ունակ ենք ժամանակ տրամադրել մեզ շրջապատող մարդկանց՝ նրանց լսելու համար: Դա վերաբերում է մեզ բոլորից, սակայն հատկապես քահանաներին, ընդգծեց Նորին Սրբությունը, քանզի քահանան պետք է լսի մարդկանց և հասկանա, թե ինչպես պետք է օգնի նրանց: Ամենից առաջ, մենք բոլորս պետք է լսենք, հետո պատասխանենք, այլ ոչ այնպես, ինչպես դա տեղի է ունենում ընտանիքում. մարդիկ խոսում են՝ միմյանց չլսելով կամ թույլ չտալով, որ դիմացինը մինչև վերջ խոսի՝ միշտ կրկնելով նույն բանը:

     

    «Երկխոսությունը վերականգնելու համար հաճախ խոսքեր պետք չեն, այլ անհրաժեշտ է լռություն, պետք չէ դիմացինին պարտադրել քո կարծիքը, այլ անհրաժեշտ է համբերատար լսել, իմանալ նրա խնդիրների մասին, հասկանալ, թե ինչն է նրան տանջում: Սրտի բուժումը սկսվում է լսելու ունակությունից»:

     

    Այդ կանոնը գործում է նաև Տիրոջ հետ մեր հարաբերություններում. նախ լսիր, հետո ասա քո խոսքը, շարունակեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Մենք ճիշտ ենք վարվում՝ բառացիորեն «ծանրաբեռնելով» Տիրոջը մեր խնդրանքներով, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե մենք նախ լսեինք Նրան: Հիսուս Ինքն է այդ մասին խնդրում: Ավետարանում, երբ Նրան հարցնում են, թե պատվիրաններից որն է առավել կարևոր, Նա պատասխանում է. «Լսի՛ր, Իսրայել»: Այնուհետև ասում է առաջին պատվիրանը. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով […], սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես քո անձը»: Սակայն նախ «Լսի՛ր, Իսրայել»: Լսի՛ր: Արդյո՞ք մենք հիշում ենք, որ պետք է լսել Տիրոջը: Մեր շուրջը հնչող հազարավոր բառերի շարքում արդյո՞ք մենք՝ քրիստոնյաներս, գտնում ենք ժամանակ, որ մեր մեջ հնչեն մի քանի բառեր Ավետարանից: Հիսուսը Խոսքն է. եթե մենք կանգ չենք առնում Նրան լսելու համար, ապա Նա անցնում է մեր կողքով: Սուրբ Օգոստինոսն ասում էր. «Ես վախենում եմ Տիրոջից, երբ Նա անցնի մեր կողքով»: Դա վախ է, որ առանց Նրան լսելու բաց չթողնենք: Սակայն եթե մենք ժամանակ տրամադրենք Ավետարանին, ապա կբացահայտենք մեր հոգևոր առողջության գաղտնիքը: Ահա սա՛ է բաղադրատոմսը. լռել և շատ լսել, ավելի շատ Աստծո Խոսքերն ասել և քիչ կիրառել դատարկ խոսքեր: Միշտ ձեռքի տակ Աստվածաշունչ ունենալ, որը հավատարիմ նեցուկ է ցանկացած իրավիճակում: Այսօր, ինչպես և մեր Մկրտության օրը, մենք լսում ենք մեզ ուղղված Հիսուսի խոսքը. «Եփփա՛թա՝ բացվի՛ր»: Բացի՛ր ականջներդ: Ես ցանկանում եմ լսել Քո Խոսքը Հիսուս, բժշկի՛ր իմ սիրտն անտարբերությունից, շտապողականությունից և անհամբերությունից»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն աղոթեց Սուրբ Կույս Մարիամին և խնդրեց Նրա մայրական օգնություն` Իր բոլոր զավակների համար, որպեսզի նրանք միշտ կարողանան լսել Տիրոջ Խոսքն Ավետարանում և հնազանդ, համբերատար ու հոգատար սրտով ականջ դնեն իրենց քույրերին ու եղբայրներին:

     

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments