• Քահանայապետը շարունակում է մեկնաբանել Գաղատացիներին ուղղված նամակը

    Հրեական Օրենքի դաստիարակիչ բնույթը և շնորհը՝ Քրիստոսով


    «Մանկության տարիներին ժառանգը ոչնչով չի տարբերվում ծառայից, չնայած որ նա ամեն ինչի տերն է, քանզի նա ենթակա է խնամակալներին և վերակացուներին մինչև հոր սահմանած ժամանակը: Մենք նույնպես, դեռ մանկության տարիներից, գերի ենք եղել բնության տարերային ուժերին»:

     

    Օգոստոսի 18-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց խորհրդածությունը Օրենքի մասին՝ Սբ. Պողոս առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակից: Նորին Սրբությունն ասաց, որ Սբ. Պողոսը «սիրահարված էր Հիսուս Քրիստոսին և լավ հասկանում էր, որ կա փրկություն»: «Խոստման որդիները», ասում էր նա, «Օրենքի կապանքի տակ չեն», այլ կանչված են պատասխանատու կյանքի համար՝ Ավետարանի ազատության մեջ: Այդ դեպքում ո՞րն է Օրենքի դերը: Պողոսը համոզված է, որ Օրենքն ունի դաստիարակչական նշանակություն՝ այն «ուսուցիչ» է, իսկ փրկության պատմությունը բաժանվում է երկու մասի. նախքան Հիսուս Քրիստոսին հավատալը, և հավատքն ընդունելուց հետո: Այդ ժամանակահատվածի գլխավոր իրադարձություններն են Հիսուսի մահը և հարությունը: Այսպիսով, եթե մենք սկսենք Քրիստոսի հանդեպ հավատքից, ապա Օրենքի հետ կապված ևս եղել է «առաջ» և «հետո». նախորդ պատմության ժամանակ «Օրենքի տակ էինք», սակայն հետո առաջնորդվեցինք «Հոգով» (Տես՝ Գաղ. 5,25). «Օրենքի տակ» արտահայտությունը հենց ինքնին ստիպում է մտածել ստրկության մասին: Ըստ Սբ. Պողոսի, այդ վիճակը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդն ապրում է մեղքի մեջ: Առաքյալն ավելի համակարգված է քննարկում փոխհարաբերություններն Օրենքի և մեղքի միջև Հռոմեացիներին ուղղված նամակում, որը գրվել է Գաղատացիներին ուղղված նամակից մի քանի տարի անց:

     

    Օրենքը, ըստ Սբ. Պողոսի, Աստծո մեծահոգությունն էր Իր ժողովրդի նկատմամբ: Իհարկե, Օրենքը սահմանափակող գործառույթ ուներ, բայց միևնույն ժամանակ այն պաշտպանում էր մարդկանց, հրահանգում նրանց, կարգապահություն սահմանում և աջակցում:

     

    Նորին Սրբությունը մեկնաբանեց Գաղատացիներին ուղղված նամակի IV գլուխը. «Մանկության տարիներին ժառանգը ոչնչով չի տարբերվում ծառայից, չնայած որ նա ամեն ինչի տերն է, քանզի նա ենթակա է խնամակալներին և վերակացուներին մինչև հոր սահմանած ժամանակը: Մենք նույնպես, դեռ մանկության տարիներից, գերի ենք եղել բնության տարերային ուժերին»: Պողոսը ցանկանում է ասել, որ Օրենքի գործառույթը սահմանափակված է ժամանակի մեջ, քանզի այն կապված է մարդկանց հասունացման և ազատության օգտին նրանց ընտրության հետ. «Երբ մենք գալիս ենք հավատքի, Օրենքը սպառում է իր գործառույթը և պետք է զիջի»:

     

    Օրենքի արժեքի վերաբերյալ Պողոսի պատգամը մեծ նշանակություն ունի և պետք է պատշաճ ուշադրությամբ ուսումնասիրել՝ երկիմաստությունից և սխալ քայլերից խուսափելու համար: Մենք պետք է հասկանանք, թե ինչ ժամանակաշրջան ենք ապրում. մենք դեռ Օրենքի կարիքն ունենք, թե համոզված ենք, որ շնորհ ենք ստացել՝ Աստծո զավակները դառնալու և սիրո մեջ ապրելու համար, ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments