• Խոնարհությունը դեպի երկինք տանող ճանապարհ է

    «Նայելով Սուրբ Մարիամ Աստվածածնին՝ կարող ենք ասել, որ խոնարհությունը դեպի երկինք տանող ճանապարհ է»


    Սուրբ Կույս Մարիամի Վերափոխման տոնին գլխավորելով «Հրեշտակ Տեառն» աղոթքի ընթերցումը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Երկինք հասնելու «գաղտնիքը» սեփական փոքրության գիտակցումը և ծառայությունն է, որը միշտ բնորոշ է եղել Սուրբ Կույս Մարիամին:

     

    Պատարագի ժամանակ ավելի զորեղ ու արտահայտիչ է հնչում Մարիամի «Մեծացուսցէ…»-ն, ընդգծեց Նորին Սրբությունը. «Գովաբանության այս օրհներգը կարծես Աստվածամոր «լուսանկարը» լինի: Մարիամն «ուրախացավ Աստծով, որ Նա նկատեց Իր ծառայի խոնարհությունը» (տես՝ Ղկ. 1,47-48): Կարևոր խոսքը խոնարհությունն է, հենց դա է Մարիամի գաղտնիքը, քանզի Նրա մեջ հենց դա նկատեց Աստված: Մարդու աչքը միշտ վեհություն է փնտրում և հեշտությամբ հիանում նրանով, ինչը գրավում է աչքերը: Սակայն Աստված չի նայում արտաքինին, Նա նայում է սրտին (տես՝ 1 Թագ. 16, 7) և հիացած է խոնարհությամբ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Այսօր, նայելով Սուրբ Մարիամ Աստվածածնին՝ կարող ենք ասել, որ խոնարհությունը դեպի երկինք տանող ճանապարհ է»:

     

    Աստված մեզ բարձրացնում է ոչ թե մեր ունակությունների, հարստության ու ճարտարության համար, այլ՝ հանուն մեր խոնարհության, ասաց Նորին Սրբությունը և առաջարկեց խորհել այն մասին, թե արդյոք մենք խոնարհ ենք.

    արդյո՞ք մենք փնտրում ենք ճանաչում,

    փորձու՞մ ենք ինքնահաստատվել,

    գովասանքի՞ արժանանալ, թե ձգտում ենք ծառայել ուրիշներին:

    Արդյո՞ք մենք լսում ենք, ինչպես Մարիամը, թե սիրում ենք խոսել և ուշադրություն գրավել: Արդյո՞ք մենք կարողանում ենք լռել, ինչպես Մարիամը, թե միշտ դատարկ խոսակցություններ ենք ունենում: Արդյո՞ք մենք գիտենք ինչպես նահանջել՝ վեճերից ու կռիվներից խուսափելու համար, թե պարտադիր պետք է պնդենք մեր սեփական կարծիքը՝ հաղթելու համար:

     

    Մարիամն Իր փոքրությամբ առաջինն էր, որ ընդունվեց Երկինք:  Նրա հաջողության «գաղտնիքը» Իր իսկ փոքրության և աղքատ լինելու հանգամանքը գիտակցելն է: Միայն նա, ով ընդունում է իր ոչ ոք լինելը, կարող է Աստծուց ստանալ ամեն ինչ: Դրա համար անհրաժեշտ է ազատվել գաղափարներից, պատկերացումներից, ցանկություններից, որպեսզի հետո Աստված կարողանա մեզ լցնել Իրենով.

     

    «Մարիամը լի է շնորհով՝ հենց խոնարհության շնորհիվ: Մեզ համար ևս խոնարհությունը մեկնակետ է, մեր հավատքի սկիզբը: Անհրաժեշտ է լինել հոգով աղքատ, այսինքն՝ զգալ Աստծո կարիքը: Ով լի է ինքն իրենով, Աստծուն տեղ չի տալիս, իսկ մենք հաճախ լի ենք հենց ինքներս մեզանով, սակայն նա, ով խոնարհության մեջ է, թույլ է տալիս Աստծուն մեծ գործեր կատարել»:

     

    Իր «Աստվածային կատակերգության» մեջ Դանթեն Սուրբ Կույս Մարիամին անվանում է «ամենքից խոնարհ և վեհ»: Եվ պատմության մեջ այդ ամենախոնարհ ու վեհ էակը, ով առաջինն արժանացավ հոգով և մարմնով երկինք ընդունվելու շնորհին, սովորական կյանք էր վարում ընտանեկան օջախում, հիշեցրեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Նրա օրերը, ով լցվեց շնորհով, տպավորիչ չէին, միապաղաղ էին և լուռ. արտաքուստ դրանց մեջ արտառոց ոչինչ չկար: Սակայն Աստծո հայացքը Նրան էր ուղղված՝ հիացած Նրա խոնարհությամբ, Իր աստվածային կամքին հնազանդվելուն, հիացած Նրա սրտի գեղեցկությամբ, որին երբեք մեղքը չէր դիպչել»:

     

    Հենց սա՛ է հույսի մեծ ուղերձը մեզ, բոլոր նրանց համար, ում կյանքը միապաղաղ է, ով ծանր ժամանակներ է ապրում, ասաց Նորին Սրբությունը.

     

    «Մարիամն այսօր հիշեցնում է, որ Աստված մեզ այդ փառահեղ ճակատագրի կոչն է անում: Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Դա ճշմարտությունն է: Դա հորինված գեղեցիկ ավարտ, բարեպաշտական պատրանք կամ կեղծ մխիթարություն չէ: Ո՛չ, սա իրականություն է՝ կենդանի և իսկական, ինչպես Աստվածամայրը: Եկե՛ք այսօր Նրան փառաբանենք, ինչպես սիրող երեխաներ, ուրախությամբ, սակայն խոնարհությամբ՝ ոգեշնչված այն հույսով, որ մի օր մենք Նրա հետ կլինենք երկնքում»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.` Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930