• Սրբազան Քահանայապետը՝ մտահայեցական աղոթքի մասին

    «Քրիստոնեական աղոթքի գլխավոր չափանիշը վերազանցական (տրանսցենդենտալ) հանդիպումն է Աստծո հետ»


    Ապրիլի 28-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խոսեց մտահայեցության՝ մեդիտացիայի, քրիստոնեական աղոթքի ևս մեկ կարևոր միջոցի մասին:

     

    Քրիստոնյայի համար «մտահայել»՝ նշանակում է որոնել իմաստը, պարզաբանեց Նորին Սրբությունը, այսինքն «կանգնել Հայտնության հզոր էջի առջև՝ փորձելով այն դարձնել քոնը և ամբողջությամբ ընկալել», քանզի երբ մենք ընդունում ենք Աստծո Խոսքը, ապա այդ Խոսքը պետք է հանդիպի մեկ ուրիշ գրքի՝այսինքն  մեր կյանքի գրքի հետ: Հենց սա է մեդիտացիայի էությունը:

     

    Մեդիտացիայի պրակտիկան լայն տարածում է ստացել վերջին տարիներին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Մեդիտացիայի մասին խոսում են ոչ միայն քրիստոնյաները, քանի որ մեդիտացիայի պրակտիկան տարածված է աշխարհի գրեթե բոլոր կրոններում, ինչպես նաև այն մարդկանց շրջանում, ովքեր չունեն որևէ կրոնական հայացքներ: Դա բացատրվում է նրանով, որ բոլոր մարդիկ էլ ունեն խորհրդածելու, իրենք իրենց որոնելու կարիք, իսկ մեդիտացիան դառնում է առօրյա սթրեսը և դատարկությունը հաղթահարելու միջոց:

     

    Սակայն քրիստոնեությունում մեդիտացիան ունի այլ առանձնահատկություն: Մկրտված մարդու աղոթքն անցնում է միայն մեկ դռնով՝ Հիսուս Քրիստոսի միջով: Այդ նույն ճանապարհին է հետևում նաև մեդիտացիան: Աղոթելիս քրիստոնյան չի ձգտում ներթափանցել ինքն իր մեջ, չի փնտրում սեփական «ես-ի» անտեսանելի հիմքերը: Այս ամենը հնարավոր է, սակայն քրիստոնեական աղոթքի գլխավոր չափանիշը վերազանցական (տրանսցենդենտալ) հանդիպումն է Աստծո հետ: Եթե ​​աղոթքը հանգեցնում է ներքին խաղաղության, ինքնատիրապետման կամ պարզության, ապա կարելի է ասել, որ դա քրիստոնեական աղոթքի շնորհի կողմնակի հետևանքներն են, որը Հիսուսի հետ հանդիպումն է: Այդ հանդիպումն իրականացվում է Աստվածաշնչյան բառերի շուրջ խորհրդածելիս:

     

    «Մեդիտացիա» բառը պատմության ընթացքում ստացել է տարբեր իմաստներ, քրիստոնեության մեջ այն ևս ունի տարբեր հոգևոր պրակտիկաներ, որը հիմնված է բազմազան մեթոդների վրա: Որոշ մեթոդներ շեշտը դնում են անհատի մտավոր հարթության վրա, իսկ մյուսներն էլ հիմք են ընդունում զգացմունքներն ու հույզերը: Այս բոլոր մեթոդներն էլ արժանի են ուշադրության, քանի որ կարող են նպաստել մարդու ներգրավմանը հոգևոր փորձի մեջ: Սակայն մեթոդը ընդամենը ճանապարհ է, այլ՝ ոչ թե նպատակակետ: Չի կարելի կանգնել ճանապարհին և այն նպատակ համարել՝ կարծես աստվածացնելով ուղին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Այդ ճանապարհով մեզ տանում է Սուրբ Հոգին, քանզի չի կարող լինել քրիստոնեական մեդիտացիա առանց Սուրբ Հոգու, և հենց Նա է մեզ առաջնորդում Քրիստոսի հետ հանդիպմանը:

     

    «Ավետարանում չկա մի էջ, որի վրա մեզ համար տեղ չլինի, – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբութոյւնը: – Քրիստոնյաներիս համար մեդիտացիան Հիսուսի հետ հանդիպելու միջոց է, և միայն այսպես մենք կարող ենք գտնել ինքներս մեզ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments