• Արցախի համար Ն. Ս. Ֆրանցիսկոսի խաղաղության կոչերը. կարճ վերլուծություն

    «Ճշմարիտ կրոնական արժեքներ դավանելը բոլորովին անհամատեղելի է սեփական տեսակետդ բռնության միջոցով ուրիշներին պարտադրելու փորձի հետ՝ օգտագործելով Աստծու սուրբ անունը՝ որպես զենք»


    Այս կիրակի՝ նոյեմբերի 1-ին Հրեշտակ Տեառն աղոթքն ասելուց հետո Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը դարձյալ անդրադարձավ արցախյան պատերազմին: Նա ասաց հետևյալը.

     

    «Չմոռանա՛նք այն ինչ պատահում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ իրար են հաջորդում զինված բախումները՝ դյուրաբեկ հրադադարներով, զոհերի թվի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների և աղոթավայրերի կործանմամբ և քաղաքացիական բնակչության ավելի ու ավելի զանգվածային ներգրավմամբ: Սա ողբերգություն է: Ուզում եմ վերստին ի սրտե դիմել հակամարտության պատասխանատու կողմերին, որպեսզի հնարավորինս շուտ միջամտեն՝ կանխելու անմեղ արյան հեղումը: Թող նրանք չմտածեն բռնության միջոցով հակամարտությունը լուծելու մասին, այլ նվիրվեն անկեղծ բանակցությունների՝ միջազգային հանրության աջակցությամբ: Ես հայտնում եմ իմ մտերմությունը բոլոր տառապյալներին և խնդրում եմ բոլորին դիմել սրբերի բարեխոսությանը՝ այդ տարածաշրջանում կայուն խաղաղության համար աղոթքով». ասել է Նորին Սրբությունը:

     

    Հիշեցնեմ, որ արցախյան պատերազմի ընթացքում սա Նորին Սրբության երկրորդ ելույթն է և աղոթքը՝ ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղության համար: Առաջին անգամ նա խոսեց պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին: Նա կոչ էր արել լուծում գտնել «ոչ թե բռնության և զենքի միջոցով, այլ՝ երկխոսության և բանակցությունների» և խնդրել էր աշխարհի բոլոր քրիստոնյաներին՝ իր հետ միասին աղոթել կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Երկորդ անգամ Քահանայապետը արցախյան գոյամարտին անդադարձավ հոկտեմբերի 11-ին՝ այդպես էլ չկայացած հրադադարի հայտարարումից անմիջապես հետո՝ ասելով.

     

    «Ես բարձր գնահատեցի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնված մարդասիրական նկատառումների համար հրադադարը՝ խաղաղության էական համաձայնության հանգելու նպատակով: Հակառակ նրան, որ ապացուցվեց, թե զինադադարը մնում է չափազանց փխրուն, ես խրախուսում եմ դարձեալ դիմել դրան, և արտահայտում եմ մասնակցությունս մարդկային կորուստների ցավին, կրած տառապանքներին, ինչպես նաև՝ տների և աղոթատեղիների կործանման համար: Ես աղոթում եմ և խնդրում եմ աղոթել զոհերի և բոլոր նրանց համար, որոնց կյանքը վտանգի մեջ է»:

     

    Հռոմի Սրբազան Քահանայապետը՝ որպես Քրիստոսի Ընդհանրական՝ Կաթողիկէ, Եկեղեցու առաջնորդ, որպես Վեմ Եկեղեցու, ըստ տերունական հաստատության, որպես Սուրբ Պետրոս առաքյալի հաջորդ, ունի առաքելություն աղոթելու և աշխատելու ամբողջ աշխարհում և բոլոր ազգերի միջև խաղաղության, երկխոսության և եղբայրական հարաբերությունների հաստատման համար: Նա մշտապես համարձակ կերպով խոսում է ընդդեմ բռնության, պատերազմների, մարդու իրավունքների ոտնահարման, շահագործման, ահաբեկչության, զենք արտադրող և վաճառող, պատերազմ սանձազերծող մի խումբ հարուստների տմարդի վարքագծի դեմ, շեշտում է հայրենի հոգևոր և մշակութային արժեքների, ազգային ինքնության պահպանության սկզբունքները, որոնք հիմնված են Սուրբ Գրքի և Սրբազան Ավանդության վրա: Քահանայապետն ունի աստվածադիր առաքելություն՝ հոգ տանելու երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ արարածի մասին՝ անկախ կրոնից և ազգությունից, արդար կամ ամբարիշտ նկարագրից, սեր գործադրելու և քարոզելու յուրաքանչյուրի՛ հանդեպ՝ ըստ Տիրոջ պատվիրանների և Ավետարանի տրամաբանության:

     

    2016-ին իր կովկասյան տարածաշրջան կատարած այցելությունը Նորին Սրբությունը սկսեց Հայաստանից, որտեղ ծավալուն կերպով խոսեց խաղաղության մասին և ավարտեց Ադրբեջանում, որտեղ, իր խոսքն ուղղելով Իլհամ Ալիևին և Ադրբեջանի քաղաքական, կրոնական ղեկավարությանը, ասաց հետևյալը. «Ճշմարիտ կրոնական արժեքներ դավանելը բոլորովին անհամատեղելի է սեփական տեսակետդ բռնության միջոցով ուրիշներին պարտադրելու փորձի հետ՝ օգտագործելով Աստծու սուրբ անունը՝ որպես զենք»:

     

    Վստահ եմ, որ Իլհամ Ալիևը և Ադրբեջանի քաղաքական վերնախավը ոչինչ չքաղեցին մեծ խաղաղասերի այդ ելույթից և ակնարկներից, ինչպես այսօր էլ շարունակում են չլսելու տալ ոչ միայն Նորին Սրբության խաղաղասիրական կոչերը, այլև իրենց սեփական ժողովրդի ողբալի աղաղակը: Ցավոք, Սրբազան Քահանայապետի կոչերին անհաղորդ են մնում նաև աշխարհի ավելի մեծ խաղացողները, որոնք հետևում են միայն իրենց պատեհական շահերին և հաշվարկներին: Պետրոսի հաջորդի ձայնը մնում է որպես «ձայն բարբառոյ յանապատի», որը ոչ ոք չի ուզում լսել, քանի որ ճշմարտությունը միշտ դառն է կեղծիքի մեջ ապրողների համար:

     

    Սրբազան Քահանայապետի կովկասյան տարածաշրջանում խաղաղության կառուցելու հույսը կապված է հայ երիտասարդության հետ. միայն նրանք կարող են հասկանալ նույնիսկ թշնամուն ներելու ավետարանական վսեմ և աստվածադիր սկզբունքը: 2016-ի հունիսի 26-ին, Երևանի հրապարակում, Ն. Ս. Ֆրանցիսկոսը հայ երիտասարդներին հիշեցրեց Սուրբ Գրիգոր Նարեկացու տողերը.

     

    «…Ուզում եմ հիշել Քրիստոսի խաղաղության մեծ վկային և գործչին՝ սուրբ Գրիգոր Նարեկացուն, որին Եկեղեցու Վարդապետ հռչակեցի: Նա կարող էր հայտարարվել նաև «Խաղաղության Վարդապետ»: Նա այսպես է գրել այդ արտասովոր Գրքում, որ սիրում եմ անվանել որպես «հայ ժողովրդի հոգևոր սահմանադրություն». «Հիշի՛ր, [Տեր,…] նրանց, ովքեր մարդկային ցեղում մեր թշնամիներն են, սակայն նրանց բարիքի համար. նրանց մեջ իրագործիր ներում և ողորմություն […] Մի՛ վերացնիր նրանց, ովքեր ինձ կծոտում են. կերպարանափոխի՛ր: Արմատախիլ արա՛ աշխարհիկ ախտավոր ընթացքը և տնկիր բարին իմ և նրանց մեջ» («Մատյան ողբերգության», 83, 1-2): Նարեկացին … դարձավ «ամբողջ աշխարհի աղոթամատույցը» (Նույն, 28, 2): Նրա այսպիսի ընդհանրական զորակցությունը մարդկության հետ քրիստոնեական մեծ պատգամ է խաղաղության, ներդաշնակ ճիչ, որ բոլորի համար ողորմություն է հայցում: Տարբեր երկրներում ներկա հայերը, որոնց եղբայրաբար գրկում եմ այստեղից, այս հաղորդության իղձին թող լինեն պատգամաբերներ: Ողջ աշխարհը ձեր այս քարոզության կարիքն ունի, ձեր ներկայության կարիքն ունի, ձեր ամենաջինջ վկայության կարիքն ունի: Խաղաղություն բոլորին»:

     

    Հետևաբար, լավ ըմբռնելով Ընդհանրական Եկեղեցու առաջնորդի առաքելությունն ու դերը՝ մարդկային հասարակության և փրկագործության աստվածային տնօրինության մեջ, վստահ ենք, որ Արցախում և Հայաստանում իր զավակի կորուստը սգացող յուրաքանչյուր մոր արտասուքը նաև նրա՛ արտասուքն է՝ որպես հոգևոր հոր և Քրիստոսի առաքելության շարունակողի, յուրաքանչյուր արկ, որ պայթում է Արցախում, պայթում է նաև նրա՛ սրտում, յուրաքանչյուր հայի փափագը՝ հաղթանակի, արցախցու կյանքի անվտանգության պաշտպանության և խաղաղության հաստատման նախևառաջ նրա՛ փափագն է:

     

    Լայնախոհ և անկեղծ աղոթքով միանա՛նք Քահանայապետի աղոթքներին:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց