• Հրապարակվել է Ն. Ս. Ֆրանցիսկոսի նոր՝ «Բոլոր եղբայրներ»՝ Fratelli tutti, շրջաբերականը

    «Բաց սիրտ՝ ամբողջ աշխարհի համար»


    2020թ. հոկտեմբերի 3-ին Ասսիզի կատարած կարճատև այցելության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ստորագրեց «Բոլոր եղբայրներ»՝ Fratelli tutti, նոր շրջաբերականը, որտեղ նա եղբայրությունն ու սոցիալական ընկերությունն ընդգծում է՝ որպես առավել լավ, արդար ու խաղաղ աշխարհ ստեղծելու ճանապարհ:

     

    Սրբազան Քահանայապետը փաստաթուղթն անվանում է «սոցիալական շրջաբերական»՝ պարզաբանելով, որ այս վերնագիրը փոխառել է Սուրբ Ֆրանցիսկոսի «Խրատներից». այս խոսքերով էր ասսիզացի ճգնավորը դիմում բոլոր եղբայրներին և քույրերին՝ նրանց առաջարկելով մի կենսակերպ, որի հիմքը հանդիսանում է Ավետարանը: Նորին Սրությունն ընդգծում է, որ շրջաբերականը գրելու ժամանակ սկսվեց կորոնավիրուսի համավարակը և համաշախարհային մակարդակով այս արտակարգ իրավիճակը ցույց տվեց, որ ոչ ոք միայնակ չի փրկվելու և եկել է «միասնական մարդկության» մասին երազելու ժամանակը, որտեղ բոլորը եղբայրներ են:

     

    Առաջին ութ գլուխները, որոնք կոչվում են «Փակ աշխարհի ստվերները», Սրբազան Քահանայապետը մատնանշում է ժամանակակից դարաշրջանի մի շարք աղավաղումներ և մոլորություններ, ինչպիսիք են «ժողովրդավարություն, ազատություն և արդարություն» հասկացությունների շահարկումներն ու խեղաթյուրումները, եսասիրությունը և համընդհանուր բարօրության նկատմամբ անտաբերությունը, շահույթի և թափոնների մշակույթի վրա հիմնված շուկայական տրամաբանության գերակայությունը, գործազրկությունը, ռասսիզմը, աղքատությունը, անիրավահավասարությունը և ստրկությունը,  մարդավաճառությունը, կանանց նկատմամբ ոտնձգությունները և հարկադրված աբորտը, օրգանների վաճառքը: Սրանք համամոլորակային հիմնախնդիրներ են, որոնք պահանջում են համընդհանուր գործողություններ, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Ի հակադրություն այս ստվերային կողմերի՝ շրջաբերականը բերում է բարի սամարացու վառ օրինակը, որին նվիրված է երկրորդ գլուխը՝ վերնագրված «Օտարականը՝ ճանապարհին»: Մենք բոլորս կանչված ենք դառնալու մերձավորներ ուրիշների համար՝ հորդորելով քրիստոնյաներին յուրաքանչյուր մերժվածի մեջ տեսնել, ճանաչել Քրիստոսին, ընդգծում է Սրբազան Քահանայապետը:

     

    Համապարփակ սիրո մասին խոսվում է երրորդ գլխում՝ վերնագրված «Մտածել և արարել բաց աշխարհում»: Նորին Սրբությունը կոչ է անում «դուրս գալ ինքնամփոփ վիճակից» և բացվել մերձավորին առջև՝ ձգտելով «համապարփակ շփման»: Նա ընդգծում է, որ համերաշխությունն ու եղբայրությունը ընտանիքում են ծնվում, ուստի պետք է պաշտպանել ընտանիքը՝ հարգելով ընտանիքի առաջնային և անփոխարինելի կրթական գործառույթը:

    Այս բաժնում հիշատակվում է նաև միջազգային հարաբերությունների էթիկայի մասին. յուրաքանչյուր երկիր պատկանում է նաև օտարականին և, օգուտ որոշակի տարածքների պատճառով չի կարելի մերժել կարիքավոներին, ովքեր այլ ծագում ունեն: Այսպիսով, մասնավոր սեփականության օրինական իրավունքը պետք է հետ մղվի երկրորդ պլան՝ համեմատած ստեղծված բարիքների համընդհանուր նպատակի հետ:

     

    Չորրորդ գլուխը՝ վերնագրված «Բաց սիրտ՝ ամբողջ աշխարհի համար», նվիրված է արտագաղթին և ներթգաղթին: Անհրաժեշտ է արձագանքել ծանր սոցիալական իրավիճակներից փախչողների կարիքներին. հեշտացնել վիզաների ստացումը, բացել մարդասիրական միջանցքներ, կարիքավորներին տրամադրել կացարան, ապահովել անվտանգ կենսապայմաններ, ընձեռել աշխատելու և կրթություն ստանալու հնարավորություն, աջակցել ընտանիքների վերամիավորմանը, պաշտպանել անչափահասներին և երաշխավորել կրոնի ազատությունը:

     

    Հինգերորդ գլուխ՝ «Բարորակ քաղաքականություն», այսինքն այնպիսի քաղաքականություն, որը դառնում է սիրո ամենաարժեքավոր տեսակներից մեկը, երբ ծառայում է համընդհանուր բարօրությանը: Մեզ անհրաժեշտ է մարդու արժանապատվությունը գնահատող և ֆինանսների տրամաբանությանը հակասող քաղաքականություն: Այս քաղաքականության մեջ կարևոր դեր են խաղում ժողովրդական շարժումները: Նորին Սրբությունը գրում է նաև ՄԱԿ-ի անհրաժեշտ ռեֆորմների մասին՝ հօգուտ աղքատության վերացման և մարդու իրավունքների պաշտպանության. ՄԱԿ-ը պետք է նպաստի ոչ թե ուժի, այլ օրենքի գերակայությանը:

     

    Վեցերորդ գլխում՝ «Երկխոսություն և սոցիալական ընկերություն» վերնագրով, կյանքը դիտարկվում է՝ որպես բոլորի հետ հանդիպելու արվեստ՝ առանց բացառության որևէ մեկի, քանի որ յուրաքանչյուրից կարելի է ինչ-որ բան սովորել և չկան ավելորդ մարդիկ: Մասնավորապես, ընդգծվում է բարյացակամությունը՝ ի հակադրություն դաժանությանը, վախին և շտապողականությանը, որոնք բնորոշ են մեր ներկայիս աշխարհին:

     

    Յոթերորդ գլուխը նվիրված է խաղաղության խթանմանը՝ «Հանդիպման նոր ուղիներ»: Այստեղ ասվում է, որ խաղաղությունը հիմք է հանդիսանում միմյանց փոխադարձաբար ծառայող մարդկանց հասարակության ստեղծման համար: «Խաղաղություն» հասկացության հետ սերտորեն կապված է ներում հասկացությունը: Պետք է առանց բացառության սիրել բոլորին, ընդգծվում է շրջաբերականում: Սիրել կեղեքչին՝ նշանակում է օգնել նրան փոխվել և թույլ չտալ կեղեքել մերձավորին: Ներումը չի նշանակում անպատժելիություն, այն ենթադրում է արդարություն և հիշողություն: Ներել՝ չի նշանակում մոռանալ. դա նշանակում է հրաժարվել չարի և հատուցման կործանարար ուժից: Երբեք պետք չէ մոռանալ հրեական Շոայի սարսափելի դեպքերը, Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները, հալածանքները և էթնիկ զտումները. այս մասին պետք է միշտ հիշել, որպեսզի պահպանենք հավաքական խղճի կենդանի հիշողությունը: Շատ կարևոր է նաև հիշել բարին:

     

    Առանձնահատուկ ուշադրություն է դարձված պատերազմի խնդրին, որը պարտություն է՝ քաղաքականության և մարդկության համար, խայտառակ զիջում է չար ուժերին: Ընդգծվում է, որ ներկայումս՝ ի տարբերություն անցյալի, «արդար պատերազմի» մասին խոսք լինել չի կարող. պետք է վճռականորեն ասել՝ «ո՛չ պատերազմին»:

     

    Շրջաբերականում խոսվում է մահապատժի անթույլատրելիության մասին. այն պետք է վերանա ամբողջ աշխարհում: «Մարդասպանը չի կորցնում անձնական արժանապատվությունը, – գրում է Նորին Սրբությունը, – և դրա երաշխավորը Աստված է»: Սրբազան Քահանայապետն ընդգծում է բոլոր իրավիճակներում կյանքի սրբազան բնույթը պաշտպանելու մասին, որտեղ այն փորձում են զոհաբերել. ծնվող երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների կյանքը:

     

    Վերջին՝ ութերորդ գլխում՝ վերնագրված «Կրոններն ի ծառայություն եղբայրությանը ամբողջ աշխարհում» – Սրբազան Քահանայապետը պնդում է, որ կրոնը չի ծնում ահաբեկչություն, սակայն դրա պատճառը կրոնական տեքստերի ոչ ճիշտ մեկնաբանությունն է, ինչպես նաև սովի, աղքատության, անարդարության և կեղեքման քաղաքականությունը: Կրոնների միջև խաղաղություն հնարավոր է, դրա համար անհրաժեշտ է երաշխավորել բոլորի կրոնական ազատությունը, որը մարդու հիմնարար իրավունքն է: Շրջաբերականում ընդգծվում է Եկեղեցու դերը այդ ազատության պաշտպանության գործում. չնայած Եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, սակայն չի էլ մերժում մարդկային կեցության քաղաքական հարթակները:

     

    Վերջապես, Սրբազան Քահանայապետը մեջբերում է «Մարդկային եղբայրության փաստաթուղթը՝ հանուն խաղաղության ամբողջ աշխարհում և բարիդրացիական հարաբերություների», որը նա ստորագրեց 2019թ. փետրվարի 4-ին Աբու Դաբիում՝ գլխավոր իմամ Ալ-Ազհարի Ահմադ Ալ-Թայիբի հետ միասին: Նորին Սրբությունը կրկին կոչ է անում, որ այս երկխոսությունը դառնա միասնական համագործակցության ուղի, իսկ փոխադարձ ծանոթության խորացումը՝ դրա մեթոդն ու չափանիշը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

    Սրբ.՝ Տ. Հովսեփ Գալստյան

     

Օրացույց

Օրացույց