• «Ո՛վ, Անարատ Մայր, աղոթի՛ր մեզ համար».Քահանայապետի աղոթքն առ Աստվածածինն Մարիամ

    Ո՛վ, Անարատ Մայր, աղոթի՛ր մեզ համար».Քահանայապետի աղոթքն առ Աստվածածինն Մարիամ


    Մարիամ Աստվածածնի Անարատ հղության տոնը Հայ Կաթողիկե Եկեղեցին նշում է դեկտեմբերի 9-ին, իսկ Լատին Կաթողիկե Եկեղեցին՝ դեկտեմբերի 8-ին: Սրբազան Քահանայապետը, ըստ ավանդության, Հռոմի կենտրոնում գտնվող Աստվածամոր արձանի մոտ աղոթել է, իսկ Հրեշտակ Տեառն աղոթքից առաջ իր աշխատասենյակի պատուհանից խոսել Անարատ հղության տոնի մասին: Ամեն ինչ մեզ տրված է Աստծուց որպես շնորհ, ձրի պարգև.սա է Անարատ հղության տոնի գլխավոր ուղերձը, ասել է Քահանայապետը և շեշտել, որ անարատ լինելը և Մարիամին նմանվելը յուրաքանչյուր քրիստոնյայի փափագը պետք է լինի, որովհետև, ինչպես Պողոսն է գրում Եփեսացիներին ուղղված նամակում, «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով…որպեսզի սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրով» (Եփ.,1:4): Աստված մեզ ևս «օրհնեց ամենայն հոգևոր օրհնությամբ», օրհնեց՝ նշանակում է սիրեց մեզ, բացատրում է Քահանայապետը: Մարիամը մեղքից զերծ պահվեց, իսկ մենք փրկվեցինք մկրտությամբ, բայց թե մենք և թե Մարիամը փրկվեցինք Հիսուսի միջոցով՝ Աստծո շնորհի փառավորման համար: Ինչպես որ ձրի ստացանք փրկության շնորհը, այնպես էլ պարտավոր ենք ձրիաբար տալ ուրիշներին: Բայց ի՞նչպես, հարցնում է Նորին Սրբությունն ու պատասխանում՝ թույլ տալով, որ Սուրբ Հոգին հենց մեզ դարձնի նվեր ուրիշների համար՝ գործիք ներման, հաշտեցման, որպեսզի կարողանանք Տիրոջից ստացած լույսը փոխանցել ուրիշներին: Պետք է սովորենք Մարիամից, ում հայացքը միշտ ուղղված էր Քրիստոսին, բացատրել է Քահանայապետը: Իսկ իր աղոթքում Քահանայապետն այսպես է աղոթել.

    «Ո՛վ Մարիամ, Մայր…գիտենք, որ Դու ամբողջությամբ ազատ ես մեղքից և դա մեծապես մխիթարում է մեզ: Գիտենք, որ չարը ոչ մի իշխանություն չունի Քեզ վրա և լցվում ենք հույսով ու զորությամբ մեր ամենօրյա պայքարում՝ ընդդեմ չարի սպառնալիքների: Բայց մենք միայնակ չենք այս պայքարում, մենք որբեր չենք, որովհետև Հիսուս, խաչի վրա մեռնելուց առաջ, Քեզ տվեց մեզ՝ որպես Մայր: Եվ մենք, թեև մեղավորներ ենք, բայց Քո զավակներն ենք, Անարատ հղության զավակներ՝ կոչված ի սրբությունն, որ շողում է Քո մեջ, Աստուծոյ շնորհով, ի սկզբանե: Ոգեշնչված այս հույսով՝ մենք աղոթում ենք և խնդրում մայրական պաշտպանությունդ…Թող Աստուծոյ սիրո ուժը, որ Քեզ մաքուր պահեց նախնական մեղքից, Քո բարեխոսությամբ ամբողջ մարդկությանն ազատի հոգեկան և նյութական բոլոր տեսակի ստրկություններից…Թող որ շնորհը հաղթի մեր մեջ հպարտությանը, և մենք դառնանք եղբայրասեր… Սբ. Ծննդյանը նախորդող այս օրերին սովորեցրու՛ մեզ լողալ հոսանքին հակառակ…սովորեցրու՛ խոնարհեցնել ինքներս մեզ, նվիրվել, լսել, լռել, դուրս գալ ինքնակենտրոնացումից, բաց լինել Աստծո գեղեցկության առջև, որն աղբյուրն է ճշմարիտ ուրախության: Ո՛վ, Անարատ Մայր, աղոթի՛ր մեզ համար»:

Օրացույց

Օրացույց