«Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ուժեղ եք եւ դուք հաղթեցիք չարին», Ա Հվհ. 2,14
Հաշվի առնելով Աշոցքի հինգ կաթողիկէ համայնքներում երիտասարդների խանդավառությունը՝ երիտասարդական թերթի գոյության համար և աշխատանքային ծավալը, որոշեցի ստեղծել մեկ ընդհանուր երիտասարդական թերթ՝ նախկին չորս առանձին թերթերի փոխարեն:
Այն իր բնույթով 1. հոգեւոր է, քանի որ ներկայացնում է հոգեւոր նյութեր՝ քարոզներ, քրիստոնեական ուսմունքի տարբեր հարցերի բացատրություններ, աղոթքներ, սրբերի վարք, 2. մշակութային է, քանի որ ներկայացնում է նաեւ գրական ստեղծագործություններ, 3. հասարակական է, քանի որ կլինեն նաեւ հասարակական տարբեր հարցերի, հատկապես, համայնքների զարգացման, Եկեղեցու սոցիալական ուսմունքի վերաբերյալ հոդվածներ, կարծիքներ, 4. երիտասարդական է, քանի որ թերթում հրապարակված են ձեր համայնքների երիտասարդների նյութերը, նաեւ ներկայացված է նրանց հոգեւոր եւ հասարակական գործունեությունը:
Այս թերթի առաջնային հասցեատերերը երիտասարդներն են, ապա նաեւ՝ ավագ սերունդը՝ երիտասարդների միջոցով, որովհետեւ նրա՛նցն է ձեր համայնքների հոգեւոր, բարոյական եւ սոցիալական ապագան, հետեւաբար, այս թերթը մի ներդրում է նրանց զարգացման մեջ եւ նրանց միջոցով՝ համայնքային զարգացման գործընթացում:
Թերթը տպագրվում է Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի և Հայկական Կարիտասի օժանդակությամբ:
Աղոթեցե՛ք մեր երիտասարդների հոգևոր և հասարակական զարգացման համար:
Ընթերցել PDF-ը՝ Տիրամոր Կանթեղ Ա
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան