• «Ես պարզապես այն եմ, ինչ կամ».Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի հարցազրույցը արգենտինական «La Nacion» թերթին

    «Ես պարզապես այն եմ, ինչ կամ».Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի հարցազրույցը արգենտինական «La Nacion» թերթին


    La Nacion-ի լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված Արգենտինայում հավատացյալների որոշակի մի հատվածի հեռանալը Կաթողիկե Եկեղեցուց, Նորին Սրբությունը պատասխանել է.«Ինքս ինձ եմ հարցնում՝ ի՞նչն է, որ դժբախտացնում է հավատացյալին Եկեղեցում: Մարդիկ զգում են, որ մենք՝ հոգևորականներս իրենց հետ բավականաչափ մոտ չենք, պատճառը կղերականությունն է՝ clericalism: Մոտ լինել՝ նշանակում է դուրս գալ, գտնել կաթողիկեներին, մոտ լինել նրանց, կիսել նրանց խնդիրները…կղերականությու՛նը արգելեց աշխարհականներին հասունանալ հոգևորապես…»: Քահանայապետը Եկեղեցուց հեռացածներին նմանեցրել է մարտի դաշտում ընկած վիրավորների հետ, որոնց հարկ է մոտենալ ու խնամել: Միաժամանակ, օգտագործելով Բենեդիկտոս 16-րդ Պապի բառերը, Ֆրանցիսկոս Քահանայապետն ասել է, որ Եկեղեցին դատապարտում է պրոզելիտիզմը՝ մարդկանց հարկադրաբար նորահավատ դարձնելը, այլ կարևորում է Եկեղեցու գրավչությունը զարգացնելը մարդկանց համար: Խոսելով կարդինալների Ծերակույտում  իրականացվող բարեփոխումների մասին՝ Նորին Սրբությունը անդրադարձել է, որ, թեև իր ձեռնարկները հանդիպում են դիմադրության, բայց դա իր համար լավ նշան է, որովհետև դժգոհությունը ջրի երես է ելնում, թաքուն շշնջոցները դադարում են, դա առողջարար է: Այդ դիմադրությունները պարզապես տարբեր կարծիքներ են՝ իր մի քանի որոշումների վերաբերյալ, հստակեցրել է Քահանայապետը և ընդգծել, որ ներկայիս բարեփոխումները շատ երկար են տևելու: Նա փաստել է, որ Կրոնի գործերի հաստատությունը, կամ ժողովրդի խոսքով՝ Վատիկանի բանկը, այժմ ավելի լավ ու թափանցիկ է աշխատում՝ փոփոխությունների արդյունքում: Ինչպես գիտեք, այդ հաստատության մեջ փակվեցին բոլոր կասկածելի ֆինանսական հաշիվները, փոխվեցին պաշտոնյաներ, այժմ էլ ընթացքի մեջ է այդ հաստատության երկու նախկին տնօրենների գործերի ուսումնասիրությունը, որոնք Վատիկանի Դատարանում մեղադրվում են 2001-2008թթ. ֆինանսական մեքենայությունների մեջ: Քահանայապետն իրեն հատուկ կենսակերպի մասին խոսելով ասել է հետևյալը.«Երբ ես եկա այստեղ…ինքս ինձ ասացի.«Մի՛ փոխվիր, շարունակիր լինել ինչպիսին կաս, որովհետև այս տարիքում փոխվելը նշանակում է ինքդ քեզ հիմարի տեղ դնել: Այդ պատճառով էլ շարունակեցի անել այն, ինչ անում էի Բուենոս Այրեսում, գուցե, նույնիսկ կրկնելով հին սխալներս…դա փոփոխություն մտցրեց պրոտոկոլների մեջ, բայց՝ ոչ պաշտոնական պրոտոկոլների մեջ, ես դրանց հանդեպ շատ ուշադիր եմ: Պարզապես ես այն եմ, ինչ կամ»: Հարցազրույցի անգլերեն հրապարակումը՝ այստեղ:

Օրացույց

Օրացույց