Նոր հույս և նոր հաղորդություն, որի հիմքում այն համոզմունքն է, որ Տերը միշտ ուղեկցում է մեզ և հավաստիացնում, որ Ինքը կհաղթի մահվանը
Մեր կյանքի արմատները Քրիստոսի մեջ են: Հենց այստեղից է բխում զորությունը, որն անհրաժեշտ է՝ դժվարին խնդիրներին դիմակայելու համար, խնդիրներ, որոնք մեզ սպասվում են համաճարակային ճգնաժամից հետո: Այդ մասին գրում է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հաղորդություն և հույս» գրքի նախաբանում՝ կարդինալ Վալտեր Կասպերի ու գերմանացի քահանա Գեորգ Ավգուստինի խմբագրությամբ: Գիրքը հրատարակվել է Վատիկանի LEV հրատարակչությունում (Սուրբ Աթոռի հաղորդակցության բաժին):
Նորին Սրբությունը գրում է, որ աստվածաբանական այս խորը մտորումները կարող են առաջացնել «նոր հույս և նոր հաղորդություն», որի հիմքում այն համոզմունքն է, որ Տերը միշտ ուղեկցում է մեզ և հավաստիացնում, որ Ինքը կհաղթի մահվանը:
Սրբազան Քահանայապետը մտածում է մարդկության անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Հանկարծակի փոթորկի նման՝ COVID-19 համավարակը դիպչեց բոլորին՝ փոխելով ընտանեկան կյանքը, աշխատանքը և հասարակական գործունեությունը՝ իր հետևից թողնելով մահ, տնտեսական դժվարություններ, մարդկանց հեռու պահեց Սուրբ Հաղորդությունից և Սուրբ Խորհուրդներից:
Ներկայիս դրամատիկ իրավիճակը ցույց տվեց մարդու խոցելիությունը, քավության անհրաժեշտությունը: Այն կասկածի տակ առավ մեր կյանքի ենթադրյալ հիմքերն ու առաջադրեց «հիմնարար հարցեր՝ երջանկության» և «մեր քրիստոնեկան հավատքի գանձի» մասին: Համավարակը դարձավ «փորձության և ընտրության ժամանակամիջոց, որպեսզի մենք նորովի մեր կյանքը ուղղենք դեպի Աստված»:
Նորին Սրբությունը կոչ է անում բոլորին լինել միասնական և չծառայել «համաշխարհային անարդարությանն» ու անտարբերությանը: Արտակարգ իրավիճակը մեզ ստիպում է գիտակցել մեր խորը կախվածությունը մյուսներից և խրախուսում է նորովի ծառայել նրանց, ովքեր մեր կողքին են: Մենք բոլորս պետք արթնանանք, որպեսզի «լսենք աղքատների և մեր ծանր հիվանդ մոլորակի աղաղակը»:
Համավարակի բռնկումը համընկավ Սուրբ Զատկի շրջանի հետ, և հենց այստեղից է գալիս ուղերձը, որը լույս է տալիս ներկային ու ապագային. մահվան նկատմամբ կյանքի հաղթանակի հրովարտակը: Սուրբ Զատիկը մեզ տալիս է հույս, վստահություն ու քաջություն, այն մեզ ամրապնդում է միասնության ու եղբայրության մեջ. «Վիրուսով վարակվելու վտանգը մեզ պետք է սովորեցնի «սիրով» վարակվել, որը փոխանցվում է սրտից սիրտ»: Սրբազան Քահանայապետն իր երախտագիտությունն է հայտնում սրտաբուխ օգնության և բժիշկների, բուժանձնակազմի ու քահանաների հերոսական նվիրվածության համար. «Այդ օրերին մենք զգում էինք զորություն, որը հավատքից էր բխում»:
Նախաբանի եզրափակիչ մասը նվիրված է հավատքին առ Քրիստոս: Նորին Սրբությունը հիշում է «Սուրբ Հաղորդության հիվանդագին ծոմապահությունը», որը զգացին բազմաթիվ քրիստոնյաներ, քանզի համավարակի պատճառով այլևս չէր թույլատրվում մասնակցել Սուրբ Պատարագին, և այդ ժամանակ հրատապ որոշում կայացվեց Սուրբ Պատարագը հեռարձակել ԶԼՄ միջոցով: Սակայն ոչ մի հեռարձակում չի կարող փոխարինել Տիրոջ իսկական ներկայությունը Սուրբ Հաղորդության մեջ, ընդգծում է Սրբազան Քահանայապետը՝ ուրախանալով Սուրբ Պատարագի վերսկսման համար: «Հարություն առած Տիրոջ ներկայությունն Իր Խոսքում և Սուրբ Հաղորդության մեջ մեզ ուժ կտա, որն անհրաժեշտ է համավարակից հետո առաջացած դժվարությունները հաղթահարելու համար»: Դիմելով համայն մարդկությանը՝ Նորին Սրբությունը մեջբերում է Տեր Հիսուսի խոսքերը՝ որպես հույսի նշանավորում. «Մի՛ վախեցեք: Ես հաղթեցի մահին»:
Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝
Նաիրա Բաղդասարյանը