• Սի՜րտ Յիսուսի, լեալ հնազանդ մահու չափ…

    «…դրա համար Աստված նրան առավել բարձրացրեց և շնորհեց մի անուն, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվան առջև խոնարհվի ամեն ծունկ…»


    Սուրբ Պողոս առաքյալը Փիլիպպեցիներին ուղղված իր նամակի 2-րդ գլխի 5-11-րդ համարներում ներկայացրել է, ըստ ուսումնասիրող մեկնաբանների, մի հնագույն քրիստոնեական օրհներգ, որ սկսվում է հետևյալ կոչով. «Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Հիսուս Քրիստոսի մեջ»: Սա Քրիստոսին նմանվելու, Նրա նման մտածելու, Նրա տեսանկյունից ինքներս մեզ՝ որպես մարդ, նայելու և հասկանալու մի կոչ է, ինքներս մեզ որպես «այլ ոմն» Քրիստոս (alter Christus) ընկալելու մի հրավեր է:

    Իսկ ի՞նչ կա Հիսուսի Քրիստոսի մեջ, ինչի՞ն պետք է նմանվի Քրիստոսի հետևորդը: Օրհներգի հետագա համարներում, որտեղ յուրօրինակ ձևով խտացված է Հիսուս Քրիստոսի երկրային առաքելությունը, գտնում ենք պատասխանը՝ այդ հարցին: Ընթերցե՛նք այդ համարները՝ որպես օրհներգություն և միաժամանակ որպես Տիրոջ Սուրբ Սրտի մի յուրօրինակ սրբապատկեր, որով բացահայտվում է Նրա Սուրբ Սրտի խորհուրդը.

     

    «լինելով Աստծու կերպարանքով՝ Աստծուն հավասար լինելն իր համար հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով: Ինքն իրեն խոնարհեցրեց՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ՝ մահվան՝ խաչի վրա: Դրա համար Աստված նրան առավել բարձրացրեց և շնորհեց մի անուն, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվան առջև խոնարհվի ամեն ծունկ՝ թե երկնավորների, թե երկրավորների և թե սանդարամետականների, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոս Տեր է՝ ի փառս Հայր Աստծո», Փիլ. 5, 7-11:

     

    Այս օրհներգ-սրբապատկերի մեջ գոհարի նման առանձնանում է «հնազանդ լինելով մինչև մահ» արտահայտությունը, որ դարձել է Սիրտ Հիսուսի Լիթանիայի աղերսական մի տողը, որի մեջ խտանում է Տեր Հիսուս Քրիստոսի խաչի ամբողջ իմաստը և որը Նրա Սուրբ Սրտի բաբախի հիմնական հնչյունն է՝ կատարյալ, ի սպառ հնազանդություն՝ Հայր Աստծո կամքի հանդեպ:

     

    Աստծո իմաստությունը, Աստծո Խոսքը, որով արարվեց աշխարհը, Ամենասուրբ Երրորդության Երկրորդ Անձը՝ Աստծո Միածին հավիտենական Որդին, հանուն մեղքի մեջ կորուսյալ մարդու սիրոյն «ունայնացավ» իր աստվածությունից՝ երբեք չկորցնելով այն, ծառայի կերպարանք առավ՝ դառնալով մարդ, մարդկային սիրտ առավ, որի մեջ զեղեց Իր Աստվածային Սրտի անսպառ Սերը, մարդկային միտք առավ, որի մեջ «տեղավորեց» աստվածային անսահման գերիմաստությունը և ծնվեց որպես փոքրիկ, խոցելի մարդկային արարած, հնազանդվեց նախ իր մորը Սրբուհի Մարիամին, Սուրբ Հովսեփին, հասակ առավ՝ «լի շնորհքով և իմաստությամբ», ապա, որպես Մարդու Որդի, սովորեց հնազանդվել Տիրոջ կամքին իր չարչարանքներով՝ մեզ տալով մի անփոխարինելի օրինակ.

    «Թեպետև Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդություն սովորեց և կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ», Եբր. 5, 8-9: Նրա հնազանդությունը կատարյալ դարձավ խաչի վրա՝ թևերը տարածելով Հայր Աստծո կամքի առաջ և որպես նշան՝ Հայր Աստծո ողորմության և ներման, որ առատորեն հորդեց մարդկային ամբողջ ցեղի վրա՝ Իր Սուրբ Սրտի անսպառ ակունքից: Հիսուս Քրիստոս Մարդը՝ կատարելապես միացած Աստծո Որդու հետ՝ որպես միակ միջնորդ մարդու և Արարչի միջև, սրբագրեց  Ադամի սխալը և կատարեց ճիշտ հակառակը՝ մարդուն վերադարձնելով ճշմարիտ մարդկային արժանապատվությունը, որը հիմնված է Աստծո կամքի հանդեպ կատարյալ հնազանդության վրա, մարդուն վերադարձնելով ճշմարիտ մարդկային ազատությունը, որն ամբողջովին դրսևորվում և դառնում է անսահման՝ միայն Աստծո կամքին հնազանդվելով և աստվածային ազատության մեջ, որն անհասանելի է մեղավորների համար և բաց է միայն արդարների համար: Պողոսը հռոմեացիներին գրում է. «Ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, նույնպես և մեկ մարդու հնազանդությամբ շատերն արդար պիտի լինեն», Հռմ. 5, 19:

     

    Բենեդիկտոս 16-րդ Քահանայապետը իրեն հատուկ հստակությամբ գրում է. «Որդին, որ ծառա դարձավ, «հնազանդ լինելով մինչև մահ»՝ իր վրա վերցրեց մարդկային ամբողջ անհնազանդությունը, ծածկեց այն իր չարչարանքներով և այդպես հաղթահարեց այն»  (Հիսուս Նազովրեցի, Մաս Բ, գլուխ «Խորհրդավոր ընթիքը»):

     

    Քրիստոսի հնազանդությունը Հոր կամքի առջև եղավ նաև ամբողջ մարդկության համար աստվածային օրհնությունների և շնորհների առատ աղբյուր, որը տանում է դեպի ազատագրում մեղքի գերությունից և մասնակցություն՝ Քրիստոսի թագավորական ազատության մեջ. «Որովհետև եթե մեկի հանցանքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որչա՜փ առավել նրանք, որ շնորհի ու արդարության պարգևի առատությունն են ստանում, կթագավորեն կյանքի մեջ՝ Հիսուսի Քրիստոսի միջոցով», Հռմ. 5, 17:

     

    Քրիստոսի հնազանդությունը մինչև մահ՝ ազատության, թագավորության աղբուր է, ըստ հին օրհներգի. «…դրա համար Աստված նրան առավել բարձրացրեց և շնորհեց մի անուն, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվան առջև խոնարհվի ամեն ծունկ…»: Այս արտոնությունը և իշխանությունը Քրիստոս կիսում է իր բոլոր եղբայրների և քույրերի հետ, ովքեր կիսում են Ի՛ր ի սպառ հնազանդությունը՝ Հոր կամքի և Իր Ավետարանի առջև և եթե «…ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոս Տեր է՝ ի փառս Հայր Աստծո», Փիլ. 5, 11:

     

    Ուրեմն, որպեսզի մասնակիցը լինենք Աստծո Արքայության, աստվածային լիակատար ազատությանը՝ մեղքի և մահվան իշխանությունից, խոստովանե՛նք Հիսուսին՝ որպես մեր կյանքի միակ Տեր և Թագավոր և հնազանդ լինենք Աստծո կամքի առջև՝ Իր Սուրբ Սրտի հնազանդությամբ՝ «լեալ հնազանդ մահու չափ»:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    22 հունիսի, 2020

Օրացույց

Օրացույց