Սիրելինե՛ր, այս Նոր Կիրակին, որ ընդունում և ապրում ենք՝ ցանկանում եմ, որ մի նոր գարուն և մի նոր ծաղկունք արթնանա յուրաքանչյուրիս սրտի և հոգու մեջ։
Քրիստոս Հարյավ ի մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,
Այսօր մեր Սուրբ Եկեղեցու մեջ բոլորս միասին նշում ենք մի Նոր Կիրակի: Կիրակի, որն իր գարնանային զարթոնքը բերեց համայն մարդկությանը: Ինչո՞ւ, որովհետև մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությունից հետո, երբ մարդկանց սրտերը դեռևս թարմ էին Նրա Հարության առջև, մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվում է իր աշակերտներին: Թովմաս կոչված առաքյալը, ով չհավատաց այն լուրին, թե «Քրիստոս Հարյավ ի մեռելոց»՝ հայտարարում է. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ մատներս մեխերի տեղում չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ» (Հովհ. 20:25): Հիսուս գալիս և կանգնում է իր աշակերտների մեջտեղում ու ասում. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. տեսէք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքը ես եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք, քանզի ոգին մարմին ու ոսկոր չունի. ինչպէս տեսնում էք, ես ունեմ» (Ղուկ. 24:38-39): Թովմասն իր այդ անհավատությունը փորձելուց հետո խոստովանում է, թե, իսկապես, մեր Տերը Հարություն առավ:
Մի Նոր Կիրակի է, որովհետև Քրիստոսի Հարությունից հետո կարծես թե ողջ Երուսաղեմի մեջ մի նոր զարթոնք տեղի ունեցավ, զարթոնք, որ շատ հավատացյալների բերեց դեպի Քրիստոս: Եվ, այն վախկոտ առաքյալները, որոնք հեռու էին վանում Քրիստոսին իրենցից, երբ Նրան բռնել էին, այսօր այդ նույն առաքյալները խոստովանում և հայտարարում էին, թե, իսկապես, Քրիստոս Հարություն առավ և Քրիստոսի անունով բազում հրաշքներ էին կատարում Երուսաղեմում:
Սիրելինե՛ր, ինչպես նկատեցիք, այսօրվա ավետարանական ընթերցվածում հիշեցինք Հովհաննես ավետարանիչի գրքի առաջին գլխի ամենագեղեցկի տողերից մեկը. «Եւ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ»,- իսկապես, մարդու մտքի համար անհասանելի մի իրավիճակ է, թե ինչպես կարող է Աստված՝ Արարիչը աշխարհի, գալ աշխարհ, մարմին առնել և մեզ նման սովորական մարդու կերպարանքով ապրել մարդկանց հետ կողք-կողքի, թախծելով և ուրախանալով մարդու հետ, վշտանալով, որ իր Հոր տունը՝ Տաճարը, գողերի և ավազակների որջ են դարձրել:
Մարդկային մտքին անհասկանալի է նաև այն, թե ինչպես կարող է Քրիստոս մարդկության կատարած բոլոր չարիքների մեղքը իր վրա վերցնելով բարձրանալ դեպի Գողգոթա՝ խաչվել, թաղվել և հարություն առնել:
Ինչպիսի՜ մեծ սեր և ինչպիսի կարողություն է պետք, որպեսզի մարդը կարողանա դիմակայել այդ ամենին և իր կյանքը տալ հանուն յուրայինների փրկության: Աստված այնքա՜ն շատ սիրեց մարդուն, որ Իր Որդուն տվեց մեր հոգիների փրկության համար: Ավետարանի մեջ նաև կարդում ենք, թե կար մի մարդ՝ ուղարկված Նրա առջևից:
Պետք է ասեմ, որ հինանց շրջանի մեջ թերևս միակ դեպքն է, որ հիշատակում ենք սրբերից որևէ մեկին: Երեկ, շաբաթ օրը, Հովհաննես Մկրտչի գլխատման օրն էր և մենք հիշատակեցինք նրան, ով, ինչպես նշվում է Ավետարանում, պիտի քայլի Քրիստոսի առջևից եւ հայտարարի. «Ահա՛, սա է Նա, որ գալու է աշխարհ և, որ բառնալու է ամբողջ մարդկության մեղքերը»: Այդ մարդը՝ Հովհաննես Մկրտիչը, լույսը չէր, այլ՝ վկան այն լույսի, որ մկրտության պահին ճառագելու էր Հորդանան գետից և լցվելու համայն մարդկության սրտի մեջ:
Շատ հաճախ, մենք մտաբերում և հիշում ենք, թե ինչպես Աստված այդ նույն Հորդանան գետի մեջ Իր Որդուն հանձնեց մարդկությանը ասելով․ «Եւ մինչ նա խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, նրա՛ն լսեցէք» (Մատթ․ 17:5)։ Արդյո՞ք մենք՝ մարդիկս, լսում ենք Հիսուս Քրիստոսի ձայնը, Նրա կանչը, և արդյո՞ք մենք այն յուրայիններն ենք, որ պիտի ընդունեինք Հիսուս Քրիստոսին, որովհետև Սուրբ Հովհաննեսն ասում է․ «Նա եկաւ իւրայինների մօտ, բայց իւրայինները նրան չընդունեցին» (Հվհ․ 1:11)։
Հիմա էլ Հիսուս Քրիստոս մեր մեջ է, մեզ հետ է, բայց արդյո՞ք մենք ընդունում և առաջնորդվում ենք Նրա խորհուրդներով և պատգամներով։ Քրիստոսի այն կանչը, որն ասում է․ «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածնե՛րդ ու բեռնաւորուածնե՛րդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ: Իմ լուծը ձեզ վրա՛յ վերցրէք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ բեռս՝ թեթեւ» (Մտթ. 11։ 28, 29): Քրիստոս իր մոտ է կանչում բոլոր վշտացյալներին, նեղության մեջ գտնվողներին, քանզի Նրանից բխող կյանքի աղբյուրից խմելով պիտի հագենան և պիտի կարողանան ապրել այս կյանքի ամեն մի դժվարություն։
Քրիստոս մեր բոլորի փրկությունն է։ Մենք, որ խոստովանում ենք, թե քրիստոնյա ենք, Քրիստոսին հետևող մարդիկ՝ պիտի քայլենք Հիսուսի նախանշած ճանապարհով, քանզի Նրա նախանշած ճանապարհը յուրաքանչյուրիս Հոգու փրկությունն է։
Եվ այսօր, այս Նոր Կիրակիի մեջ, թո՛ղ մի նոր լույս ճառագի մեր սրտերի և հոգիների մեջ։ Հիսուս Քրիստոս իր Հրաշափառ Հարությամբ, առաքյալներն իրենց հավատարմությամբ և կատարած բոլոր գործողություններով մեզ տալիս են հետևյալ պատգամը. քայլել Նրա հետ, լինել Նրա կողքին, ապրեցնել Նրան մեր մեջ, և մենք էլ ապրենք Նրա մեջ։ Այսպես է Քրիստոսի Հարության ճշմարտությունը հայտնի դառնում մեզ։
Սիրելինե՛ր, այս Նոր Կիրակին, որ ընդունում և ապրում ենք՝ ցանկանում եմ, որ մի նոր գարուն և մի նոր ծաղկունք արթնանա յուրաքանչյուրիս սրտի և հոգու մեջ։ Եվ հիշե՛նք, որ Աստված միշտ մեր Եկեղեցու մեջ է, Սուրբ Հոգին գործում է մեր Եկեղեցու մեջ, որովհետև մենք բոլորս կարիքն ունենք Սուրբ Հոգու ներգործության և աստվածային սիրո, որ Աստված հաճեցավ շնորհել մեզ իր Որդու միջոցով։
Տեր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյան՝
Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցու ժողովրդապետ
19.04.2020