«Համբերությամբ սպասեցի Տիրոջը,
Եւ նայեց ինձ ու լսեց աղոթքս:
Ինձ հանեց տառապանքի գբից, կավի ու տիղմի միջից,
Ժայռի վրա հաստատեց ոտքերս
Եւ ուղղեց իմ ընթացքը»,
Սղմ, 39, 1-3
Զատկական շաբաթվա իրադարձություններից առաջ Հայ Եկեղեցին շաբաթ օրը տոնում է Ղազարոսի հարության հիշատակը, որի նպատակը մեզ նախապատրաստելն է՝ հասկանալու Տիրոջ երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների՝ Նրա չարչարանքների, խաչելության եւ Հարության իմաստը՝ յուրաքանչյուր մարդ արարածի համար:
Ղազարոսի հարության պատմությունը կարդում ենք Հովհաննեսի ավետարանի` 11, 1-46 համարներում: Հովհաննեսը պատմում է, որ Բեթանիա կոչվող մի բնակավայրում, որ 3 կմ էր հեռու Երուսաղեմից, ապրում էր մի ընտանիք, որին Հիսուսը շատ սիրում էր՝ Մարիամը, Մարթան եւ Ղազարոսը, որ քույր եւ եղբայր էին: Ղազարոսը հիվանդացել էր, եւ քույրերը մարդ ուղարկեցին եւ Հիսուսին փոխանցեցին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»: Հովհաննեսի Ավետարանի տրամաբանությունը եւ այս պատմության ամբողջ նկարագրությունը մեզ հուշում է, որ Ղազարոսը, կոնկրետ պատմական անձնավորություն լինելուց բացի, խորհրդանշաբար ներկայացնում է բոլոր ժամանակների մարդուն, որ հիվանդացել է՝ իր մարդկային բնության խոցելիության կամ իր մեղքերի հետեւանքով. հիվանդություն, որ մարդուն տանում է դեպի մահ, երկրային կյանքի կորուստ, եւ Հիսուս գիտի այս մասին, սակայն, ասում է հետեւյալը.
«Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի», Հվհ. 11, 4:
Այս խոսքը ճիշտ հասկանալու համար պետք է խոհրդածենք հետագա համարների մասին: Բայց պետք է այստեղ ասել, որ մարդու հիվանդությունը Աստծո Որդու համար փառքի առիթ չէ. Աստված չի փառավորվում մարդու հիվանդությամբ, այլ մարդու հիվանդությունը դառնում է հնարավորություն եւ հրավեր՝ Աստծո սիրո դրսեւորման համար, Աստված փառավորվում է մարդուն սիրելու՛ միջոցով, մարդու փրկությու՛նն է Աստծու փառքը:
Երկօրյա սպասում
Հիսուս գիտեր, որ Ղազարոսը մեռնելու է, բայց երբ ասաց, թե «այդ հիվանդությունը մահացու չէ», ի նկատի ուներ հավիտենական մահը, մարդու հոգու եւ մարմնի հավերժական կորուստը, որն ինքը թույլ չպիտի տար, ինչի համար եւ եկել էր աշխարհ: Ա՛յս է պատճառը, որ Հիսուսը, Ղազարոսի մահվան լուրն առնելուց հետո, սպասեց եւս երկու օր, եւ Հովհաննեսը շեշտում է, որ Հիսուսը սիրում էր Ղազարոսին եւ նրա քույրերին: Ավելի պարզ ասած, եթե Հիսուս միանգամից չգնաց Ղազարոսին բուժելու, այլ սպասեց, մինչեւ նրա մեռնելը, դա չի նշանակում, որ Հիսուսի համար միեւնույնն էր՝ Ղազարոսը կապրի, թե ոչ, այլ՝ ճիշտ հակառակը, քանի որ «նա սիրում էր Ղազարոսին» (Հվհ. 11, 5), Հիսուսը սպասեց, որ Ղազարոսի հանդեպ եւ Ղազարոսի միջոցով մարդկանց հստակ ցույց տա, որ Ինքն այնքան է սիրում իր «յուրայիններին» (Հվհ. 13, 1), որ ամենաանփոխելի իրադրությունի՛ց անգամ հանում է նրանց, մահվանից փրկում է՝ իր կյանքը սպառելով նրանց համար: Հրեաստան վերադառնալը նշանակում է սեփական կյանքը դնել վստահ մահվան սպառնալիքի տակ, ինչպես ասացին Հիսուսին աշակերտները, երբ Հիսուսը երկու օր սպասելուց հետո, որոշեց գնալ Ղազարոսին փրկելու. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քեզ քարկոծել, իսկ դու նորից այնտե՞ղ ես գնում»: Եվ Հիսուս նրանց տվեց խորհրդավոր մի պատասխան, որ ստիպում է մտածել.
«Ցերեկը տասներկու ժամ չունի՞. Եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լույսն է տեսնում, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ իր հետ լույս չունի»:
Հիսուս ուներ իր հետ ուներ մի լույս, որն առաջնորդում էր նրան մեղքի խավարով պատված աշխարհում, «մահվան ստվերների մեջ», ինչպես գրում է սաղմոսերգուն (Սղմ. 26): Դա այն լույսն է, որի մասին գրում է նույն Հովհաննեսը իր ավետարանի սկզբում. «Այդ ճշմարիտ լույսն է, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու», Հվհ. 1, 9: Այդ Լույսը մարմնացյալ Աստծո Որդին է, որ եկավ Հիսուս Քրիստոսի Անձի մեջ՝ լուսավորելու է ամեն մարդու, որ քայլում է խավարի մեջ, իսկ խավարը մեղքն է, ատելությունն է, սիրո բացակայությունն է: Հովհաննեսն իր ընդհանրական նամակում գրում է.
«Ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մեջ, եւ նրա մեջ գայթակղություն չկա: Իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է շրջում եւ չգիտի, թե ուր է գնում, որովհետեւ խավարը կուրացրել է նրա աչքերը», Ա Հվհ. 2, 10-11:
Հովհաննեսը Աստծո լույսը եւ սերը եղբոր հանդեպ միացնում է իմաստային նույն հարթության մեջ. կարող ենք ասել, որ աստվածային լույսը Աստծո սիրո լույսն է, որ առաջնորդում է մարդու կյանքը եւ մարդկային հարաբերությունները: Սաղմոսներում կարդում ենք. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի ճանապարհին», Սղմ. 118, 105:
Հիսուսի առաքելությունը կայանում էր նրանում, որ խավարի մեջ գտնվող մարդուն առաջնորդի դեպի Աստծո Լույսը՝ իր ուսուցումների եւ իր բուժումների միջոցով, Նա Ինքը լույս էր, որ եկել է իր ներկայությամբ լուսավորելու մեր բոլորիս կյանքի ճանապարհը՝ Ղազարոսի հարության օրինակով: Հիսուս գնում էր Երուսաղեմ՝ իր կյանքը վտանգելու, որպեսզի իր եղբորը՝ Ղազարոսին փրկի մահվան ստվերների, խավարի մեջ գերությունից, մահվան գերությունից, որ մեղքի անխուսափելի հետեւանքն է: Ղազարոսի անձի մեջ՝ Հիսուս Քրիստոս եկավ փրկելու յուրաքանչյուր մարդ արարածի, որ իր եղբայրն է եւ իր քույրն է: Այստեղ կարեւոր է շեշտել, որ Տերը գիտակցաբար գնաց Երուսաղեմ՝ չխնայելով իր կյանքը. Ինքը հենց դրա համա՛ր էր եկել. «Չկա ավելի մեծ սեր, քան երբ մեկն իր կյանքը տա իր բարեկամի համար», Հվհ. 15, 13:
Հիսուս լույսի մասին իր խոսքերին ավելացրեց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն, ես գնում եմ նրան արթնացնելու», Հվհ. 11, 11: Տերը բացատրեց, որ Ղազարոսը ոչ թե քնած է, այլ մեռած է, բայց, այնուամենայնիվ, Տերն ասաց «գնում եմ նրան արթնացնելու»: Ի՞նչ ի նկատի ուներ: Տերն, հավանաբար, ուզում էր ասել, որ այդ մահը ժամանակավոր էր, սատանայի թվացյալ հաղթանակն էր, մարդու ժամանակավոր գերությունն էր մահվանը եւ մեղքի իշխանությանը: Հիսուս ուզում էր, որպեսզի մարդիկ անդրադառնային, որ Ինքը գալիս էր մարդուն վերստին տալու այն վստահությունը, որ մարդկային կյանքը ստեղծված է հավիտենության համար, Տիրոջ հետ բնակվելու համար, եւ որ մարմնի մահը ընդամենը քուն է, որից մարդը պետք է արթնանա՝ հավատալով Քրիստոսին եւ մոտենալով Նրա լույսին: Հիսուս ուզեց նաեւ իր յուրայինների համար տալ Աստծո փառքի շատ հստակ մի նշան՝ Ղազարոսին վերադարձնելով դեպի կյանք. «Ղազարոսը մեռավ, բայց ես ուրախ եմ ձեզ համար, որովհետեւ դուք ինձ կհավատաք», Հվհ. 11,15: Հիսուս ուզում էր, որպեսզի իր աշակերտներ առաջի՛նը հավատային Իր առաքելությանը, որ Ինքը՝ Աստված, եկել էր մարդուն փրկելու մահվան գերությունից եւ Աստված եկել էր դա անելու՝ որպես մարդու ընկեր, բարեկամ, կիսելով մարդկային կյանքի դժվարությունները, ամբողջ ընթացքը, տառապանքը: Ինքը եկավ իր վրա վերցնելու մարդկային մեղքերի ամբողջ բեռն ու հետեւանքները, ընդհուպ մինչեւ մահ՝ խաչի վրա եւ հաղթահարելու այդ հետեւանքները, անցնելով դրանց միջով եւ մնալով անապական: Ուրեմն, Ղազարոսի մոտ գնալը՝ նախերգանքն էր Երուսաղեմ մուտքի եւ Իր չարչարանքների, մահվան ու հարության ճանապարհի:
Թովմաս Երկվորյակը եւ Մարթան
Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, թերեւս, հասկանալով Հիսուսի ինքնազոհության պատրաստակամությունը՝ ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք», Հվհ. 11,16: Բայց Թովմասը միակը չէր, որ վստահում էր Տիրոջը. երբ մոտենում էին Բեթանիային, Ղազարոսի քույրերից մեկը՝ Մարթան, վազեց Տիրոջն ընդառաջ եւ ասաց. «Տեր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի, բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ որ Աստծուց խնդրես, Աստված քեզ կտա», Հվհ. 11, 21:
Մարթան գործունյա հավատացյալի կերպար է, որ հավատքով եւ վստահությամբ գալիս է Տիրոջն ընդառաջ, բայց դեռ չի պատկերացնում, որ Տերը կարող է հարություն տալ իր եղբորը հենց այդ նույն օրը եւ ոչ թե աշխարհի վախճանին: Հիսուսը նրան ասում է մի խոսք, որ բոլորովին նոր իմաստ է հաղորդում հավատքին, նա ասում է. «Ե՛ս եմ հարությունը եւ կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի: Հավատում ե՞ս այս ամենին», Հվհ.5, 25: Այս խոսքերը հաստատում են մի ճշմարտություն, որ Հիսուսին հավատալը տանում է դեպի հավիտենական կյանք եւ հարություն, դեպի հաղթանակ՝ մահվան նկատմամբ, որովհետեւ հավատալ Հիսուսին՝ նշանակում է հավատալ հարության հնարավորությանը եւ լինել վստահ, որ Քրիստոսի շնորհիվ կյանքը երբեք չի կարող կանգ առնել, այլ մի՛շտ շարունակվում է: Եվ Հիսուս ուզում է, որ Մարթան եւ Իր աշակերտները հավատան այս ճշմարտությանը՝ տեսնելով այն, ինչի համար ինքը եկավ Բեթանիա: Մարթան, դարձյալ չհասկացավ ամեն ինչ, բայց ինքն իրեն ամբողջովին վստահեց Տիրոջը՝ խոստովանելով. «Այո՛, Տեր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»: Հիսուս ուզում է տեսնել մեր հավատքը եւ Իրեն վստահելը եւ չի ակնկալում, որ մենք ջանանք հասկանալ ամեն ինչ, այլ հասկանանք, որ «Աստծո համար անկարելի բան չկա», ինչպես ասում է հրեշտակը Մարիամին, Ղկ. 1, 37:
Տիրոջ առաջ իր հավատքը խոստովանելուց հետո Մարթան գնաց եւ լռելյայն կանչեց քրոջը՝ Մարիամին եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում». թեւ Հիսուսը նրան չէր կանչել, բայց Մարթան իր հավատքի խոստովանությունից հետո զգաց, որ պարտավոր է նաեւ քրոջը կանչել Տիրոջ մոտ եւ իր հավատքը, վստահությունը կիսել նրա հետ, որովհետեւ հիմա Մարթան առավել քան վստահ է, որ Վարդապետից է կախված իրենց ընտանիքի երջանկությունը եւ կյանքն ընդհանրապես: Սա եւս յուրաքանչյուր գործունյա քրիստոնյայի համար հստակ մի օրինակ է, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք այսպես միմյանց հրավիրելու Տիրոջ մոտ՝ հասկանալով, որ Տիրոջ ներկայությունն ինքնի՛ն մեր կյանքում մի կանչ է՝ ուղղված յուրաքանչյուր մարդ արարածի, որովհետեւ Հիսուս եկել է յուրաքանչյուրիս մոտ. Ղազարոսը եւ նրա քույրերը մեզնից յուրաքանչյուրն է՝ իր խնդիրներով հանդերձ: Հիսուս մեզնից յուրաքանչյուրի ցավը իրենն է համարում, չէ՞ որ հենց դրա համար եկավ աշխարհ, որպեսզի մեր ցավերն ու հիվանդություններն իր վրա վերցնի. «Երբ Հիսուս տեսավ, որ Մարիամը եւ նրա հետ եկած հրեաները լալիս էին, հոգով խռովվեց, հուզվեց եւ ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»: Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ եւ տե՛ս»: Եվ Հիսուս արտասվեց: Հրեաներն ասացին. «Տեսե՛ք, թե ինչքա՛ն էր սիրում նրան», Հվհ. 11, 33-36, շատ հուզիչ մի պատկեր…
Երբ Հիսուսն ասաց, որ գերեզմանի քարը մի կողմ դնեն, Մարթան զգուշացրեց Հիսուսին, թե արդեն չորրորդ օրն է՝ դիակը դրված է եւ նեխած կլինի: Հիսուսը դարձյալ հաստատեց նրա հավատքը. «Քեզ չասացի՞՝ եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը»: Հիսուս վստահ էր, որ Հայրը լսելու է իր աղոթքը, ուշագրավ է նրա աղոթքը. «Հա՛յր, գոհությու՛ն քեզ, որ ինձ լսեցիր, ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու՛ ուղարկեցիր ինձ», Հվհ. 11, 41-42: Հիսուս արդեն խնդրել էր Հայր Աստծուն եւ վստահ էր, որ Հայրը լսել է Իրեն, ինչպես լսում է ամեն ժամ. սա նշանակում է՝ իր կամքը միշտ լիակատար համաձայնության մեջ է Հոր կամքի հետ եւ այդ է պատճառը, որ Հիսուս կարողանում է լուծել մարդու գերագույն խնդիրը՝ մահվան հարցը:
Հիսուսի կանչը
Հիսուս բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարոս, վե՛ր կաց, դուրս արի՛», Հվհ. 11, 43: Այս արտահայտությունները կարդում ենք նաեւ Նայինի այրի կնոջ որդու հարության դրվագում, Բեթհեզդայի ավազանի մոտ հիվանդի բուժման դրվագում, Ղեւիին կանչելու դրվագում եւ, ընդհանրապես, իրեն հետեւելու կոչերում Հիսուս միշտ ասում է «արի՛»: Նրա կանչը՝ մեռյալ վիճակից, մեղքի մեջ կապված վիճակից վեր կենալու, հինը թողնելու եւ նոր կյանք սկսելու կանչ է, խավարից դեպի լույսը գնալու հրաման է: Հիսուս Ղազարոսին հրամայում է դուրս գալ դեպի լույսը, մոտենալ իրեն եւ ոչ թե առաջարկում է կամ խնդրում է, որովհետեւ մեղքի գերությունից դուրս գալը հրամայակա՛ն է, հրատապ անհրաժեշտությո՛ւն է, Տերը ամեն վայրկյան մեզ կանչում է թողնել հինը, պոկվել մեղքի եւ սատանային գերությունից եւ դուրս գալ դեպի նոր կյանք՝ իր հետ միասին: Պողոս առաքյալը եփեսացիներին գրում է.
«Եվ դուք մեռած էիք՝ ձեր մեղքերի ու հանցանքների հետեւանքով, որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ», Եփ. 2, 1-2:
Ղազարոսին վերստին կյանքի կոչելով՝ Հիսուս նպատակ չուներ բոլոր մեռյալներին, ում հետ ինքը շփվել էր կամ սիրել էր, վերադարձնել երկրային կյանքը. այդ կյանքը ժամանակավոր է, քանի որ եւ Ղազարոսը, եւ Նայինի այրի կնոջ որդին եւ Հայրոսի աղջիկը, այլ մարդկանց նման պետք է մի օր մեռնեին: Տիրոջ նպատակը մարդկանց վստահություն եւ հավատ տալն էր, որ պետք չէ՛ վախենալ մահվանից, որ նույնիսկ մահը, որ թվում է անպարտելի, Իր շնորհիվ հաղթահարելի է, բայց մարդը եւս քայլ պետք է անի, ինչպես Մարթային ասաց՝ «Եթե հավատաս, կտեսնես Աստծո փառքը»: Հիսուս ուզում էր, որ մարդիկ հասկանային, որ իր առաքելությունը մարդուն մեղքի գերությունից հանելն է: Երկրորդ, Հիսուս, Ղազարոսին հարություն տալով՝ ուզում էր իր յուրայիններին պատրաստել իր չարչարանքներին եւ հարությանը, որ պետք է տեղի ունենային մի քանի օր հետո՝ Երուսաղեմում: Քրիստոսի Հարությամբ Ղազարոսը եւ ամբողջ մարդկությունն այլեւս պիտի ունենային հնարավորություն՝ ոչ միայն չկորցնելու կյանքը եւ այլեւ ապրելու հավիտյան՝ Տիրոջ ներկայության մեջ, պիտի ունենային հույսը նոր՝ անապական մարմին ստանալու՝ Հիսուսի Հարուցյալ մարմնի նման, որ նույնը չէր, ինչ Ղազարոսի հարություն առած մարմինը: Եվ Հիսուս իր կյանքը վտանգեց՝ գալով Հրեաստան եւ վտանգելու էր ի սպառ՝ մինչեւ մահ՝ խաչի վրա, որպեսզի կյանք տա իր ընկերոջը, որ ամբողջ մարդկությունն է եւ մարդն ամբողջությամբ՝ հոգի եւ մարմին:
Ղազարոսի հարության ուղերձը
Հիսուս Ղազարոսին կյանքը վերադարձնելու միջոցով յուրաքանչյուր մարդու ասում է հստակ. պետք չէ վախենալ մարմնի մահվանից, որը ժամանակավոր է, պետք չէ վախենալ հիվանդություններից, մարմնի ապականությունից, քայքայումից, որոնք եւս ժամանակավոր են: Այլ պետք է վախենալ դրանց արմատի՛ց, որ մեղքն է, ըստ այս աշխարհի իշխանի՝ սատանայի կամքի ապրելն է, որովհետեւ մեղքը կարող է հանգեցնել իսկական մահվանը, որ հոգու եւ մարմնի հավերժական մահն է՝ գեհենի կրակի մեջ: Հիսուս Ղազարոսին գերեզեմանից դուրս կանչելով՝ յուրաքանչյուրիս կանչում է մահվան գերեզմանից դուրս, գերեզման, որ ինքներս ենք փորում՝ մեր մեղքերով, բայց Հիսուս մեզ կանչելով՝ ուզում է, որ մենք, հավատանք Իրեն եւ Իր օգնությամբ, բայց ինքնե՛րս դուրս գանք մահվան վիճակից, ինչպես գերեզմանից դուրս եկավ Ղազարոսը: Տիրոջ հանդեպ հավատքը իր կատարյալ հիմքը գտնում է միայն Տիրոջ չարչարանքների եւ մահվան, ապա նաեւ՝ հարության մեջ:
Ուրեմն, Ղազարոսի հարությու՛նն է այն բանալին, որը Հովհաննես Ավետարանիչն առաջարկում է մեզ՝ հասկանալու համար զատկական շաբաթվա խորհուրդը. Տեր Հիսուս Քրիստոսն Իր կյանքը զոհեց եւ այն վերստին առավ՝ մարդուն մեղքի եւ մահվան գերությունից փրկելու համար, քանի որ յուրայիններին սիրեց եւ սիրում է ի սպառ: Ի՛նքն է հարությունը եւ կյանքը, ով իրեն հավատա, հաղթելու է մահվանը եւ մտնելու է հավիտենական կյանք. ամեն:
Տ. Հովսեփ
4 ապրիլի, 2020
Յիշատակ Ղազարու Յարության