• «Փոփոխության առաջամարտիկները». Աշոցքի երիտասարդների համար կազմակերպվեց 2-րդ սեմինարը

    Յուրաքանչյուրդ պետք է լինեք գաղափարներ ծնող և զարգացնող պարարտ հող, որոնց մեջ կա կյա՛նք և այն միշտ խոստանում է աճել, զարգանալ՝ ճիշտ Երկնքի Արքայության սերմի նման, որն ինչպես Հիսուս ասում է, սկզբում մանանեխի հատիկի չափ է, բայց երբ աճում է, դառնում է մի մեծ ծառ, որի ճյուղերին հանգստանում են թռչունները


    2020թ. հունվարի 27-ին Գյումրիի Լոֆթ մշակութային-ժամանցային կենտրոնում կազմակերպեցինք 2-րդ զարգացողական սեմինարը՝ Աշոցքի հայ կաթողիկէ չորս համայնքների՝ Մեծ Սեպասարի, Բավրայի, Ղազանչիի և Սիզավետի 35 պատանիների և երիտասարդների համար: Որպես սեմինարի խորագիր ընտրեցինք «Երիտասարդները՝ փոփոխությունների առաջամարտիկներ», որը տրամաբանական շարունակությունն է նախորդ սեմինարի, որ կոչվում էր «Երիտասարդները՝ հույսի առաջամարտիկներ»: Սեմինարի կազմակերպման նպատակը երիտասարդներին օգնելն է՝ լինելու իրենց համայնքներում դրական փոփոխությունների նախաձեռնողներ, գաղափարներ գեներացնողներ, խնդիրների լուծումների նոր ճանապարհների որոնողներ, նոր զարգացողական ծրագրեր մշակողներ և իրականացնողներ՝ ամենատարբեր ոլորտներում՝ առաջնորդվելով Ավետարանի սկզբունքներով և հավատքով:

    Սեմինարը վարելու համար հրավիրել էինք նաև Քրիստինե Մխիթարյանին, որ երիտասարդների հետ աշխատանքի մեծ փորձ ունի և Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ», «Շահերի պաշտպանություն» ծրագրերի ղեկավարն է:

     

    Նախ այս սեմինարների կազմակերպման իմ տեսլականի և հետագա անելիքների մասին խոսեցի հետևյալը.

     

    «Սիրելինե՛ր, այս երկրորդ սեմինարը շարունակում է նախորդի թեման: Տրամաբանությունն հետևյալն է. դուք կոչված եք լինելու և արդեն իսկ հանդիսանում եք Եկեղեցու և ձեր համայնքի հույսը, և որպես այդպիսին, կոչված եք լինելու և արդեն իսկ սկսել եք լինել Եկեղեցում և համայնքում դրական փոփոխությունների կրողները կամ առաջամարտիկները: Նախ ի՞նչ է նշանակում այս բառը՝ «առաջամարտիկներ». առաջամարտիկներն այն զինվորներն են, ովքեր մարտի դաշտում գնում են զորքի առջևից և, ըստ էության, առաջնորդում են բանակը: Դուք պետք է լինեք այդպիսի զինվորների նման՝ որպես կենդանի հույս Եկեղեցու համար և համայնքի համար, ինչպես որ ձեր ընտանիքների հույսն եք:

    Նախորդ սեմինարի ժամանակ խոսեցինք ձեր մեջ թաքնված և արդեն իսկ դրսևորվող հսկայական ներուժի, հավատքի, լավատեսության, ապագայի հանդեպ վստահության մասին: Այդ վստահությունը բխում է ձեր հավատքից, որ ապրում եք միասին՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ միության մեջ, գործադրում եք մեր երիտասարդական միության տարատեսակ ձեռնարկներում:

     

    Հավատքի կենդանի ապրումը, զարգացումը հնարավոր է՝ մշտապես պահելով երիտասարդական ավյունը, խանդավառությունը, նոր բարձունքներ նվաճելու կամքը, փափագը, ապագայի վառ երազանքները, գաղափարներ, որոնք թվում են շատ դժվար իրագործելու համար, բայց շարունակ ոգեշնչում և կանչում են դեպի նոր նվաճումներ, զարգացում, կատարելագործում: Այս ամենը կախված է ձեզանից և ձեր առջևում է, սպասում է ձեզ, թե երբ եք սկսելու ձեր պայքարը, թե երբ եք վճռականորեն մարտի բռվելու ձեր իսկ թուլությունների դեմ, ձեր հուսահատությունների դեմ, ձեր և ձեր ծնողների, ընկերների անհույս վատատեսության դեմ, երբեմն նույնիսկ ոչինչ չանելու և ինքնահոսի մատնվելու վիճակի դեմ, որ համակում է շատ երիտասարդների և մեծահասակների: Դուք պետք է մարդկանց հու՛յս ներշնչեք ձեր եռանդով և ձեր կոնկրետ գործերով, ծրագրերով, համայնքի կյանքում բերելով դրական փոփոխություններ, որոնք բոլորի համար անվիճելի են և հուսադրող, որոնք կարող են փաստել բոլորին, որ ամենաանհույս պայմաններում նույնիսկ հնարավոր է և պե՛տք է աշխատել՝ ելքեր գտնելու համար, եղածը ավելի լավը դարձնելու, կատարելագործելու համար, Աստծո առաջ ամեն ժամ ավելին լինելու համար, ավելի հոգևոր, ավելի սուրբ, ավելի արդար լինելու համար, ավելի կիրթ և բարձրաճաշակ լինելու համար, ավելի բարեկեցիկ ապրելու համար:

     

    Ուրեմն, փոփոխությունների սկիզբը ձեր մեջ եղած հույսն է, որ հիմնված է ձեր հավատքի և Աստծո հանդեպ ձեր սիրո վրա: Պետրոս առաքյալն իր նամակում ասում է հետևյալը.

     

    «Մշտապես պատրաստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, որ կհարցնի ձեր մեջ եղած հույսի մասին», Ա Պտ. 3, 15:

     

    Հույսի մասին պատասխան տալ պետք է մեր հավատքի և սիրո վկայությամբ, որ պետք է արտահայտվի մեր գործերով: Այդ գործերը պարտադիր չէ, որ լինեն մեծ ծրագրեր, այլ պետք է սկսվեն փոքրիկ քայլերից, որոնք սակայն, արվում են մեծ սիրով, ինչպես ասում է Սբ. Մայր Թերեզան: Միայն մեկ կարևոր բան կա. այդ փոքրիկ քայլերը պետք է լինեն անընդհատ և միշտ առավել շատ, որակապես առավել բարձր:

     

    Եթե հիշում եք, այս տարեսզբի հանդիպման ժամանակ ես ասացի, որ այս տարի ավելի շատ բան ենք անելու, քան՝ նախորդ տարի և մեր միության թերթը առավել շատ բան պետք է պատմի համայնքին ձեր մասին: Այդ քայլերը պետք է անենք միասին, և հարկ է, որ ձեզանից յուրաքանչյուրը հանդես գա նոր գաղափարներով, որոնք կարող են վերաբերել և՛ եղած քայլերը ավելի լավը դարձնելուն և՛ նոր քայլեր անելուն, ծրագրեր կազմելուն և իրականացնելուն, անկախ նրանից՝ այդ ծրագրերն իրականացնելու հնարավորություններն այս պահին կան, թե ոչ:

     

    Պետք է յուրաքանչյուրդ ինքներդ ձեզ պատկերացնեք որպես անընդհատ ստեղծագործող և երբեք կանգ չառնող ստեղծարարներ, գյուտարարներ, արվեստագետներ, ճարտարապետներ՝ բայց ոչ նեղ մասնագիտական իմաստով: Յուրաքանչյուրդ պետք է լինեք գաղափարներ ծնող և զարգացնող պարարտ հող, որոնց մեջ կա կյա՛նք և այն միշտ խոստանում է աճել, զարգանալ՝ ճիշտ Երկնքի Արքայության սերմի նման, որն ինչպես Հիսուս ասում է, սկզբում մանանեխի հատիկի չափ է, բայց երբ աճում է, դառնում է մի մեծ ծառ, որի ճյուղերին հանգստանում են թռչունները: Այսպիսին պետք է լինի ձեր յուրաքանչյուր գաղափարը և ծրագիրը. նախ՝ փոքր կամ դեռևս անորոշ, սաղմնային վիճակում, բայց երբ մտածեք յուրաքանչյուր քայլը, աշխատեք, փորձ ձեռք բերեք և, որ շատ կարևոր է, աղոթեք այդ գաղափարների համար, դրանք կաճեն կդառնան իսկական ծառեր և շատերի համար կլինեն զարգացման, բարեկեցության, հոգևոր մխիթարության հնարավորություններ:

     

     

    Ես աղոթում եմ, որ դուք լինեք առավել ջերմեռանդ հավատքի մեջ և առավել ջանասեր ինքնուրույն նախաձեռնություններով հանդես գալու և դրանք իրագործելու միջոցները գտնելու մեջ: Այսպիսի հանդիպումները ձեզ կօգնեն լինել ավելի նախաձեռնող և գտնել հնարավորություններ:

     

    Դավիթ թագավորը, որ նաև սաղմոսներ էր գրում, մի շատ ոգևորիչ աղոթք ունի.

     

    «Տե՛ր, Քեզնո՛վ միայն զինված պիտի վազեմ և իմ Աստծու շնորհիվ պիտի անցնեմ պարսպի վրայով», Բ Թգ., 22:30

     

     

     

    Քրիստինե Մխիթարյանն իր կարևոր նյութը երիտասարդներին ներկայացրեց հետաքրքիր բացատրություններով և քննարկումների միջոցով, լսելով երիտասարդների կարծիքները, նրանց առիթ տալով խորհրդածել սեփական կարողությունների, տաղանդների մասին, թե ինչպես կարող են դրանք դրսևորել և ինչպես կարող են գաղափարներ հղանալ ու զարգացնել իրենց համայնքներում: Նա շեշտեց, որ յուրաքանչյուր անձ կարող է փոփոխություններ բերել իր իրականության մեջ՝ ջանալով ոչ թե նախ փոխել իրականության պայմանները, այլ՝ նախ սեփական անձը, հաղթահարել վախերը, թերահավատությունը, սահմանել նպատակներ, երազանքներ, ոգեշնչվել ու ջանք թափել դրանք իրականություն դարձնելու համար՝ չվախենալով միջոցների սահմանափակ լինելուց: Նա առաջարկեց երիտասարդներին մտածել «աշխարհը փոխելու 6 քայլերի մասին», դրանք են՝ 1.ոգեշնչվել, 2.լինել տեղեկացված, 3.բացահայտել սեփական տաղանդները, ուժեղ կողմերը, 4.լինել խիզախ և գործել՝ մանրամասն ծրագրելով ամեն մի քայլ, 5. թույլ կողմերը լրացնել ուրիշների օգնությամբ, թիմային աշխատանքով, գտնել ճիշտ մարդկային ռեսուրսներ, 6.տոնել յուրաքանչյուր փոքր հաղթանակ՝ վստահ լինելով, որ կարողացար դրական փոփոխություն բերել:

     

     

    Քրիստիներից հետո Բավրայի Երիտասարդական միության անդամ Անդրանիկ Մարգարյանը, որ այս տարվա հունվարի 12-21-ը Հայկական Կարիտասի կողմից հրավիրվել էլ Ֆրանսիայում մասնակցելու համայնքներում սոցիալական ծրագրերի փորձի փոխանակման մի ծրագրի, պատմեց Ֆրանսիայում Կարիտասի ծրագրերի և գաղափարների մասին, որոնք կարող են երիտասարդներին օգնել զարգացնել իրենց գաղափարները տեղի համայնքներում:

     

    Հանդիպումն ավարտվեց միասնական աղոթքով և թեման հետագա սեմինարներում զարգացնելու մասին քննարկումներով, գաղափարային նոր առաջարկներով:

     

    Տ. Հովսեփ Գալստյան,

    Մեծ Սեպասարի, Բավրայի, Սիզավետի, Ղազանչիի հոգևոր հովիվ

Օրացույց

Օրացույց