Սուրբ Խաչի նայելիս՝ պետք է հիշենք, որ Աստված սիրում է մեզ ի սպառ
Խաչվերացի տոնին Բավրա գյուղում հայ կաթողիկէ երիտասարդական և պատանեկան միությունները Տ. Հովսեփ քահանա Գալստյանի առաջնորդությամբ կիրակնօրյա Սբ. Պատարագից առաջ գյուղում կազմակերպել էին Խաչվերացի թափոր: Երիտասարդները նախապես մեծ պատրաստել էին մեծ խաչափայտ՝ ի նմանություն Տեր Հիսուս Քրիստոսի Խաչափայտի, և զարդարել էին դաշտային երփներանգ ծաղիկներով: Թափորը սկսվեց առավոտյան ժամը 10:00-ին, Սուրբ Նշան հայ կաթողիկէ եկեղեցում դիմացից: Առջևից գնում էր բուրվառակիր սպասավորը՝ խնկարկելով ծաղկած խաչափայտին, որ իրենց ուսերին կրում էին երիտասարդները, ապա գնում էր քահանան, երկու կողմերից քշոցակիրները, ապա՝ թափորի մյուս մասնակիցները: Քահանան թափորն առաջնորդում էր դեպի գյուղի չորս կետեր՝ հարավային, արևելյան, հյուսիսային և արևմտյան, և ամեն կետում, ըստ Խաչվերացի կանոնի, որ մեզ ավանդված է Ժամագրքում, երգում էր մեկական ավետարանական հատված, ապա ասում օրհնության աղոթքներ: Իսկ ճանապարհին աղոթում էին Սուրբ Վարդարանը՝ խնդրելով Աստվածամոր բարեխոսությունը իրենց գյուղի բնակիչների համար, որպեսզի Սուրբ Խաչի զորությամբ ամրանա նրանց հավատքը և աճի սերը՝ Աստծո հանդեպ: Քահանան և երիտասարդները ճանապարհին իրենց հանդիպած գյուղացիներին հրավիրում էին թափորին և Սբ. Պատարագին մասնակցություն ունենալու:
Այնուհետև եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագը: Քահանան իր քարոզում բացատրեց տոնի խորհուրդը և ներկաներին հրավիրեց մտածել մի պարզ, բայց և խտացյալ ճշմարտության մասին.
«Խաչը մարդու հանդեպ Աստծու սիրո նշանն է, և ամեն անգամ խաչին նայելիս՝ պետք է հիշենք հանուն մեզ Տեր Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունը: Ամեն անգամ խաչելության նշանին մեր հայացքը սևեռելիս, պետք է հիշենք, որ Աստված մեզ սիրում է, որ մենք մենակ չենք մեր դժվարությունների մեջ, պետք է հիշենք, որ Աստված այնքա՜ն է սիրում մեզ, որ մինչև իսկ «Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հաւիտենական կեանք ունենայ», ինչպես լսեցինք այսօրվա ավետարանում: Խաչի ներկայությունը մեր կյանքում մեզ պետք է հիշեցնի Հիսուսի ներկայության մասին, որ, գուցե, երբեմն թվում է աննկատ, լուռ դիտորդի նման, կամ քնած, ինչպես ավետարանական այն պատմության մեջ՝ փոթորկի մասին, երբ Հիսուս հանգիստ քնած էր նավակի մեջ: Խաչի պատկերները մեզ միշտ ուղեկցում են, և մենք միշտ չէ, որ նրանց նայելիս մտածում ենք Հիսուսի կենդանի, անհերքելի ներկայության մասին, Նրա զորության մասին, միշտ չէ, որ խաչին նայելիս՝ ներքին վստահություն ենք զգում, քաջություն ենք զգում՝ սատանայի փորձությունների, կյանքի մարտահրավերների դեմ հանդիման, ճիշտ ինչպես աշակերտները, որ սարսափել էին փոթորկից, վախի մեջ էին և մոռացել էին, որ Աստծո Որդին իրենց նավակի մեջ է, որ Աստված իրենց հետ է այդ բաց ծովում: Բայց նման պարագաներում, երբ վախեցած ենք, հուսահատ, չենք կարողանում գտնել մեր հարցերի պատասխանները, մենք միշտ կարող ենք նայել Խաչի պատկերին և աշակերտների նման օգնություն աղերսել Հիսուսից՝ գոչելով. «Վարդապե՜տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»: Եվ Հիսուս հանդարտեցնելու է մեր հոգու ալեկոծությունը, սաստելու է սատանայական ներգործությունները՝ Իր ի սպառ սիրով, Իր Սուրբ Խաչի և Սուրբ Պատարագի ամոքիչ զորությամբ, և մենք էլ աշակերտների պես ապշած ասելու ենք. «Ինչպիսի՞ մեկն է սա…»: Ուրեմն Խաչը մեզ տանում է դեպի ճշմարիտ աստվածճանաչողություն, սովորեցնում է հասկանալ Աստծո սերը մարդու հանդեպ և միաժամանակ սովորեցնում է փոխադարձաբար սիրել Աստծուն՝ Հիսուսի նման և Նրա օրինակով: Խաչը մեզ ցույց է տալիս, որ սիրված ենք և թե ինչպես պետք է սիրել…»:
Ահա այս ճշմարտության վրա քահանան սևեռեց ներկաների ուշադրությունը՝ հավելելով, որ յուրաքանչյուր աստվածային խորհուրդ մեզ համար հոգևոր առումով ավելի հարստանալու ևս մեկ առիթ է:
Նիկոլ Մարգարյան
Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միության մամլո քարտուղար