• Զմմառավանքում տեղի ունեցավ Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությունը

    «Այսօր մենք մեր հայրերուն հաւատքով և ջերմեռանդութեամբ մասնակից կը դառնանք այս սրբալոյս միւռոնօրհնէքի արարողութեան»


    Աստվածամոր ծննդյան տոնին՝ 2019թ. սեպտեմբերի 8-ին, Բեյրութի Զմմառի հայ կաթողիկէ դարավոր վանքում կատարվեց Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությունը՝ ձեռամբ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդի, Սուրբ Պատարագի ընթացքում: Այս պատմական և շնորհաշատ սրբազան արարողությանն իրենց մասնակցությունը բերեցի Հայ Կաթողիկէ Եկեղեցու սինոդոսական հայրերը՝ թեմերի առաջնորդ արքեպիսկոպոսները և եպիսկոպոսները, Զմմառի Պատրիարքական կղերի միաբանության անդամները, աշխարհի տարբեր հայ կաթողիկէ համայնքներում ծառայող ծայրագույն վարդապետներ, վարդապետներ և քահանաներ, Անարատ Հղության հայ միաբան քույրեր, բարձրագույն պաշտոնատար անձինք, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, ուխտավոր հայ հավատացյալներ՝ տարբեր համայնքներից:

    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդությունից Մյուռոնօրնհեքի արարողությանը, Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի գլխավորությամբ մասնակցում էին Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը, Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը, Հայաստանի առաջնորդարանի աշխատակիցները, Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարի երգչախմբի ղեկավար Գոհար Շախուլյանը և երգչախմբի անդամներ, Հայկական Կարիտասի աշխատակիցներ, երիտասարդներ, ովքեր մշտապես կամավոր աշխատանք են կատարում «Աղաջանյան ամառային ճամբարում»՝ ընդհանուր թվով երեսուն ուխտավորներ:

    Հայ եկեղեցական ավանդության մեջ Մյուռոնի պատրաստությունը երկար ժամանակ է պահանջում. այն պատրաստում են ձիթայուղից, քառասունվեց տեսակի բույսերից և ծաղիկներից, որոնք խորհրդանշում են աստվածային ձրիաբար բաշխվող շնորհների առատությունը, որ Աստծո ժողովրդի վրա հեղվում են Սուրբ Մյուռոնի և խորհրդակատար աղոթքի միջոցով: Սրբալույս Մյուռոնը պատրաստվել էր դպրեվանքի սաների կողմից՝ աղոթքներով և սաղմոսներով, ըստ Հայրապետի հանձնարարության: Մյուռոնը հատուկ կաթսաների մեջ դրված էր սեղանին:

     

    Արարողությունը սկսվեց «Հրաշափառ Աստուած» շարականով, որի հոգեպարար հնչյունների ներքո Կաթողիկոս Պատրիարքը բարձրացավ Սուրբ Սեղանի մոտ՝ հոգևոր դասի ուղեկցությամբ: «Սուրբ Աստուած» շարականից հետո սկսվեց Մյուռոնի օրհնության բուն արարողությունը: Եպիսկոպոսները, քահանաները, ճեմարանականները հերթով ընթերցեցին աստվածաշնչյան հատվածներ, որից հետո Հոգևոր Տերը հատուկ աղոթքով խնդրեց Սուրբ Հոգու էջքը և Մյուռոնի սրբագործումը, որպեսզի Մյուռոնով օծությամբ հավատացյալներն ընդունեն աստվածային շնորհներ, իսկ եկեղեցիները, սուրբ սեղանները՝ աստվածային օրհնություն: Ընթերցվեցին հատուկ աղոթքներ, երգվեցին հոգեպարար շարականներ: Հոգևոր Տերը, ըստ կարգի, երեք անգամ օրհնություն և սրբագործում հայցեց Մյուռոնի համար՝ «Օրհնեսցի՜ եւ սրբեսցի՜ միւռոնս այս՝ նշանաւ Սուրբ Խաչիւս և Սուրբ Աւետարանաւս եւ Սուրբ Աղաւնիաւս», ապա կաթսայի մեջ լցրեց հին Մյուռոնը:

    Ավետարանի ընթերցումից հետո Հոգևոր Տերն իր հայրապետական խոսքն ուղղեց ներկաներին՝ ասելով.

     

    «Սիրելի՛ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Սիւնհոդոսական Հայրեր և Զմմառու վանքի Միաբան հայրեր,  առաքինազարդ Քոյրեր և սիրելի՛ հաւատացեալներ. Օրհնեալ ըլլայ սուրբ միւռնով օծուած այս սուրբ օրը: Այս օրը սիրելինե՛ր, մեր Եկեղեցւոյ և ազգին համար մեծ իմաստ եւ խորհուրդ ունի: Մեզի համար սրտի անհուն ուրախութիւն է ձեզ բոլորդ միատեղ հաւաքուած տեսնել Զմմառու Տիրամօր հովանիին ներքեւ, ուր այսօր կը կատարենք սրբալոյս միւռոնօրհնէքը: Սիրելինե՛ր, Սուրբ Միւռոնին իւղը խորհրդանիշն է Սուրբ Հոգւոյն և անոր աստուածային պարգեւներուն: Զայն կը գործածենք Մկրտութեան, Դրոշմի և Քահանայութեան Սուրբ Խորհուրդներուն տուչութեան ժամանակ: Մեր Եկեղեցւոյ տասնեակ հազարաւոր մանուկներ պիտի օծուին այս Սուրբ Միւռոնով, նորանոր քահանաներ և եպիսկոպոսներ նաեւ: Ս. Միւռոնը որպէս գերագոյն սրբութիւն կը ներգործէ իւրաքանչիւր քրիստոնեայի հոգիին մէջ: Օծումը՝ զոր ի Քրիստոս հաւատացեալք կը ստանան, մասնաւոր կերպով կը փոխանցէ հոգւոյն սրբոյ զօրութիւնը, առաջնորդելու համար զանոնք դէպի ճշմարտութիւն և սրբութիւն: Ան միանգամայն եկեղեցին և եկեղեցւոյ հիմնական սպասները նուիրագործող իւղն է: Աւելի՛ն, Միւռոնը կը սպառազինէ քահանայական ձեռնադրութեամբ եկեղեցւոյ սպասարկութեան կոչուող նուիրեալները: Արդարեւ, Միւռոնի օծում կը ստանան եկեղեցիները, եկեղեցւոյ սիւները, սեմը, Ս. Սեղանը, մկրտութեան աւազանը, եկեղեցական սպասքը, սրբոց պատկերները, խաչը և խաչքարերը: Այսօր մենք մեր հայրերուն հաւատքով և ջերմեռանդութեամբ մասնակից կը դառնանք այս սրբալոյս միւռոնօրհնէքի արարողութեան: Սիրելինե՛ր, մեր մաղթանքն է որ, Սուրբ Միւռոնի զօրութեամբ ամէն հայ դառնայ հարազատ քրիստոնեայ և Ս. Գրիգոր Լուսաւորչի հարազատ զաւակ: Պատմական այս օրուայ աւարտին՝ աղօթք կը բարձրացնեմ առ Աստուած, որ առատաձեռն շնորհներ պարգեւէ ձեզ բոլորիդ, ձեր հեռաւոր թէ մօտակայ հարազատներուն և հոգեկան և մարմնական բժշկութիւն շնորհէ անոնց, որոնք կը ստանան զայն»:

    Սուրբ Մյուռոնի օրհնությունից և Սուրբ Պատարագի ավարտից հետո Ամենապատիվ Հոգևոր Տերը՝ հոգևոր դասի ուղեկցությամբ, օրհնված Մյուռոնը և յուղերը թափորով փոխադրեցին Զմմառի վանքի Նահատակաց դահլիճը, որից հետո սեղանատան մեջ տեղի ունեցավ եղբայրական սիրո ճաշ:

     

    Հայաստանի ուխտավորները Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությունից բացի այս մի քանի օրերի ընթացքում ուխտագնացություններ կատարեցին նաև Սուրբ Շարբել սրբավայր «Թռչնոց բույն» Հայոց ցեղասպանության թանգարան՝ Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքում, Հարիսայի Տիրամոր սրբավայրը, Սուրբ Եղիա-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկե եկեղեցի, Հայ Կաթողիկէ Պատրիարքարան, Սուրբ Ավետման եկեղեցի, Սուրբ Խաչ եկեղեցի, Բուրջ Համուդ հայկական թաղամաս, Այնճար հայկական գյուղ, Այնճարի Սուրբ Վարդարանի Տիրամայր հայ կաթողիկե եկեղեցի, Բշուեթի Տիրամայր եկեղեցի և ուխտավայր:

     

    Տեղեկությունների հիմնական աղբյուր՝ Vatican News, հայկական բաժին

    Լուսանկարները՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ֆեյսբուքյան էջից

     

Օրացույց

Օրացույց