Հաճելի ժամանցն ու եկեղեցական կյանքը՝ մեկ տեղում
2019 թվականի հուլիսի 19-26-ը Շիրակի մարզի Թորոսգյուղի Աղաջանյան ճամբարում անցկացվեց «Համայնքային Երիտասարդական օրեր III» միջոցառումը: Այս միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երիտասարդների շրջանում: 7-օրյա հավաքին մասնակցելու էին եկել թվով 250 երիտասարդներ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Լիբանանից, Սիրիայից, Իրաքից և Թուրքիայից: Երիտասարդների համար այս միջոցառումը հիանալի առիթ հանդիասացավ միմյանց հետ շփվելու, փորձով և գաղափարներով փոխանակվելու, մտերմանալու համար:
Եկեղեցին համախմբել էր տարբեր մտածելակերպի և տարբեր մշակույթի պատկանող երիտասարդներին, որոնց բոլորին միավորում էր մեկ ընդհանուր բան՝ հավատն առ Աստված ու Եկեղեցի: Ճամբարում երիտասարդների առօրյան շատ հագեցած էր ու հետաքրքիր: Նրանք ամեն օր լսում էին բանախոսություններ՝ իրենց ինքնության, մտածելակերպի և պատկանելիության մասին, այնուհետ խմբային քննարկումների միջոցով ամբողջացնում էին լսածը, մասնակցում էին Սուրբ Պատարագների՝ այդ կերպ ավելի ամրացնելով իրենց կապը Կաթողիկէ Եկեղեցու հետ: Երիտասարդների մոտ մոտիվացնող ելույթներ էին ունենում իրենց բնագավառներում արդեն իսկ մեծ հաջողությունների հասած հյուրերը, ովքեր փորձում էին մաքսիմալ կերպով իրենց գիտելիքները փոխանցել նրանց: Ճամբարային այս օրերի անբաժանելի մասն էին կազմում նաև սպորտային խաղերն ու համայնքային մշակութային երեկոները, որոնք ապահովում էին ներկաների բարձր տրամադրությունը:
Այս միջոցառման շրջանակներում մասնակիցները նաև հնարավորություն ստացան այցելելու Հայաստանի եկեղեցիներից մի քանիսը՝ Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Դրսից եկածների համար այն հայկական մշակույթին ծանոթանալու հիանալի առիթ հանդիսացավ, նրանք իրենց համար բացահայտեցին մեր մշակույթի յուրահատկություններն ու գաղտնիքները, նրանց մեջ ավելի ամրապնդվեց քրիստոնեական հավատի գիտակցությունը: Այս այցից հետո երիտասարդական օրերը շարունակվեցին կրկնապատկված եռանդով ու ոգևորությամբ: Մասնակիցների հետ զրույցից պարզ է դառնում, որ ճամբարում նրանք հիանալի ժամանակ են անցկացնում, և այստեղից հեռանում են միայն լավ տպավորություններով: Իտալիայից Լևոնյան վարժարանի նորընծա Հայկ Շահինյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է ինչ մասնակցում է այս հավաքին, և ամեն տարի մեծ հաճույքով է հետ վերադառնում: Այս հավաքը բացի հաճելի ժամանցից նրան օգնել է նաև վերջնականապես իր ուղղին ընտրելու հարցում. նա վերջնականապես հանգել է որպես ժառանգավոր ճեմարան մտնելու որոշմանը: Քննարկված թեմաներից իր համար ամենակարևորը համարում է պատկանելիությունը, ինքնությունը և վկայությունը: Ամենամեծ ցանկությունն է իր փորձով ու գաղափարներով մյուսների հետ կիսվելը և վստահ է,որ այս հավաքը բոլորի համար շատ լավ շանս է իրենց հավատքի մեջ քայլ առաջ կատարելու համար: Վերջում նշեց, որ այս տարի ճամբարում մթնոլորտը ավելի խանդավառ է, մասնակիցները ցուցաբերում են ավելի մեծ ակտիվություն, և հույս հայտնեց,որ այս ամենը շարունակական կլինի Երիտասարդները հանդես եկան նաև առաջարկներով. նրանց ցանկությունն է, որ նման հավաքներ հաճախակի կազմակերպվեն, որոնց միջոցով կխթանվի նրանց շփումը դրսում ապրող իրենց հայրենակիցների հետ, և դրա լավագույն միջոցը համարեցին աղոթքն ու Եկեղեցին: Նրանցից շատերը խոստովանեցին, որ այստեղ եկել էին միայն հաճելի ժամանակ անցկացնելու համար, սակայն ճամբարը նրանց շատ ավելին է տվել. այն ամրապնդել է իրենց հավատը առ Աստված ու Եկեղեցի, և նրանք այժմ իրենց համարում են Կաթողիկէ Եկեղեցու լիարժեք անդամներ:
Իրենց հերթին կազմակերպիչները նշեցին, որ ամեն ինչ անում են այս միջոցառումը ավելի մասսայական դարձնելու, ավելի շատ մասնակիցներ ներգրավվելու և մասնակիցների ակտիվության մակարդակը տարեց տարի ավելի բարձրացնելու համար: Նրանց խոսքով իրենց ցանկությունը մեկն է, որ մասնակիցները ճամբարից հեռանան հաջորդ տարի կրկին վերադառնալու անհագ ցանկությամբ:
Նիկոլ Մարգարյան
Շիրակի պետական համալսարանի Լրագրության բաժնի ուսանող,
Բավրայի երիտասարդական խմբի անդամ, ԵՀՕ-III մասնակից