• Աշխարհում տեղահանվածների ու փախստականների թիվը հասել է 50 մլն-ի

    Առաջին անգամ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում տեղահանվածների ու փախստականների թիվը հասել է 50 մլն-ի


    Կաթողիկե Եկեղեցու Aid to the Church in Need, որը թարգմանվում է «Օգնություն՝ կարիքի մեջ գտնվող Եկեղեցուն», բարեգործական կազմակերպությունը հրապարակել է 2014թ. իր տարեկան զեկույցը աշխարհում կրոնական ազատության վիճակի մասին: Ըստ այդ վերլուծության, որը կատարվել է հիմնվելով լրագրողների և գիտաշխատողների ուսումնասիրությունների վրա, փաստվել է, որ ուսումնասիրված 196 երկրների մեծամասնության դեպքում կրոնական ազատությունները 2014թ. ընթացքում ավելի են սահմանափակվել: 20 երկրներում հատկապես խիստ հալածանքներ են կիրառվել ծայրահեղական մահմեդականների կողմից քրիստոնյաների և այլ կրոնների հետևորդների նկատմամբ՝ օրինակ՝ Իրանում, Իրաքում, Լիբիայում, Նիգերիայում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում: Ի դեպ, օրեր առաջ Պակիստանում մոլեռանդ ծայրահեղական ամբոխը կենդանի այրել է քրիստոնյա մի զույգի՝ մեղադրելով նրանց Ղուրանը այրելու մեջ.մեղադրանքն, ըստ եկեղեցական աղբյուրների, կեղծ է եղել: Ընդ որում սպանված կինը, որը չորս երեխաների մայր էր, հղի է եղել հինգերորդ երեխայով: Քրիստոնյաները, ըստ զեկույցի, ամենաշատ հալածվող կրոնական զանգվածն է աշխարհում, թեև մահմեդականները ևս հաճախ զոհ են դառնում ծայրահեղականությանն ու ավտորիտար ռեժիմի քաղաքականությանը: Հնուց հաստատված կրոնական համայնքների նկատմամբ հալածանքներն ու նորաստեղծ միաձույլ դավանանքով ինքնահռչակ պետությունների կոշտ քաղաքականությունը հանգեցրել են բնակչության լայն զանգվածների տեղաշարժի և գաղթականության մեծ ճգնաժամի: Որպես հետևանք, Եվրոպայի երկրներում ավելի բազմազան է դառնում կրոնական պատկանելության պատկերը, որը ծնում է նոր լարվածություններ, ինչպես Մերձավոր Արևելքում: Միայն Սիրայում 2011-2014թթ. Հակամարտության հետևանքով քրիստոնյաների թիվը պակասել է ավելի քան 500.000-ով: Այս տարվա հունիսին ՄԱԿ-ը հայտարարեց, որ առաջին անգամ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում տեղահանվածների ու փախստականների թիվը հասել է 50 մլն-ի: Աշխարհում, հատկապես համացանցի միջոցով, լայն տարածում է ստանում կրոնական ծայրահեղականությունը, ատելությունը, աճում է այսպես կոչված «ջիհադի սերունդը»: Կաթողիկե Եկեղեցին մշատպես իր դիրքորոշումն է արտահայտում այս երևույթների նկատմամբ միջազգային ատյաններում, կոչ անում պետություններին ոչ թե լարել իրավիճակը զենք վաճառելով ու կողմնապահ քաղաքականությամբ, կամ ռմբակոծություններով, այլ՝ երկխոսություն սկսել՝ իրական խաղաղություն հաստատելու համար: Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

    Աղոթե՛նք հավատքի համար նահատակված մեր բոլոր եղբայրների և քույրերի հոգիների հանգստության համար,  բոլոր նրանց համար, ովքեր ամեն օր վտանգում են իրենց կյանքն ու ապագան, բոլոր նրանց համար, ովքեր դեգերում են իրենց հայրենիքներից դուրս՝ ապահով ու խաղաղ ապագա գտնելու հույսով:

Օրացույց

Օրացույց


Recent Comments