• Սուրբ Բաբելաս հայրապետի և նրա երեք աշակերտների նահատակությունը

    «Փրկեցիր մեզ մեր թշնամիներից և մեր ատելիներին ամոթահար արեցիր» (Սղմ. ԽԳ. 8):


    Բաբելասը Անտիոքի հայրապետն  էր՝ 240-252թթ.։ Անտիոքում գտնված ժամանակ Նումերիանոս կայսրն այցելում է քաղաքի մեհյանները և կուռքերին զոհ մատուցում։ Ապա ցանկանում է մտնել Աստծու եկեղեցին՝ արհամարհելու քրիստոնեական սուրբ պաշտամունքը։ Այս բանին տեղեկանալով՝ հավատացյալները խուճապի են մատնվում։ Իսկ երիցս երանելի Բաբելասը` Աստծու Եկեղեցու եպիսկոպոսը, որ Անտիոքում էր, Քրիստոսի հոտի գեղեցիկ և հանճարեղ հովիվը, գիտեր մեծ իմաստությամբ հովվել իր ենթականերին, երբ լսեց, որ Նոմերիանոսը ուզում է մտնել Աստծու տաճարը, ձայնը բարձրացրեց ժողովրդի մեջ և բարձրագոչ ասաց. «Հաստատո՛ւն եղեք, որդյակներ, այստեղ, ներսում մնացեք, որովհետև ապականիչ գայլն  ուզում է մտնել Աստծու տունը. եթե Աստված մեզ [օգնության] չհասնի՝ կորչելու ենք բոլորս»: Նրանք այդ լսելով՝ մնացին ներսում, իսկ սուրբը դռան առջև նստած սպասում էր անօրենին: Եվ եկավ Նոմերիանոսը, ուզում էր մտնել եկեղեցի: Աստծու սուրբ ծառա Բաբելասն ընդառաջ գնալով՝ արգելեց նրան. «Այստեղ չպե՛տք է մտնես պիղծ և կեղտոտ ձեռքերով»: Իսկ Նոմերիանոսը բռնի մտնել էր փորձում, և զարմացած էր այրի համարձակությամբ, նաև ակնածելով նրա բարի համբավից, մի պահ լուռ մնաց, ապա հրամայեց նրան պահել ամենայն զգուշությամբ, ինքը զայրացած դարձավ արքունիք:

    Հաջորդ օրը [թագավորն] ատյանում նստեց, հրամայեց նրան բերել բոլորի առջև ու ասաց. «Ա՛յ թշվառական այր, ի՞նչ ես մտածել և ի՞նչ նկատի ունեիր, որ հանդգնեցիր արգելել ինձ, չգիտե՞ս, որ քեզ հետ խոսում է թագավորը: Աստվածները գիտեն, որ չես փախչի իմ ձեռքից, և տեսնենք՝ քո Աստվածը կօգնի՞ քեզ»:

    Բաբելասն ասաց. «Ես տառապած մարդ էի, իսկ Աստված կամեցավ ինձ դարձնել իր ժողովրդի հովիվ: Ուստի տեսնելով, որ ապականիչ գայլը մտնում է Քրիստոսի հոտը, շտապեցի ուշք դարձնել, որ իմ հոտից կորուստ չունենամ և հաշիվ տամ Աստծուն»:

    Նոմերիանոսն ասաց. «Հիմա ինձ գա՞յլ համարեցիր և ոչ թագավո՞ր»: Բաբելասն ասաց. «Աստծու ներողամտությամբ ես դու թագավոր և մեր մեղքով. գոնե այդպես խրատվելով դառնանք դեպի Նա: Բայց ես քեզ ճշմարիտ թագավոր չեմ համարում, որովհետև չգիտես Նրան, որ քեզ այդ պատիվը տվեց: Եթե գիտենայիր՝ միայն Նրան կերկրպագեիր և միայն Նրան կպաշտեիր և ոչ Նրա ստեղծածներին: Արդ՝ այսպիսի գործերով բարկացնում ես քո արարչին, որ չգոյությունից գոյության բերեց քեզ և պատիվ տվեց, որպեսզի փառավորես Նրան: Քեզ ասում եմ բաներ, որ բոլորը գիտեն. եթե քո պաշտոնյաներից մեկը փախչեր քեզնից ու գնար այլազգի թագավորի մոտ, չէի՞ր զայրանա: Այդպես մտածիր Աստծու մասին: Երկնի ու երկրի արարիչը խանդով է նայում այդ բաներին: Չէ՞ որ, երբ Իսրայելը դառնացրեց Աստծուն՝ մարգարեի միջոցով ասաց նրանց. «Դուք նախանձեցրիք ինձ չաստվածներով, և ես կնախանձեցնեմ ձեզ ազգով և անմիտ ազգով կզայրացնեմ ձեզ» (Բ. Օրինաց ԼԲ. 21): Արդ՝ դու ևս կզայրացնես Աստծուն, և Նա կխլի իսկույն քո թագավորությունը և կտա ուրիշի, որին չես ուզում: Դրանով կիմանաս, որ բարվոք է Աստծուն խոստովանել և ոչ թե Նրա արարածներին աստվածացնել և երկրպագել նրանց. չէ՞ որ գրված է. «Երկրպագի՛ր քո Տեր Աստծուն և պաշտիր միայն Նրան» (Մատթ. Դ. 10):

     

    Նոմերիանոսն ասաց. «Աղճատվում ես թշնամանելովդ: Քեզ չի՞ թվում, որ այս արարածները մեծ աստծունն են կամ չե՞ս տեսնում նրանց ազդեցությունը և առաջադիմությունը, որ ունեն: Բայց ես ուզում եմ իմանալ՝ ո՞ր ազգն է ասում՝ գիրն անմիտ է. այդ որ ասես՝ սիրով կլսեմ քեզ»: Բաբելասն ասաց. «Աստված մարդուն անմեղ ստեղծեց, իսկ սատանան երկնքից ընկավ և զրկվեց փառքից, որ ստացել էր Աստծուց, և նախանձելով մարդկային ցեղին՝ հափշտակեց մեր նախնիներին իր չար մտքերով, և այդպես եղանք անմիտ: Իսկ Աստծու Միածին Որդին՝ ճշմարիտ Աստված, ներողամիտ եղավ այնքան կռապաշտության հանդեպ և իր ստեղծածների կորուստը տեսնելով՝ երևաց մեզ և ողորմելով կորզեց մոլորությունից: Եվ այնուհետև անմիտ չենք, քանի որ գիտենք Աստծուն, մանավանդ որ Իրենից իմացանք՝ չկա նախապես գիտցող, լոկ Աստծուց բացի: Իսկ այդ ամենը, որ ասում եք՝ առասպել են և բանաստեղծների մտքեր. անունով են միայն աստվածներ և ոչ գոյությամբ, քանի որ եթե մարդկային արվեստը չլիներ՝ այդ աստվածները չէիք ունենա: Այժմ եթե ուզում ես ինձ լսել և մոլորությունիցդ խուսափելով իմաստուն լինել՝ Աստված քեզ կընդունի, իսկ եթե ոչ՝ կաս և կմնաս այդ անմտության մեջ»: Նոմերիանոսն ասաց. «Ձեր գիրքն առասպել է, իսկ մերը՝ գործ և իմաստ, և իր մեջ ունի ճշմարտության պատկերը, որովհետև այնտեղ աստվածային մի զորություն կա: Դրա համար հրամայում եմ զոհ մատուցել նրանց: Եվ իմացիր, թե չլսես՝ անպատիժ չես մնա, որովհետև դու ավելի լավ չես քան նրանք, որ քեզնից առաջ եկան սրան և արժանացան մեծ պատվի»:

     

    Բաբելասն ասաց. «Ովքեր պարտվեցին՝ պարտվեցին իբրև մարդ, իսկ ինձ չես կարող խաբել, և եթե ինձ խոստանաս Երկնքի Արքայությունը, որից ինձ ուզում ես խորթացնել, տանջանք ես ժառանգելու, քանի որ Աստված քեզնից պահանջում է մարդկանց հոգիները, որ կորցրեցիր»:

    Այս բանից զայրացած, Նոմերիանոսի հրամանով Բաբելասը շղթայակապ նետվում է բանտ։ Նոմերիանոսն ասաց Բիկտորինոս դքսին. «Ուզում եմ քեզնով խրատել անզգամների ուսուցիչ Բաբելասին և հրամայում եմ նրա պարանոցին շղթա դնել, նաև ոտքերին՝ կապանք, ի թշնամություն նրա, որ ոչ քիչ լուտանք թափեց մեզ վրա»: Բիկտորինոս դուքսն ասաց. «Քո քաջությամբ երդվելով՝ վաղուց եմ ցանկացել հասնել քո երկյուղին՝ այդ ամբարիշտ մարդու կապակցությամբ: Որովհետև անօրեն է և ինչ-որ նոր օրենք է ուսուցանում և բազում հոգս է պատճառում մեզ՝ անգոսնելով մեր հրամանները»:

    Դուքսը Բաբելասի պարանոցն ու ոտքերը շղթայեց և հրամայեց դուրս հանել, որ տեսանելի լինի բոլորին: Բաբելասն ասաց. «Գոհանում եմ իմ Աստծուց, որ իրեն խոստովանելովս ինձ հասցրեց այս պատվին, իսկ քեզ և քո թագավորին չեմ հարգում»:

    Բաբելասն ասաց. «Ուսուցիչ եմ երիտասարդների, որ երբեմն մտքով մանկանում են, երբեմն իմաստությամբ պատահում եմ նրանց, որ ուզում են շեղվել ճշմարտությունից, բայց ձեզ՝ անզգամներիդ ու ձեզ նմաններին ուսուցիչ չեմ»:

    Նոմերիանոսն ասաց. «Ո՛վ թշվառական, զոհ մատուցիր, բուժվիր տանջանքներից, որ քեզ պահեն, և մի՛ պարծենար այն մանուկներով, որոնց սովորեցնում ես»: Բաբելասն ասաց. «Որ մանուկների ուսուցիչ եմ՝ ահա քեզ ասացի: Իսկ եթե ուզում ես տեսնել՝ ի՛նչ է մանկանց սնունդը և աստվածային վարդապետությունը, ինձ հետ ունեմ երեք մանուկ՝ ըստ Աստծու սնված, հրամայիր նրանց բերել՝ և կտեսնես նրանց քաջությունը, որ Աստված նրանց հետ է: Թերևս իմ փորձով չհամոզվեցիր և ինձ նայում ես իբրև աղճատվածի ու շատախոսի»:

    Եվ Նոմերիանոսը հրամայեց բերել մանուկներին, որոնց մասին Բաբելասն ասաց: Այսպիսով, բանտում նրան են այցելում իր երեք աշակերտները, որոնք չէին ցանկանում բաժանվել իրենց հոգևոր դաստիարակից։ Եվ երբ մտան, [Նոմերիանոսը] հարցրեց նրանց՝ մայր ունե՞ն: Եվ նրանք ասացին. «Այո՛, բայց մորից առավել ունենք տեր Բաբելաս մեր ուսուցիչը»: Հրամայեց բերել և նրանց մորը, ու երբ մտավ՝ հարցրեց նրան՝ «Ի՞նչ է քո անունը»: Եվ նա ասաց. «Թեուդուլե»: Նոմերիանոսն ասաց. «Դրանք քո որդինե՞րն են»: Եվ նա ասաց՝ «Այո՛, ես եմ ծնել դրանց և հանձնել եմ իմ հովիվ Բաբելասի ձեռքը, և նա սովորեցրեց նրանց աստվածպաշտություն»: Նոմերիանոսն ասաց. «Դրա երեսին ապտակեցեք սաստիկ իր երեխաների առջև և դրան ասացեք, որ հանդուգն չխոսի»: Իսկ զավակները տեսան իրենց մորը տանջանքի մեջ, միաբան աղաղակեցին ու ասացին. «Բռնավո՛ր, իզուր մի՛ խփիր մեր մորը, որովհետև ազատ է, և ճիշտ ասաց՝ ինչ որ ասաց, նա ծնեց մեզ, բայց սնեց մեր տեր Բաբելասը: Թեկուզ դարձյալ զայրանաս՝ մեր տերն է, քանի որ աստվածպաշտություն է սովորեցնում»: Եվ զայրացած Նոմերիանոսը հրամայեց երիտասարդներին առանձնացնել: Հրամայեց առաջինին փոկով [հարվածել] տասներկու, երկրորդին՝ ինը, երրորդին՝ յոթ [անգամ]: Իսկ մանկունք մի մարդու պես ասացին. «Օրհնյալ է Աստված, որ Նրա համար չարչարվում ենք»:

    Նոմերիանոսը հրամայեց դուրս հանել նրանց մորը և ներս տանել Բաբելասին և ասաց նրան. «Անզգամների վարդապետ և մանուկների ուսուցիչ, փորձեցի այն, որ պարծենում էիր մանուկներով. սուտ դուրս եկար, քանի որ առաջ գալով մանուկները խոստացան զոհ մատուցել աստվածներին»: Բաբելասն ասաց. «Չա՛ր, գլխիցդ սուտ ես խոսում, քանի որ քո հայր սատանայի որդին ես, որը մշտապես ստում է, և դուք չեք կարող հաղթել որևէ մեկին, ո՛չ դու, ո՛չ քո հայր սատանան, եթե չստեք»:

    Իսկ մանուկները այնքան ժամ կախված էին Բաբելասի հետ: Նոմերիանոսն ասաց, որ Բաբելասին տանեն՝ կապանքներն ու անուրները պարանոցին: Եվ քանի որ ծանր էին և հաստ, երկար կախելով վերքեր էին առաջացնում: Իսկ որ նրա շուրջն էին ծանոթները, չարչարակից լինելով նրան՝ ասացին. «Խոստացի՛ր զոհել և ազատվիր տանջանքից»: Բաբելասն ասաց. «Այնքան չեմ սգում այդ անզգամին, որ գահին է նստում, որքան ձեզ, որ հավատում եք դրան, որ և կորցրեց ձեր կյանքը: Դրան չհավանելով արդյո՞ք ձեզ կհավանեմ. բնավ: Ձեր տանջանքը կյանք է, որովհետև թեթևացնում է ինձ, որի համար և չարչարվում եմ և չեմ զգում բնավ»:

    Այնուհետև թագավորը հրամայեց տանջել նրան: Ու մինչ երանելի Բաբելասը կախաղանին էր, մանուկները աղաղակում էին և ասում. «Բռնավոր և ամբարիշտ, ինչո՞ւ մեր տիրոջը և բարի հովվին այդպես առանց մի պատճառի տանջում ես. քանի որ պաշտում է բոլորի Տիրոջը, դրա համար առավել պատվի է արժանի և ոչ տանջանքի: Դրա փրկությամբ երդվում ենք՝ Աստծու ձեռքից չես պրծնի, այլ մատնվելու ես գեհենի հրին»: Եվ թագավորը հրամայեց իջեցնել Բաբելասին և թաքցնել տանը, որպեսզի առանձին հարցաքննի մանուկներին: Եվ ասաց նրանց. «Որդյակնե՛ր, համաձայնեցեք ինձ՝ և բազում պատիվներ կշնորհեմ ձեզ, որ ուրիշ մեկը չի կարող»: Իսկ նրանք միաձայն ասացին. «Խորամանկ և նենգավոր, մեզ մահ մի՛ նյութիր, քանի որ քո բոլոր շնորհները լի են գեհենի պատվով: Երբ որ մեր վարդապետը տերունական կնիքը տվեց մեզ՝ կատարյալ դարձանք և մեզնից վանեցինք չար խորհուրդները, և հաղորդվեցինք հաստատուն կերակրին, պատրաստ ենք մեռնելու Քրիստոսի անվան համար: Դու կարծում էիր թե երբ մեզնից մեկուսացնես մեր ուսուցչին՝ կհաղթես մեզ: Աստծու Որդու անվամբ ենք երդվում, որը կարող է օգնել մեր հովվին՝ ուր և լինի, և բուժել քո պիղծ ձեռքից, և այս ժամանակները փոխել անմիջապես, եթե չուրանանք և ամոթ չանենք մեր հովվին, որ աղոթում է իր հոտի համար»:

     

    Եվ թագավորը բարկացավ, Բաբելասին և երեք մանուկներին մահվան վճիռ տվեց: Իսկ երանելի Բաբելասը երեք մանուկների հետ վճիռն ստացավ, երդվեցրեց մոտը եղողներին և ասաց. «Երդվեցնում եմ ձեզ մեր Աստծով, որ տեսնում է ամեն ինչ, անուրներն ու կապանքները, որ ոտքերիս են, ես վկայում եմ, որ բռնավորը հավետ տանջվելու է անվախճան հրի մեջ»: Ու մինչդեռ ելնում էր դռնից, այսպես էր սաղմոսում. «Փրկեցիր մեզ մեր թշնամիներից և մեր ատելիներին ամոթահար արեցիր» (Սղմ. ԽԳ. 8): Նրա հետ սաղմոսում էին մանուկները: Իսկ երանելի Բաբելասը աղաչում էր դահիճներին, որ պատրաստ էին գլխատելու, որ նախ մանուկներին սպանեն, ապա իրեն: Եվ նրանց կանգնեցնելով իր աջ ու ձախ կողմը, ասաց. «Ահա ես և իմ մանկունք, որ տվեց Աստված»: Իսկ երբ նրանց վախճանված տեսավ՝ ասաց. «Օրհնյալ Աստված քրիստոնյաների, որ արիր քո բազում ողորմությունը, արդարև դեռահաս մանուկների բերանով հաստատեցիր քո օրհնությունը»: Այսպիսով, Բաբելաս Հայրապետից քիչ առաջ, իր աչքի առջև խողխողվեցին իր երեք պատանի աշակերտները՝ Ուրբանոսը, Պռիլիդիանոսը և Եպողոնիոսը, որոնք եղբայրներ էին, իրենց Թեոդուլիա մոր հետ: Երանելի Բաբելասին ևս գլխատեցին, թաղվեց շղթաներով, երեք մանկանց հետ:

     

    Աղբյուրներ՝ «Վարք Սրբոց», 2009թ., «Սուրբք եւ Տօնք Հայաստանեայց Եկեղեցւոյ», 2003, Հայ եկեղեցու տոնելի սրբերի համառոտ կենսագրությունները, 1980:

     

    Պատրաստեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց