Հայկական ինքնությունն ուժեղ ինքնություն է
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, նախ և առաջ ցանկանում եմ ասել, թե որքան մեծ պատիվ է ձեր մեջ գտնվելը: Բավական երկար ժամանակ է, ինչ երազում էի այցելել Քրիստոնեության կենտրոններից մեկը, և ոչ ինչ-որ մեկը, քանի որ Հայաստանը առաջին քրիստոնյա Պետությունն է աշխարհում: Բավական երկար ժամանակ է, ինչ երազում էի ուղևորվել այստեղ՝ Հայաստան: Ես Ալեքսանդր Գուդարզին եմ՝ Սիրիայում և Հորդանանում «SOS Chrétiens d’Orient» (SOS Արևելքի Քրիստոնյաներ) կոչվող ասոցիացիայի ղեկավարը: Մի ասոցիացիա, որը հիմնադրվել է 2013թ. Ֆրանսիայում՝ ի պատասխան սիրիական ճգնաժամի ընթացքում տեղի ունեցած դեպքերի: Այդ ժամանակ, Լիբանանի սահմաններում գտնվող Մաալուլա կոչվող քրիստոնյա մի փոքրիկ գյուղ արդեն գրավվել էր ալ-Նոսրայի կողմից և մայրաքաղաք Դամասկոսը լրջորեն վտանգված էր: Այս ժամանակահատվածում միակ պատկերացումը, որ Սիրիացիներն ունեին Ֆրանսիայի մասին դա այն էր, որ սա մի Կառավարություն է, որը սպառնում էր հարվածել սիրիական բանակին իր ավիակիրներից մեկով՝ Միջերկրական ծովի ափամերձ շրջաններով: Երկրորդ պատկերացումը, որ ունեին՝ ջիհադիստներն էին, ովքեր գալիս էին մեր ֆրանսիական քաղաքներից և որ մեր Կառավարությունն ուղարկել էր Սիրիա և Իրաք բնակչությանը կոտորելու համար: Մենք պետք է գործեինք: Մեր առաջին ծրագիրը եղավ պարզապես Սիրիա գալը Քրիստոնյաների հետ Սուրբ Ծնունդը տոնելու համար, որպեսզի նրանք իմանան, որ մենք նրանց կողքին ենք և որ մտահոգվում ենք նրանց մասին: Այնուհետև գնացինք Զատիկը տոնելու իրաքցիների հետ՝ նույն նկատառումներից ելնելով: Ի վերջո, մի կառույց ձևավորվեց, և մենք գրասենյակներ ունենք Արևելքի 5 տարբեր երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Հորդանանում և Եգիպտոսում… Մեզ հաջողվում է հետազոտություններ անցկացնել ուրիշ երկրներում, ինչպիսին է Պակիստանը, որտեղ ազատում ենք ստրուկների: Մեր նպատակն է տեղում ապրող քրիստոնյաներին տրամադրել երկարաժամկետ ապրուստի միջոցներ, որպեսզի շարունակեն ապրել իրենց հողի վրա, չնայած պատերազմի դժվարություններին և դրա հետևանքներին:
Մենք աշխատում ենք բոլոր եկեղեցիների հետ և ձգտում ենք կապեր հյուսել Ֆրանսիայի Եկեղեցու և Արևելքի Եկեղեցիների միջև: Այն բոլոր երկրներում, որտեղ բացել ենք գրասենյակներ՝ ուղարկում ենք ֆրանսիացի կամավորների եվրոպացի և արևելքցի երիտասարդների միջև հոգևոր, ինչպես նաև մշակութային կապեր ստեղծելու նպատակով: Չորս տարվա ընթացքում գործուղել ենք ավելի քան 1500 կամավորի: Ինչպես գիտեք հայկական ներկայությունը Մերձավոր Արևելքում, հատկապես՝ Սիրիայում կարևոր է: Այժմ Հալեպում սկսել ենք պատերազմի ընթացքում ավերակների վերածված հայկական թաղամասի վերակառուցման աշխատանքները: Այս թաղամասը գտնվում է այն խաչմերուկում, որտեղ տեղակայված էին Ալ Նոսրա Ճակատի ջիհադիստների դիրքերը, քրդական Ազգային ինքնապաշտպանական ջոկատները և սիրիական բանակը: Սա ամենախոշորամասշտաբ ծրագիրն է, որին այժմ մասնակցում ենք: 2015 և 2016 թթ. երբ քաղաքն ապրում էր իր ամենամռայլ ժամերը՝ Հալեպի երիտասարդության հետ միասին ֆինանսավորեցինք ամառային ճամբարներ՝ տեղակայված խաղաղ գոտու հովտում: Բազմաթիվ երիտասարդներ վերջին մի քանի տարիներում անդորր և Խաղաղություն չեն ունեցել:
Միևնույն ժամանակ աջակցել ենք սկաուտական տարբեր ծրագրերի: Նաև որպես նվիրատվություն հատկացրել ենք գյուղատնտեսական և համակարգչային տեխնիկա Քեսաբին, որը գյուղ է Միջերկրական ծովի ափին, որտեղ հայերն ապրեցին իրենց 3-րդ արտաքսումը՝ 2014թ. մարտից հունիս ընկած ժամանակահատվածում: Ջիհադիստները եկել էին հազարներով թուրքական լեռներից՝ բնակիչներին սպանելու, կողոպտելու, նրանց տներն ու եկեղեցիներն այրելու համար… Մեր ասոցիացիայի նպատակը մշակութային է, հոգևոր և ինքնությանը վերաբերող:
Հայկական ինքնությունն ուժեղ ինքնություն է՝ հաշվի առնելով այն փորձությունները, որոնց միջով անցել է այս ժողովուրդը և այն համեստությունը, որով նրա գաղթականները ապրում են իրենց կյանքը հյուրընկալ երկրներում: Նրանք կարողացան իրենց լավագույնը զարգացնել և օգտագործել ի շահ այն ժողովուրդների, ովքեր իրենց հյուրընկալել են:
Ես հայ չեմ, սակայն այսպիսին եմ ես ձեզ ճանաչում, այսպիսին ենք մենք ձեզ ճանաչում, որովհետև սա այն հեղինակությունն է, որ դուք ունեք: Մեր ասոցիացիայի մասնակցությունը համեստ է, բայց սա վկայությունն է այն սիրո և հարգանքի, որ տածում ենք ձեր նկատմամբ: Երբեք չմոռանա՛ք, որ որպես քրիստոնյա՝ մենք ստեղծված ենք փայլելու համար: Չարից, որը պատճառ է դարձել ձեր տարագրության, Բարին պետք է դուրս հորդի: Սա ձեր աշխատանքն է, և դուք պետք է դրա պտուղները քաղեք: Դուք պետք է աչքի ընկնեք ձեր օրինակելիությամբ, որտեղ էլ որ գտնվեք: Այո՛, իսկապես, մենք հավատում ենք ձեզ:
Սիրիայում և Հորդանանում SOS Chrétiens d’Orient (SOS Արևելքի Քրիստոնյաներ) ասոցիացիայի ղեկավար
Ալեքսանդր Գուդարզի