
Գերհարգելի եւ Գերապատիւ Վարդապետներին, Արժանապատիվ Քահանաներին, Առաքինազարդ Միաբան Քույրերին եւ հավատացյալ ողջ ժողովրդին Կաթողիկէ Հայոց` ի Հայաստան, Վրաստան, Ռուսաստան եւ Արևելյան Եվրոպա
Հու՛յժ սիրելի եղբայրներ եւ քույրեր ի Քրիստոս, հիրավի մեծ եւ բերկրալից ավետիս է Տիրոջ Ծնունդը, որ ոչ այլ ինչ է՝ քան Աստծո Որդու մարդեղության աստվածային խորհրդի իրականության հռչակումը` ի լուր աշխարհի, ի հեճուկս չար եւ անհավատ մարդկային սերնդի եւ ի սարսափ այս աշխարհի իշխանի։ Աստվածային այս անճառելի իրականությունը` Աստծո Որդու մարդանալը, ծնունդը Կույսից գերբնական միջամտությամբ՝ որպես մարդկության փրկության Դուռ, տեղի ունեցավ եւ բացվեց երկրային թշվառ մի իրականության մեջ: Սա առաջին հայացքից հակասությունների մի համակցություն է` վեհագույնը, անբովանդակելին, անհասանելին` ամենաաղքատ, խղճուկ, գրոտեսկային, անհամատեղելի ստորակարգ իրականության մեջ, Աստվածորդին` մարդկային փոքրիկ մարմնում, աստվածայինը` անասունների կերակրատաշտակում` որպես հավիտենական Կյանք տվող Հաց, որը բնազդաբար ընկալում էր անասունը, բայց չընկալեց մարդը, ինչպես բացատրում է Սուրբ Օգոստինոսը։ Բայց այս հակասությունը միայն թվացյալ է, որովհետեւ Աստված գործում է հակասությունների՜ մեջ եւ միջոցով. այնտեղ ուր, թվում է, թե անկարելի է սպասել աստվածային միջամտություն, հենց այդտե՛ղ է բացվում փրկության Դուռը, եւ մտնողը ճարակելու առատ սնունդ է գտնում, հենց այդտե՛ղ է աղբյուրի նման դուրս հորդում աստվածային փրկարար եւ սրբարար շնորհը. «Այնտեղ, ուր մեղքը շատացավ, շնորհն առավել եւս առատացավ», Հռմ. 5:20: Մարգարեն եւս ավետեց Բեթղեհեմից նոր հույսի ծննդյան մասին. «Եվ դու՜ Բեթղեհեմ Հուդայի քաղաքների մեջ փոքրագույնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար», Մտթ. 2: 6:
Այսպես Աստված կոտրում է մարդկության կարծրացած եւ ներփակ մտածողության ձեւերը, սահմանափակ, «իրատես» տրամաբանությունը, այլընտրանք չհանդուրժող սիլլոգիզմները, փորձառական կանխատեսումները եւ այնտեղ, ուր չեն սպասում, բացում է մի նոր կյանքի, նոր իրականության հնարավորություն, նոր հեռանկար եւ նոր աշխարհայացք (paradigma)։
Ուշադրություն դարձրե՛ք Ղուկասի Ավետարանի առաջին պատմություններում Հովհաննես Մկրտչի եւ Հիսուսի անունների խոստման դրվագներին, որոնք լուսաբանում են նոր իրականության բացման աստվածային ծրագիրը։ Հրեշտակն ասում է Զաքարիային. «Մի՛ վախեցիր, Զաքարիա, աղոթքներդ լսելի եղան, քո կին Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ և անունը Հովհաննես կդնես… բայց քանի որ չհավատացիր իմ խոսքերին, ահա դու համր կլինես մինչև այն օրը, երբ դա կատարվի», Ղկ. 1:13, 20: Հովհաննես Մկրտիչը ծնվեց, հարազատները մտածում էին, թե մանկանը կկոչեն հոր անունով` Զաքարիա, ըստ վաղեմի սովորության, բայց պապանձված Զաքարիան անսպասելիորեն գրում է, թե երեխայի անունը «Հովհաննես» պետք է լինի: Այսպես Աստված նոր անուն տվեց` խախտելով ավանդույթը, որովհետև դեպքը յուրահատուկ էր, անկրկնելի: Տիրոջ հրեշտակը մանկանը տվեց մի անուն, որ դուրս էր ամեն տեսակ մարդաստեղծ սխեմաներից, հրեշտակը անուն տվեց մի նոր իրականության` ստիպելով անխուսափելիորեն հաշվի նստել այդ նոր իրականության հետ:
Նույն կերպ, Գաբրիել հրեշտակը երևաց Մարիամին և է՜լ ավելի տարօրինակ մի ավետիս տվեց, թե կհղիանա Սուրբ Հոգու զորությամբ և մանկան անունն էլ կդնի ոչ թե Հովսեփ, ըստ ավանդության, այլ` Հիսուս` մի նոր, աննախընթաց, տարօրինակ, անսպասելի իրականության անուն, որ նշանակում է` Տերը փրկում է: Հովսեփը իմացավ, որ տարօրինակ մի բան է պատահել Մարիամի հետ, իսկ ինքն արդար մարդ էր, բայց որպես Նոր Ուխտի զավակ, ուզեց Մարիամին լուռ արձակել, բայց գիշերը հրեշտակը նրան ասաց` «մի՜ վախեցիր կնոջդ քեզ մոտ առնել, որովհետև նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է», Մտթ. 1:20:
Ուշադրություն դարձրեք, որ հրեշտակը խոսեց Զաքարիայի, Մարիամի եւ Հովսեփի հետ նրանց վախի եւ լարվածության պահերին, ավելին, ավետեց հրաշքի մասին, որն անսպասելի էր նրանց համար: Այդպիսի վախի, լարումի եւ անորոշության պահեր ունենում ենք բոլորս մեր կյանքում, և Աստված տալիս է տարօրինակ նշաններ, տեղի են ունենում մեր կողմից չծրագրված գործընթացներ, լսում ենք հրեշտակային ձայներ, զգում ենք Սուրբ Հոգու միջամտություններ, որոնք ավետում են մի նոր իրականության սկիզբ։
Ներկայիս օրերը ևս տխուր են մեր հայ իրականության մեջ, մեր ազգը և հասարակությունը փոթորկալից պահեր է ապրում. վախեցնող լուրեր ենք լսում, պրկված և լարված վիճակում ենք ապրում, կարծես, ուղեկորույս ենք, բայց ուշադի՜ր եղեք` լսելու համար Գաբրիել հրեշտակի ձայնը, մի՜ արհամարհեք այդ ձայնը: Տեսնում ենք Սուրբ Հոգու տարօրինակ, անսպասելի, նույնիսկ անընդունելի աշխատանքը, որ թույլ, բայց հաստատուն ձևով, տեսանելի է մեր ազգի, համայնքի կյանքում, բայց դրանք զարթոնքի, վերածննդյան նշույլներ են: Մենք լսում ենք ձայներ, մտահոգիչ պատկերներ, որոնք խլում են մեր սրտերի խաղաղությունը, բայց զգու՜յշ եղեք, որպեսզի սխալ չմեկնաբանեք: Աստված մեր կյանքի նեղ րոպեներին, մեր վերքերի միջո՜վ է մտնում` լույս սփռելու համար մեր սրտերի մեջ, ինչպես վիրաբույժը, որ բուժելու համար կտրում է վերքը և մտցնում իր ձեռքերը, որպեսզի բուժի մարդուն: Այդպես էլ մեր վերքերի միջով լու՜յս է մտնում մեր կյանքից ներս: Բուժման ընթացքը երբեմն ցավոտ է լինում, երբեմն մեզ համար անհասկանալի, անսպասելի, բայց արդյունքը լինում է նույնքան անսպասելի լավը եւ փրկարար մեր հոգիների համար, որքան անսպասելի եւ ցավոտ էր սկիզբը։ Ուրեմն, սիրելիներ, մի՛ խուսափեք լսելու Աստծու շշուկները, որոնք սկզբում վախեցնող են, բայց Աստված այդ ամենը մեր բարիքի համար է անում։
Փրկչի ծննդյան նշանը եղավ մի տարօրինակ եւ չտեսնված աստղի երևումը Արեւելքի երկնակամարում, որը մոգերը մեկնաբանեցին որպես նոր Թագավորի հայտնության նշան, Թագավորի, որ կոչվում էր «Իշխան խաղաղության»։ Նրա ծնունդը եւ հայտնությունը Պաղեստինում խռովություն բերեց Հերովդեսի եւ նրա պալատականների սրտերին, որոնք չէին ուզում ընդունել նոր իրականությունը, չէին ուզում ընդունել Աստծո կամքը, որ ի սկզբանե հռչակված էր մարգարեության մեջ եւ իրականացավ ի հեճուկս իրենց, նույնիսկ ի գին անմեղ մանուկների կոտորածի, ի հեճուկս Ռաքելի վշտի. «լալիս էր իր զավակների վրա և չէր ուզում մխիթարվել», Մտթ. 2:18։
Բայց այդ նոր անսպասելի, ցավոտ իրականությունը իսկական մխիթարություն եղավ նրանց համար, ում տրված էր իմանալ և հրճվել աստվածային նախախնամության անակնկալներով՝ հովիվները, որոնց ավետեցին հրեշտակները և հեթանոս մոգերը, ովքեր Արևելքից երկար ճանապարհ կտրելով՝ եկան և գտան Հիսուս Մանկանը և երկրպագեցին Նրան: Այստեղ ևս շարունակվում է պարադոքսների շղթան, աղքատագույն պայմաններում ծնված Մանկանը երկրպագում են հովիվները՝ աղքատ և հասարակ մարդիկ, ոչ թե ազնվականներ, Իսրայելի երկար սպասված Օծյալին չճանաչեց և չընդունեց Իսրայելի և Հուդայի ժողովուրդը, Հերովդես թագավորը, բայց ճանաչեցին և երկրպագեցին հեթանոսները՝ հեռավոր Արևելքից. Աստված իր Որդուն ճանաչելու շնորհը տվեց աղքատներին և հեթանոսներին՝ անսպասելի ձևով: Տեր Հիսուսը, երբ սկսեց իր քարոզը Գալիլիայում և առաջին անգամ ընթերցեց իր մասին Եսայու մարգարեությունը, խոսեց հենց այդ պարադոքսալ ճշմարտության մասին՝ օրինակ բերելով Թագավորաց գրքերի պատմություններն այն մասին, որ Եղիան ուղարկվեց սիդոնացիների այրի կնոջ մոտ՝ դուրս Իսրայելից, իսկ Եղիսէն բուժեց ոչ թե իսրայելացի բորոտին, այլ՝ Նեեման Ասորուն: Այս պարադոքսալ, անսպասելի ճշմարտությունը լսելով՝ ժողովարանի ծերերը ուզեցին գահավեժ անել Հիսուսին և սպանել, որովհետև անտանելի էր լսել մերկ ճշմարտությունը՝ այդպիսի հակասական համատեքստում և ընդունել:
Քրիստոնյաներիս համար Հիսուսի Ծնունդը՝ իր ամբողջ հակասական և իրական, իրատես պատկերով, առիթ է խոնարհությամբ ընդունելու հակասությունների մեջ բացահայտվող աստվածային ճշմարտությունները՝ որպես դարձի գալու, նոր աշխարհայացք որդեգրելու առիթ և հնարավորություն: Հիրավի, ինչպե՞ս կարելի է ընդունել Աստծո Որդու խաչելությունը և անարգ մահը մահապատժի հռոմեական գործիքի վրա, եթե նախ հովիվների և մոգերի խոնարհությամբ չընդունենք և չհասկանանք Հիսուսի Ծնունդը Բեթղեհեմի անասնագոմում, Աստծո Որդու մարմնացումը` մարդկային թշվառ մարմնում: Կամ ինչպե՞ս հասկանալ Տիրոջ հրաշափառ Հարությունը, եթե նախ չհասկանանք, որ նույն Աստծո Բանն է, որ արարեց տիեզերքը, որ մարդացավ գերբնական ձևով Սուրբ Կույսից՝ չխախտելով նրա մշտական կուսությունը, որ հարություն տվեց մեռելներին և հարություն առավ Ի՜նքը՝ անցնելով մարդկային տկարության, աշխարհի անարդարության, մարդկային ատելության և նախանձի հնոցի միջով և «հաղթեց աշխարհին»:
Ուրեմն, սիրելինե՜ր, Տեր Հիսուս Քրիստոսի ողջ երկրային կյանքը մի գերբնական Խորհուրդ է՝ կազմված հակասություններից, անսպասելի աստվածային միջամտություններից, մի հույս է, որ ծնվում է անհուսության անդունդից, մի նոր կյանք, որ բացվում է մահվան անապատում, մի ծիլ, որ բուսնեց փուշ ու տատասկի մեջ, որ դարձավ մեզ համար նոր կյանքի սկիզբ` ըստ առաքյալի խոսքի. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, որովհետև հինն անցավ և հիմա ամեն ինչ նոր եղավ», Հռմ. 5:17:
Նոր է նաև Առաջնորդությանս իրականությունը. 2025-ի Հոբելյանական տարվա ընթացքում Տերը Հույսի նոր ծիլեր բուսեցրեց մեր համայնքներում, մանավանդ, երիտասարդների սրտերում, ովքեր Հույսի ուխտագնացություն կատարեցին դեպի Հռոմ` Կաթողիկէ Եկեղեցու պետրոսահիմն Սուրբ Աթոռը, և աղոթեցին հնագույն սրբավայրերում, երկրպագեցին Սուրբ Հաղորդության առջև` Սրբազան Պապի և միլիոնավոր տարեկից երիտասարդների հետ միասին, մասնակցեցին Սուրբ Պատարագի, զգացին մեկ միասնական զորեղ և սուրբ Եկեղեցու ուժականությունը և իրենց հայ ինքնությունը` այդ մեծ Եկեղեցու ծոցում: Մեր երիտասարդները և նրանց խանդավառությամբ մեր բոլոր համայնքները միշտ նոր են` ի Քրիստոս Հիսուս, անհույս և անհավատ ամբոխի համար միշտ անկանխատեսելի, անհասկանալի և անսպասելի նոր արարածներն են, որոնց համար միշտ կա նոր կյանքի հնարավորությունը, բաց է սրբության դուռը և հայ ազգի համար նոր խոսք ասելու, նոր հոգևոր և բարոյական բարձունքներ նվաճելու հնարավորությունը:
Սիրելի՜ եղբայրներ և քույրեր, վստա՜հ եղեք իմ խորին սիրո մեջ` յուրաքանչյուրիդ հանդեպ և մտերիմ սրտակցության մեջ յուրաքանչուրիդ հետ: Մենք միասին կարող ենք մեր համայնքները դարձնել ավելի միասնական, ավելի մոտ Աստծուն, ավելի արմատացած մեր ազգային և հոգևոր ինքնության մեջ և կառուցել ավելի սիրառատ, խաղաղասեր և արդար հասարակություն, ինչպիսին երազում է տեսնել մեր Տերը և երանի տալ մեզ` որպես ազգ, որպես իր Սուրբ և միակ Կաթողիկէ Եկեղեցու արժեքավոր մասնիկը: Մենք ունենք յուրաքանչյուրիդ ջերմեռանդ հոգևոր կյանքի կարիքը` այս ամենին հասնելու համար: Այս ամենին մենք կարող ենք հասնել, եթե ուշադիր լինենք և լսենք Սուրբ Հոգու շշուկները, անմռունչ հառաչանք-աղոթքը` մեր փոխարեն և մեզ համար, ըստ առաքյալի խոսքի (հմմտ.` Հռմ. 8:26), և մեր նավի առագաստները պարզենք դեպի այն կողմը, դեպի ուր փչում է աստվածային քամին` հիշեցնելով մեր մկրտության սրբազան կոչումը. «որովհետև քամին ուր ուզում է` փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս և ուր է գնում, այդպես է և ամեն ոք, որ Հոգուց է ծնված», Հվհ. 3:8:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
ձեզ եւ մեզ մեծ աւետիս։
Գյումրի, 25 դեկտեմբերի, 2025թ., Տօն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց





