«Ամենամեծ պատվիրանն այս է. պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով: Այս է ամենամեծ և գլխավոր պատվիրանը: Երկրորդը նման է սրան. «Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպես ինքդ քեզ», Մտթ. 22, 37
Նախորդ խորհրդածության ժամանակ ձեր ուշադրությունը հրավիրեցի մի կարևոր սկզբունքի վրա. առ այն, որ մեղքի ամբողջ տարողությունը և էությունը հասկանալու համար մենք պետք է կանգնենք սրբության Վեմի վրա, որ Քրիստոսն է, և մեղքին նայենք Իր և Իր Սուրբ Եկեղեցու դիտանկյունից: Սրբության հետ հստակ և կտրուկ հակադրությունն է, որ առավել ցայտուն է դարձնում մեղքի պիղծ որակը՝ անկախ նրանից՝ ծանր է մեղքը, թե թեթև: Ամենապարզ ձևակերպմամբ, մեղքը մի որևէ գիտակցված ցանկություն է կամ արարք, որը դեմ է Աստծո կամքին, մարդու խղճի ձայնին և մարդու բնական իրավունքներին: Մեղքի արմատը անհնազանդությունն է աստվածային կամքին, հետևաբար, մեղքը մարդու կողմից գիտակցված մերժումն է՝ ապրելու Աստծո նախախնամության, ծրագրի համաձայն: Սատանան միշտ ջանում է մարդուն խաբել, բայց որոշում կայացնողը մարդն է, որ կոչված է իր աստվածատուր ազատությունը ապրել պատասխանատվությամբ: Հետևաբար, անկախ նրանից, թե ինչ է մեզ առաջարկում սատանան, որոշման պատասխանատվությունը՝ հետևանքներով հանդերձ, մնում է մարդու ուսերին: Աստված հարգում է մարդու ազատությունը, հետևաբար, երբեք մարդու փոխարեն որոշումներ չի կայացնում, բայց Իր խոսքով և հայտնությամբ, Եկեղեցու միջոցով մարդուն ընձեռում է բոլոր միջոցները, նաև իր գերբնական զորությունը՝ շնորհները, որպեսի մարդը միշտ ճիշտ որոշումներ կայացնի: Ուրեմն, մեղքն այն է, երբ մարդը, լիովին և հստակորեն իմանալով այդ միջոցների մասին, լսելով Աստծո՝ իրեն ուղղված Խոսքը, նույնիսկ հաճախակի ընթերցելով Սուրբ Գիրքը, գիտակցաբար մերժում է ապրել Աստծո խոսքի համաձայն, կամ մարմական կրքերի, ագահության և այլ բազում պատճառներով, որոնք ամբողջովին չէ, որ կախված են իրենից, այնուամենայնիվ, դարձյալ գիտակցաբար կամենում կամ գործում է բաներ, որոնք դեմ են Աստծո խոսքին, պատվիրաններին: Իհարկե, երբ կրքերը, շահը, եսասիրությունը մթագնում են մարդու բանականությունը, սթափ դատողություններ ակնկալելը շատ դժվար է, բայց այնուամենայնիվ, որոշումները մնում են գիտակցված: Մարդը սիրում է հաճախ ինքն իր համար արդարացումներ գտնել, որպեսզի մեղք գործի, կամ կարծում է, որ կարելի է մեղք գործել, ապա գնալ խոստովանության, չէ՞ որ Աստված միշտ ողորմած է և կների: Այսպիսի վարքագիծն անընդունելի է և անիմաստ է դարձնում հետագա խոստովանությունը: Չի կարելի չարաշահել Աստծո ողորմածությունն ու անվերապահ սերը՝ հանուն մեղք գործելու ցանկության: Սա նշանակում է նաև սեփական հեշտասիրության համար պարզապես շահագործել Քրիստոսի Խաչի զոհաբերությունը, որի վաստակի՛ շնորհիվ է միայն, որ մեր մեղքերը ներվում են: Տեսնու՞մ եք, որքան շատ են սատանայի թակարդները, նա նույնիսկ օգտագործում է Աստծո ողորմածությունը և Քրիստոսի Խաչելությունը՝ մարդուն մեղքի մեջ ներքաշելու համար:
Երբ Աստծո պատվիրանների դեմ մի քայլ ենք անում, գուցե առանց գիտակցելու, գործարքի մեջ ենք մտնում սատանայի հետ, որովհետև անհնազանդությունն Աստծո կամքին՝ նշանակում է հնազանդություն սատանայի առաջարկներին, ապա նաև՝ գերություն նրա կամքին կամ դիվահարություն:
Եկե՛ք նախ հասկանանք մեղքի առաջին ձևակերպումը՝ ցանկություններ կամ արարքներ, որոնք դեմ են Աստծո կամքին:
Աստծո կամքը կամ խոսքը հասկանալու և պատկերացնելու համար, թե ինչը կարող է մեղք լինել, նախևառաջ պետք է մեր աչքի առաջ ունենանք Աստծո կողմից Մովսեսին տրված Տասնաբանյա պատվիրանները (Ելք, 20), որոնք կարելի է խմբավորել երկու հիմնական ուղղություններով.
-առաջին երեք պատվիրանները, որոնք կարգավորում են մարդու հարաբերությունները՝ Աստծո հետ.
-մյուս յոթ պատվիրանները, որոնք կարգավորում են այլ մարդկանց կամ մերձավորի հետ մարդու հարաբերությունները՝
Տասնաբանյա պատվիրանները Աստծո օրենքի հիմքն են, որ կոչված էին կարգավորելու իսրայելացիների ամբողջ հոգևոր և բարոյական կյանքը, ինչպես նաև մեր՝ քրիստոնյաներիս կյանքը: Մենք առանձին-առանձին կուսումնասիրենք այս պատվիրանները, ինչը տրամաբորեն կօգնի հստակ զատորոշել բացահայտ և ծածուկ մեղքերը: Տեր Հիսուս Քրիստոս, երբ իրեն հարցրեցին, թե որն է ամենամեծ պատվիրանը, պատասխանեց. «Ամենամեծ պատվիրանն այս է. պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով: Այս է ամենամեծ և գլխավոր պատվիրանը: Երկրորդը նման է սրան. «Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպես ինքդ քեզ», Մտթ. 22, 37: Առաջին՝ գլխավոր պատվիրանը, արտահայտված կամ մեկնաբանված է Տասնաբանյայի առաջին երեք պատվիրաններով, իսկ երկրորդը՝ մնացած յոթ պատվիրաններով: Այս պատվիրաններին Տեր Հիսուս Քրիստոս ավելացրեց Իր հայտնի լեռան քարոզը, որն ընդգրկում է Մատթեոսի ավետարանի 5-7-րդ գլուխները, որոնք, իր խոսքերով լրացնում են Օրենքը, և ապա տվեց ևս մեկը՝ նոր պատվիրանը. «Սիրեցե՛ք միմյանց ինչպես ես ձեզ սիրեցի» (Հվհ. 13, 34), որն Ինքը մեկնաբանեց Իր կյանքով և խաչի զոհաբերությամբ:
Առաջին պատվիրանում Աստված ասում է.
«Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտակացիների երկրից՝ ստրկության տնից: Ուրիշ Աստվածներ չունենաս…կուռքեր չպատրաստես, չպաշտես և չծառայես դրանց», Ելք, 20, 2, Երկր. Օր. 5, 6: Հիսուս անապատում սատանային պատասխանելիս՝ այս պատվիրանն այլ կերպ ձևակերպեց. «Գրված է. «Քո Տեր Աստծուն պաշտիր և միայն նրան ծառայիր», Մտթ. 4, 10:
Աստված մարդուն հայտնեց Իր Աստվածային զորությունը, արարչագործ հեղինակությունը, հավիտենականությունը և ամենակարողությունը՝ Իր ընտրյալ ժողովրդին ազատագրելով եգիպտական սրտկությունից և շնորհելով նոր կյանքի հնարավորություն: Եվ Աստված կամեցավ, որ իսրայելացիները սա մեկընդմիշտ հիշեն՝ Աստծո հետ կնված ուխտով, որպեսզի ընդունեն Աստծուն՝ որպես Տեր, պաշտեն և հավատարիմ մնան իրենց Աստծուն: Սա, իհարկե, վերաբերում է յուրաքանչյուր մարդ արարածի, քանի որ Աստված Ինքն Իրեն հայտնում է իր բոլոր զավակներին, որ ստեղծված են Իր պատկերով:
Առաջին պատվիրանի վրա են հիմնված հավատքի, հույսի և սիրո «աստվածաբանական» կոչված առաքինությունները: Հավատքը և վստահությունն առ Աստված մարդու հոգևոր կյանքի վեմն է, որից սկսվում է Աստծո ճանաչումը և սերը: Աստծուն՝ որպես մեր կյանքի Տեր չճանաչելը, Նրա գոյության հանդեպ թերահավատությունը, կասկածը բոլոր բարոյական արատների պատճառն է, ըստ Սբ. Պողոսի (Հռմ. 1, 18-32): Ուրեմն, առաջին պատվիրանը մեզ կոչ է անում ամենայն զգուշությամբ պահպանել ու ամրացնել մեր հավատքն ու վստահությունը Տիրոջ հանդեպ: Այլապես, կարող են ծնվել.
-գիտակցված կասկածը, որ արհամարհում կամ մերժում է Աստծո հայտնած կամ Եկեղեցու առաջարկած որոշ ճշմարտություններ՝ գերադասելով սեփական կարծիքը,
-ակամա կասկածը, երբ մարդ տատանվում է հավատքի մեջ՝ դժվարանալով հասկանալ կամ ընդունել որոշ ճշմարտություններ,
-անհավատությունը, որ գիտակցված ի սպառ մերժումն է ընդունելու Աստծո կողմից հայտնված բոլոր ճշմարտությունների, իսկ մասնակի մերժումը Սուրբ Գրքի տողերի քմահաճ մեկնաբանությունները հանգեցնում են աղանդների կամ հերձվածների,
-հավատուրացությունը, որ լիակատար մերժումն է քրիստոնեական հավատքի,
-սխիզմը կամ պառակտումը, որը հրաժարումն է ընդունելու Պետրոս առաքյալի հաջորդի՝ Հռոմի Քահանայապետի ավագ հոգևոր իշխանությունը՝ շնորհված Քրիստոսի կողմից, անջատումը Կաթողիկէ, այսինքն՝ Ընդհանրական Սուրբ Եկեղեցու հետ հաղորդությունից կամ միությունից, որն արտահայտվում է հրաժարումով՝ Կաթողիկէ Եկեղեցում Սբ. Հաղորդություն ընդունելուց:
Քրիստոնյան չի կարող միայն սեփական ուժերով հասնել փրկության, այլ ունի այն երբեք չխաբող հույսը, որ իրեն կանչող Աստված կտա բոլոր հարկ եղած շնորհները՝ փրկության հասնելու համար: Հետևաբար, առաջին պատվիրանի դեմ է ուղղված և մեղք է նաև.
-հուսահատությունը, երբ մարդ այլևս հույս չունի, որ Աստված իրեն կօգնի կամ կների իր մեղքերը, կամ որ աստվածային արդարությունը կհաստատվի: Այյպիսի մեղքի մեջ ընկավ Հուդան՝ զղջալուց հետո, և ապա դիմեց ավելի ծանր մեղքի՝ ինքնասպանության,
-ինքնավստահությունը, երբ մարդը մտածում է, որ ինքը կարիք չունի Աստծո օգնության և կարող է ինքնուրույն փրկվել, կամ երբ մեկը վստահ է, որ Աստված իրեն կտա ամեն ինչ՝ առանց մեղքերի խոտովանության և այլ վաստակների: Հավատքով մարդը ճանաչում է Աստծո անսահման սերն ու հոգատարությունն իր հանդեպ, որը նույնիսկ գերազանցում է Աստծո արդարադատությանը: Պետք է ամեն վայրկան մեր աչքի առաջ ունենանք այն ամենն, ինչ Տերն արել և անում է մեզ համար՝ ներելով մեր մեղքերը: Ուրեմն, հակառակ դեպքում ծնվում են Աստծո հանդեպ երախտամոռությունը, անտարբերությունը: Մարգարեների գլխավոր ջանադրությունը ժողովրդին այս մասին հասկացնելն էր, իսկ նրանց լսելու փոխարեն հալածում էին, քարկոծում, սպանում: Հովհաննես ավետարանիչը Հայտնության գրքում զգուշացնում է գաղջության մեղքի մասին, երբ մարդ ոչ տաք է, ոչ սառը՝ Աստծո հանդեպ սիրո մեջ: Հոգևոր տրտմությունը կամ ծուլությունը, որ խանգարում է մարդուն առաջադիմել Աստծո հանդեպ սիրո մեջ: Ատելությունն Աստծո հանդեպ մարդկային հպարտության, ապստամբության, անձնական կարծիքի մեջ կարծրացածության հետևանք է և տեղ չի թողնում Աստծուն սիրելու համար՝ վերածվելով ևս մեկ ծանր մեղքի:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան