• 21-րդ դարի մեծագույն բարեփոխիչ և հայասեր Պապ Ֆրանցիսկոսը

    «Ես պարզապես մի մեղավոր եմ». Ֆրանցիսկոս


    Սուրբ Պետրոս առաքյալի այս հաջորդը` 21-րդ դարի Կաթողիկէ Եկեղեցու այս մեծագույն բարեփոխիչ գահակալ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր գործունեությամբ մի նոր էջ բացեց Կաթողիկէ Եկեղեցու և ողջ քրիստոնեության պատմության մեջ` իր հովվական մոտեցումով, որի հիմնական առանցքը Ավետարանի ոգուն վերադառնալն էր, Հիսուսի հետքերով քայլելը: Նա ուզում էր Եկեղեցու առաքելության մեջ վերարթնացնել Ավատերանի քարոզության առաքելական խանդավառությունը` վերստին ունենալու համար մի Եկեղեցի, որը չի նստում հեշտասիրության կամ ներփակվածության հարմարավետության մեջ, այլ դուրս է գալիս դժվարին առաքելության` ցեխոտելով ոտքերը, մաշելով կոշիկները, դիմանալով կիզիչ տապին և կտրատող ցրտին, ձգտելով հասնել բոլորին, ովքեր հոգեւոր մխիթարության կարիք ունեն, մեղքի կամ անհավատության, նյութական կարիքի և ծայրահեղ աղքատության մեջ են։ Ֆրանցիսկոսը դեռեւս նախքան պապությունը, որպես վարդապետ եւ կարդինալ Խորխե Մարի Բերգոլիո, հայտնի էր իր սովորությամբ` շփվելու Լատինական Ամերիկայի ամենաստորին խավերի մարդկանց հետ, սիրում էր ոտքով շրջել աղքատ, վտանգավոր, կեղտոտ ծայրամասերում, խոսել թմրամոլների, հանցագործների, անբարոյականների հետ, հասարակությունից մերժվածների հետ` նրանց հոգիները վերջնական կործանումից փրկելու համար, պաշտպանել նրանց իրավունքները` պետության առջև` նույնիսկ վտանգի ենթարկելով սեփական անունն ու դիրքը։ Սակայն այդ նույն վտանգն է, որ նրան սիրելի էր դարձնում հասարակության աչքին: Այդ նույն զուտ ավետարանահիմն հովվական մոտեցումը Հայր Բերգոլիոն շարունակեց նաեւ իր պապական ծառայության ժամանակ` որպես Ֆրանցիսկոս Պապ։ Նա միշտ մնացել է Քրիստոսի առաքյալ, խանդավառ ավետարանիչ, աղքատների մխիթարիչ եւ մարդու իրավունքների պաշտպան, Ավետարանի ոգին գործադրող Աստծո ծառա, ով սիրում էր ասել. «Ես պարզապես մի մեղավոր եմ»:

     

    Այս Պապի կենսակերպն ու առաքելությունը լիովին համապատասխանեց իր ընտրած անվան սրբի` Ֆրանցիսկոսի կյանքին, ով 13-րդ դարում իսկական բարեփոխում կատարեց Կաթողիկէ Եկեղեցում` իր բոկոտն, ցնցոտիապատ աղքատի` Poverello-յի սրբակյաց կյանքով։ Նույնն արեց և Ֆրանցիսկոս Պապը` սկսելով փոխել բարձրաստիճան եկեղեցականների մտածելակերպը` գրասենյակային և միայն կենտրոնով ամեն ինչ պայմանավորող, չորս պատերի մեջ փակված աշխատանքի բնույթից ուղղորդելով դեպի ուշադրությունը` ծայրամասերին, դեպի իսկական եղբայրասիրությունը, ավելի տկարին զորացնելու սկզբունքի կիրառությունը, դեպի Բարի Լուրի հռչակումը մինչև աշխարհի ծայրերը` բառացիորեն հետևելով Տիրոջ պատվիրանին և միջնադարյան միսիոներների ոգուն: Կարդինալական Ծերակույտի «Բարի հովիվ» (Pastor Bonus) կոչվող Սահմանադրությունը բարեփոխեց` վերանվանելով «Հռչակել Ավետարանը» (Praedicate Evangelium)` նույն հովվական ռազմավարությամբ, որպեսզի կարդինալները և եպիսկոպոսները Եկեղեցին կառավարելիս` նախևառաջ իրենց առաջնահերթությունը դարձնեն Ավետարանի հռչակումը ամենուրեք, մարդկանց տառապանքներն ու իրական դժվարությունները կիսելը, հասկանալը, նրանց կյանքին իսկապես մասնակից դառնալը գետնի վրա, ոչ թե գրասենյակներում նստած և միայն թղթերի հետ աշխատելիս: Նա միշտ ասում էր, որ գերադասում էր այն հովիվներին, ում ոտքերը ցեխոտ են ու հագուստը կեղտոտ, քան թե` նրանց, ովքեր փայլում են մաքրությունից, բայց սենյակից ու եկեղեցուց դուրս չեն գալիս: Նա գերադասում էր կռվի դաշտում վիրավոր Եկեղեցուն` ինքն իր մեջ փակված հիվանդ Եկեղեցուց: Քահանան ոչ թե պետք է նստի եկեղեցում և սպասի, որ հավատացյալները գան իր մոտ, այլ ի՜նքը պետք է գնա փնտրելու և գտնելու մոլորված ոչխարներին և բերի Եկեղեցի: Ֆրանցիսկոսը խոսում էր միմյանց լսելու կարևորության մասին, լռությամբ մարդկանց տառապանքը մե՜րը դարձնելու հովվական մոտեցման մասին: Նա նորովի մեկնաբանեց նաև Եկեղեցու սոցիական ուսմունքը` մանավանդ իր «Գովեմ զՔեզ» (Laudato s’I, 2015), «Բոլորս եղբարներ ենք» (Fratelli tutti, 2020) շրջաբերական նամակներով, բազմաթիվ քարոզներում և հովվական այլ գրություններում, որտեղ խոսում էր սոցիալական անարդարության մասին, մարդու իրավունքների ոտնահարումների մասին, որոնց հետ էր կապում նաև բնապահպանական լրջագույն խնդիրների գոյությունը և խորացումը, սննդի ռեսուրսների անհավասարաչափ օգտագործման մասին, աշխարհի բևեռացման և այլ հարցերի մասին, որոնք թույլ տվեցին նորովի հասկանալ Եկեղեցու ուսուցումը` ներկա աշխարհի խնդիրների մասին և մշակել նոր գործնական մոտեցումներ:

     

    Ֆրանցիսկոսի սերը` հայ ժողովրդի նկատմամբ

     

    Մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի տրամաբանության մեջ էր նաև Ֆրանցիսկոսի հայրական ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ. 2015-ի ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի Տաճարում ի լուր ամբողջ աշխարհի խոսեց Հայոց Ցեղասպանության ոճրի մասին որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»` հիշեցնելով Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի խոսքերը և իրերը կոչելով իրենց անուններով. «Մէկ դար է անցել այն սահմռկեցուցիչ ջարդից, որ ձեր ժողովրդի համար եղաւ իսկական մարտիրոսութիւն, որի ընթացքում շատ անմեղներ մեռան՝ որպէս Քրիստոսի անուան խոստովանողներ ու մարտիրոսներ… Այսօր չկայ մի հայ ընտանիք, որ այդ դէպքերի ընթացքում կորցրած չլինի իր սիրելիներից մէկին. դա իսկապէ՛ս եղաւ «Մեծ Եղեռն»՝ «Մեծ չարիք»: Նույն օրը Ֆրանցիսկոս Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական Եկեղեցու Վարդապետ` հատվածներ ընթերցելով նրա «Մատյան ողբերգության» աղոթամատյանից, որը անվանեց «հայ ժողովրդի հոգևոր սահմանադրությունը»: Այս համարձակ քայլը Սուրբ Աթոռին արժեցավ հարաբերությունների լարվածություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ` վտանգի տալ դնելով Ադրբեջանում գոյություն ունեցող փոքրաթիվ կաթողիկէ լատինածես համայնքը: Ավելին, 2015թ. ապրիլի 15-ին` Եվրախորհրդարանը Հայոց Ցեղասպանության մասին ընդունեց թվով երրորդ բանաձևը, որտեց հստակ հղում արեց Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի նույն թվականի ապրիլի 12-ին ուղերձին. «Եվրախորհրդարանը յանձնարարում է (կամ երաշխաւորում է հիմք ընդունել՝ «commends») Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի 2015թ. ապրիլի 12-ի ուղերձը, որը հարգում է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը՝ խաղաղութեան եւ հաշտութեան ոգով…»:
    2016-ի հունիսին Ֆրանցիսկոսը հովվական այցելությամբ Կովկասում էր, և առաջին երկիրը Հայաստանն էր` քրիստոնեության առավել հնագույն օրրանը, ինչպես ինքն էլ ընդգծեց իր քարոզներում: Թե՜ Երևանում քարոզի ժամանակ, թե՜ Գյումրիում մատուցված պատմական Սուրբ Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս Պապը խոսում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, երկխոսության հաստատման համար հայ հասարակության նախաձեռնող, վճռորոշ դերակատարության մասին` որպես քրիստոնյա հնագույն մի ժողովուրդ, ով պետք է լինի խաղաղության կամուրջներ կառուցող և առաջնորդող: Երևանում նա այսպես սկսեց իր խոսքը.
    «Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում. խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն՝ ամրակուռ հավատով և սոսկալի տառապանքներով հյուսված, մի պատմություն՝ հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնց ժառանգներն եք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտավոր՝ ձեզ հետ հանդիպելու և սրտի խորքից բխող իմ զգացումը արտահայտելու. այն ձեր եղբոր սերն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկէ Եկեղեցու, որ ձեզ սիրում է և ձեր կողքին է» (Երևան, 25 հունիսի, 2016թ., ամբողջական ելույթը` այստեղ):

     

    Նույն թվականի հոկտեմբերի 2-ին Ֆրանցիսկոս Պապը այցելեց նաև Ադրբեջան, որտեղ իր խոսքն ուղղելով Իլհամ Ալիևին և Ադրբեջանի քաղաքական, կրոնական ղեկավարությանը, ասաց հետևյալը. «Ճշմարիտ կրոնական արժեքներ դավանելը բոլորովին անհամատեղելի է սեփական տեսակետդ բռնության միջոցով ուրիշներին պարտադրելու փորձի հետ՝ օգտագործելով Աստծու սուրբ անունը՝ որպես զենք»:
    Այս ամենից հետո անիմաստ է նույնիսկ պատասխանելն այն ոչ բանիմաց և անձնական նեղմտությամբ առաջնորդվող անձանց, որոնք Ֆրանցիսկոս Պապին մեղադրում են Ալիևի հետ գործարքներ կնքելու մեջ` ի վնաս հայ ժողովրդի: Նրանք պետք է պարզապես առավել լայնորեն ընթերցեն և փորձեն հասկանալ Տեր Հիսուսի Քրիստոսի Կաթողիկէ Եկեղեցու Ընդհանրական բնույթը, Սուրբ Պետրոս առաքյալի հաջորդ Պապի ընդհանրական հայրական առաքելության մասշտաբը և խաղաղարարար առաքելությունը` ամբողջ աշխարհում և ոչ թե միայն մեկ ժողովրդի համար, բայց և միաժամանակ, հատուկ հայրական սերը և հոգատարությունը հավատքի համար մարտիրոսված ժողովուրդների, այդ թվում և հա՜տկապես, հնագույն հայ ժողովրդի հանդեպ:

     

    Ֆրանցիսկոսի վերջին շրջաբերականը խտացումն էր նրա ամբողջական հովվական ծառայության և այդ անխոնջ ծառայությունից անմիջականորեն բխող հոգևոր հստակ տեսլականի` ամբողջական և անվերապահ նվիրում Հիսուսի Ամենասուրբ Սրտին. «Սիրեց մեզ» (Dilexit nos, 2024) բառերը, որով Պապը սկսում է իր նամակը է, կարելի է ասել հենց իր մասին` սիրեց մեզ Հիսուսի նման` որպես Տիրոջ ճշմարիտ աշակերտը: Նրա ամբողջ կյանքը մի գեղեցիկ երկխոսություն էր` իր սրտից դեպի Սուրբ Սիրտը, մի փոխակերպում մարդկային սրտի` աստվածային սրտի մեջ:

    Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    21 ապրիլի, 2025

     

    2016թ. իմ պատրաստած կարճ ֆիլմը՝ Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի Կովկասյան այցի մասին:

     

Օրացույց

Օրացույց