• Քահանայապետի արմատական կոչը`վասն խաղաղության՝ Երևանի Հանրապետության հրապարակում

    «եղե՛ք ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ»


    2016թ. հունիսի 25-ի երեկոյան, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ էկումենիկ աղոթք՝ խաղաղության համար՝ նախագահությամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի, ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այլ պետական գործիչների և բարձրաստիճան հայ կաթողիկէ  և առաքելական հոգևորականների:

     

    Սրբազան Քահանայապետը և Վեհափառ Հայրապետի հետ միասին հրապարակ մտնելիս ողջունեցին և օրհնեցին ներկա հազարավոր մարդկանց, ովքեր մեծ խանադավառությամբ եկել էին վայելելու նրա ներկայությունն ու հայրական խոսքը:

    Լսվում էին Viva il Papa!` Կեցցէ Պապը, բացականչությունները, հարյուրավոր մարդիկ ծածանում էին Սուրբ Աթոռի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դրոշները:

    cq5dam.web.800.800

    Նույնպիսի խանդավառությամբ և համակ ուշադրությամբ ժողովրդի բազմությունը լսեց Նորին Սրբության խոսքը՝ ժամանակ առ ժամանակ ընդմիջելով նրան իրենց բուռն ծափահարություններով: Սրբազան Քահանայապետի խոսքը խաղաղության և եկեղեցիների միության վերաբերյալ շատ ազդեցիկ և զորեղ էր: Այստեղ ներկայացնում ենք Նորին Սրբության խոսքն ամբողջությամբ.

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի խոսքը

     

     

    «Մեծարգո՛ և հո՛ւյժ սիրելի Եղբայր, Ծայրագո՛ւյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս,

    Պարո՛ն Նախագահ,

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

     

    Թող որ Աստծո օրհնությունն ու խաղաղությունը լինեն ձեզ հետ:

     

    Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում. խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն՝ ամրակուռ հավատով և սոսկալի տառապանքներով հյուսված, մի պատմություն՝ հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնց ժառանգներն եք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտավոր՝ ձեզ հետ հանդիպելու և սրտի խորքից բխող իմ զգացումը արտահայտելու. այն ձեր եղբոր սերն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկե Եկեղեցու, որ ձեզ սիրում է և ձեր կողքին է:

    cq5dam.web.800.800 (1)

    Անցյալ տարիներին մեր եկեղեցիների միջև միշտ շատ հարգալից և հույժ հիշարժան այցերն ու հանդիպումները Աստծո շնորհիվ սերտացան. Նախախնամությունը կամենում է, որ հենց այս օրը, երբ այստեղ Քրիստոսի սուրբ Առաքյալների հիշատակն է նշվում, կրկին միասին լինենք՝ ամրապնդելու առաքելական հաղորդությունը մեր միջև: Շատ երախտապարտ եմ Աստծուն մեր եկեղեցիների «իսկական և ներքին միության համար» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Համամիութենական ծիսակատարություն», Երևան, 26 սեպտեմբերի 2001թ., «Ուսուցումներ ԻԴ», 2 [2001], 466) և շնորհակալ եմ ձեզ Ավետարանին շատ անգամ հերոսական հավատարմության համար, որ անգնահատելի պարգև է բոլոր քրիստոնյաների համար: Մեր հանդիպումը «գաղափարների փոխանակում չէ, ընծաների փոխանակում է» (հմմտ. Նույն, Շրջաբերական նամակ «Զի եղիցին մի», 28). Հնձենք այն, ինչ Հոգին է մեր մեջ ցանել, որպես յուրաքանչյուրին նվեր (հմմտ. Առաքելական հորդոր «Ավետարանական ցնծություն», 246): Մեծ ուրախությամբ կիսում ենք միասին կտրած արդեն շատ հառաջացած ճանապարհի բազում քայլերը և, իրոք, լիահույս նայում ենք այն օրերին, երբ Աստծո օգնությամբ միացած կլինենք Քրիստոսի զոհասեղանի շուրջ՝ Սբ. Հաղորդության ամբողջական միությամբ: Դեպի այդ բազմատենչ նպատակը «ուխտավորներ ենք, և ճամփորդում […] ենք միասին՝ մեր սրտերը անկասկած ու անվարան վստահելով ուղեկցին» (Նույն, 244):

     

    Այդ ճանապարհին մեզ նախորդում և ընկերակցում են բազում վկաներ, հատկապես բազմաթիվ նահատակները, որ արյամբ կնքեցին հասարակաց հավատը ի Քրիստոս. նրանք մեր աստղերն են երկնքում, որ փայլում են մեր գլխավերևում և նշում են ճանապարհը, որ մեզ մնում է կտրել այս աշխարհում դեպի ամբողջական հաղորդություն: Մեծ Հայրերի շարքին ուզում եմ ակնարկել սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսին: Նա արտակարգ սեր էր տածում իր ժողովրդի և նրա ավանդությունների հանդեպ և միաժամանակ հակված էր մյուս եկեղեցիներին, անխոնջ միության փնտրտուքին՝ Քրիստոսի կամքը իրականացնելու փափագով, որպեսզի հավատացողները «մեկ լինեն» (Հովհ., 17,21): Արդարև, միությունը ռազմավարական առավելություն չէ՝ փոխադարձ շահերի փնտրտուքով, այլ այն, ինչ Հիսուսը խնդրում է մեզնից, և որ մեզ է մնում իրագործել բարի կամքով և բոլոր ուժերով՝ իրականացնելու համար մեր առաքելությունը. աշխարհին հետևողականորեն պարգևելու Ավետարանը:

     

    Անհրաժեշտ միությունը իրականացնելու համար, ըստ սուրբ Ներսեսի, բավարար չէ որևէ մեկի բարի կամքը Եկեղեցում, անհրաժեշտ է բոլորի աղոթքը: Գեղեցիկ է այստեղ հավաքված լինելը՝ միմյանց համար, միմյանց հետ աղոթելու: Եվ հատկապես աղոթքի նվերն է, որ եկել եմ այս երեկո ձեզնից խնդրելու: Իմ կողմից վստահեցնում եմ, որ Հացն ու Բաժակը Սուրբ Սեղանի վրա ընծայելիս՝ չեմ դադարում ներկայացնել Տիրոջը Հայ Եկեղեցուն եւ ձեր սիրելի ժողովրդին:

     

    Սուրբ Ներսեսը զգում էր նաև փոխադարձ սերը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որովհետև միայն սերն է ի վիճակի դարմանելու հիշողությունը և բուժելու անցյալի վերքերը. միայն սերն է ջնջում նախապաշարումները և թույլ տալիս ընդունել, որ եղբոր հանդեպ բաց լինելը մաքրում և բարվոքում է սեփական համոզումները: Այդ սուրբ Կաթողիկոսի համար դեպի միության ճանապարհին էական է ընդօրինակել Քրիստոսի սիրո ոճը՝ «նա, որ հարուստ էր» (Բ Կոր. 8-9), «խոնարհեցրեց ինքն իրեն» (Փիլ. 2, 8): Իր օրինակով՝ կանչված ենք քաջությունն ունենալու ձերբազատվելու քարացած համոզումներից և սեփական շահերից՝ հանուն սիրո, որ խոնարհվում է և նվիրվում, հանուն խոնարհ սիրո. այն քրիստոնեական կյանքի օրհնյալ յուղն է, հոգևոր թանկարժեք բալասանը, որ առողջացնում է, զորացնում և սրբացնում: «Թերությունները ծածկենք միասնական սիրով» (Ներսես Շնորհալի Կաթողիկոս Հայոց, «Նամակք», Վենետիկ, 1873, 316). և նույնիսկ հասկացնում էր սերը յուրահատուկ քաղցրությամբ փափկացնում է սրտի կարծրությունը նաև քրիստոնյաների, որ շատ հաճախ եսակենտրոն են և սեփական շահերի հետևից են ընկած: Ոչ թե հաշիվները և օգուտը, այլ խոնարհ և անձնուրաց սերն է շարժում Հոր բարեգթությունը, Քրիստոսի օրհնությունը և Սուրբ Հոգու առատությունը: Աղոթելով և «սրտանց իրար բուռն սիրելով» (հմմտ. Պետ. 1, 22), խոնարհությամբ և հոգու բացվածքով տրամադրվենք ստանալու միության աստվածային ընծան: Վճռականությամբ շարունակենք մեր ընթացքը, ավելին, վազենք դեպի մեր միջև ամբողջական հաղորդությունը:

     

    «Ձեզ եմ թողնում իմ խաղաղությունը: Ոչ ինչպես աշխարհն է տալիս, ես ձեզ եմ տալիս» (Հովհ. 14, 27): Լսեցինք Ավետարանի այս խոսքերը, որոնք մեզ տրամադրում են Աստծուց պաղատելու այն խաղաղությունը, որն աշխարհն այդքան դժվարանում է գտնել: Որքան մեծ են այսօր խաղաղության ճանապարհին կանգնած խոչընդոտները, և որքան ողբերգական՝ պատերազմների հետևանքները: Մտածում եմ այն ժողովուրդների մասին, որոնք ստիպված են թողնել ամեն ինչ, հատկապես Միջին Արևելքում, որտեղ բազմաթիվ եղբայրներ և քույրեր ենթարկվում են բռնության և հալածանքի՝ ատելության և հակամարտությունների պատճառով, որոնք շարունակ հրահրվում են զենքի տարածման և վաճառքի խարանի, ուժի դիմելու փորձության և մարդու՝ հատկապես տկարների, աղքատների և նրանց, ովքեր խնդրում են միայն պատվարժան կյանք, նկատմամբ հարգանքի պակասի պատճառով:

     

    25-3-10

    Չեմ կարողանում չմտածել այն սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը. ընդամենը մի դար է անցել Մեծ Եղեռնից, որ ձեզ պատուհասեց: Այս «սոսկալի եւ խելագար ջարդը» (Ուղերձ Սուրբ Պատարագի սկզբին հայածես հավատացյալների, 12 ապրիլի 2015թ.), այս անարդարության ողբերգական խորհուրդը, որ ձեր ժողովուրդը իր մարմնի վրա կրեց, միշտ տպավորված է մնում հիշողության մեջ և այրում է սիրտը: Ուզում եմ շեշտել, որ ձեր տառապանքները մեզ են պատկանում, դրանք «Քրիստոսի խորհդավոր մարմնի անդամների տառապանքներն են» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Առաքելական նամակ հայ ժողովրդի Մկրտութեան 1700-ամեակի առիթով», «Ուսուցումներ ԻԴ», 1 [2001], 275); դրանք հիշելը ոչ միայն պատեհ է, այլև՝ պարտավորություն. բոլոր ժամանակների համար թող ազդակ դառնան, որպեսզի աշխարհը այլևս երբեք չընկնի այդպիսի սխալների հորձանքի մեջ:

     

    Ցանկանում եմ միաժամանակ հիացմունքնով հիշել, թե ինչպես քրիստոնեական հավատը, «նույնիսկ հայոց պատմության ամենաողբերգական պահերին, մղիչ զսպանակ է դարձել, որը արձանագրել է տառապյալ ժողովրդի վեածնունդը (Նույն, 276): Այդ է ձեր իսկական ուժը, որ թույլատրում է ձեզ Զատկի խորհրդավոր և փրկարար ճանապարհին բացվելու. բաց մնացած և կատաղի ու անիմաստ ատելության պատճառած ձեր վերքերը կարող են որոշ կերպով համեմատվել Հարուցյալ Քրիստոսի վերքերի հետ, այն վերքերի, որ Նրան պատճառեցին և որ դեռ դրոշմված են նրա մարմնի վրա: Նա փառավորված ցույց տվեց դրանք աշակերտներին՝ Զատկի երեկոյին (հմմտ. Հովհ. 20, 20). խաչի վրա կրած ցավերի այդ սարսափելի վերքերը սիրուց փոխակերպված դարձել էին ներումի և խաղաղության սկզբնաղբյուրներ: Այդպիսով, նույնիսկ ամենամեծ ցավը՝ խաչի փրկագործ զորությունից փոխակերպված, որի մունետիկն ու վկաներն են հայերը, կարող է խաղաղության սերմ դառնալ ապագայի համար:

     

    Հիշողությունը՝ սիրուց ներթափանցված, արդարև ունակ է դարձնում գնալու նոր և զարմանալի արահետներով, որտեղ ատելության դավերը փոխակերպվում են հաշտության ծրագրերի, ուր կարելի է հուսալ լավագույն ապագա բոլորի համար, ուր «երանի՛ խաղարարարներին» (Մթ. 5, 9): Բոլորի համար լավ կլինի աջակցել՝ դնելու ապագայի հիմքերը, այնպես, որ թույլ չտրվի վրեժի խաբեական ուժին ներծծվելու. մի ապագա, որտեղ երբեք չհոգնեն ստեղծելու խաղաղության պայմաններ՝ բոլորի համար արժանավայել աշխատանք, առավել կարիքավորներին խնամատարություն և անխոնջ պայքար կաշառակերության դեմ, որը պետք է արմատախիլ անել:

     

    Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում: Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, լինելով ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ՝ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ: Աստված օրհնի ձեր ապագան և «պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում» (Պատգամ հայերին, 12 ապրիլի 2015թ.):

     

    Այս տեսանկյունից կցանկանայի վերջապես հիշել Քրիստոսի խաղաղության մեծ վկային և գործչին՝ սուրբ Գրիգոր Նարեկացուն, որին Եկեղեցու Վարդապետ հռչակեցի: Նա կարող էր հայտարարվել նաև «Խաղաղության Վարդապետ»: Նա այսպես է գրել այդ արտասովոր Գրքում, որ սիրում եմ անվանել որպես «հայ ժողովրդի հոգևոր սահմանադրություն». «Հիշի՛ր, [Տեր,…] նրանց, ովքեր մարդկային ցեղում մեր թշնամիներն են, սակայն նրանց բարիքի համար. նրանց մեջ իրագործիր ներում և ողորմություն […] Մի՛ վերացնիր նրանց, ովքեր ինձ կծոտում են. կերպարանափոխի՛ր: Արմատախիլ արա աշխարհիկ ախտավոր ընթացքը և տնկիր բարին իմ և նրանց մեջ» («Մատյան ողբերգության», 83, 1-2): Նարեկացին, «խորապես գիտակից մասնակից ամեն կարիքի (Նույն, 3, 2), կամեցավ մինչև ամեն ժամանակի և տեղանքի տկարների և մեղավորների հետ նույնանալ, միջնորդելու համար բոլորի օգտին (Նույն, 31,3; 32,1; 47,2). նա դարձավ «ամբողջ աշխարհի աղոթամատույցը» (Նույն, 28,2): Նրա այսպիսի ընդհանրական զորակցությունը մարդկության հետ քրիստոնեական մեծ պատգամ է խաղաղության, ներդաշնակ ճիչ, որ բոլորի համար ողորմություն է հայցում: Տարբեր երկրներում ներկա հայերը, որոնց եղբայրաբար գրկում եմ այստեղից, այս հաղորդության իղձին լինեն պատգամաբերներ: Ողջ աշխարհը ձեր այս քարոզության կարիքն ունի, ձեր ներկայության կարիքն ունի, ձեր ամենաջինջ վկայության կարիքն ունի: Խաղաղություն ամենեցուն»:

     

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի խոսքը.

    25-3-2

    «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն» (Մտթ. Ե 9):

     

    Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,

    Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

    Շնորհազարդ հոգևոր եղբայրներ և սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

    Բարձրյալն Աստծո սուրբ անվան փառաբանությունը մեր շուրթերին՝այսօր քաղաքամայր Երևանի կենտրոնում, Բիբլիական Արարատի օրհնաբեր հայացքի ներքո համախմբվել ենք միասնական աղոթքի: Նոյի երկրից, որտեղ Աստված ծագեցրեց խաղաղության ծիածանը, մեր հայցը բարձրացրեցինք երկինք ի Քրիստոս սիրեցյալ Մեր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ` հանուն աշխարհում խաղաղության հաստատման և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Հուզումով ենք անդրադառնում, որ այս հրապարակում մեզ աղոթակից են նաև պատերազմներից, ահաբեկչություններից ու բռնություններից տուժածներ, փախստականներ Ադրբեջանից, փախստականներ Սիրիայից, Իրաքից, ովքեր առ Աստված հույսով սպասում են խաղաղության օրերին իրենց հայրենի բնակավայրերում:

     

    Արդարև, մեկ և կես տասնամյակ առաջ երրորդ հազարամյակը դիմավորում էինք հույսով, որ այն մարդկության կյանքում սկիզբ պիտի առնի ազգերի համերաշխ գոյակցությամբ և պետությունների բարի գործակցությամբ՝ հանուն խաղաղ ու արդար աշխարհի կառուցման: Մինչդեռ ամենօրյա իրականությունը հաճախ գուժում է պատերազմական և ահաբեկչական նորանոր գործողությունների, մարդկային անասելի տառապանքների, անդառնալի կորուստների մասին: Աշխարհի տարբեր կողմերում տարբեր ազգերի, կրոնների ու դավանանքների պատկանող մանուկներ ու պատանիներ, կանայք ու տարեցներ մահասփյուռ զենքերի և վայրագ  բռնարարքների զոհ են դառնում կամ բռնում գաղթականության ուղին՝ ահռելի դժվարություններ հաղթահարելով կյանքի ապահովություն գտնելու համար:

     

    Ճիշտ մեկ դար առաջ այս նույն ճանապարհն էր անցում մեր ժողովուրդը՝ հայտնվելով ծանրագույն իրավիճակի առջև, երբ Ցեղասպանության հետևանքով կորցրել էր  հայրենիքի մեծագույն մասը և, ունենալով մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներ, պայքարում էր իր գոյության իրավունքի համար: Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը մեր երկրի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը`իր բնօրրան հայրենիքում: Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումներին ի պատասխան`Ադրբեջանը, խախտելով հրադադարը, ապրիլ ամսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սանձազերծեց  ռազմական գործողություններ: Հրետակոծվեցին և ավերվեցին հայկական բնակավայրեր, զոհվեցին ու վիրավորվեցին խաղաղության պաշտպան զինվորներ, դպրոցահասակ երեխաներ, խոշտանգվեցին խաղաղ, անզեն բնակիչներ:

     

    Այս դժվարություններին հանդիման՝ մեր ժողովուրդը ապրում է ցավը նաև այն ավերածությունների և կորուստների համար, որ շարունակվում են Մերձավոր Արևելքում, սոսկալի ահաբեկչությունների համար, որ իրագործվեցին եվրոպական խոշոր քաղաքներում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ասիայի և Աֆրիկայի երկրներում, հոգևոր ու մշակութային այն արժեքների համար, որ անխնա կերպով ոչնչացվում են հակամարտությունների տարածաշրջաններում: Որքա՜ն սրբավայրեր պղծվեցին և արժեքավոր կոթողներ կործանվեցին Սիրիայում, Իրաքում, Արևելքի և Աֆիկայի երկրներում, որքա՜ն խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանում: Փլատակների, կորստի ցավի ու կարիքի մեջ փլուզվում են նաև մարդկային հոգու արժեքներն ու զգացումները:

     

    Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիների և կրոնական առաջնորդների առաքելությունը չի կարող սահմանափակվել միայն տուժածներին աջակցելով, մխիթարելով և հովվական հոգատարություն ցուցաբերելով: Խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկվեն՝ ջանքերը համատեղելով կանխարգելելու համար չարիքը, միջեկեղեցական ու միջկրոնական գործակցությամբ հասարակությունների մեջ զորացնելու սիրո, համերաշխության ու համագործակցության ոգին՝ ըստ Աստծո կոչի. «Երանի՜ խաղաղարարներին,- ասում է մեր Տերը,- որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն»:

     

    Ձերդ Սրբություն, հովվական Ձեր ծառայությունը ակնհայտորեն արտահայտում է աշխարհի խաղաղության ու ազգերի միջև հաշտության տերունավանդ պատգամին Ձեր ամբողջական նվիրվածությունը, որի վկայություններից մեկը եղավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով անցյալ տարի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը՝ ի հիշատակ մեր անմեղ նահատակների, երբ Դուք Ձեր պատգամում բարձրաձայնեցիք արդարության վերականգնման անհրաժեշտության մասին՝ նշելով. «Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքն արյունահոսի՝ առանց վիրակապվելու»:

     

    Այս նույն սկզբունքով առաջնորդված՝ վերջին մեկ տարում Հայոց Ցեղասպանությունը վճռականորեն դատապարտեցին նաև նոր պետություններ ու կազմակերպություններ, օրերս՝ նաև Գերմանիան, որն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցն էր: Մեր ժողովուրդը երախտագետ է Ձերդ Սրբությանը և բոլորին, ովքեր բարձրաձայնում ու պաշտպանում են արդարությունը և ակնկալում է, որ Թուրքիան՝ ունկնդիր Ձեր պատգամին և բազում պետությունների ու միջազգային կառույցների կոչին, քաջություն դրսևորի առերեսվելու պատմությանը, վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը, դադարեցնի նաև զորակցությունը Ադրբեջանի ռազմական խարդավանքներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու խաղաղ ապրելու իրավուքի դեմ: Արդարև, խաղաղությունը չի կարող կենսագործվել առանց արդարության, մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկումների առարկա, չեն կարող անտեսվել: «Աստծու կողմից աչառութիւն չկայ,- ասում է առաքյալը,- այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է Նրանից և արդարութիւն է գործում, ընդունելի է Նրան» (Գործք  Ժ 34-35): Միայն արդարությունը, որի վրա հիմնված է մարդկանց և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, կարող է դառնալ ամուր հիմքը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և ամենաիրական ուղին հակամարտությունների համապարփակ լուծման:

     

    Այս նպատակի իրագործման համար ջերմեռանդ սրտով աղաչում ենք Աստծուն, որպեսզի ունկնդիր լինի մեր աղոթքներին և Սուրբ Հոգու շնորհների առատ հեղմամբ բարի արդյունքներով արգասավորի եղբայրական սերն ու գործակցությունը Եկեղեցիների: Թող Ողորմած մեր Տերը մաքրի աշխարհը չարի ողբերգություններից և պարգևի խաղաղություն ու ապահովություն: Եվ թող մարգարեական խոսքի համաձայն՝ սուսերներից խոփեր ձուլվեն, սվիններից՝ մանգաղներ, ազգ ազգի դեմ սուր չբարձրացնի, և մարդիկ չսովորեն պատերազմել (հմմտ. Եսայի. Բ 4):

     

    Բարերար Աստծո մեզ պարգևած հանդիպման հոգևոր ուրախությունը Մեր սրտում, մեր Տիրոջ և Փրկչի շնորհը և խաղաղությունը հայցելով բոլորիս՝ հրավիրում ենք Ձեզ, սիրեցյալ եղբայր, Ձեր պատգամը և սիրառատ օրհնությունը բերելու այստեղ համախմբված բազմահազար հավատացյալներին»:

     

     

    Հովվապետերի խոսքերից հետո հնչեց Գարրի Քեսայանի հեղինակած «Ave Maria» ստեղծագործությունը` նվիրված Սրբազան Քահանայապետի Հայաստան այցին, որի ներքո Մերձավոր Արևելքից ժամանած 12 մանուկները Հռոմի Սրբազան Քահանայապետին  և Գարեգին Բ Կաթողիկոսին օրհնության համար մատուցեցին տարբեր երկրներից բերված հողը: Օրհնությունից հետո հայկական տարազներով զգեստավորված երեխաները հողը լցրեցին Նոյյան տապանի մանրակերտի մեջ, ուր և դրվեց հայկական խաղողի տունկը: Սրբազան Քահանայապետը և Գարեգին Բ Հայրապետը միասին սափորներով ջրեցին խաղողի տունկը, որը խաղաղության, եղբայրության, նոր կյանքի գեղեցիկ մի խորհրդանիշ էր: Այս մանրակերտը նվիրվեց Հռոմի Սուրբ Աթոռին: Ստեղծագործության հեղինակը ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամը:

    25-3-7

    Յավարտ արարողության, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` ղեկավարությամբ Էդուարդ Թոփչյանի, և Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը` ղեկավարությամբ Հայաստանի ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի, հայ դասական երաժշտության անվանի մենակատարների մասնակցությամբ, հանդես եկան տոնական համերգային ծրագրով:

     

     

     

Օրացույց

Օրացույց